«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
Հռոմի երկու Պապերի օրհնություն ստացած հայը. ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Նրա պատկառելի տարիքը չէ միայն, որ դրդում է ակնածել:
Ակնածանքի, երկյուղածության, պատկառանքի արմատները գնում են դեպի իմացության նրա ակունքները, նրա կյանքի ու ապրած բեղուն տարիների խորքերը՝ բերելով այնտեղից լույս, իմաստնություն, միտք, որը դաջված է նրա դեմքին:
Նա կարծես ասկետականության ժամանակներից է քայլ արել դեպի մեր աշխարհը և շարունակում է անհաղորդ մնալ մեր ժամանակին իր սակավապետությամբ, որը նրա համար բնական կենսաձև է, ներքին պահանջ, բայց նա մեր ժամանակը վայելում է իր ներքին ազատության, ներքին անսահմանության մեջ, որը վերածված է նրանից ժայթքող մշակույթի:
96-ամյա Պարգև Շահբազյանը յուրահատուկ անձնավորություն է, եզակի անհատականություն:
Բավական է ասել, որ նա 40 տարի եղել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի աշխհարական մերձավորագույն գործակիցներից մեկը, գիտական քարտուղարն ու թարգմանիչը, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Նա նաև գրականագետ է, գրաքննադատ: Նրա աշխատասիրությամբ ֆրանսերենից բարձրարվեստ թարգմանությամբ հայերենի են վերածվել Շատոբրիանի, Բոդլերի, Ռոմեն Ռոլանի, Անրի Թրուայայի, Անդրե Ժիդի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:
Նա կրթվել է Հալեպի ֆրանսիական քոլեջում, Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արեւելյան լեզուների հայագիտության բաժնում:
Ծնվել է Պոլսում, Մեծ Եղեռնից հրաշքով փրկված մտավորական այր Գառնիկ Շահբազյանի ընտանիքում:
Մայրը՝ Կարինում ծնված Հրանուշ Լաճիկյանը, 1915-ին 15 տարեկանում տեղահանվել է իր ծննդավայրից և վերապրել՝ երկար դեգերելով անապատներում: Նրա ամբողջ մեծ գերադաստանը՝ շուրջ քառասուն մարդ, սպանվել է և տասնհինգամյա աղջնակը միակն է եղել, որ կարողացել է ողջ մնալ:
Շահբազյանների ընտանիքը Հայաստան է հայրենադարձվել է 1946-ին:
Պարգև Շահբազյանի հետ հանդիպում եմ նրա բնակարանում, որը կարծես հոգևոր մի դիվանատուն լինի, լույս ճառագող մի ատյան: Նա պարտաճանաչորեն պատրաստվում է մեր զրույցին՝ խնամքով հետևելով անգամ հագ ու կապին: Մշակույթ է: Չես փոխի:
Նրա հայացքը սթափ է, միտքը՝ ճշմարտության հետ, խոսքը՝ սքանչելի հայերենով, հիշատակումները՝ ճշգրիտ, հումորը՝ նրբանկատ: Կեցվածքը՝ ազնվականական: Իսկ ազատությունը ներքին զգացողություն է:
Նրա հետ կարող ես խոսել շատ երկար: Շատ հետաքրքիր: Խոսել եկեղեցուց, գրականությունից, արվեստից, մշակույթից, փիլիսոփայությունից, պատմությունից: Խոսել միջնադարից մինչև մեր օրերը: Խոսել գիտականության աստիճանի: Նրա իմացությունը կրճատում է ժամանակը, կորցնում ժամանակի զգացողությունը:
Բայց այս անգամ որոշում եմ խոսել Հռոմի Պապերից, որովհետև Պարգև Շահբազյանն այն եզակի մարդկանցից է, որ ստացել է Հռոմի երկու Պապերի օրհնությունը:
Մեր զրույցն այս անգամ նրա և Հռոմի Պապերի հանդիպումների շուրջ է, որով, առաջին անգամ, ի դեպ, նրա կողմից պատմական իրադարձություններ են բացահայտվում, գաղտնազերծվում իրադարձություններ:
- Պարոն Շահբազյան, Դուք այն եզակի մարդկանցից եք, որ Հռոմի երկու Պապերի հետ եք հանդիպել:
- «Եզակի» գնահատականը Ձերն է: Այո, ես բախտ եմ ունեցել հանդիպել ներկայիս Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին նախորդած երկու Սրբազան Քահանայապետների հետ, շփվել և զրուցել նրանց հետ: Ֆրանցիսկոս Պապին էլ կարող էի հանդիպել, երբ նա Հայաստանում էր, հրավեր ունեի, բայց տարիքս արդեն թույլ չտվեց:
- Ինչպե՞ս կայացավ Ձեր առաջին հանդիպումը Հռոմի Պապի հետ: Եթե չեմ սխալվում Պողոս VI - ի հետ էր:
- Այո, առաջին հանդիպումս եղավ Պողոս VI Պապի հետ: Այդ օրերին ես մաս էի կազմում Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին, որպես նրա թարգմանիչը և գիտական քարտուղարը: Առաջին անգամը լինելով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունվեց Վատիկանի Սրբազան Քահանայապետի կողմից: Ասեմ, որ մեր ողջ պատմության ընթացքւմ այն երևույթ էր: Բայց մինչ հանդիպման մասին պատմելը մի փոքրիկ պատմական անդրադարձ անեմ:
Գիտեք, երբ Քրիստոսի Եկեղեցին, միությունը տարանջատվեց, որոշ Եկեղեցիներ մնացին իրենց սկզբունքին և Կաթոլիկ Եկեղեցու հրավերին չընդառաջեցին, չմասնակցեցին 451 թվի ժողովին: Հայոց Եկեղեցին ևս չմասնակցեց: Քաղքեդոնի ժողովի տարանջատում տեղի ունեցավ: Հինգ արևելյան Եկեղեցիներ չընդունեցին նոր որոշումը, որովհետև Վատիկանի միահեծան իշխանությունն էր պարտադրվում:
Արդեն քրիստոսաբանության վեճերը վերջ էին գտել Եփեսոսի Ժողովին և այդ Եփեսոսի ժողովի որոշումների հիման վրա հաստատ մնացին: Մենք չկարողացանք, դժբախտաբար, այդ ժողովին մասնակցել, որովհետև 451 թվականին Վարդանանց պատերազմի իրադարձություններ էին: Ճիշտ մայիս ամսին էր և որևէ պատվիրակ չկարողացանք ուղարկել, բայց Ժողովի որոշումները հետո մեզ համար պարզ դարձան և անջատվեցինք: Այդ օրվանից առաջ եկավ Քաղքեդոնական և ոչ Քաղքեդոնական Եկեղեցիների թնջուկը: Գիտեք, մեզ ասում են ոչ Քաղքեդոնական: Եվ որպես բաժանված եղբայրներ դիտեցին մեզ:
Ժամանակի ընթացքում այդ սառնությունը, նաև՝ անտարբերությունը, վերածվեց նույնիսկ թշնամանքի: Ես մի փաստ նշեմ: Միջին դարերում էր, ճշգրիտ թվականն այս պահին չեմ կարող հիշել, բայց միջին դարերում էր, թաթարական արշավանքների շրջանում, երբ թաթարական հրոսակներն արշավել էին Հայաստանի վրա:
Ծայրաստիճան վատ դրության մեջ էինք, և այն ժամանակվա մեր Կաթողիկոսը ստիպված եղավ ծանր պայմաններում մինչև Հռոմ գնալ՝ օգնություն հայցելու: Գնաց մի քանի հոգուց բաղկացած պատվիրակությամբ, ծայրաստիճան դժվարություններ հաղթահարելով, որովհետև, գիտեք, այդ շրջանում սայլերով էին գնում և շաբաթներ էր տևում: Կիսահիվանդ, կիսառողջ վիճակում հասավ մեր Հայրապետը Վատիկան Դռան առջև և լուր ուղարկեցին, որ Հայաստանի Պատրիարքը եկել է և ուզում է տեսակցություն ունենալ:
Իմացան, որ օգնության խնդրանքով է եկել: Մեկ օր անցավ, երկու օր անցավ: Երեք-չորս օր այնտեղ սպասեցին և Դուռը չբացվեց Վատիկանի:
Պատվիրակությունը գլխիկոր վերադարձավ: Ճանապարհին, չկարողանալով դիմանալ այդ ծանր ճանապարհորդությանը, Կաթողիկոսը մահացավ: Սա փաստ է:
Եվ ուրեմն այս փաստի լույսի ներքո պատկերացրեք 1970 թվականին Հռոմի Քահանայապետն անձամբ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Հայրապետին հրավիրում է չորսօրյա մի այցելության Վատիկան՝ պաշտոնական ողջագուրման համար:
Սա պատմական մեծ, կարևոր եղելություն էր, որին ես բախտ ունեցա մասնակցելու:
Մնացինք չորս օր: Հայաստանյան պատվիրակությունը բաղկացած էր մեր Նվիրապետական Աթոռների և աշխարհական ներկայացուցիչներից: Տասներկու հոգի էինք:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Պողոս VI - ի գրադարանի մեծ դահլիճում: Եվ հենց այնտեղ էր, որ ես հանդիպեցի Պապին և առիթ ունեցա խոնարհվելու և օրհնությունը խնդրելու: Եվ նա օրհնեց, ձեռքը դրեց, օրհնեց և մենք մի քանի բառ փոխանակեցինք:
Պողոս VI - ի հետ հանդիպումն ընդամենն այս էր, բայց ավելի հետաքրքրական պատմություն անեմ:
Մենք չորս օր մնացինք Վատիկանում: Պապն իր նստավայրը տրամադրության տակ էր դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Բացառիկ հյուրընկալություն էր:
Ժամանման հաջորդ օրը Սիքստինյան Մատուռում առաջին ողջագուրման և ջահերի փոխանակության հանդիսությունը տեղի ունեցավ: Շատ հաջող անցավ ամեն ինչ: Բայց այստեղ փոքրիկ մի դեպք պատահեց, որը կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը:
Արարողակարգային սովորություն է, որ այսպիսի հանդիպումների ժամանակ փոխանակվելիք ճառերը նախապես ծանոթացվում են հակառակ կողմին: Այդ կարգի հիման վրա, Հռոմ գնալուց մոտ մեկ շաբաթ առաջ Կաթողիկոսն իր ճառի Ֆրանսերեն թարգմանությունը, որ ես էի կատարել, ուղարկեց Հռոմ, որպեսզի, եթե որևէ առարկություն ունեն՝ նկատի ունենանք: Ոչ մեկ առարկություն:
Իրենք էլ Պապի ճառը պետք է ուղարկեին: Պապի ճառը ուշացավ մինչև վերջին օրը, չնայած քանիցս Կաթողիկոսը լուր էր ուղարկել, որ սպասում է: Ձգձգվեց: Չգիտեմ, թե ինչ պատճառով:
Մտածեցինք՝ երևի Հռոմ հասնելուց հետո Կաթողիկոսը Պապի ճառին կծանոթանա, բայց այդպես էլ չծանոթացավ: Մեր կողմից Կարդինալ Վիլբրանցին լուր ուղարկվեց, որ հաջորդ օրը հանդիպումն է և Կաթողիկոսն ուզում է տեքստը կարդալ: Այո, կբերենք ասացին, մինչև հանդիպումն ասացին կստանաք և այլն, սակայն չբերեցին: Պատճառն ի՞նչ էր՝ չեմ կարող հստակ ասել, բայց փաստն այն է, որ Վեհափառն այդ հանդիպմանը գնաց Պապի ճառին չծանոթացած:
Հանդիպումն, անշուշտ, տեղի ունեցավ: Երբ Պապն իր ճառն ավարտեց, տեսա, որ Կաթողիկոսի տրամադրությունն ընկավ:
Ձայն չհանեց, իր ճառն ասաց և այլն, բայց և դիտել տվեց, որ իրեն Վատիկանում խաբել են: Ոմանք ասացին, որ գիտեք, այո, արարողակարգ է, պետք է նախապես ներկայացվի, բայց սովորություն է, որ Պապի ճառը վերանայման կարիք չունի և այլն: Ոմանք նույնիսկ, «չար լեզուները» ասացին, որ հայ պրոպոգանդայի բաժնի վարիչի՝ Աղաջանյանի դրդումով էր արվել:
Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կիլիկյան Աթոռի հարաբերությունները շատ լարված էին, Աղաջանյանն էլ՝ որպես Կաթողիկե համայնքի նախկին Կաթողիկոս՝ Անթիլիասի, Կիլիկյան Աթոռի կողմնակից էր:
Ի՞նչն էր Վազգեն Վեհափառի տրամադրության փոփոխության պատճառը: Պապի ճառում մի ակնարկություն կար, որ օրինական շառավիղը Ամենայն Հայոց Կաթողիկոսության Կիլիկյան Աթոռն է եղել, և Վեհափառն ուզեց, որ դա հանվի: Ի՞նչ կարիք կա, ասաց, որ այս առիթով Կիլիկյան Աթոռի հարց ստեղծվի, երբ շատ լավ գիտեք, որ մեր հարաբերություններն այն չեն, ինչ պետք է լինեն: Եվ որովհետև շատ հասատատակամ մարդ էր Կաթողիկոսը, հաջորդ օրը որոշում կայացրեց ամբողջ պատվիրակությամբ ցուցադրաբար վերադառնալ:
Բոլորս անակնկալի եկանք: Մենք, պատվիրակության անդամներս, նախ աշխատեցինք մեղմացնել, բայց Վեհափառը տեղի չէր տալիս: Նույնիսկ հիշում եմ, ասում էր. «Այս շքեղությունները, այս ոսկեհուռ պերճանքը, որ մեր աչքի առջև փռում են՝ տպավորելու համար մեզ, ես իմ Էջմիածնի տաճարի սևացած քարերի հետ չեմ փոխի: Թող չզարմացնեն ինձ: Դա սկզբունքային հարց է և ես շատ վիրավորված եմ»:
Երբ Վատիկանում իմացան, որ Վեհափառն այդպիսի մտադրություն ունի, իրար անցան: Ամբողջ Վատիկանը, Կարդինալ Վիլբրանցը, որ Կարդինալների գլխավորն էր, եկավ, միջնորդեց, խոսեց և ասաց, որ համատեղ հայտարարության մեջ կնշեն, որ օրինական շառավիղը Մայր Աթոռն է:
Եվ այդպես էլ արվեց:
Սրանից հետո էր միայն, որ Կաթողիկոսը որոշեց մնալ, բայց այն չէր իր ոգևորությունը, ինչ որ պետք է լիներ:
Առաջին հանդիպումս այսպես և այս իրավիճակում եղավ Պողոս VI-ի հետ:
1970 թվականի օգոստոս ամսին էր:
- Ի՞նչ զգացողություն ունեցաք այն պահին, երբ որ ողջագուրվեցիք Պապի հետ:
- Շատ հուզված էի: Արտակարգ հուզված էի և միշտ մտածում էի մեր ժողովրդի ճակատագրի մասին: Աչքիս առաջ էր գալիս միջին դարերում Հռոմ մեկնած Կաթողիկոսի ողբերգական պատմությունը, մտածում էի, թե ի՞նչ էր, ի՞նչ պատահեց, ո՞ւր էինք, ո՞ւր հասանք: Ներքին հպարտությունն էր այդ հուզումն առաջացրել իմ մեջ:
- Ի՞նչ հանգամանքներում էր, որ երկրորդ անգամ հանդիպեցիք Հռոմի Պապին: Հովհաննես Պողոս II - ին, այո՞:
- Այո, իմ երկրորդ հանդիպումը Հռոմի 264-րդ Պապի՝ Հովհաննես Պողոս II - ի հետ էր և տեղի ունեցավ Հռոմի Պապի հետ իմ առաջին հանդիպումից ճիշտ 20 տարի անց, 1990 թվականին:
Ահա, այսպիսին էին հանգամանքները:
Մեկ տարի առաջ, գիտեք, տեղի էր ունեցել ահավոր երկրաշարժը և այդ կապակցությամբ պետք է ասեմ, որ սրտաբաց ջերմություն հանդես բերեցին ոչ միայն օտար պետությունները, այլև՝ Եկեղեցիները: Չսպասված բան էր: Օգնության ձեռք մեկնեցին ոչ միայն մխիթարական խոսքով, այլև` գործով:
«Կարիտաս» միջազգային, համաշխարհային բարեսիրական կազմակերպության միջոցով երկրաշարժի հետևանքները վերացնելու համար մարդկային վերաբերմունք հանդես բերեց նաև «Կարիտասի» գլխավոր ներկայացուցիչը Վատիկանում՝ Կլաուդիո Գուչերոտի անունով մի երիտասարդ վարդապետ, որը վարում էր արևելյան հին եկեղեցիների հետ մշակութային և հոգևոր կապերի զարգացումը:
Հատուկ հաստատություն էր այն՝ կից Վատիկանին:
Այդ մարդը շատ երիատասարդ մի վարդապետ էր, աշխույժ, մի քանի տարի Սուրբ Ղազար վանքում սովորել էր Վենետիկի Մխիթարյանների մոտ և գրաբարից իտալերեն էր թարգմանել Սեփեոսի պատմությունը:
Երբ խոսում էր, երբեք չէիք պատկերացնի, որ նա հայ չէ: Այնպիսի նուրբ, ճշգրիտ, հստակ առոգանությամբ էր արևմտահայերեն խոսում: Այդ մարդն, ուղղակի հրաշք գործեց այդ օրերին՝ երկրաշարժին հաջորդող այդ շրջանում:
Գրեթե երկու շաբաթը մեկ, երկար ճանապարհներ կտրելով, բազում դժվարություններ հաղթահարելով՝ հսկայական բեռնատար ավտոմեքենաները հասցնում էր Մայր Աթոռ: Բերում էին սննդամթերք, դեղորայք, ինչ որ անհրաժեշտ էր և սպասում էին մի քանի օր, որ պահեստավորվի, որից հետո վերադառնում էին և մեկ շաբաթ հետո կրկին վերադառնում: Ահա, այսպիսի աշխատանք կատարեց այդ մարդը: Իհարկե, հասկանում եմ, որ իրեն հանձնարարված էր այդ անել, բայց նաև իր կողմից էլ հատուկ մղում ուներ՝ օգնելու:
Դա առիթ եղավ, որ Կաթողիկոսն ինձ հանձնարարեր ազատ ժամերին Հայաստանի տեսարժան վայրերում ուղեկցել նրան, բացատրել, ցույց տալ և այլն, որպեսզի նա իր պատկերացումներն ունենա և մենք սրտաբաց բարեկամներ դարձանք:
Դրանից հետո նա միշտ գալիս- գնում էր և կարծես «օրվա մարդ» էր դարձել:
Մի օր ասացի. Հայր Սուրբ, այս տարի մի քանի աշխատակիցներ ցանկություն ունենք ամռանն Իտալիա այցելելու՝ մեր արձակուրդն անցկացնելու համար: Լսել ենք, որ Վատիկանի պատկերասրահը շատ ճոխ է և սովորական այցելուների առջև բաց չէ, հատուկ արտոնություն է հարկավոր, կօգնե՞ք մեզ, որ այցելենք:
Սիրով, ասաց, ոչ միայն կօգնեմ, որ պատկերասրահ այցելեք, այլ կաշխատեմ նաև, որ Պապին էլ այցելեք, ասաց:
Շատ ավելի լավ, ասացի, խորապես շնորհակալ կլինեմ:
Ահա այսպիսի խոսակցություն ունեցանք և նա վերադարձավ:
Եվ իսկապես, ամռանը, օգոստոս ամսին առիթ ներկայացավ Իտալիա մեկնելու՝ մեր արձակուրդն այնտեղ անցկացնելու համար:
Ի դեպ, պետք է ասեմ, որ Վազգեն Հայրապետն ամեն տեսակետից օգնեց մեզ, որ նյութական նեղություն չունենանք և ճանապարհ ընկանք: Հայաստանը դեռևս պաշտոնապես անկախ չէր, բայց անկախանալու այդ շրջանն էր: Մեկնեցինք Հայ Կաթողիկե Եկեղեցու հայտնի դեմքերից մեկի՝ հայագետ Հայր Լևոն Զեքյանի գրավոր հրավերով: Նրա հրավերով գնացինք Վենետիկ: Նա ընդունեց մեզ, Վենետիկում մի քանի օր միասին անցկացրինք, այցելեցինք նաև Սուրբ Ղազար:
Ջերմ ընդունելության արժանացանք նաև Հայր Ներսես Տեր-Ներսեսյանի կողմից՝ հետագայում Գյումրիի Հայ Կաթողիկե համայնքի ղեկավարը, որն այնտեղ էլ մահացավ: Շատ մտերիմ բարեկամներ դարձանք: Պաշտոնական պատվիրակություն չէր մերը: Ես էի՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի քարտուղար, և Երվանդ Մելքոնյան անունով մի երտասարդ մտավորական, որն այն ժամանակ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, մտավորական մարդ, «Դավիթ Զեյթունցի» մենագրության հեղինակը:
Մեր այցելությունը զուգադիպեց Աստվածածնա տոնին: Տոնի առիթով օտար բոլոր Եկեղեցիների ներկայացուցիչները գալիս են Սուրբ Ղազար և Սուրբ Ղազարում հայկական ծեսով պատարագ է տեղի ունենում: Այդ պատարագին միշտ «օրվա մարդ» է ընտրվում և ինձ որպես հյուրի «օրվա մարդ» ընտրեցին: Այդ «պաշտոնում» ես իրավունք ունեի խորան բարձրանալու և Ավետարանը համբուրելու: Չգիտեի այդ ավանդույթի մասին: Երկրորդ օրն այցելեցինք մատենադարան, թանգարաններ, Ալիշանի տուն-թանգարան, Բայրոնի սենյակը և այլն:
Մենք Վենետիկից հեռախոսով կապվեցինք Հռոմ՝ Գուչերոտիի հետ և տեղեկացրինք, որ ժամանում ենք Հռոմ և ուզում ենք հաջորդ օրը ներկայանալ իրեն: Հեռախոսով հայտնեց, որ սիրով կնդունի մեզ: Ես կարծում էի, որ նա Վատիկանի մի առանձին բաժնի սովորական աշխատակից է, բայց՝ ոչ, այդպես չէր:
Հինգ հարկանի հսկայական մի շենք իր տրամադրության տակ էր՝ տասնյակ բաժիններով՝ հատուկ ոստիկանական հսկողությամբ:
Երբ լուր ուղարկեցին, որ մենք ժամանել ենք, անմիջապես մեզ ուղեկցեցին ընդարձակ մի դահլիճ: Ես զրույցի ընթացքում, իմիջայելոց հիշեցրի նրան, որ մեզ խոստացել է արտոնություն՝ դիտելու Վատիկանի պատկերասրահը և հանդիպելու Պապին:
Այո, ասաց, հիշում եմ այդ խոստումը, բայց դժբախտաբար հարմար ժամանակին չեք եկել, ասաց: Ես ձեզ կարող եմ առաջնորդել Վատիկան, որ այցելեք պատկերասրահ, բայց Պապին ներկայացնել չեմ կարող, որովհետև այս շրջանում՝օգոստոս ամսին, նա սովորություն ունի հանգստանալու:
Քահանայապետական ամառանոց կա՝ Կաստելկանդոլֆոն, Հռոմից երեսուն-քառասուն կիլոմետր հեռու, և նա այնտեղ է անցկացնում ամառային հանգստի օրերը: Միայն կիրակի առավոտյան է գալիս Հռոմ, պատշգամբից զանազան կողմերից եկած հավատացյալներին օրհնություններ բաշխում և վերադառնում: Նույնիսկ դեսպանների հետ այդ օրերին չի հանդիպում, ասաց, և չենք ուզում, որ խանգարվի նրա հանգիստը:
Խնդիր չէ, ասացինք, չնայած կանայք (մենք մեկնել էինք մեր կանանց ընկերակցությամբ) ներքուստ դժգոհեցին, որովհետև ակնկալություն ունեին, որ Պապին պետք է հանդիպեին: Երևի զգաց այդ մարդը, զարմանալի է և խոսակցության ընթացքին մեզ ասաց, որ մի քանի րոպեով պետք է դուրս գա: Դուրս եկավ: Հինգ րոպե անցավ, տասը րոպե, տասնհինգ-քսան րոպե անցավ, չվերադարձավ: Ի վերջո, մեզ տագնապեցնելու աստիճան ուշացումով դուռը բացվեց և ներս մտավ: Երբ նայեցի դեմքին, տեսա, որ դրական արտահայտություն ունի և հայտնեց, որ ինքը բացակայել էր, որպեսզի առանձին սենյակից Կաստելկանդոլֆոյի ամառանոցի հեռախոսով կապվի Կարդինալի հետ:
Պապի հետ անմիջական հարաբերություն չեն կարող ունենալ: Պապի կողքին միշտ Կարդինալ է լինում: Ասաց, որ Կարդինալին ասել է, թե Հայաստանից հյուրեր կան, հինգ արևելյան Եկեղեցիների հայտնի Եկեղեցիներից մեկի ներկայացուցիչներն են և ցանկություն ունեն անպայման Պապին հանդիպելու և արդյոք հնարավոր չէ՞ բացառության կարգով միջնորդել Պապին, որ ընդունի նրանց: Չգիտեմ, ինչպիսի լեզու է բանեցրել, սակայն Պապը, երբ լսել է, մեկ րոպե մտածելուց հետո ասել է. ես շատ մեծ հարգանք ունեմ Հայ Եկեղեցու հանդեպ՝ որպես առաջին քրիստոնյա Եկեղեցի, մանավանդ հայերին շատ եմ սիրում, և որովհետև նրանք Հայաստանից են եկել մինչև այստեղ և ուզում են հանդիպել՝ սիրով կնդունեմ:
Եվ իսկապես օր էր նշանակել: Նույնիսկ կարգադրել էր հատուկ հրատարակել հանդիսության տոմս:
Իմիջայելոց, Անարատ Հղության քույրեր կային՝ Հայ Կաթոլիկ, որ միշտ ուղեկցում էին մեզ: Մայրապետներ էին, բայց նրանք չբարձրացան Պապի մոտ:
Մեզ առաջնորդեց այս երիտասարդ հոգևորականը: Մանրակրկիտ խուզարկեցին, որովհետև նոր էր տեղի ունեցել թուրքի ահաբեկչությունը: Պապի անձնական անվտանգությունը շատ կարևոր էր: Ստուգեցին և բարձրացանք Պապի ընդունարան: Ճիշտ կողքին մի սենյակ կար, ասացին՝ դուք նստեցեք, զանազան հավատացյալներ ներքևում են, նրանց մի քանի խոսքով պետք է օրհնի, մենք ձեզ լուր կտանք:
Այնպիսի սենյակ էին ընտրել, որ Պապը, երբ իր ընդունարանից պատշգամբ դուրս եկավ օրհնելու՝ տեսանելի էր մեզ և իսկապես տեսանք: Շատ երկար չտևեց: Տարբեր լեզուներով օրհնության խոսքեր ասաց և վերադարձավ, որից հետո մեզ լուր տվեցին, որ Պապի ընդունարան կարող ենք գնալ:
Միշտ ասել էինք, որ մենք պաշտոնական ներկայացուցիչներ չենք, այլ Էջմիածնի աշխատակիցներ ենք և ոչ պաշտոնական անվամբ ենք եկել, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մեզ պաշտոնական մակարդակով ընդունեցին: Ներս մտանք և անակնկալի եկանք. լուսարձակներ էին դրված և այլն, լուսանկարիչներ և օպերատորներ պատրաստ էին նկարահանելու: Շատ խիստ ընդունելության կարգ ունեն. այսինչ տեղը պետք է կանգնել, այսինչ հերթականությամբ, իրարից այսքան հեռու. նույնիսկ այդ մանրամասնություններով: Այդպես էլ եղավ, որից հետո մի քանի րոպե անց տեսանք Պապին՝ կարդինալներով, վարդապետներով շրջապատված:
Ներս մտավ, մոտեցավ, առաջ գնացինք:
Մեզ ողջույնի և բարեգալստյան խոսքեր ասաց, խոնարհվեցինք, օրհնեց:
Ես նախապես պատրաստել էի մի ուղերձ՝ Ֆրանսերենով, որպեսզի այդ առիթով իմ ուղերձը արտասանեմ: Չնայած անպաշտոն այցելություն էր, բայց Պապի առջև էինք մենք: Սովորական մարդու առջև չես, չես կարող ոտքդ ոտքիդ վրա ծալել և՝ ինչպե՞ս անցկացրիք Ձեր ճանապարհը, հարցումով սկսել խոսակցությունը: Որքան էլ անպաշտոն լինի՝ պաշտոնական է:
Նախ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնները փոխանցեցի, հետո շնորհակալություն հայտնեցի, որ բարեհաճեց մեզ՝ Մայր Աթոռի սովորական աշխատակիցներիս սիրահոժար ընդունել իր հարկի տակ, երրորդ, որ Իտալիան՝ որպես Հայաստանի բարեկամ, լայնորեն աջակցեց մեզ հարվածած երկրաշարժի օրերին և հատկապես ինքը՝ Պապը, Գյումրիում իր անձնական միջոցներով պոլիկլինիկա հիմնեց:
Ըստ երևույթին, լավ տպավորություն թողեց ելույթս, լարված լսում էր ինձ:
Երբ ավարտեցի, ցանկություն հայտնեց, որ իմ ելույթը՝ ուղերձը, Վատիկանի ռադիոկայանից ձայնասփռվի արտասահմանում: Նախ՝ հայ սփյուռքի համար արևմտահայերենով, երկրորդ՝ նաև տարբեր եվրոպական լեզուներով:
Հանդիպումից հետո ճաշկերույթ տրվեց:
Հռոմի Պապի ամառանոցը մի չտեսնված վայր է: Միջնադարյան հին, ազնվապետական մի դղյակ է, որ Վատիկանի տրամադրության տակ է, լճի եզերքին, անտառների մեջ:
Այնտեղ շատ լավ մի ռեստորան կար այցելուների համար: Մեզ հյուրասիրեցին, որից հետո խմբով, Անարատ Հղության քույրերով վերադարձանք Հռոմ:
Այստեղ, իմիջայելոց, անեկդոտի նման մի բան եղավ:
Երբ վերադարձանք հյուրանոց, որը մեծ, շքեղ մի հյուրանոց էր՝ ոչ հեռու Վատիկանից, այնտեղի տնօրենը հարցրեց, թե ովքե՞ր են այս մարդիկ, որ մայրապետներն ու հոգևորականներն են տանում-բերում նրանց: Եվ երբ ասացին, որ Պապն է մեզ ընդունել և ընդունելությունից ենք վերադառնում, նրա համար անակնկալ էր, շատ զգացվել էր, որ իր հյուրանոցում ենք ապրում: Եվ արդյունքը եղավ այն, որ մենք այնտեղ գտնվելու մեր օրերին հինգ օր՝ յուրաքանչյուր օրվա համար յոթանասուն դոլլար պետք է վճարեինք, և ոչ մեկ կոպեկ չընդունեց այդ մարդը, և հինգ օր մեզ հյուրասիրեց:
Իհարկե, շատ բան չէր մնացել նվերներից, բայց կոնյակներ կային, տվեցինք, որից հետո բաժանվեցինք:
Ահա այս էր երկրորդ անգամ Պապի հետ իմ հանդիպումը:
- Դուք, փաստորեն կարող էիք յուրահատուկ ռեկորդ սահմանել և հանդիպել երրորդ Պապին, Ֆրանսիցկոս Քահանայապետին ևս, որ եկավ Հայաստան:
- Այո, բայց, դժբախտաբար, արդեն այն տարիքին չէի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հատուկ հրավեր ուղարկել էր ինձ՝ հրապարակում պատարագին ներկա լինելու համար, բայց բժիշկները խորհուրդ չտվեցին այդ տաք շրջանում գնալ: Այլապես, գոնե երկու-երեք բառ կկարողանայի փոխանակել Պապի հետ: Բայց վնաս չունի: Կարևորն իմ շփումը չէ, կարևորն այն է, որ մեր ժողովուրդը հրաշալի ընդունեց Պապին, արժանի էր այդ մարդը:
- Շատ մեծ խորհուրդներ կային Պապի այցի և իր ուղերձների մեջ. սկսած ուղևորության խորագրից՝ «Ուխտագնացություն Առաջին քրիստոնյա երկիիր»: Հուշերից շեղվելով մի հարց տամ: Շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը: Տեսակետ կա, որ մեր ժողովուրդն ավելի ծիսապաշտական է, քան հավատացյալ: Այդպես է՞:
- Չգիտեմ, Ձեր կարծիքն ի՞նչ է այդ ուղղությամբ, բայց այստեղ դեր են ունեցել յոթանասուն տարվա խորհրդային հակաքրիստոնեական կարգերը:
Թվում է, թե Կաթոլիկ Եկեղեցին ավելի բարեպաշտ է, բայց սա իմիջայելոց ասված կարծիք է: Այդ յոթանասուն տարին չմոռանանք, թե ինչ ավեր գործեց մեր ժողովրդի հոգևոր կյանքում: Ես չեմ կարող ասել, որ բարեպաշտության տեսակետից մեր ժողովուրդը զիջում է եվրոպացուն, նույն իտալացուն: Մեր ժողովուրդը շատ բարեպաշտ ժողովուրդ է եղել և մեր ծեսի բոլոր տեսակներն ավելի ուժեղ թափանցել են մեր մշակույթից ներս, քան՝ նրանց մոտ: Այս էլ կա: Բայց յոթանասուն տարի եկեղեցին արգելված էր: Այն խորհուրդը, որ պետք է լիներ, չկար: Մարդիկ եկեղեցի գնում էին, բայց ոչ մղված բարեպաշտությունից, այլ՝ ավելի մղված ավանդույթից, որովհետև ավանդույթներ կային, որ արմատավորված էին, յոթանասուն տարին չէր կարող արմատախիլ անել:
Այսօր էլ մեր ժողովուրդը եկեղեցու մեջ իր անցյալը, իր ավանդությունները, իր շարականը և այլն տեսնում է: Մի բան, որ եվրոպացին չունի:
- Արդյոք այդ յոթանասուն տարին ի զորու է՞ր հազարամյակների ավանդույթը, ժողովրդի բարեպաշտությունը կոտրել: Արդյոք ավելի խորը չե՞ն պատճառները:
- Այո, որովհետև այդ յոթանասուն տարիները, դժբախտաբար, ինքնահոսի թողնված տարիներ չեղան: Բռնության տարիներ եղան: Ժողովուրդը եկեղեցի բառը արտասանելիս վախենում էր, եկեղեցու առջևից վախենում էր անցնել: Գրանցում էին, թե օրական քանի երիտասարդ է եկեղեցու առջևից անցնում, գրանցում էին: Գիտեմ ես այդ մանրամասնությունները: Այդպիսի վիճակ կար, սարսափի մեջ էին, այդ սարսափը շատ բան խլեց մեզնից, դժբախտաբար: Դրա համար էլ Եկեղեցու ձևական կողմի նկատմամբ ավելի ուժեղ հարում տեղի ունեցավ, քան՝ պետք է լիներ: Իսկ հետագայում ի՞նչ կլինի, չեմ կարող ասել:
Հայ Եկեղեցի ասելով, ես հասկանում եմ հայ ժողովուրդ, հայ մշակույթ: Հայ մշակույթ ասելով, ես հասկանում եմ Հայ Եկեղեցի:
Նրանք անխզելիորեն են կապված միմյանց:
Ժամանակի ընթացքում այս արտաքին, ծիսական առումով եկեղեցի հաճախելը, երեխաներին մկրտելը և այլն, խորքային ընկալման կվերածվի:
Այդ ծանր կարգերի օրերին, հանկարծ հիշեցի, հայտնի մի մտավորական, անունը չեմ ուզում տալ, հիմա մահացած է արդեն, կուսակցական կարևոր պաշտոն էր զբաղեցնում, իր միակ երեխային ուզում էր որպես քրիստոնյա մկրտել, հանգիստ լինելու համար, որ իր փոքրիկը որպես քրիստոնյա մկրտված է: Ընտրել էր Գեղարդավանքը: Ծանոթ էինք, որովհետև ես եկեղեցու աշխատող էի: Ինձ վստահեց և մեր ծանոթներով և այլն գնացինք, նրա ընտանիքի հետ մկրտեցինք երեխային Գեղարդավանքում: Ինքը չեկավ: Ինքը վախեցավ: Դրսում մնաց: Երբ վերադարձին ասացինք, որ մկրտվեց երեխան, և մկրտությունը շատ լավ անցավ՝ ծեսով, կարգ ու կանոնով և այլն, նա խորը շունչ քաշեց: Սա փաստ է, կուսակցական մարդ էր այդ մարդը: Բռնություն կար: Այդ բռնությունը, եթե չլիներ, գուցե այդքան կապված չլինեինք ծիսական կողմին:
- Այսօր, այս տարիներին, որ անկախ ենք, կարծում եք ավելի հավատացյալ ե՞նք դարձել, քան ծիշապաշտ, թե՝ ոչ:
- Շատ դիպուկ հարց տվեցիք: Այո, անշուշտ: Սակայն մենք շատ անելիք ունենք: Մենք ասելով, ես հասկանում եմ Եկեղեցին: Եկեղեցին օրինակ պետք է ծառայի: Որոշ բաներ արվում են՝ հիվանդներին այցելել, բանակայինների մոտ գնալ և այլն: Շարժում կա և այդ շարժման մասնակիցների մեջ, անուղղակիորեն, ինչ-որ բան արմատավորվում է: Երիտասարդությունը հետզհետե ավելի փարված է զգում իրեն Եկեղեցուն, և զգում է, որ ինքը ժառանգորդն է: Երբ ասում ես Քրիստոնյա Առաջին Եկեղեցի՝ երիտասարդի կուրծքն ուռչում է: Բայց դեռ շատ բան կա անելու: Անվերջ է լինելու այդ անելիքը:
Հ.Գ. Հարցազրույցն արվել է ամիսներ առաջ: Դրանից հետո Պարգև Շահբազյանի տիկինը, ազնվական Իրինա Երիցյանը հրաժեշտ տվեց երկնային կյանքին և հարցազրույցը պատրաստվում էի ավելի ուշ հրապարակել:
Բայց այսօր, երբ կրկին մեր հայացքներն ուղղված են դեպի Հռոմ, երբ Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանը կանգնեցվում է Վատիկանում, Պարգև Շահբազյանի հետ զրույցը շատ արդիական ու շատ ժամանակին թվաց:
Հ.Գ.
Պարգև ՇԱհբազյանի հետ արել եմ նաև «Քառասուն տարի Վազգեն Վեհափառի հետ» անչափ հետաքրքիր շարքը, որը կարող եք դիտել Youtube-ում, webtv.am հեռուստաալիքով:
Արայիկ Մանուկյան