Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«Հոգին չի մեռնում...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

1988թ. դեկտեմբերի 7…

… Այդ պահին, իրենց ստեղծագործական ծաղկման շրջանում, փլատակների տակ մնացին նաև Պատվական Ղուկասյանը, Վարդգես Մովսիսյանը, Տանյա Հովհաննիսյանը, Արարատ Մկրտումյանը, Հայկանի Տոնոյանը:

Եթե առաջին երկուսի կյանքը «թերավարտ» ասենք, ինչպես ասում ենք Չարենցի, Սևակի, Մինասի, Գալշոյանի մասին, ապա վերջին երկուսին «թերավարտն» իսկ չի համապատասխանում. նրանք գրեթե չսկսած հեռացան կյանքից:

Մատաղահաս Հայկանի Տոնոյանն այսպես է գրել.

«...Այդ ես եմ գալիս՝

Ձեռքիս նռնենու ճյուղեր,

Ես, որ քեզ համար բոց աչքերով

Վահագն եմ մի օր ծնելու»:

«Բարձրից եմ նայում ուրիշ շուրթերի,

Մինչդեռ ամեն վայրկյան կարող եմ

Մեռնել համբուրվելու տենչից…»:

Այս գեղեցիկ, մաքուր զգացողություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Նա ոչ միայն չհասցրեց բոց աչքերով Վահագ ծնել, չհասցրեց անգամ իր առաջին գիրքը «ծնել»: 19 տարեկան անմիջական, հպարտ աղջիկ էր, երազում էր ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետ:

Տաղանդի արտասովոր բնույթը, ծննդյան գաղտնիքը և ազդեցության տարօրինակ ուժը բազմապիսի զգացումներ էին առաջացրել Արարատ Մկրտումյանի հոգում.

«...Ես քոնն եմ, կյանք,

Ինչ-որ տեղ, անշուշտ

Իմ պարտությունը՝ քո հաղթանակն է

Իմ տխրությունը՝ խնդությունը քո

Եվ հեռացումն իմ՝ քո վերադարձը…»:

Արարատ Մկրտումյանն էլ չգիտեր, որ իր հեռացումը մոտ է…

Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր և երազում էր Արցախն ու Հայաստանը «միացած» տեսնել: Մի առիթով գրել է. «Եվ այսպես, երեսունն էլ անցանք: Կարծես առանձնապես տարիք չէ, կարծես «ամեն ինչ դեռ առջևում է», իսկ ետևում… գրողը տանի, ախր ինքս արդեն վախենում եմ ետ նայել՝ ինչքան բան չարվեց…»:

Այդ օրն ինձ համար հանկարծ պարզվեց մի բան. այսուհետ առնվազն անբարոյական պիտի լինել՝ մեր ժողովրդի համար վատ գրելու, վատ աշխատելու, վատ գործելու համար:

Տարիներ առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայկական  հեռուստատեսությամբ եթեր տրվեց իմ «Հոգին չի մեռնում» տեսաֆիլմը, որտեղ բանաստեղծ Նորայր Բաղդասարյանն (ով, ավաղ, հիմա մեզ հետ չէ: Նա էլ իր ստեղծագործական ծաղկուն շրջանում զոհվեց ավտովթարից) իր սրտի ջերմ խոսքերը պետք է ասեր երկրաշարժից զոհված իր գրչակից ընկերների մասին, սակայն, ինչ-ինչ պատճառներով նկարահանման օրը նա ստուդիա չեկավ, և այդպես էլ իր խոսքը մնաց թղթի վրա.

Իսկ նա ասելու էր. «Ուզում եմ խոսքս սկսել Հայկանի Տոնոյանից. ազնիվ, խանդավառ, բարի աղջիկ էր, ձգտում էր բարձրագույն կրթություն ստանալ: Գրում էր լիրիկական նուրբ բանաստեղծություններ, պաշտում էր Հովհաննես Շիրազին: Երբ Մոսկվա էի մեկնում ուսանելու, վերջին պահին ինձ նվիրեց Շիրազի լուսանկարը՝ Շիրազի  մակագրությամբ. «Վերցրու,-ասաց,- Մոսկվայի քո ցուրտ սենյակը կջերմացնի»: Այդ պահին ոչ ոք չէր կարող գուշակել, որ դա մեր վերջին հանդիպումն էր…

Տանյա Հովհաննիսյանին ճանաչում եմ համալսարանից: Անչափ վատ էր ապրում, բայց սիրում էր կարդալ, հատկապես պոեզիա: Տանել չէր կարողանում տգետներին, գլուխգովան գրողներին: Սիրահարվում էր խելագարվելու չափ, երեխայի պես ուրախանում էր, խռովում և անմիջապես հաշտվում երեխայի պես: Անչափ բարի էր, ներող, հպարտ: Տանյայի մեկ սենյականոց բնակարանը Լենինականում իսկական գրական «Վերնատուն» էր: Հավաքվում էին այնտեղ ու տաք բանավիճում: Ցածր աշխատավարձ էր ստանում: Միշտ արտասանում էր.

«...Չունի պարսից արքան

Այնքան գանձ ու խնդում,

Որքան պոետն անտուն… »։

Պատվական Ղուկասյանն էլ բարի, համեստ մարդ էր: Սկսնակների մի փոքր հաջողության համար սրտանց ուրախանում էր: Ուրիշների վատ արարքների համար ինքն էր ամաչում: Մահացավ իր առանձնասենյակում, գրամեքենայի վրա նոր պատմվածք մեքենագրելիս:

Վարդգես Մովսիսյանը նույնպես դժվար կյանքով էր ապրում: Իր համեստությամբ և ազնվությամբ չափազանց նման էր Պատվական Ղուկասյանին, միայն մի տարբերությամբ, որ անչափ կատակասեր էր, գիտեր Գյումրիի բոլոր անեկդոտներն ու ծիծաղաշարժ պատմությունները:  Զոհվեց է իր բնակարանում, փոքրիկ թոռնիկների հետ:

«Ափսոս… հազար ափսոս

Հոգին չի մեռնում, արարչագործ հոգին…»

Այդ համոզմունքն է մեզ պարտավորեցնում ապրել ու մեր սրտերում ապրեցնել երկրաշարժի բոլոր զոհերին…

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90