Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼՈՒ Էլբակյանի «Պեպոն»

 

Վերջին անգամ Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» Սունդուկյանի անվան թատրոնում բեմ է բարձրացել 1982 թվականին՝ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ: Բարձրացել է առաջին ու վերջին անգամ: Պրեմիերայից հետո ներկայացումը փակվել է, Խորեն Աբրահամյանն «արտաքսվել է» Գյումրի: Ինչո՞ւ: Որովհետև Աբրահամյանի «Պեպոն» ոչ միայն իր ժամանակի մասին էր, այլ նաև՝ մեր օրերի: Գուցե՝ ավելի շատ մեր օրերի: Խորեն Աբրահամյանը դեռ այն տարիներին հանճարեղորեն տեսել էր մեր այսօրը:

Աբրահամյանական ներկայացման և նրա ոդիսականի մասին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

Իսկ ի՞նչ է ասելու Արմեն Էլբակյանի «Պեպոն» այսօր,-հարցնում եմ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանին, որ գրեթե երեսնհինգամյա ընդմիջումից հետո «Պեպոն» կրկին բարձրացնում է Սունդուկյանական բեմ: Բարձրացնում է՝ հստակ տեսնելով Պեպոյի ու մեր ժամանակների հարակցությունները, աղերսները, առնչությունները:

«Ասելու է, որ արդարությունը պիտի հաղթի, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում պատասխան է տալու իր խղճի առաջ: Այսինքն խղճի դատաստանի հարցն է: Ներկայացման վերջում էդպիսի լուծում կա, որ խղճի դատաստան է տեղի ունենում: Տեղի է ունենում Զիմզիմովի հասարակական դատը: Մենք փորձել ենք գտնել «Պեպոյի» ժամանակակից մեկնությունը»-ասում է Արմեն Էլբակյանը:

-Բայց ժամանակակից մեկնությունը բումերանգ է,-ասում եմ ռեժիսորին:

«Է՜հ»,- լինում է Արմեն Էլբակյանի բազմանշանակ պատասխանը: «Դա արդեն կյանքը ցույց կտա: Թատրոնը միշտ պետք է փորձի քայլել ժամանակի հետ: Ներկայացման լուծումները, բնականաբար, այսօրվա են: Մենք չենք տեսնելու Պեպոյին հանրահայտ ֆիլմի ճշգրտությամբ կամ իրականության ճշգրտությամբ: Իրականության պատրանքը կա, բայց հանդիսատեսն ինքն էլ է մասնակցում այս ներկայացմանը: Ինքը պետք է որոշի, թե իրականության մեջ որ վայրում է կատարվում գործողությունը: Թատրոնը չնայած հուշումներ անում է մթնոլորտի ստեղծման առումով, բայց կա հանդիսատեսը»,- ասում է Արմեն Էլբակյանը:

Ես օգտվում եմ «ՀԱՅԵՐ»-ին ընձեռած բացառիկ հնարավորությունից, և գրեթե մինչև վերջ դիտում եմ ներկայացման փորձը, որ տևում է ավելի քան հինգ ժամ:

Դրամատուրգիական ակնառու փոփոխություններ կան: Ավելացված են տեքստեր, երկխոսություններ, մոնոլոգներ, որ Սունդուկյանի այլ ստեղծագործություններից են՝ «Համալի մասլահաթները», «Օսկան Պետրովիչը էն կինքումը» և այլն: Դրանք շատ ժամանակակից են հնչում և շատ հարմոնիկ համապատասխանում են «Պեպոյի» այսօրվա մեկնությանը:

«Շատ դժվար է ազատագրվել հին թատրոնի առաջարկած խնդիրներից: Այսօր փոխվել են թե ժամանակները, թե հանդիսատեսը: Մենք ունենք 21-րդ դարի հանդիսատես և պիտի համապատասխանենք նրանք»,-շարունակում ենք զրուցել Արմեն Էլբակյանի հետ:

Ներկայացման պրեմիերան՝ առաջնախաղը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին, և ես չէի ուզենա բացել դրամատուրգիական, ռեժիսորական բոլոր լուծումների գաղտնիքները: Թատրոնը չի սիրում այդ ամենի մասին խոսել նախապես: Բայց, այնուամենայնիվ, մի քանի շտրիխ:

Շատ լավ Կեկել՝ շատ երիտասարդ Տաթևիկ Հոռոփյան, հեռու կաղապարային կերպավորումից, մի քիչ ավելի ըմբոստ, քան՝ անխոս, մի քիչ ավելի պայքարող, քան՝ հնազանդ, բայց նաև՝ հեզ, ավանդապաշտ: Շատ հետաքրքիր կերպարային համադրություն:

Ավելի նոր Դարչո՝ Գնել Ուլիխանյանի մատուցմամբ, ոչ այն անմեղսունակ երևույթը, որի կարծրատիպը գալիս է ֆիլմից, այլ ժամանակի հանդեպ ավելի զգայուն, ավելի գիտակից, բայց ոչ վերջնականապես կորած որպես մարդկային կերպ:

Շահեկան փոփոխություններով են նաև Գիքոյի և Զիմզիմովի կերպարները, որոնք մարմնավորում են բեմի վարպետներ Ռուդիկ Ղևոնդյանն ու Արմեն Մարությանը: Շատ ավելի  պրոյեկտված դեպի այսօրվա իրականություն: Գիքոն՝ ոչ այն խեղճուկրակը, որին «ճանաչում» ենք, ոչ այն միամիտ գյուղացին, ու Զիմզիմովը՝ ոչ այն Սունդուկյանական ժամանակի բառով՝ վաշխառուն, այլ ավելի ժամանակակից գողն ու ավազակը:

Շատ հետաքրքրական կերպար է մարմնավորում նաև Գարեգին Չեփչյանը և շատ հետաքրքիր բեմադրական լուծմամբ:

Պեպոյի դերում Տիգրան Ներսիսյանն է: Շատ հակասական է Ներսիսյանի Պեպոն: Ներսիսյանական Պեպոյի կերպարում նույնպես միաձուլված են մեր ժամանակի մարդն ու անցյալի կերպարը: Տիգրան Ներսիսյանի Պեպոյում չկա Հրաչյա Ներսիսյանի հանճարեղ Պեպոն, որովհետև այն Պեպոն մնացել է այն ժամանակում: Նոր մոտեցում է, որը հանդիսատեսին դուրս պետք է բերի նոր իրականություն՝ միաժամանակ թողնելով այնտեղ, որտեղ եղել է Պեպոյի հերոսը: Բարդ ու դժվարին պայքար դերասանի համար:

Ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի գրեթե ողջ կազմը, ընդգրկված են բազմաթիվ երիտասարդ դերասաններ, որոնք դեռևս նաև ուսանում են և հանդես են գալիս բեմի վարպետների կողքին:

Նկարչական ձևավորումը Դավիթ Մինասյանինն է, երաժշտությունը՝ Վաչե Շառաֆյանինը, որոնք յուրահատուկ լուծումներով ներդաշնակորեն համակցված են բեմադրական մտահղացումների հետ:

Թերևս այսքանը փորձի դիտարկումից: Իսկ փորձն առաջնախաղից տարբերվում է շահեկանորեն՝ հօգուտ առաջնախաղի և հետագա ընթացքի:

Ընդհանրապես, «Պեպո» ասելիս բոլորիս մտապատկերում հանճարեղ ֆիլմն է, որտեղ Սունդուկյանական հերոսներին հանճարեղորեն կերպավորել է հայ կինոյի ու թատրոնի մի ողջ աստղաբույլ և որը հարազատորեն մնում է մերը: Բայց ժամանակները, առավել ևս ազատության ժամանակները, կարծրատիպերը փոխելու ժամանակներ են և դա ճանապարհ է՝ գնալու դեպի ակունքները:

Հաջողվել է՞ դա անել Արմեն Էլբակյանին. այս պահին գնահատական չտանք: Ինչպես նշեցինք՝ առաջնախաղը դեկտեմբերի 13-ին է: Կլինի՞ այն Արմեն Էլբակյանի «արտաքսման» պատճառը՝ հուսանք՝ ոչ, և մենք չենք ստանձնի մարգարեի ոչ պատվաբեր դերը:

Հ.Գ. Ներկայացումը կայանալու է նորոգումից հետո վերաբացվող Սունդուկյան թատրոնում: Ըստ էության, հիմնովին նորացված են բեմն ու բեմական մեխանիզմները, տեղադրված են լուսային և ձայնային նոր, ժամանակակից համակարգեր, վերականգնված է ակուստիկ միջավայրը, որոնք փոխում են ներկայացումների մատուցման հնարավորությունները, ընդլայնում են բեմադրական, ռեժիսորական լուծումները, այլ ընկալումներ են թելադրում հանդիսատեսին:

Հ.Գ. 1 Շնորհակալ ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին, որ ոչ միայն բացառիկ հնարավորություն ընձեռեց «ՀԱՅԵՐ»-ին՝ հինգ ժամ հետևել բեմադրության փորձին, այլև չմերժեց լուսանկարիչ Հակոբ Բերբերյանին՝ լուսանկարել փորձը:

Թատրոնում, սովորաբար խուսափում են դրանից, որովհետև փորձերն իրականացվում են նաև ոչ բեմական հագուստներով, և լուսանկարները կարող են որոշակի թյուրըմբռնումների տեղիք տալ, բայց լուսանկարը նաև հավերժացնում է ժամանակը ուրիշ ժամանակների համար:        

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ