«Հոսքագիծը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Արիստոտելն ասում է. «Միայն սեփականության մասին մտածելը մարդուն անասելի
բավականություն է պատճառում», սեփականության վերացումը ոչինչ չի տալիս, քան այն, որ «ընդհանուր գործը մեկը մյուսի վրա է բարդում, և ընդհանուր շահի մասին մարդկանցից
յուրաքանչյուրը քիչ է մտածում»:
Ամեն ինչ սկսվեց մի մեխից:
Ո՞վ կմտածեր, որ էդ օձի կծած, կեպին գլխին քաշած, ինքն էլ միշտ շատ փիս սփրթնած, գործարանի տարածքի ու վարչական շենքի հավաքարարների բրիգադիրից կսկսվի՝ էդ քթի մազից, որ հավաքարարների հավաքած աղբն էլ մինչև իրեն ցույց չտային, թույլ չէր տալիս աղբամանի մեջ լցնել: Աղբը կքրքրեր, մեջը միշտ մի բան կփնտրեր ու կգտներ՝ պատահական կորսված թե կանխամտածված դեն նետած մի բան: Խնամքով գրպանը կդներ՝ եթե փոքր մի բան էր, մեծ իրերը՝ պայուսակի մեջ, պահակակետով հանգիստ կանցներ:
Ոչ ոք նրան չէր հարցնում՝ թե գրպանիդ կամ պայուսակիդ միջի իրը որտեղի՞ց քեզ: Բոլորն էլ գիտեին, որ իր մոտ եղած-չեղածը գտնված իրեր էին, մինչև անգամ գլխին խնամքով դրած գլխարկը, որ գործուղման եկած մի ռուսի մոռացած գլխարկն էր, կոշիկները՝ թոշակի գնացած մի խառատի կոշիկներն էին՝ իր անհատական պահարանի մեջ մոռացված, «Պոբեդա» մակնիշի ձեռքի ժամացույցը իր մոտ գրավ դրվածն էր՝ մի դյուժին պետական ավել փոխ տալու դիմաց, պիտջակը, որ իր աշխատանքի տեղը փոխած մի փոքրիկ պաշտոնյայինն էր՝ իր գրասենյակի կախիչի վրա թողնված, փոխանցման փոկից պատրաստված գոտին, որով Օրենբուրգ քաղաքից բերված բանվորական արտահագուստների հակերն էին կապոտել:
Գտնվածը տուն կտաներ՝ ափաշկարա: Իսկ դեն նետած իրեր միշտ էլ կգտնվեն:
Թե էդ օրը նրան ինչ օձ էր կծել, որ մտքովն անցել էր երեք թե չորս տարի ի վեր անձրևի, ձյան, կարկուտի և արևի տակ փտող, գործարանի տարածքի մի անկյունում իրար գլխի դարսած արտադրական մի հոսքագծի փայտե կաղապարից մի մեխ հանել՝ զուտ հետաքրքրությունը բավարարելու համար: Ասում էին, որ հոսքագիծը տարադրամով էր գնվել, խոսք էր գնում մեկուկես միլիոնի մասին: Գնել բերել էին արտադրության որակն ու արտադրողականությունը բարձրացնելու համար:
Հետագայում պարզվել էր, որ այլ արտադրանք տալու հոսքագիծ է, տարել ու գործարանի տարածքի մի անկյունում դարսել ու մոռացել էին: Հղկված, արտաքինից էլ երևացող ամուր տախտակներով փաթեթավորված էր, յուրաքանչյուր կողմի վրա խոշոր, սև գույնով, մեծատառով AMERIKAN էր գրված: Տարիների ընթացքում գունազրկվել էր փայտը, ուրիշ ոչինչ: Ու ոչ մեկի մտքով անգամ չէր անցել մոտիկ գնալ:
Էդ օձի կծածի մտքով չէր էլ անցել, որ այդ մեխը հանելով՝ Ամերիկան կհայտնագործի:
Գրողի տարածը, մեխը տարել, պարզել է, որ այն շատ ամուր մետաղից է, չի ծալվում մուրճով մեխելիս, փայտի մեջ ուղղությունը չի փոխում և այլն: Խոսք ու զրույցի մեջ մեխի որակի մասին է խոսք գցել, ցույց տվել, նորից դրել գրպանը:
Վերջ: Հետո երկրորդ մեխն է մեկ ուրիշի կողմից հանվել: Սա մեխը տարել, կտրված ծառի քոթուկի մեջ մեխել, ապա կացնով ճեղք բացել, սեպ խրել՝ հանել մեխը, համոզվել որակի մեջ, ապա քսայուղով պատված մի լաթի կտորի մեջ փաթաթել, իր երեխաների աչքից հեռու մի տեղ պահել է՝ սերունդների համար: Հաջորդ մեխը չորրորդի կողմից է հանվել: Հայտնի չէ, թե սա ինչ փորձության է ենթարկել մեխը, բայց սեփական տան պատին է մեխել՝ սեփական կեպին տուն գալուց կախ տալու համար: Առանց մեխի՝ տախտակը ընկել է ցած:
Մեկն էլ տախտակը վերցրել ու տեսել է, որ այնքան լավ է հղկված, հետն էլ ամուր է, այնտեղ պատի տակ մի իշավոտնուկ է սարքել, վրան քառակուսի վանդակներ գծել, մեկումեջ սև ներկել, տարբեր չափի պնդողակներ շարել՝ տամա խաղալու համար: Երբ արդեն մի քանի տախտակ հանվել է, հանողների աչքի առաջ բացվել է ամբողջ Ամերիկան:
Ահա՜ թե որն է գրողի տարած Ամերիկան:
- Մի տե՜ս է, - ասել է Ամերիկան բացահայտողներից մեկը, - արա՜, սաղ կոճակներ են, սպիտակ սարոչկադ հագի, գալուստուկդ կապի, «Պրավդան» ու «Սովետական Հայաստան» թերթերը առ, արի նստի աթոռին ու կոճակը սխմի, թերթերդ կարդա, կոճակը սխմի՝ անջատի, գործդ արված համարի ու հայդե՝ շաբաշ, գնա տուն:
Դե, ինչ արած, տեղի է ունեցել շատ վշտալի տեսարան:
Քիչ-քիչ ամբողջ ճակատով անցել են հոսքագծի հերձմանը: Կարճ ժամանակում Ամերիկայի հախից եկել, թողել են կմախքը՝ ցիրուցան եղած:
Է՜, էս ի՞նչ օրի հասանք, մինչև ո՞ւր գլորվեցինք ախար, հը՞: Ափաշկարա ալան-թալան, օրը ցերեկով:
Իսկ ո՞ւր են մեր պատասխանատուները, որտե՞ղ են նրանք, ո՞ւր են նայում,- ուզում ես հարցնել: Նրանք պատրաստվում են Մեծ հեղափոխության տարեդարձը դիմավորելու: Ահա թե ուր են նրանք:
Ահա, ուրեմն, պարտկազմակերպության քարտուղարը, որին ես ինքս օտար դասակարգային շերտավորում էի համարում մեր պրոլետարական երկրում, ինքը առջևից, երկու պրոլետար՝ իր ետևից, մեծ առաջնորդի՝ Լենինի մեծածավալ նկարը գլխիվայր շրջած տանում էին կախելու ամենաերևացող մի տեղում:
- Իսկ ինչո՞ւ եք գլխիվայր շրջած տանում առաջնորդին, - ասացի, դեմքիս խիստ արտահայտություն տալով- այսօր նկարը, վաղը նրա գաղափարներն էլ գլխիվայր կշրջե՛ք:
Կուսքարտուղարը շրջվեց, տեսավ մեծ առաջնորդի նկարը գլխիվայր շրջած, ու փիս սփրթնեց. -Կռո՜ւ-գո՛մ, - ասաց նա զույգ պրոլետարներին: Նրանք՝ պրոլետար դասակարգը, միշտ էլ մի խոսքից է հասկանում վերադասին. հետ շրջվեցին, նկարը գլխիվայր շրջած հետ վերադարձան ելման կետ՝ պահեստ: Ես սպասեցի մինչև նորից հետ կվերադառնան: Ահա գալիս են նրանք, ինքը՝ կուսքարտուղարը, առջևից, հանդիսավոր քայլվածքով, աչքի պոչով շուրջը նայելով, իսկ պրոլետար տղաները այս անգամ մեծ առաջնորդի նկարը ուղիղ բռնած՝ իր հետևից:
Հենց հավասարվեցին ինձ, ես տեղում ձգվեցի, զգաստացա, զինվորականի պես կրունկներս իրար խփեցի, ըստ արժանվույն ձեռքս օդում թափահարեցի և ողջունեցի բուրժուապրոլետարական տոնակատարությանը պատրաստվող շքերթը, ապա բարձրացա իմ աշխատասենյակ:
Գիտեմ, որ նա, այդ գրողի տարած պարտքարտուղարը, ինձ չի ների, հենց նույն օրն էլ միջանցքում անցավ կողքովս ու քթիս տակ մատները ճտտացրեց, հասկացա, թե ինչ գրողի ցավ է մտքինը, գլխի ընկա, որ եռամսյակի պարգևատրումից ինձ էլի կզրկեն:
Դե, մեր ջրերը առանց այն էլ մի առվով չէին հոսում: Ամեն անգամ նրան մի ինչ-որ բանում բռնացնում ու ծաղրելու պես դիտողություն էի անում, իսկ նա առիթը բաց չէր թողնում ինձ հերթական պարգևատրումից զրկելու համար: Իսկ երբ ընդհանուր ժողովում հարց բարձրացրեցի հոսքագծի խնդիրը քննարկելու վերաբերյալ, թե ինչու հարցում չեն արել երկրով մեկ՝ ըստ պատկանելության այլ օգտատերի փոխանցելու համար, նա ինձ անպատվեց բոլորի ներկայությամբ, ինձ՝ տարր անվանեց:
- Քեզ նմանները և դուք անձամբ, հակապետական տարր եք, - ասաց նա, - դո՛ւք միայն մեր չնչին թերություններն եք նկատում, մեր մեծ հաջողությունների առաջ աչք եք փակում: Քո հասակակից երիտասարդները ԲԱՄ են կառուցում, իսկ դո՛ւք այստեղ…
Նա չկարողացավ խոսքը վերջացնել ուժեղ սրտխփոցից: Ձեռքը տարավ բռնեց ճմլվող սիրտը, փիս սփրթնած, ձեռքը տարավ ջրով լի բաժակին, ջուրը գլխին քաշեց, ապա գնդակահարվածի պես փլվեց աթոռին: Քիչ հետո նրա ձեռքերը անզոր կախվեցին, իսկ երբ գլուխը հետ նետեց աթոռի թիկնակին, անժամ մոտ վազեցին երկու պչրուհիներ, նախ «Սովետական Հայաստան» ու «Պրավդա» թերթերն առած՝ սկսեցին քամի փչել վրան, ապա դուրս տարան դահլիճից: Նա դեռ շնչում էր:
Գործարանի վարչական և ամբողջ ղեկավար կազմը լուռումունջ տարավ դիտողությունս: Որոշում կայացրին՝ որպես մետաղի ջանդոն հանձնել հոսքագծի մնացած կմախքը և գոյացած գումարը հավասարապես բաժանել այն արտադրամասի պրոլետար խավին, որի համար նախատեսնված է եղել այդ հոսքագիծը:
- Ջարդոնը տարեկան պլանային մետաղաջարդոնի հաշվեկշռից անջատ հաշվարկել, - վերջում ասաց գլխավոր ինժեները:
Իմ՝ անկուսակցականիս, ու կուսքարտուղարի հարաբերությունները ավելի սրվեցին:
Կարծես եղածը քիչ էր, ավելի սրվեցին, երբ օգոստոսյան էն քառասուն աստիճան տաք օրը բերեցին գեներալնի սեկրետար Բրեժնևի մեծածավալ նկարը, դրսի կողմից փակցրին ու փակեցին պատուհանս՝ զրկելով ինձ օդ շնչելու հնարավորությունից: Ինձ բան չէր մնում անել, քան ածելիով կլոր կտրել ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի զույգ բիբերը, որ մարդու գլխաչափ էին, թթվածնիս հոսքը ապահովելու համար: Հայտնի չէ ինձ, թե նա ինչպես էր իմացել իմ այս արարքի մասին, բայց հաջորդ օրն իսկ առավոտյան իմ հետևից կրնկակոխ ներս մտավ իմ աշխատասենյակ ու իր տեսածից քարացած՝ մնաց սենյակի մեջտեղում կանգնած:
Աչքերը շաղվել մնացել էին մի կետի, երեսը կավճի գույն էր ստացել՝ այնքան որ սփրթնած էր: Մարդուն հարկավոր էր արագ խելքի բերել, որը ես արեցի, թե չէ աստված գիտի ինչ կարող էր պատահել:
- Այո՛, այո, չեք սխալվում, - ասացի, - այսուհետ ես Բրեժնևի աչքերով կնայեմ մեր իրական աշխարհին:
Նա, գարնան տաք օրերին նոր-նոր արթնացած լորտուի նման, իր աչքերը հառեց մեկ այս, մեկ այն բիբից դուրս, որտեղից երևում էին դեռևս 1920-ական թվականներից փշրված, յուղ ու փոշուց սևացած պատուհաններով արտադրամասերի մուտքերը, ապա իրականությունից շաղված իր հայացքով սկսեց հետ-հետ գնալ դեպի ելքի դուռը: Հասկացա, որ խեղճը առերեսվել էր իրականությանը, աճապարեցի բացել դուռը, իսկ երբ նա արդեն միջանցքում էր, մուտքի դուռը վրա բերեցի երեսին:
1972 թ.
Թեմիկ Խալափյան