Լիլիթ Ալեքսանյան
Լիլիթ Ալեքսանյան

«Ինչպե՞ս կարող էի կասկածել, նույնիսկ՝ չհավատալ, որ դու կարող ես այդքան ՃԻՇՏ ԼԻՆԵԼ…». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Այսօր բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և խմբագիր ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է և «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը ներկայացնում է  այդ հրաշալի ստեղծագործողի և հրաշալի մարդու՝ Վառլեն Ալեքսանյանի դստեր՝ Լիլիթ Ալեքսանյանի՝ բանաստեղծին նվիրված մի քանի ստեղծագործությունները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։

 

ՈՒՇԱՑԱԾ ԶՐՈՒՅՑ ՔԱՄՈՒ ՀԵՏ

Հորս՝ Վառլեն Ալեքսանյանին՝ անհատակ կարոտով

Չէի հասկանում քամին…

 

Արևաշող քամին սաղարթների միջից դեռ կեսօրին

օրվա մոտեցող վախճանն էր պատմում,

Արագավազ քամին մանկությունից պոկված

ահագնացող տագնապիս պատառներն էր հետ բերում։

 

Շշնջում էր քամին իմ ականջին բառեր

ու զայրանում, կարծես, թե՝ չե՛ս լսում, ա՛խր։

 

Վրդովվում էր քամին, հեռանում ու նորից

նոր թափով էր սուրում ու նոր ուժով ոռնում

թե՝ քշում եմ՝ տանե՛մ, էլ հետ չե՛մ բերելու,

թե՝ եկել է ժամը, բայց դու չե՛ս կռահում,

թե՝ կարևոր չէ՝ լիքն էր, թե՛ կիսատ էր պահը,

թե` հասցրե՛լ եք ապրել կամ թողել եք հեռվում

անկատար մի երազ, չկայացած մի զրույց,

անտեղի մի զայրույթ, մի զղջահար հայացք,

չսերտված դասեր ու խորհուրդներ բազում,

որ տալիս է հայրը իր առաջնեկ որդուն,

թե՝ արել եք քիչը, երբ կարող էիք անել այն ամենը,

ինչ որ ջանք էր զուտ պահանջում

յուրաքանչյուր մեկից՝ ունեցածի չափով։

 

Կարևոր չէ՝ սիրել, թե՛ կիսատ եք ասել սիրո խոսքերն միմյանց՝

երբ առավել շատ էր սիրտը ուզում լսել բառեր,

որ աշխարհում այս կույր լույսի շող էին ծնում

իր համբարձման ժամին համբերատար սպասող

անապակ մի հոգում։

 

Հիմա արդեն ուշ է… նա տանում է հետը՝ ինչ որ պիտի տաներ,

ու թողնում է դատարկ… կամ էլ՝ քիչը միայն։

 

Ու դու պիտի կերտես, շարունակես կերտել

գեղադիտակը կյանքիդ 

այն ամենից, ինչ որ կթողնի քեզ քամին 

որպես գութի նշան

ամայացած ճամփիդ…

 

Դատարկում էր քամին օդը, օրը, հոգիս

ու խլում էր ինձնից իմ մասնիկն անբաժան…

 

Բայց ես չէի կռահում՝

չէի հասկանում, ավա՜ղ… 

04.07.2015

 

* * *

Դու ճիշտ էիր։ Իհարկե։ Ինչպես կարող էի ես գեթ մի կաթիլ անգամ կասկածել, նույնիսկ չհավատալ, որ դու կարող ես այդքան ճիշտ լինել։ Դու ճիշտ էիր, ինչպես յուրաքանչյուր քո տողը, քո բառը, քո տառը, որ ապրված են մինչև անհնարինություն։

Դու ճիշտ էիր, երբ հիմար ու տգետ էիր անվանում յուրաքանչյուրին, ով գիտելիքի կողքով էլ չէր անցել նույնիսկ, բայց իրեն կարծում էր աշխարհի ու մարդկության փրկիչ։ Դու ճիշտ էիր, երբ չէիր լռում… Հիմա հասկանում եմ քո ցավը, հիմա հասկանում եմ սիրտ պայթելու աստիճանի հասնող քո զայրույթը, խենթանալդ։

Դու ճիշտ էիր։ Անշուշտ։ Դու բոլորից լավ գիտեիր ճշմարտությունը։ Դու բոլորից լավ գիտեիր կյանքը՝ երևացող ու թաքուն իր բոլոր կողմերով։ Այդ ամենը բացելու, ցույց տալու համար, պարզվում է, խոսքեր էլ պետք չեն։ Դու ասելու մի այլ ձև գտար, շատ դաժան, բայց ավելի քան համոզիչ։ Ես չգիտեմ, ոնց ես ասում այդ ամենն ինձ, բայց վարարած գետի նման շնչահեղձ են անում ինձ քո անձայն բառերը, որ լույս դառած թափվում ու թափվում են գլխիս։ Պետք էր հասցնել ոչ մեկը դրանցից բաց չթողնել, այլ պինդ բռնել ու սերտել, ինչպես առաջին դասարանցին՝ հայերենի այբն ու բենը կանի։

Դու ճիշտ էիր։ Դու սեր էիր ամբողջ քո էությամբ, նույնիսկ զայրույթիդ պահին։ Դու գտար սիրել սովորեցնելու մի այլ ձև, շատ դաժան մի ձև։ Երևի բառերը (նույնիսկ քո՛ բառերը) անզոր էին, բառերը քիչ էին կամ ծուռ՝ սիրո մասին ամեն ինչ պատմելու համար։ Դու գնացիր՝ թողնելով լույսն ու սերը մեզ։ Դու գնացիր՝ տանելով մեր սխալները քեզ հետ, մաքրելով մեր արյունն ու հոգին, թողնելով մեզ լույսն ու հավերժությունը։ Դու տվեցիր կյանքդ՝ թողնելով մեզ ապրելու քաղցրությունն է՛լ ավելի գնահատելու ընտրությունը։

Դու ճիշտ էիր։ Անշուշտ։ Ճիշտ էիր, երբ ասում էիր, թե դու ես Օծյալը ու Դու եղար Ճանապարհ ինքդ քեզ համար՝ ճշմարիտն ու միակը։ Ու դու գտար կամ ընտրեցիր ճանապարհ ցույց տալու մի այլ ձև, ամենադաժանը՝ մնացողների համար, բայց և՝ ամենահամոզիչը։

Լսել սովորեցրիր, էլի նույն դաժան ձևով։

Քեզ թողեցիր միայն գնալը։ Բայց, այնուամենայնիվ, շտապեցիր…

…Դու մնացիր… մնացիր քամու մեջ, սարերի ու ժայռերի մեջ, մնացիր ամռան կանաչների մեջ, դեպի հեռուներ տանող ճանապարհներին, մնացիր քո ամեն մի տողի մեջ, երկնքի ու ամպերի մեջ, առավոտյան արևի ու արևի վերջին շողերի մեջ։ Մնացիր ծովի կաթիլների մեջ, որոնք երբևէ իրենց գիրկն էին առել տողերդ…Մնացիր մեր հոգիներում, սրտերում ու մտքերում։ Մտերմանալու այլ ձև գտար դու՝ անսահման դաժան։ Թախիծն ու տխրությունը լուսավորելու մի այլ ձև գտար՝ էլի շատ դաժան։ Հավերժությանը միանալու այս ձևը գտար՝ անսահման դաժան...

Հունիս-հուլիս 2015թ.

 

* * *

Ուզում ես տխրել մի քիչ…

գուցե հոգիդ լցվի լույսով

ու թև առնի դեպի անցյալ-գալիք-ներկա։

 

Ու կարոտդ խեղդվի գուցե

անհնարին լռության մեջ

ու թև առնի դեպի երկինք,

ու այնտեղից լուսավորի

տխրության մեջ մոլորվածիդ։

 

Ու կարոտդ մաքրի գուցե

արցունքներդ, որ չեն թափվում,

քանզի չկան ծաղիկները,

որոնք պիտի լույսը դառնային

քո հորինված երազների,

քանզի չկան պատկերները,

որոնք պիտի հետքը դառնային

քո չապրված տարիների,

քանզի չկա կյանքը մեկի,

ով որ պիտի լույսը լիներ քո իսկ կյանքի…

01.07.2016

 

ԻՄ ԱՌԱՋԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Կեսգիշերը նոր-նոր էր ծնվել... իմ հետ միասին...

Երիտասարդ հոր ուրախությանը չափ չկար... կեսգիշերից մինչ լուսաբաց մի կերպ դիմացավ... իսկ վաղ առավոտյան, երբ առաջին ծաղկավաճառները նոր-նոր էին գործի անցնում, հերթով նրանցից մինչև վերջին ծաղիկը հավաքելով՝ հասավ ծննդատուն...

Առավոտյան բուժքույրը, քթի տակ փնթփնթալով, իրենից մեծ ծաղկեփունջը մի կերպ գրկում պահած, ծննդատան նեղլիկ միջանցքներով դես ու դեն էր վազվզում՝ ինչ-որ սենյակ փնտրելով... Հենց այդ կեսգիշերին ծննդաբերած մի երիտասարդ կին իր սենյակում նստած նկատում է դռների կողքով անցնող այդ հսկա ծաղկեփունջը և թախանձագին մտածում. տեսնես ո՞ւմ են տանում էդ ծաղիկները՝ իսկը իմ երազած փունջը՝ մեծ, լիքը ու խառը ծաղիկներով...

Չանցած մի քանի րոպե, բուժքույրը հայտնվում է հենց այդ սենյակի դռների մեջ, ոտքից գլուխ չափում երիտասարդ կնոջը և մի քիչ կոպիտ ասում՝ էս ծաղիկները ոնց որ թե քեզ են բերել... Կինը շփոթված ու լուռ նայում է... Բուժքույրը, առանց տոնը մեղմացնելու, հարցնում է. խի դու ի՞նչ ես ունեցել։ Կինը, նորից շփոթված, պատասխանում՝ աղջիկ... Իսկ բուժքույրը՝ չափազանց զարմացած ու աչքերը կլորացնելով. բա էսքան ծաղիկ խի՞ ա բերել...

19.08.2011

 

Բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և խմբագիր ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին, ՀԽՍՀ Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1961 թ. ավարտել է Երևանի N 45 միջնակարգ դպրոցը: 1962-1964 թթ. ծառայել է խորհրդային (սովետական) բանակում:

1970 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժինը: 1971 թ. անցել է աշխատանքի Հայաստանի պատմության պետական թանգարանում։ 1972-91 թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ որպես հայ ժողովրդի պատմության, հնագիտության, ազգագրության բաժնի գիտխմբագիր՝ հնագիտության, ազգագրության, կրոնի ու դիցաբանության ճյուղերի գծով, 1981-ից՝ ավագ գիտխմբագիր։

1990-ականների սկզբին աշխատել է «Հայկազունք» շաբաթաթերթում։ 1991-94-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1995-1997 թթ. «Արմենպրես» լրատվական գործակալության պատասխանատու խմբագիրը, 1997-99-ին՝ «Պայքար» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1997-ից՝ «TV ալիք» շաբաթաթերթի խմբագիրը, 1999 թ.՝ «Ժամանակ» օրաթերթի պատասխանատու քարտուղարը։ 2000 թ. եղել է «Մշակույթի հայկական ֆոնդի» փորձագետ, 2003-2010-ին՝ Հայաստանի գրողների միության հրատարակչության գլխավոր խմբագիրը: 2013-2014 թթ. եղել է Հայաստանի ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» թերթի գլխավոր խմբագիրը, 2013 – 2015 թթ.՝ «Ցոլքեր» գրական երիտասարական խմբակի խորհրդատուն։

Վառլեն Ալեքսանյանը 1982-ից ԽՍՀՄ, 1992-ից` Հայաստանի գրողների միության անդամ է:

1992-ին արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի՝ «Ներսիկի թութակը» մանկական ժողովածուի համար: 1997-ին՝ Թեքեյան մշակութային միության մրցանակի՝ «Ծանր խաչ» ժողովածուի համար: 2007-ին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, իսկ 2012-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Վառլեն Ալեքսանյանը 9 բանաստեղծական ժողովածուի (այդ թվում՝ 2 մանկական) և մեկ անավարտ վեպի հեղինակ է։

1960-ականների վերջից սկսած նրա բանաստեղծությունները, թարգմանություններն ու հրապարակախոսական նյութերը պարբերաբար տպագրվել ու տպագրվում են մամուլում, այսօր նաև՝ էլեկտրոնային հարթակներում, բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, չեխերեն, վրացերեն։

Վառլեն Ալեքսանյանը խմբագրել է բազմաթիվ գրքեր և ժողովածուներ, այդ թվում՝ Շարլ Ազնավուրի «Անցած օրեր» (2004 թ.) և ռումինահայ գրող և պետական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» (2012թ.) գրքերը։

Թարգմանություններ է կատարել գերմաներենից, ռուսերենից:

Չափածոյի է վերածել բուլղարա-սերբական «Կրալի Մարկո» էպոսը (2010 թ.):

Հրատարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ ու գրախոսություններ:

2012 թ. հրապարակվել է Վառլեն Ալեքսանյանի «Գրված էջեր և չգրված իրողություններ կամ մեր խորհրդավոր անցյալը» պատմագիտական ուսումնասիրությունը, որում հեղինակն անդրադարձել է 451 թ. հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, մասավորապես՝ Վարդան-Վասակ հակադրությանը («Նորք» ամսագիր, 2012 թ. N 1, «Անդին» ամսագիր, 2015 թ. N 2, 3)։

2016 թ. հետմահու հրատարակվեց Վառլեն Ալեքսանյանի անավարտ արձակի, հրապարակախոսությունների, հոդվածների, աշխատությունների ժողովածուն՝ «Վիպական ժամանակների կնճիռը» վերտառությամբ։

Բանաստեղծի 80-ամյակի շրջանկում հրատարակության են նախապատրաստվում Վառլեն Ալեքսանյանի չափածո ստեղծագործությունների ընտրանին, որը լույս կտեսնի 2023 թ., ինչպես նաև մանկական բանաստեղծությունների ժողովածուն։  

Վառլեն Ալեքսանյանը վախճանվել է 2015 թ. հունիսի 19-ին:

Մատիտանկարը՝ ԷԴԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

Լիլիթ Ալեքսանյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ