Ինչպե՞ս «Արևմտյան»-ը դարձավ «ԶՎԱՐԹՆՈՑ»…
Այս օրերին, երբ անպատեհ ու անհեթեթ պատճառաբանություններով, մեկնաբանություններով ու պարզաբանումներով՝ հինգհազարամյա մշակութային ժառանգություն ունեցող Հայաստանում մշակութային անելիք չունեցող մշակույթի նախարարությունն առաջարկում է հանրայնորեն քննարկել «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու և այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը, կանոնական բառապաշարի մեջ մնալու համար մնում է միայն անդրադառնալ այն չարչարանաց տարիներին, երբ Սովետական Հայաստանի հանրային քննարկումներից հեռու ղեկավարները փորձում էին արժեհամակարգային «ոտնձգություններ» անել՝ պահպանելու համար մշակութային հիշողության որոշ շերտեր:
«Զվարթնոց» օդանավակայանը, որի շինարարության որոշումը կայացվել էր դեռևս Անտոն Քոչինյանի կառավարման շրջանում, հանդիսավորապես բացվում է 1982 թվականի փետրվարի 10-ին, երբ Հայաստանը կառավարում էր Կարեն Դեմիրճյանը:
Իր օրագրում, որտեղ Կարեն Դեմիրճյանը սովորություն է ունեցել մանրամասներով գրառել իր աշխատանքային օրերի անցուդարձը, 1982-ի փետրվարի 10-ին նա գրում է. «Բացվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Տեղի ունեցավ միտինգ: Հանձնարարեցի փոխել օդանավակայանի գրությունները և «Արևմտյան»-ի փոխարեն գրել «Զվարթնոց»…»:
Ի՞նչ «Արևմտյան»-ի մասին է ակնարկում Կարեն Դեմիրճյանը:
Պարզվում է օդանավակայանի անվանակոչության հարցը անսպասելիորեն դառնում է սկզբունքային հարց և սկզբունքային բնույթ է կրում Հայաստանի և Մոսկվայի համար: Պետք է ենթադրել՝ ոչ առանց Հայաստանից Մոսկվա հղված նամակների: Խորհրդային ղեկավարությունը, բնականաբար, ընդվզում է օդանավակայանը «Զվարթնոց» անվանակոչելու հարցում՝ պատճառաբանելով, որ այն ասոցացվում է յոթերորդ դարի քրիստոնեական տաճարի հետ:
Նույնիսկ Հայաստան է ժամանում Խորհրդային Միության ավիացիայի նախարարի տեղակալը և պահանջում, որ օդանավակայանը կոչվի «Արևմտյան»:
Կարեն Դեմիրճյանը, որ մասնակցություն էր ունեցել օդանավակայանի կառուցման բոլոր փուլերին, կարծում էր, որ օդանավակայանը, որը թեև «տեխնիկական առանձին անհաջող լուծումներ ունի՝ օրինակ տանիքի երեսպատումը», բայց թռիչքուղու առումով համապատասխանում էր ժամանակի բոլոր չափորոշիչներին, իսկ այդպիսի թռիչքուղի ունեին միայն Մոսկվան, կիևը և Երևանը, համառում է անվանակոչության հարցում:
Եվ ուրեմն Դեմիրճյանը, որ նախատեսում էր նաև օդանավակայանի շինարարության երկրորդ փուլ՝ նախատեսում էր, որ երկու մեծ ծաղկաթերթեր օդանավակայանների տեսքով պետք է փռված լինեին Արարատի առաջ և դրանք պետք է կոչվեին «Զվարթնոց» օդանավակայաններ:
Եվ ակնհայտ է, որ պետք է համառեր անվան հարցում, թեև մոսկովյան բարձրագույն շեֆերին համառելը այդքան հեշտ չէր, անհրաժեշտ էր գտնել «հիմնավոր» փաստարկներ, ինչը և Դեմիրճյանն անում է.
Ահա, թե ի՞նչ է գրում Դեմիրճյանն իր օրագրում. «Զանգահարում են ինձ և ասում, որ մինիստրի տեղակալի պահանջով պետք է բոլոր ցուցանակները փոխել՝ «Զվարթնոց»-ի փոխարեն «Արևմտյան»: Ես գնացի օդանավակայան և ասացի մինիստրի տեղակալին. Ի՞նչ հիմարություններ եք անում, կուսակցության քաղաքականությունը չե՞ք հասկանում: Ի՜նչ է նշանակում «Արևմտյան»: Ինչ է, Ձեր գլխում արևմտյան քամինե՞ր են: իսկ ինչո՞ւ ոչ «Արևելյան»…»:
Եվ այսպես, «հիմնավորելով», որ քաղաքականապես սխալ է օդանավակայանը կոչել այդ «փթած, աշխատավորներին կեղեքող» Արևմուտքի անունով, «Զվարթնոց»-ը մնում է Արևմուտքին հակակշիռ:
Ինչո՞ւ է տասնյակ տարիներ անց «արևմտյան քամիների» հարցը կրկին դառնում օրակարգային, այն էլ՝ «Զվարթնոց»-ի առումով, այն էլ այսքան մշակութային խնդիր ունեցող Հայաստանի մշակույթի նախարարության համար…
Հարցը համարենք հռետորական…
Հ.Գ.
Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը փորձեց պարզաբանել «Զվարթնոց» օդանավակայանի անվանակոչության հարցով հանրային քննարկման հրավիրելու իր նախաձեռնությունը՝ ապավինելով քարը փոսը գցելու հին հայկական ասացվածքի նախադեպին:
Ահա, թե ինչ է ասվում այդ պարզաբանման մեջ. ««Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»:
Ուղղակի ասենք, որ «հանրության գերակշիռ մասի» տեսակետը պարզելու միայն մի ձև կա սիրելիներ. ՀԱՆՐԱՔՎԵ կամ ՊԼԵԲԻՍՑԻՏ, որը կրկին նշանակում է ՀԱՆՐԱՔՎԵ…
Մնացածը՝ «պարապ վախտի խաղալիքներ» են…
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ