«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ԻՆՉՊԵՍ ԿՐԾՔԻԴ ԽԽՈՒՆՋ ՎԱՐԺԵՑՐԻ», կամ կնոջը հասկանալու հերթական սուր փորձը․․․
Երբ գնում էի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն՝ դիտելու Տաթևիկ Մելքոնյանի նոր ներկայացումը՝ Մատեի Վիշնիեկի՝ «Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրի» դրաման, ճանապարհին մտածում էի, որ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն իր ռեժիսորական ճանապարհին ինձ հիշեցնում է երիտասարդ Արմեն Խանդիկյանին, բայց ուզում էի այդ մտքի հետ ինքս իմ ներսում հաշտ լինել ներկայացումը դիտելուց հետո։
Հիմա այդ մտքի հետ ինքս իմ ներսում հաշտ՝ ուզում եմ բացել այդ զուգահեռի փակագիծը։
Երբ Արմեն Խանդիկյանը որևէ նոր ներկայացում էր բեմադրում, բոլորը գիտեին, որ այն հերթականը չի լինելու, բոլորը գիտեին, որ այն նոր ներկայացում է լինելու, խառնելու է խաղաքարտեր, մտքեր, հույզեր, զգացողություններ, թատերական մոտեցումներ, ձևեր, հրահրելու է խոսակցություններ, և բոլորը գալիս էին հենց այդ նորը փնտրելու։
Կարող էին հավանել ներկայացումը, կարող էին՝ ոչ (պաշտոնյաները, պաշտոնական քննադատները հիմնականում ոչ-ի կողմն էին, բայց սեփական վախերից ելնելով), իսկ հանդիսատեսն ամեն անգամ ներկայացումից հեռանում էր նորի, արտասովորի, սովորականից դուրսի ելևէջումների մեջ նոր զգացողություններ, նոր ապրումներ, մտածելու նոր տարածքներ փնտրելու մտադրությամբ։
Արմեն Խանդիկյանը մտածելու թատրոնի պայքարողն էր, մտածելու թատրոնի ըմբոստը, (Ի դեպ, այդպես էլ մնացել է) և նրա ներկայացումներում չկար մի դետալ, մի դեկոր, մի ձայն, մի հնչյուն, դերասանի մի շարժում, որն ուղղակի էր, որի խորքում չկային մտածելու գեներացումներ։ Նա թատրոնում նաև էսթետ էր, և դա նույնպես խանդիկյանական ներկայացումների առանձնացող կողմերից էր։
Տաթևիկ Մելքոնյանի որևէ ներկայացում նույնպես հերթականը չէ։

Երբ Տաթևիկ Մելքոնյանը նոր գործ է բեմադրում, ես, գոնե, վստահաբար, գիտեմ, որ այն հերթականը չի լինելու, և ներկայացմանը գնում եմ նորի, արտասովորի, սովորականից դուրսի մեջ ռեժիսորին հերթական անգամ գտնելու, տեսնելու։
Իմ կարծիքով, Տաթևիկ Մելքոնյանը նույնպես մտածելու թատրոնի ռեժիսոր է, մտածելու թատրոնի դավանող, նրա ներկայացումներում նույնպես չկա մի դետալ, մի դեկոր, մի ձայն, մի հնչյուն, դերասանի մի շարժում, որն ուղղակի է, և որի խորքում չկան մտածելու շարժառիթներ։
Եվ Տաթևիկ Մելքոնյանը նույնպես էսթետ է։
Ես նայում էի Մատեի Վիշնիեկի՝ «Ինչպես կրծքիդ խխունջ վերժեցրի» տաթևիկմելքոնյանական մեկնությունն ու մտածում՝ ինչո՞ւ է սեղանին մսաղաց, գուցե հենց այդպես աղացվո՞ւմ է մարդու կյանքը, տվյալ պարագայում՝ տղամարդու կյանքը կնոջ սրտի սեթևեթանքներում։ ինչո՞ւ է գինին կարմիր և ոչ սպիտակ, ինչո՞ւ է վարագույրը բացվում ձախից և ոչ՝ աջից, կամ՝ հակառակը։
Իմ եզրահանգումները կարող են որևէ կերպ կապ չունենալ ռեժիսորի մտահղացումների, ռեժիսորական լուծումների հետ, կամ ընդհանրապես կարող են լուծումների մաս չլինել, բայց հենց այդ է մտածելու շարժառիթներ տվող թատրոնի առաքելությունը։

Այո, Տաթևիկ Մելքոնյանը նույնպես էսթետ է, հագուստից մինչև միզանսցենային հորինվածքներ, լույսից մինչև երաժշտական միջամտություններ նրա մոտ կերտված են բացարձակ բծախնդրությամբ, և հենց այդ բծախնդրությամբ էլ մտնում են բեմադրության տրամադրության մեջ։
Երբ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» բեմադրության մեջ Տաթևիկ Մելքոնյանը «բազմապատկել» էր Սոնաներին՝ գտնելով բացառիկ հետաքրքիր լուծում՝ արտահայտելու համար Սոնայի հույզերը, ապրումները, զգայական դրսևորումները, բացահայտելու Սոնային մինչև վերջ, ինձ համար խորքայնորեն գտնված թատերական լուծում էր մաթևոսյանական հանճարեղ տեքստի թատերայնացման մեջ։
Երբ Տաթևիկ Մելքոնյանը «Եթե դու մեռնեիր» բեմադրության մեջ բեմական տարածքում հայտնված պատուհանը դարձրել էր գործող անձ, ներմուծել էր բեմադրական տարածք և հրաշալիորեն ներդաշնակել էր իրադարձությունների հետ, և այդ ներդաշնակությունն անսպասելիության այնպիսի դոզավորմամբ էր, որ զարմանալ անգամ հնարավոր չէր հասցնել թատերական գյուտից, ինձ համար նույնպես յուրօրինակ, բացառիկ, գտնված թատրեական լուծում էր, այո, նույնիսկ՝ գյուտ։
Ինչո՞ւ Տաթևիկ Մելքոնյանի ոչ մի ներկայացում հերթականը չէ․ որովհետև, երբ անգամ ռեժիսորն իր իսկ մտահղացումները կրկնում է այլ բեմադրություններում, դրանք կրկնվում են այնքան նորովի, այնքան այլ թատերական մտածողության մեջ, այնքան այլ բեմական իրավիճակում, այնքան թատերական այլ տեսանկյունից, որ թվում է, թե դրանք բեմում են առաջին անգամ։

«Ինչպես կրծքիդ խխունջ վերժեցրի» ներկայացման մեջ նույնպես Տաթևիկ Մելքոնյանը «բազմապատկել» էր կանանց, ինչպես «Այս կանաչ, կարմիր աշխարհը»-ներկայացման մեջ՝ մի կնոջ ներսում կատարվողը մեկնելով բազմաշերտ հոգեբանական տիրույթներով, բայց դա բոլորովին այլ «բազմապատկում» էր։
Եթե «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ներկայացման մեջ «բազմապատկված» սոնաները գլխավոր Սոնայի հույզերի, ապրումների կրողներն էին և ուղղակի միջոց էին մինչև վերջ բացահայտելու նրա հույզերը, մինչև վերջ «մատուցելու» Սոնային, նրա սիրո պատմությունն ու նրա մաքուր զգացմունքները, «Ինչպես կրծքիդ խխունջ վերժեցրի» ներկայացման մեջ «բազմապատկված» կանայք բոլորովին տարբեր կանայք են՝ կերպարային տարբեր շեշտադրումներով, տարբեր բնավորություններով, տարբեր ներաշխարհներով, տարբեր զգացմունքային ու հոգեբանական դրսևորումներով։

Այստեղ էլ Տաթևիկ Մելքոնյանը կիրառում է բեմական տարածքում հայտնված պատուհանի էֆեկտը, ինչպես «Եթե դու մեռնեիր» ներկայացման մեջ, բայց այն այստեղ բացարձակապես այլ զգացողություններ, այլ անսպասելիություններ է պարգևում, այլ ապրումների դրդում։ Ինչպե՞ս է հնարավոր, երբ արդեն կա բացահայտված թատերական լուծում, այն «լուծել» նորից և նոր զգացողություններ պարգևել։ Նույնիսկ՝ նոր անսպասելիություն։ Դա, հավանաբար, գիտի միայն Տաթևիկ Մելքոնյանը։

Բարդ հեղինակ է Մատեի Վիշնիեկը։ Նրա ստեղծագործությունները նույնպես մտածել դրդելու խթանիչներ են։ Նրա ստեղծագործություններն ուղղակի ժամանցի համար չեն։ Նա կարողանում է «կարդալ» մարդուն, հասնել մարդու ներքին հակասությունների խորքերը, քննել մարդու ամենաանտրամաբանական ցանկությունները, որ մարդն ինքն է ստեղծում, ինչն արել է նաև Տաթևիկ Մելքոնյանը Վիշնիեկի իր մեկնաբանություններով։

Ի դեպ, Վիշնիեկի ստեղծագործությունը, եթե չեմ սխալվում, իր բնագրային վիճակում վերնագրված է «Ինչպես խխունջին վարժեցրի ստինքներիդ», բայց, հավանաբար, սնոբիստական հանրույթի հարձակումներից զերծ մնալու համար է այն երևանյան թատրոնում դարձել «Ինչպես կրծքիդ խխունջ վերժեցրի», կամ, գուցե խխունջ երևույթն ավելի է շեշտադրել ռեժիսորը՝ մարդուն, այս պարագայում տղամարդուն դիտելով որպես խխունջ, որին սնուցողը կինն է, կինը՝ իր բազմաշերտ դրսևորումներով, իր կերպարանափոխություններով, իր քմահաճություններով ու տրամադրություններով, դրանց անկումներով ու վերելքներով։
Շատ համարձակ է Վիշնիեկը, համարձակ է նաև Տաթևիկ Մելքոնյանի թատրոնը։
Հանրահայտ գրականագետ Կրինա Բուդը գրում է, որ Վիշնիեկը երևույթներին՝ կլինի պատերազմ, քաղաքականություն, սեր, «․․․ արձագանքում է բացառիկ զգայունությամբ և ստեղծագործական խիզախությամբ։ Արձագանքում է հումորով ու հեգնանքով, բայց նաև խոր լրջությամբ՝ փոխանցելով հոգևոր խոհեր առաջացնող ծանրության զգացում»։
Ճիշտ այսպես է Վիշնիեկին ընկալել նաև Տաթևիկ Մելքոնյանը։
Նաև՝ Վիշնիեկի ստեղծագործությունը բեմադրելով թատրոնի փոքր բեմում, ավելի ճիշտ՝ բեմական տարածքի վերածված թատրոնի ճեմասրահում, (սա նույնպես նորովի կրկնվող իրավիճակ է), որտեղ պատուհաններից մինչև մուտքեր ծառայում են թատրոնին ու ներկայացմանը և ծառայում են արտասովոր մի դրվածքով, Տաթևիկ Մելքոնյանը հանդիսատեսին ավելի է մոտեցրել Վիշնիեկի զգացմունքային դրամային։։

Ֆրանսիական «Լը Բու»-ն է դեռ նկատել, որ «փոքրիկ թատրոնը կատարյալ միջավայր է Մատեի Վիշնիեկի տեքստի մերձավորությունն ու խորհրդավորությունը սրբագործելու համար» և նկատել է, որ «Ինչպես կրծքիդ խխունջ վերժեցրի» «տարօրինակ, բայց և զվարճալի վերնագրով ստեղծագործությունն այդ փոքր բեմում «կարող է ծավալվել սիրո հոգեվարքի դանդաղությամբ և զգացմունքների ներքին որոտով»։
Տաթևիկ Մելքոնյանը ստացել է այս իրավիճակը։
Իր էսթետիզմի դրսևորումներով նա հենց հանդիսատեսի աչքի առաջ «մերկացնում» է տղամարդուն, «․․․խխունջի վերածված տղամարդուն դեպի սեփական խեցու մեջ կծկվելուն՝ մինչև վերջնական, անխուսափելի կերպարանափոխությունը», և այդ «մերկացումը» հրաշալիորեն կերպավորում է Վազգեն Մկրտչյանը՝ իր երկակիություններով, բազմիմաստություններով, շերտավորման իր երանգներով։

«․․․ Տատանվելով թեթևության և լրջության միջև՝ կերպարը դառնում է հուզիչ՝ ստեղծելով էմոցիայի համար անհրաժեշտ կարեկցանքը։ Նա, ով տառապել է սիրուց, անձնատուր լինելով իրեն կգտնի այս աբսուրդային և այնքան համամարդկային պատմության մեջ»․ ֆրանսիացի հայտնի արվեստագետ Ռեմի Կոտայի բանաձևումն է։
Տաթևիկ Մելքոնյանը վարպետորեն «մերկացնում» է նաև կնոջը՝ դերասանուհիներ Տաթև Հովակիմյանի, Մարիամ Սարուխանյանի, Էդիտա Բաբայանի, Անի Ֆրնզյանի, Լուսինե Հայրապետյանի, Աննա Պետրոսյանի, Մարգարիտա Դանիելյանի, Միլենա Ավանեսյանի, Հասմիկ Գյոկչյանի կերպավորումների բազմաշերտությամբ։
Հենց այստեղ է, որ Տաթևիկ Մելքոնյանը կարողացել է ընդգծել կնոջ ներաշխարհի, ցանկությունների, տղամարդու հետ նրանց հարաբերությունների, ի վերջո՝ մարդկային հարաբերությունների բարդ հանգույցների գույները։

Երիտասարդ դերասանուհիները, որոնց մի մասը, կարծեմ, դեռևս ուսանուղուհիներ են, կարողանում են վերցնել այն մարտահրավերը, որ նրանց «նետում է» այսօր մեր թատրոնի լավագույններից՝ Տաթև Հովակիմյանը։
Նա, անշուշտ, առանցքային է, նա, անշուշտ, առանձնացող է, նա, անշուշտ, կերպարի, նույնիսկ ամենափոքր կերպարի մեկնության իր խորքային ընկալումներն ունի, և սա միջոց է, որ երիտասարդները կարողանան ձգտել դեպի այն կատարելությունը, որին հասնում է Տաթև Հովակիմյանն իր յուրաքանչյուր բեմական խաղի մեջ։

Վիշնիեկի թատրոնը կենդանի թատրոն է՝ իր յուրօրինակության մեջ կրում է ավանդույթներ, գուցե նաև շերտեր, որ բերեցին աբսուրդի թատրոնի մեծ երևույթները՝ Իոնեսկոն, Բեքեթը, Ադամովը։ Վիշնիեկի թատրոնը սուր է, կոշտ, հումորով, խորքային, մտածել հրահրող, իսկ այս թատրոնը Տաթևիկ Մելքոնյանի մոտ կայացել է։։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy