Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Հպատա՞կ ես: Հպատակ եմ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Անլուծելի խնդիրը Հայաստանում մնաց հպատակության խնդիրը:

Ավելի ճիշտ՝ ռուսահպատակության:

Սա նույնիսկ կարելի է հիմնական խնդիր համարել:

Հպատակվել. ասել է, թե՝ հնազանդվել, ենթարկվել, խոնարհվել, ծառայանալ, գլուխ իջեցնել, անձնատուր լինել, հանձնվել…

Հայաստանում իշխանությունը Կրեմլինն է:

Ընդդիմությունը (թե՛ հսկայական ռեսուրսների տիրապետողները, թե քոռ կոպեկի կարոտները) Կրեմլինն է:

Գործակալական ցանցը պաշտող հանրությունը Կրեմլինն է:

Մտավորականությունը Կրեմլինն է:

Նույնիսկ COVID-ի դեմ պատվաստվողների մեծամասնությունն է Կրեմլինը՝ այսինքն կրեմլյանը գերադասող:

Բացառություններն այստեղ եզակի են, քիչ են, հատ ու կենտ են: Իսկ ազգային-համազգային-համահայկական-պատրոնդաշական-հայակենտրոնական խմբավորումների մտասևեռումները հեքիաթների ժանրից են:

Հայաստանյան քաղաքականա-մտավորական և այլ խավերի մեծամասնությունը ձգտում է տեղ ունենալ կրեմլյան արևի տակ: Ոմանք մեծ տեղ, ոմանք՝ մի ոտնաչափ:

Այս արձանագրումը հակառուսականության կամ հակառուսաստանականության հետ կապ չունի:

Այո, ցանկացած պետություն պետք է գերադասի իր պետական շահը, այդ թվում և Ռուսաստանաը:  Ցանկացած քաղաքացի պետք է գերադասի իր պետության շահը, բայց՝ իր պետության և ոչ նույնիսկ իր երկրի ռազմավարական դաշնակցի, հատկապես, երբ այդ ռազմավարական դաշնակցի շահերն ու գործողությունները, որքան էլ տարօրինակ հնչի, չեն համապատասխանում քո ռազմավարական շահերին ու գործողություններին: Ավելին՝ նույնիսկ հակասում են:

Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում Կրեմլինը չեն, նրանք մեկուսացած են, հանրության կողմից չհասկացված, չընկալված՝ լինի իշխանությունում, թե՝ ընդդիմությունում, թե մտավորականության շրջանում, թե այլուր:

Պատահական չէ, որ, ասենք Հայաստանի նախագահը մեկուսացած պաշտոնյա է Հայաստանում և դա, բնավ, կամ ավելի ճիշտ՝ միայն Սահմանադրության խնդիրը չէ: Այստեղ խնդիրը նաև այն է, որ նախագահը Կրեմլինը չէ և օտար է «յուրայինների» մեջ:

Պատահական չէ, որ ոչ Կրեմլին պատկանող ընդդիմությունը մեկուսացած է, ռեսուրսներ չունի, օտար է «յուրայինների» մեջ և այլն:

Հայաստանը չկարողացավ հաղթահարել ռուսահպատակության և ռուսաստանահպատակության խնդիրը:

Այն, ինչ արեցին, օրինակ վրացիները՝ ենթարկվելով կրեմլյան հզորագույն ճնշումների, տալով տարածքային կորուստներ: Բայց այսօր Վրաստանում ոչ մեկ չի հիշում ռուսահպատակ ու ռուսաստանահպատակ պաշտոնյաների անունները, թեև մի ժամանակ հենց նրանք էին կենտրոնում, հենց նրանք էին հզոր հանրահավաքների և քաղաքական օրակարգերի թելադրողները:

Վրաստանի հանրությունը հաղթահարեց այդ փուլը: Հայաստանը չհաղթահարեց, թեպետ Հայաստանի տարածքային ու մարդկային կորուստներն ավելի քիչ չեն:

Մենք, իմ կարծիքով, որպես պետություն ռուսահպատակությունից ու ռուսաստանահպատակությունից զերծ մնացինք միայն 1990-94 թվականներին, և հենց այդ ժամանակ էլ կերտեցինք մեր պետության բոլոր հիմնական հաղթանակները:

Թեպետ այդ տարիներին Հայաստանն էլ հայտնվեց Կրեմլի ու նրա տարատեսակ մետաստազների հուժկու ցիկլոնային հարձակումների տարափի ու տոտալ ճնշումների տակ՝ քողարկված ամենատարբեր ազգային, ազգայնական ու եսիմինչական փաթեթավորումներով: Բայց Հայաստանի քաղաքական իշխանությանը և քաղաքական դաշտում եզակի անհատների այդ ժամանակ հաջողվեց բացառապես Հայաստանի շահերից բխող քաղաքականություն վարել թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի հետ:

Սա մի կողմից Հայաստանի առաջին նախագահի, նրա հիմնական քաղաքական թիմի և տարբեր անհատների ձեռքբերումն էր, մյուս կողմից, հատկապես Ռուսաստանի պարագայում, թերևս պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանում այլ ուժեր էին իշխում:

1995-ից, իսկ 96-ից հետո առավել ինտենսիվ, Հայաստանը հայտնվեց Ռուսաստանի և Հայաստանի այն ուժերի թիրախում, որոնք հետագա տասնամյակներում հպատակեցրին Հայաստանը, իշխեցին, թեպետ դե յուրե իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում դեռ պատկանում էր այդ պահի քաղաքական թիմին: Այդ գործընթացն էլ հանգեցրեց հայաստանյան հետագա զարգացումներին: Կարող ենք մանրազննին քննել Ելցինի իշխանության թուլացումը, գեներալ Լեբեդի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, նրա հովանավորյալների ազդեցությունը հայաստանյան քաղաքական կյանքում, Վանո Սիրադեղյանի գործոնի մեկուսացումը, ներքին գործերի և ազգային անվտանգության համակարգերի պրոցեսները և այլն, բայց սա այլ խոսակցության նյութ է:

Իմ համոզմամբ, Հայաստանը կրեմլյան հպատակությունից ազատվելու և բացառապես իր քաղաքական շահերով առաջնորդվելու ևս մեկ քայլ արեց Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում, բայց Վազգեն Սարգսյանի իշխանությունը դեռ ամբողջական չէր և ամբողջական դառնալու ճանապարհը կասեցվեց հոկտեմբերի 27-ով:

Ռուսահպատակությունից ու ռուսաստանահպատակությունից ազատվելու, սեփական շահերով առաջնորդվելու ու սեփական պետություն կառուցելու երրորդ շանսը Հայաստանին տրվեց 2018-ին, բայց քաղաքականությունից հեռու, քաղաքագիտությունից հեռու, պետությունը ֆեյսբուքի հետ շփոթած, պետականությունը սելֆիին համարժեքացրած իշխանությունը չհասկացավ, որ եթե մի քանի ամսում քեզ տանում են Բեռլին, Նյու Յորք, Ստրասբուրգ, Փարիզ, Վիեննա, երբ մի քանի ամսում վրա-վրա Հայաստանի նման երկիր են ժամանում Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Կանադայի վարչապետը, հաստատ չեն գալիս հյուսիսային պողոտայում ֆռֆռալու կամ եռագույն «նասկի» հագնելու:  

Անլուծելի թվացող երկրորդ մեծ խնդիրը Հայաստանում, հատկապես Հայաստանի քաղաքական կյանքում՝ կուռքայնության խնդիրն է: Բոլոր քաղաքական ուժերի մոտ (անկախ այն հանգամանքից՝ նրանք ուժ են, թե ինչպես ժողովուրդն է ասում՝ «մկան շեռ», որ օգուտ է ամենամեծ ուժին անգամ), այդ ուժերի առաջնորդներն իրենց համակիրների համար կուռք են՝ հյուսիսկորեական մշակույթի բոլոր դրսևորումներով:

Եվ այստեղ մեռնում է դիսկուրսը, քննադատությունը, առողջ բանականությունը, զարգացումը, առաջընթացը և այլն:

Իսկ այս երկու մեծագույն խնդիրների գոյությունն ավելորդ է դարձնում խոսել մնացած երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ ու հազարերորդ խնդիրների մասին, որովհետ դրանք ածանցյալ են դառնում:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ