Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին...». ՎԵՐԺԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

Տասնվեց տարի անց, առաջին անգամ մտնում եմ այն բնակարանը, ուր վերջին անգամ եղա դեկտեմբերյան անհավատալի ձյունառատ օրը, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծին հրաժեշտ էինք տալիս: Հրանտ Մաթևոսյանի այրու՝ Վերժինե Մովսիսյանի հետ պայմանավորվել էինք զրուցել անցած-գնացած օրերից, սիրո իրենց պատմությունից, Հրանտի կյանքի փակ ու բաց էջերից, նրանց ապրածի առասպելներից, իրականությունից, Վարպետի վերջին ժամերից և այսպիսի զրույց, կարծես թե, առաջին անգամ էր լինելու:

Ես այդ բնակարան չէի կարող մտնել առանց խոր երկյուղածության, թեև բախտավորություն ունեցել եմ հենց այդ հարկի տակ լինել նրա հյուրասենյակում, նրա հետ նստել նույն սեղանի շուրջ, մի բաժակ կոնյակ խմել,արժանանալ Վարպետի խոսքին:

Բայց այս այցելության զգացողությունները բոլորովին այլ են. նրա կյանքի ամենամեծ վկայի հետ փորձելու ենք գնալ այն ժամանակները, երբ Հրանտ Մաթևոսյան Մեծը մեր կողքին էր, թվացյալ՝ մեզնից մեկը, երբ ապրում էր, երբ գրում էր իր ծանր գիրը, երբ փրկություն էր որոնում ապրողներիս համար, երբ կայանալու ուղիներ էր գծագրում, երբ խոցվում էր յուրայիններից, մոտերից, իսկ Վարպետի աշխատասենյակի դուռը փակ է, լռություն, ձեռագրերը խնամքով շարված են անշունչ դարակներում, գրասեղանը անթուղթ է ու անգրիչ, հյուրասենյակում չկա նրա զորեղ ներկայությունը, առջևում էլ նրա ծննդյան օրն է:

Վերժինե Մովսիսյանին խնդրել էի խոսել ամենայն անկեղծությամբ, առանց պայմանականությունների, խնդրել էի հիշողությունների շերտերից դուրս բերել նույնիսկ ամենազգայունները և Վերժինե Մովսիսյանը համաձայնվել է առանց այլևայլությունների: Երևի այդ պատճառով էր, որ ամբողջ զրույցի ընթացքում ինձ թվաց, թե մենք բարձրաձայն կարդում ենք Հրանտի գիրը, Հրանտի կերպարները մեր կողքին են, մեր շուրջը, նրա տան ներսում, ու մենք նրանց հետ վերապրում ենք ժամանակը...

Սուրճ... և իմ առաջին հարցը.

- Տիկին Վերժինե, հիշո՛ւմ եք, երբ Հրանտին հարցնում են. «Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք», պատասխանում է. «Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է»: Ասում են Դուք ուժեղ, իշխող կին եք, ի՞նչ զգացիք, երբ կարդացիք Վարպետի այս «ինքնախոստովանությունը»:  

- Ցնցողն էն է երևի, որ Հրանտը չէր հավատում, թե մենք կամուսնանաք: (Ծիծաղում է): Իրեն ասել էին. «Հրանտ ջան, ինքը քեզ կխաբի, քեզ հետ չի ամուսնանա»: Թե ինչպե՞ս պետք է խաբեի, չգիտեմ: Հրանտն էնքա՜ն կուլ գնացող էր ամենքին: Բա ի՞նչ անեի, որ ուժեղ չլինեի: Հրանտը շա՜տ խոցելի էր, շա՜տ անպաշտպան: Եվ հետո, մենք մի կուրսեցի էինք, ու է՜ն ժամանակից սկսած նրա կյանքն անընդհատ ես էի կազմակերպում: Անընդհատ: Եթե մեկը չլիներ նրա կողքին հրող, առաջ տանող, պայքարող, նա կարող էր և ինստիտուտը թողնել և շատ բաներ, թեև՝ թողներ-չթողներ, միևնույն է, ինքը Հրանտն էր, Հրանտն էր լինելու: Ինքը ոնց ուզել է, ապրել է: Ես իրեն միշտ ազատ եմ թողել:

- Կպատմե՞ք Ձեր ծանոթության, սիրահարվելու, սիրելու պատմությունը:

- Կպատմեմ: Դա մի բացառիկ պատմություն է: Իսկապես՝ բացառիկ պատմություն: Ես ու Հրանտը, գիտե՛ք, նույն ինստիտուտն ենք ավարտել՝ մանկավարժականը, բայց երկուսս էլ շատ յուրահատուկ կերպով ենք ընդունվել մանկավարժական:

Ես որոշել էի գնալ համալսարան: Քույրս այդ ժամանակ մեկնում էր Լենինգրադ՝ ստաժորական պրակտիկայի: Մենք միասին գնացինք, գործերս տվեցի համալսարան, ու ինքը մեկնեց: Բայց ես տեսա, որ իմ համադասարանցիներից, իմ դպրոցի երեխաներից շատերը մանկավարժական են գնում, օտար լեզվի քննությունից էլ վախենում էի ու գնացի, վերցրեցի գործերս համալսարանից ու տարա մանկավարժական:

Առաջին քննությունը հանձնեցի ու պարզվեց, որ անբավարար եմ ստացել: Հայոց լեզվի գրավոր քննությունն էր: Ծնողներս զարմացան, որ անբավարար եմ ստացել, ես էլ մի քիչ տխրեցի, բայց գնացինք գործերս ետ վերցնելու: Ես չգիտեի այդ ժամանակ, որ կարող եմ բողոքարկել, բայց երբ տեսա, որ մարդիկ բողոքարկել են, որոշեցի, որ ես էլ պետք է բողոքարկեմ ու մտա ղեկավարների մոտ: Երբ գրավորս բերեցին, ես գրել էի Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», տեսան, որ ոչ մի ուղղում չկա գրավորիս մեջ, ընդամենը երկու կարմիր զիգզագ գիծ է քաշված: Պարզվեց, որ հանձնաժողովը տեղյակ չէր այդ գրավորից, հանձնաժողովի ձեռքի տակով չէր անցել, իրենք էլ չհասկացան, թե ինչպես է այդպես ստացվել: Եվ Վաչե Պարտիզունին, որ նախագահն էր, առաջարկեց հաջորդ օրը նորից քննություն հանձնել: Այսպիսով, ես մի քանի օրում քննություններս հանձնեցի ու ընդունվեցի:

Այս պատմության երկրորդ օրը, երբ դուրս եկա ինստիտուտից, քույրս բակում ծանոթացել ու խոսում էր Հրանտի հետ: Հրանտն էլ չէր ընդունվել: Ասել էր 21 միավոր եմ հավաքել. երեք հինգ հայոց լեզվից ու երեք երկուս՝ ռուսերենից: Քույրս իմացել էր, որ Հրանտը տպարանում է աշխատում, որ հրաշալի քննություն է հանձնել հայոց լեզվից, հրաշալի գրավոր է գրել: Գրել էր, թե ինչպես ինքը կգրեր Ստեփան Զորյանի «Պատերազմ» պատմվածքը: Այդ գրավորի մասին «Սովետական Հայաստան» թերթում հոդված էր եղել, որ հրաշալի գրվածք է և այլն, և Հրանտը հույս է ունեցել, որ դա իրեն կօգնի, որ ընդունեն ինստիտուտ: Ամեն ինչ արել են, գրավորը տարել են մինիստրություն և այլն ու կարծեմ, առանց ռուսերենը հանձնելու են ընդունել:

Այսպես, երբ դասերն արդեն սկսվել էին, քույրս ամեն օր հարցնում էր, թե ի՞նչ եղավ այն լինոտիպիստ տղան, ու ես, երբ հետաքրքրվեցի, տեսա, որ Հրանտը մեր կուրսից է, Մաթևոսյան, մատյանում՝ 14 համարը, ես էլ՝ Մովսիսյան, 15-ը: Երևի բախտն էր այդպիսին:

Բայց Հրանտը դասի չէր գալիս: Մի ամիս ու մի քիչ ավելի երևի անցել էր, մի օր, վեցերորդ ժամին դուռը բացվեց, Հրանտը ներս մտավ ու ողջ հասակով կանգնեց դռների մեջ: Պարույր Սահակյանի ժամն էր՝ ռուս գրականության: Պարույրը գունատվեց, վախեցավ, կարծեց, թե «Կրիվոյի» տղաներից է, ու ասաց. «երիտասարդ, ի՞նչ եք ուզում», ու Հրանտն ասաց, որ ինքն այս կուրսից է: Պարույրը չհավատաց, լսարանին հարցրեց, բոլորն ասացին, որ չեն ճանաչում: Միայն ես ասացի, որ ճանաչում եմ: Ասացի, որ տեսել եմ քննությունների ժամանակ, որ մատյանում էլ անունը կա, 14 համարն է: Պարույրը Հրանտին հարցրեց. «իսկ ո՞ւր էիր մինչև հիմա», ու Հրանտն ասաց. «հունձ էի անում»: Ամբողջ կուրսը ծիծաղեց, կարծեցին Հրանտը ծաղրում է:

Լսարանում նստելու տեղ չկար, բոլորս երեք-երեք էինք նստած: Միայն ես էի նստած Մանուկյան Գուրգեն անունով մի տղայի հետ, բայց նրան ասել էի, որ ես այդ տեղը պահում եմ Հրանտ անունով մի տղայի համար, ու երբ նա գա, ինքը գնալու է կողքիցս: Հրանտը եկավ, նստեց, և առաջին բանը, որ արեց, ինձ թուղթ գրեց, հարցրեց, թե ով եմ:  Ու անընդհատ դասի ժամանակ իրար թուղթ էինք գրում: Ու այդպես, ամբողջ կիսամյակի ժամանակ ոչ մի դասախոսություն չգրեցինք, միայն իրար թուղթ էինք գրում:

Բայց Հրանտը շատ չէր գալիս ինստիտուտ, կարգապահ ուսանող չէր: Գիշերներն աշխատում էր տպարանում: Շատ դժվար էր իր համար: Ասում էինք՝ արի, դուրս կմնաս, ասում էր. «ես բան չունեմ էստեղ սովորելու»: Մի օր էլ ասաց. «եթե գամ, քեզ համար եմ գալու»: Ասացի՝ արի, ինձ համար արի, բայց՝ արի:

Առաջին տարին մեր տղաներին տարան խոպան, այդ թվում և Հրանտին, և Հրանտը գրեց «Տափաստան»-ը: Բերեց, մի քանի էջ նվիրեց ինձ: Մի օր էլ մայրս, կարծեմ, հարիսա էր եփել, ու իմ հորեղբոր տղայի ընկերները, որ Մոսկվայում էին սովորում, ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ Հարություն Ֆելեքյանը, Ջոն Կիրակոսյանը և այլն, մեր տուն էին եկել և առանց իմանալու, որ ես ուսանող եմ, որ Հրանտին ճանաչում եմ, մեր տանը սկսեցին Հրանտից, նրա «Տափաստան»-ից խոսել: Հիացած էին, զարմացած Հրանտի տաղանդից, համարձակությունից: Հրանտը գրել էր մի երկրի մասին, որն ամբողջ երկրից մարդկանց հավաքել, տարել էր խոպան, ցորենը հնձել էր, բայց այդ ցորենը չէր հավաքել, ու ցորենը մնացել անձրևի տակ, փչացել: Հարություն Ֆելեքյանը, կարծեմ, առաջին հոդվածն է գրել Հրանտի մասին:

Մայրս էլ լսեց Հրանտի մասին: Այսպես սկսվեց մեր պատմությունը, հետո՝ Հրանտի «Տափաստան»-ը, հետո՝ «Ահնիձորը» ու մնացած կյանքը:

- Ու սկսվեց նաև Ձեր կյանքի, երևի, ամենաբարդ շրջանը: Բայց մինչ «Ահնիձոր»-ին անցնելը, կպատմե՞ք Ձեր ընտանեկան կյանքի մասին: 

- Երևի միշտ էլ բարդ շրջան է եղել, բայց Հրանտը շա՜տ բարձր ինքնասիրություն ուներ, շա՜տ զգայուն էր: Ես նրան հասկանում էի: Մերոնք, որ ինձ համար հագուստ էին առնում, Հրանտը նեղվում էր: Ինքը պիտի առներ: Երեք տեղ աշխատում էր: Երեք թերթում սրբագրություն էր անում, որ փող ստանա: Պահ է եղել, չորս տեղ է աշխատել: Բայց, երբ փող էր ստանում, ինձ զանգում, կանչում էր «Երևան» հյուրանոցի ռեստորան: Անպայման ինձ պետք է ռեստորան տաներ: Ռեստորանում հյուրասիրելու էդ բանը միշտ ուներ: Ես շատ էի գնահատում դա: Նկարիչների սրճարան էինք շատ գնում, թեկուզ՝ պաղպաղակ ուտելու: Ուզում էինք գրողների, արտիստների հետ լինել:

Երբ մենք ամուսնացանք, մերոնք ուզում էին, որ մեր տանն ապրենք, բայց Հրանտի ինքնասիրությունը դրանով շա՜տ խիստ վիրավորվում էր: Ու մենք որոշեցինք մի բնակարան վարձել: Նա իր քրոջ ու եղբոր հետ ապրում էր նեղլիկ մի տան մեջ, ու նրանց ընտանիքը որոշել էր ավելի մեծ մի բնակարան վարձել, որպեսզի բոլորս միասին ապրենք, բայց ես դեմ էի, ուզում էի, որ մենք առանձին ապրենք ու մենք Սևաստոպոլյան փողոցի վրա մի տուն վարձեցինք: Դա Կիևյան կամուրջի մոտակայքում էր, Բոգդան Վերդյանի զոքանչի բակն էր: Մեր դասախոսն այդ տունը վարձեց մեզ համար:

Հրանտի ծնողները եկան ինձ նշանելու: Հրանտը նստել էր գնացք, գնացել էր գյուղ ու ասել էր, որ ուզում է ամուսնանալ: Հրանտի ծնողները հուսահատվել էին, որովհետև գյուղում աչք դրած աղջիկ ունեին, բայց եկել էին ինձ նշանելու: Երբ ես բակ մտա, սկեսուրս լվացք էր անում, ջահել կին էր, քառասունին մոտ: Հրանտն ասաց. «էս է աղջիկը», ու սկեսուրս ասաց. «վա՜յ, ջանիդ մատաղ, էս ի՜նչ սիրուն աղջիկ ես»: Էդպիսի կին էր ինքը: Բայց հայրն ասել էր. «էս քաղաքում մի հաց կերած աղջիկ չկա՞ր»: Դե, որ նիհար աղջիկ էի, ուրեմն հաց կերած չէի: (Ծիծաղում է):

Մի օրով էին եկել Երևան: Ասում էին. «գնանք ձեր տուն, օր չունենք, մենք մի օրով ենք եկել, գնանք, ման գանք, ինչ-որ առնելու ենք, առնենք, նշանենք, գնանք»: Գնացինք Շահումյան հրապարակի հայտնի ոսկու խանութը: Այն ժամանակ «Սևան» հյուրանոցը կար ու հյուրանոցի մոտ հայտնի ոսկու խանութն էր: Քայլում էինք՝ ես առջևից, իմ հետևից՝ Հրանտը, Հրանտի հետևից՝ սկեսուրս, հետո՝ սկեսրայրս: Ամեն մարդ իր մտածմունքներով, իր դարդերով:

150 ռուբլի փող ունեին: Ամեն ինչ պիտի առնեին՝ ժամացույց, ամուսնական մատանի ու մի մատանի էլ՝ նվեր: Կարմիր քարով մի մատանի, 380 ռուբլի էր գինը: Իրենք գիտեին: Գյուղերում պարտադիր դնում էին այդ մատանին, բոլորն ունեին: Ես ասեցի, որ դրանցից ոչ մեկը չեմ ուզում: Սպիտակ ոսկուց մի մատանի կար: Ասացի միայն այդ մատանին գնենք ու՝ վերջ: Ասացին. «բա ինչի՞ է սպիտակ, եթե ոսկի է»: Աշխատողն ասաց, որ դա ամենալավ ոսկին է: Ասացին. «բա մնացածն ինչո՞վ առնենք»: Ասացի, որ մնացածը չեմ ուզում, Հրանտն էլ ասաց. «մնացածին կոնյակ կառնենք»:

Այդ մատանին պահել եմ: Թոռանս եմ նվիրելու:

- Հիմա գանք «Ահնիձոր»-ին:

- Սարսափելի փուլ էր Հրանտի կյանքում: «Ահնիձոր»-ից հետո Հրանտին հեռացրեցին աշխատանքից: Հակասովետական համարեցին: Շատ սարսափելի մի գիշեր էր: Քույրս զանգահարեց, ասաց, որ Հրանտի հետ գնամ տպարան: Սև շենքը կար տպարանի: Հրանտի գույնը սարսափելի էր, չէր կարողանում շնչել, շնչհաեղձ էր լինում: Աղջիկները նյութերը բարձրաձայն կարդում էին: Այդ օրն իմ հայրական տանը մնացինք: Հրանտին անընդհատ հսկել էր պետք: Նա չէր կարող միայնակ դուրս գալ այդ վիճակից: Շատ ծանր տարանք այդ շրջանը:

- Բայց նոր փուլ սկսվեց, մոսկովյանը: Մոսկվայի անունից սկսված հալածանքը Մոսկվա տարավ: Տարօրինակ չէ՞ր:

- Մոսկվան փախուստ էր հայաստանյան իրականությունից: Մենք տեսանք, որ այստեղ ոչ մի բան նրան թույլ չեն տալու: Տեսանք, որ այստեղ նրան չեն տպագրում: Սփյուռքի թերթերում դաշնակցականները գրում էին, թե ի՞նչ եղավ այդ տղայի ճակատագիրը և այլն: Շահեն Թաթիկյանը խորհուրդ տվեց գնալ Մոսկվա՝ սցենարական կուրսերի: Այդ ժամանակ արդեն երեխա ունեինք: Ես դպրոցում էի աշխատում, մի քանի ուսուցչի էի փոխարինում՝ գրականության, պատմության ուսուցիչներին: Շատ փող էի ստացել: Դրեցինք Հրանտի հետ, ուղարկեցինք, որ կարողանա Մոսկվայում գնումներ անել, իրեն ազատ զգալ:

Հետո էլ ամեն ամիս ուսուցչի իմ 60 ռուբլիանոց աշխատավարձից կոնյակ ու բաստուրմա էի ուղարկում իրեն:

Հրանտի մասին առաջին գրախոսությունը տպագրվեց «Կոմսոմոլսկայա պրավդայում»: Միխայիլ Ռոշչովն էր գրել: «Դրուժբա նարոդով» ամսագիրը սկսեց տպագրել Հրանտին: Լուսահոգի Հակոբ Սալախյանը դեռ կար: Մի ուրիշ հայ էլ կար՝ Ակոպով ազգանունով: «Դրուժբա նարոդով» ամսագիրը շա՜տ բարձրացրեց Հրանտին, շա՜տ ճանաչելի դարձրեց: Նրա բոլոր ստեղծագործությունները հերթով տպագրեցին: Ամեն տարի մրցանակ էին տալիս: Այդ շրջանում Հրանտը գիշեր-ցերեկ գրում էր: Բոլորը խոսում էին, որ նա մեծ գրող է՝ Անդրեյ Բիտովը, Ռեզո Գաբրիաձեն, բոլորը: Շա՜տ յուրահատուկ մթնոլորտ էր ձևավորվել Հրանտի շուրջ, շա՜տ յուրահատուկ սիրով էին նրան սիրում:

Հրանտը Մոսկվայից ճանաչված, ընդունված վերադարձավ: Նրա առաջին գիրքը Մոսկվայում տպագրվեց: Բայց Հայաստանում մինչև վերջ սրիկայություն արեցին: Երկու գիրքը ցրեցին, մեկով տպագրեցին և այլն: Երբ «Մենք ենք, մեր սարերը»-ի սցենարն արդեն կար, որն առաջին կարգի մրցանակ էր ստացել Մոսկվայում, այն դեպքում, երբ երկրորդ ու երրորդ կարգի մրցանակներ չէին տվել, դրանից հետո նոր մյուսներին խրախուսել էին, Հրանտը Հայաստանում դժվարություններ ուներ: Եժովը, Բիտովը, մնացածներն այդ դժվարությունների մասին գիտենալով էին գալիս Հայաստան, որ զսպեն:

- Սրիկայություն անողները կա՞ն:

- Կան, իհարկե կան:

- Հիմա, այսքան տարիներ հետո ինչպե՞ս կբնութագրեք նրան: Ինքն իր մասին, կարծես թե ամեն ինչ ասել է, բայց Ձեր բնութագիրը հետաքրքիր է:

- Հրանտը շատ ազնիվ էր: Համառ էր: Շատ համառ էր: Գլխին ատրճանակ պահեին, միևնույն է, ինքն իր ասածն ասելու էր: Շատ մարդասեր էր: Երբ Գրողների միությունում էր, մարդիկ անընդհատ գնում էին փող խնդրելու: Հենց որ շուտ էր գալիս, ասում էի. «ինչի՞ եկար», ասում էր՝ «փողս պրծավ, եկա»: Շատ մաքրակենցաղ էր: Նույնիսկ տանը, երբ պետք է գնար իր սենյակ աշխատելու, պետք է շորերը փոխեր: Պատուհանագոգերը պետք է թաց շորով երկա՜ր մաքրեր: Հասկանում էի, որ ոչ թե գործ է անում, այլ մտածում է: Ինքը, երբ մտածում էր, իրեն չպետք է խանգարեինք: Շա՜տ ընտանիքի մարդ էր: Այն տարիներին, երբ լույսերն անջատում էին, երեխայի դասերն ու անգիրները տանում, դրսում էր սովորեցնում: Դավիթս, որ ծնվեց, երեք տարի համարյա ոչինչ չգրեց: Ինձ կարող էր խոհանոցից հանել, որ կարագը ճաշի մեջ շատ դնի, ինքը համարում էր, որ դա է լավը:

Էսթետ էր: Նաև՝ հագնվելու մեջ: Շատ հետաքրքիր ճաշակ ուներ: Հագուստները, որոնք ինքը շատ սիրում էր, ես պահել եմ՝ կոստյումները, փողկապները: Մոսկվա գնալուց առաջին կոստյումը Արմեն Հովհաննիսյանի հետ պատվիրեցինք Արմենի դերձակի մոտ: Արմենը լավ էր հագնվում:  Կտորն անգլիական կտոր էր, կոմիսիոն խանութից գնեցինք: Քույրս էլ մետաքսից փողկապներ էր բերել Հրանտի համար Սկանդինավիայից: Շատ էր սիրում հյուրասիրել: Շա՜տ ներող էր: Երեխաներին հիվանդագին էր սիրում: Սիրում էր գյուղ գնալ: Ամիսներով գյուղ էր գնում: Գյուղն ազատություն էր:

- Ե՞րբ էր գրում, ինչպե՞ս էր գրում:

- Գիշերն էր գրում: Պիտի ձայն չլիներ: Եթե տեսնեիր, որ լուսնոտի նման ման է գալիս, պիտի գնայիր քո սենյակ, ձայն չպիտի հանեիր: Նույնիսկ շունչը նրան խանգարում էր: Շատ էր ծխում: Մի սենյակում, որ ծուխը լցվում էր, պատուհանը բացում էր, որ այդ սենյակը մաքրվի, ինքը գնում էր մյուս սենյակում ծխելու: Որ սենյակի վրա, որ արևն ընկնում էր, գնում էր այդ սենյակը: Որտեղ արև էր, այնտեղ էր գնում սուրճ խմելու: Արևի հետ հավասար  պտտվում էր տանը: Գյուղն էր սիրում: Ազատության մեջ էր իրեն լավ զգում: Տունն ազդում էր իր վրա: Էս փակ սենյակներն ազդում էին: Չէր կարողանում: Միշտ ասում էր՝ օդ չկա, միշտ օդը չէր բավականացնում: Մեր տանն անընդհատ նեղվածք է եղել: Միշտ ուզեցել է մի փոքրիկ առանձնատուն ունենալ, բայց չունեցավ: Դժվար էր գրում: Ասում էր. «ես դժվար գրող եմ, ժամը մի բառ եմ գրում»: Տան մեջ կարող էր հարյուր պտույտ անել տասը օր՝ մի բառ գտնելու համար: Չէր սիրում, չէր կարող հենց էնպես գրել: Դրա համար նրա գիրը ծանր գիր է: Ծանր ստեղծված գիր է:

- Ովքե՞ր էին ընկերները:

- Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը, Լևոն Հախվերդյանը: Հրանտը միանգամից տարիքով իրենից մեծերի շրջապատում հայտնվեց, ջահելների հետ այդքան ընկերություն չարեց, որքան՝ մեծերի: Նրանք իրեն թիկունք էին կանգնել: Համալսարանական այն ժամանակվա ջահելների համար էլ՝ Վազգեն Գաբրիելյանի, Կիմ Աղաբեկյանի և այլն, Հրանտը պաշտամունք էր: Ֆելիքսն էր Մելոյան ընկերը, Մանուկ Մնացականյանի հետ էր մշտապես ընկեություն անում, Զորայր Խալափյանի: Շատ մեծ ընկերություն էր նրանց ընկերությունը: Զորիկը մի հատ գրամեքենա ուներ, տանում էր ինքն էր մեքենագրում, հետո բերում, տալիս էր Հրանտին, Հրանտն էր մեքենագրում: Միմյանց գործերը կարդում էին: Զորիկը գնահատական էր դնում Հրանտի գրածներին, Հրանտը՝ Զորիկի: Մյուս սերնդից Վանո Սիրադեղյանն էր, Վազգեն Սարգսյանը, Լևոն Խեչոյանն էր գալիս վերջին տարիներին: Վազգենը շատ ամաչկոտ էր: Հրանտից ամաչում էր շատ, որ գալիս էր՝ շփոթվում էր, քաշվում էր:

Բացի իրենից, բոլորն իրեն ընդունում էին որպես մեծի, մեծ գրողի, բայց ինքը խեղճանում էր: Ասում էր. «իմ եղածը, որ էս, էս ի՞նչ է»: Ինքը շատ դժգոհ էր եղածի համար: Կարծում էր, որ շատ քիչ է եղածը:

- Ի՞նչ էր սիրում ուտել:

- Լանգետ: Մինչև հիմա այդ լանգետի ավանդույթը կա մեր տանը: Մսավաճառին միշտ օրեր առաջ խնդրում էի, որ ինձ համար միս պահեր: Կարտոֆիլ էր շատ սիրում: Կարտոֆիլի ամեն տեսակը սիրում էր: Գիշերները, երբ սովածանում էր, կարտոֆիլը շարում էր վառարանի վրա, «պլեճ» էր անում, լցրած բերում էր սենյակ, ու բոլորը «հարձակվում» էին: Հրաժարվող չէր լինում: Խոզի միս էր սիրում, Ահնիձորի խոզի: Ինքը հիմնականում լոլիկով ձվաձեղ էր պատրաստում: Դա էր կարողանում:

Լավ կոնյակ էր շատ սիրում:

- Ուզում եմ Վարպետի վերջին տարիների մասին պատմեք: Թվում է, թե ամեն ինչ գիտենք այդ շրջանից, բայց երբեմն էլ թվում է, թե ոչինչ չգիտենք:

- Պատերազմի տարիները նրան սպանեցին: Այդ տարիների ցուրտն ու խավարը սպանեցին: Չէր կարողանում գրել: Վատառողջ էր: Ոտքերը միշտ սառում էին: Տան մեջ վալինկաներ էր հագնում: Երբ սկսեցինք երեկոները վառարան վառել, ցերեկը չէինք վառում,  ինքը նստում էր վառարանի մոտ ու դեպի դուրս էր նայում, քանի լույս էր: Վառարանի դիրքն այնպես էր, որ մեջքով նստում էր դեպի սենյակ ու լուռ նայում էր: Գրեթե չէինք խոսում: Ու էդպես՝ տարիներ անցան: Ջղայնանում էր, որ չի կարողանում գրել: Մատերը չէին բացվում: Շատ ծանր տարիներ եղան: Նրա առողջության վրա շատ ազդեցին: Տանը մի խորդանոց ունենք: Մի օր տեսա, որ էդտեղ ինչ-որ բիդոններ կան: Բացեցինք, տեսանք լիքն են: Մաքուր թթի օղի էր մեկում, մյուսում՝ կոնյակ: Բացարձակ տեղեկություն չունեի, թե դրանք ինչպես են հայտնվել մեր տանը: Մտածում էի, որ մեր տանը խմիչք չկար: Պարզվեց, մի տղա կար մեր կուրսից, նա էր բերել Հրանտի համար, պաշտում էր Հրանտին: Հրանտը շատ ծանր ապրեց: Ինքը ոչ մեկի հետ չէր կիսվում: Չէր հասկանում, թե ուր ենք գնում, երբ տարիներ շարունակ պետականություն չենք ունեցել:

- Երբ առողջությունն արդեն շատ վատ էր, հիվանդությունն արդեն խորացել էր, Դուք մեկնեցիք Միացյալ նահանգներ: Կխոսե՞ք այդ օրերի մասին:

- Ամերիկայում վիրահատեցին: Կարծես թե ամեն ինչ բարեհաջող էր անցել: Բայց ինքը չմնաց: Մարդիկ իր համար ամեն ինչ արել էին: Հրանտին շատ էին սիրել: Ամեն ինչ անում էին: Ես իրենց շատ եմ երախտապարտ: Բայց՝ չմնաց: Երեխաներին շատ էր կարոտել, չէր կարողանում մնալ: Երբ վերադարձանք, դիմավորողները շատ-շատ էին ու առաջին խոսքերը, որ ինքն ասաց, ասաց. «ազգս թող ինձ ների, որ չմեռա, վերադարձա»: Չգիտեմ:

Առաջին օրերին տեղը չէր գտնում: Իհարկե ընկերները՝ Վանոն, մյուսները, մենակ չէին թողնում, գալիս էին: Լևոն Անանյանն էր շատ ուշադիր Հրանտի նկատմամբ: Գալիս էր, գնում էինք քայլելու:

- Գիտեմ, որ դժվար է լինելու այս հարցի պատասխանը, բայց կպատմե՞ք Վարպետի վերջին օրվա մասին:

- Այդ օրն ինքն առավոտյան ժամը վեցին վեր կացավ: Ասաց. «Վերժուկ (այդպես էր ասում) սուրճ եմ դրել, կուզե՞ս խմել»: Ասացի, բայց ժամը քանի՞սն է, Հրանտ: Ասաց. «չգիտեմ, դրել եմ»: Վեր կացա, միասին նստեցինք խոհանոցում, սուրճ խմեցինք: Ես պետք է գնայի աշխատանքի: Դավիթն ու հարսս եկան իր մոտ: Ցերեկները միշտ գալիս էին: Հետո զանգահարեցին, ասացին, որ ցավազրկող բերեմ, որովհետև Հրանտը ցավեր ունի: Երբ տուն հասա, Հրանտը պառկած էր: Ոչինչ չէր կերել, թեպետ իր սիրած բանն էի պատրաստել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ: Ու չէր խոսում: Ասացի Հրանտ, հաց կերե՞լ ես: Մի կերպ ասաց. «չեմ ուզում» ու ձեռքով ցույց տվեց, որ երեխաներին տանից դուրս հանեմ:

Հանկարծ անսպասելի սկսեց խոսել ծնողներից, ընտանիքից, եղբորից: Հետո սկսեց ինչ-որ մարդկանց հրել, պայքարել ինչ-որ մարդկանց դեմ, որ իրեն չքաշեն, չտանեն: Ի՜նչ կերպ էր պայքարում: Հասկացա, որ հոգևարք էր ապրում: Իր բժշկուհին մեր տանն էր: Ցավազրկող տվեց: Մի երկու բառ էլ ասաց ու հանգչեց:  

- Կներեք, որ այս հարցը տվեցի: Կարծում եմ, որ մեր մեծերի կյանքի ամեն վայրկյանին պետք է ծանոթ լինենք: Փետրվարի 12-ը Վարպետի ծննդյան օրն է: Սիրո՞ւմ էր ծննդյան օրը:

- Չէր սիրում, բայց մենք միշտ նշել ենք: Ինքը ոչ մի բան չէր անում: Իհարկե, շոյվում էր, որ հավաքվում էին: Նստում, բոլորին լսում էր: Երեխաները միշտ մի լավ բան մտածում էին:

- Վերջին հարցս եմ տալիս. ի՞նչ երազանք ունեք:

- Մարդ, երբ ծերանում է, երևի երազանք չի ունենում այլևս: Հրանտի թանգարանն եմ երազում, որ կառուցվի, ավարտվի, կահավորվի, թեպետ ես շա՜տ անհաշտ եմ այդ շենքի հետ: Չեն պատկերացնում, թե ինչ է թանգարանը: Ճարտարապետներն էլ չեն պատկերացնում, թե ինչ է թանգարանի հարմարավետությունը, ոչ-ոք չի պատկերացնում, թե ի՜նչ ժառանգություն ունի Հրանտը: Գիտեմ, մեկ-երկու աշխատող են հատկացնելու, ասելու են փող չունենք: Մեկ-երկու մարդով ի՞նչ կարող են անել, Հրանտի ժառանգությունն ինչպե՞ս կարող են ուսումնասիրել, ներկայացնել: Չգիտեմ:

Մտածում են, թե թանգարանը մի քանի սենյակ է, նկարները կփակցնեն ու՝ վերջ: Չեն գիտակցում, որ Մարդը պետք է լինի թանգարանում: Բայց դե այսպիսի անկում, որ եղավ գրականության հետ, կինոյի հետ, թատրոնի հետ: Ի՞նչ ասեմ: Հայերենն արդեն 200 բառից է բաղկացած: 

Գոնե այդքանն եմ երազում, որ թանգարանի բացումը տեսնեմ: Մնացածը՝ երազելու չի: Մնացածը կյանքը կանի:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ