Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Ինչպես ջահելանալ. հոգեթերապևտիկ զրույցներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Մաս 1)



«Չսիրեցի այդ գլուխը տմբտմբացնող մարդկանց: Նյարդերիս վրա ազդում են նրանց անտարբեր, մարած հայացքները: Շարունակ ապրում են իրենց հեռու անցյալի հուշերով, մտաբերում իրենց անցկացրած հին օրերը, պարծենում ու գլուխներն ափսոսանքով շարժում... Զահլա տարան... Մարդ նրանց շրջապատում ավելի է ծերանում, ավելի ճիշտ՝ զգում է իր ծերությունը…». Ալեքսանդր Շիրվանզադե (Ս. Մելիքսեթյանի հուշերից):

Սիրելիներ, այսօրվա մեր զրույցը երկար է: Զինվեք համբերությամբ, թեև, երբ նպատակը պայծառ է և իրագործելի, մարդը սովորաբար չի մնում կես ճանապարհին: Արդյոք հնարավո՞ր է երիտասարդացնել-թարմացնել մարմինը և հոգին: Իմ կենսափորձին ու խորհուրդներին անցնելուց առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել խոշոր գիտնականների և իմաստունների դատողությունների ու փորձերի վրա այս նույն խնդրի շուրջը:

Հին և միջնադարյան իմաստասերներից ինձ ամենից շատ դուր է եկել այսօր աչքաթող արած Եզնիկ Կողբացու միտքը, թե Տեր Աստվածը մարդուն տալիս է ընտրություն կատարելու անսահմանափակ հնարավորություն: Հրաշք:

120-125 տարի առաջ Փարիզի Պաստերյան ինստիտուտի առաջատար գիտնական, իմունիտետի ժամանակակից ուսմունքի հիմնադիր Իլյա Մեչնիկովը առաջ քաշեց մի տեսություն, որի համաձայն օրգանիզմի ծերացումը վրա է հասնում հիմնականում աղիներում ապրող բակտերիաների աննորմալ գործունեության հետևանքով:

Բակտերիաներն արտադրում են թույներ, որոնց քանակի հետզհետե ավելացումը բերում է զանազան հիվանդությունների, վաղաժամ ծերացման և մահվան:

Այդ ընթացքը դանդաղեցնելու և կասեցնելու համար Մեչնիկովն առաջարկում էր պարզ միջոց՝ ամեն օր երկու բաժակ մածուն ուտել: Ինքն էլ հետևում էր այդ խորհրդին:

Հետագայում պարզեցին, որ դրական կողմերով հանդերձ, այս տեսությունը թերի է:

Մեկ այլ խոշոր բժշկապետ, գիտնական Վլադիմիր Բեխտերևը գտնում էր, որ վաղաժամ ծերության պատճառը ալկոհոլը և նիկոտինը չարաշահելն է, դրանից բխող աղետալի հետևանքները: Համոզված էր, որ առողջ ապրելակերպին հետևող մարդը մեծ շանսեր ունի ոչ միայն երկար ապրելու, այլ նաև առողջ ապրելու: Տղամարդկանց խորհուրդ էր տալիս ամեն օր ցախ ջարդել, սառը ջրով շփվել, սիրով զբաղվել: Կանանց առաջարկում էր սիրտն ուրախ պահել, շուտ-շուտ երգել ու պարել: Ինքը՝ Բեխտերևն էլ կյանքում առաջնորդվում էր նույն սկզբունքով (70 տարեկանում 40 տարեկանի ակտիվություն ուներ, աշխատում էր նույն ծանրաբեռնվածությամբ, երիտասարդ կին էր առել և երկար կապրեր, եթե ստալինյան սատրապները նրան չթունավորեին 1927 թվին):

Այս խոշոր գիտնականը հոգու և մարմնի թարմությունը պահելու գործում մեծ կարևորություն էր տալիս նաև ներշնչանքին և ինքնաներշնչանքին:

Մեկ այլ խոշոր մասնագետ, ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովը գտնում էր, որ ի տարբերություն բարձրակարգ կենդանիների, մարդուն ապրեցնողը, նրա կյանքը առաջ տանողը մի յուրատեսակ ներքին մղում է, որը նա անվանում էր նպատակին հասնելու ռեֆլեքս: Համոզված էր, որ երկար և ներդաշնակ են ապրում այն մարդիկ, որոնք շարունակ արթուն են պահում այդ ռեֆլեքսը: (Եթե այդ ռեֆլեքսն անհետանում է, կամ մարում, մարդը կարող է անգամ ինքնասպան լինել): Պավլովն էլ է հետևել իր առաջարկած սկզբունքին և ապրել շատ երկար ու արդյունաբեր կյանքով:

20-րդ դարի սկզբին վաղաժամ ծերությունը կանխելու և օրգանիզմը երիտասարդացնելու տեսությունների շարքում մոդայիկ դարձավ այսպես կոչված «օրգանոթերապիան»՝ արյան փոխներարկումը, սեռական գեղձերի փոխպատվաստումը (ջահելից՝ ահելին), ավելի ուշ՝ սեռական հորմոնների (տեստոստերոնի և էստրոգենների՝ իբրև դեղամիջոցներ) ներարկումները և այլն:

Իմ սերնդի մարդիկ հիշում են, թե բուհերում ինչպես էին ստիպում անգիր անել Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» բավականին պարզունակ տրակտատը, որտեղ քննադատվում են մի շարք փիլիսոփա-կրիտիկներ, բնագետներ՝  այդ թվում նաև Ալեքսանդր Բոգդանովը:

Ահա նույն Բոգդանովը հետագայում հիմնադրում է աշխարհում առաջին արյան փոխներարկման ինստիտուտը և «ջահելանալու» նպատակով իր վրա փորձեր դնում՝ դառնալով իր խիզախ ձեռնարկման զոհը: Մահանում է երիտասարդի արյան փոխներարկումից: Վերջերս եմ մտածել, այդ խոշոր հետազոտողը կգնա՞ր նման արկածախնդրության, եթե կարդացած լիներ իր փորձերից դեռևս 30-35 տարի առաջ գրված մի հեքիաթ: Հիշո՞ւմ եք Ղազարոս Աղայանի «Քիչ էլ, քիչ էլ» հեքիաթը, որտեղ քաջահմուտ բժիշկը «երիտասարդանալու» նպատակով իրեն ենթարկում է դաժան էքսպերիմենտի:  

Հապա բժշկապետի կտակ-պատգամը.
Մարդս ինչքան էլ լինի գիտնական,
Նրա ուղեղը մազի է նման.
Մի չնչին բանից մազը կըկտրի,
Եվ իմաստունը կդառնա անբան։

Ահա նման մարգարեություններ գիտական էքսպերիմենտներից տասնամյակներ առաջ, իսկ մեր օրվա խելոքները Աղայանին դուրս են շպրտում դպրոցական ծրագրից: Սակայն, չշեղվենք մեր նյութից: Ընդհանրապես, 20-րդ դարի առաջին մի քանի տասնամյակը հագեցած էր երիտասարդացման «օրգանոթերապիայի» մասին թեմաներով (Ալեքսանդր Բելյաև «Երկկենցաղ մարդը», «Պրոֆեսոր Դոուելի գլուխը», Միխայիլ Բուլգակով «Շան սիրտը» և այլն ):

(Շարունակելի)

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ