«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Ինչպես սիրել երեխաներին․ սահմանում է ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ…»
Քանի որ վերջին վեց տարում շատ ավելի մանկական ներկայացում եմ դիտել, քան «մեծական», միշտ ուզեցել եմ, գոնե ինձ համար, բանաձևել, թե ինչպիսին պիտի լինի մանկական ներկայացումը։
Հիմա դա անում եմ հրապարակային, և դա ստիպեց անել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն իր «ԲԱՐԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ…» ներկայացմամբ։
Ուրեմն՝ մանկական ներկայացումը նախ պետք է լինի վառ ու գունեղ՝ աննկարագրելիորեն վառ ու աննկարագրելիորեն գունեղ, գույների բացառիկ համադրության մեջ, ճաշակ թելադրող գունապնակով։
Այն պետք է շա՜տ լուսավոր լինի, շա՜տ լույս պետք է լինի բեմում, և այդ
շա՜տ լույսը պետք է խաղա գույների հետ, գույների հրավառություն պիտի լինի։
Այն բացառապես պետք է զուրկ լինի քարոզից, իբր դաստիարակելուց (ճար ունենայի, էս բառը կհանեի գործածությունից), դաս տալուց, ճառ կարդալուց երեխաների գլխին, պաթոսից (ի դեպ, պաթոսը վերաբերում է ոչ միայն խոսքին, այլև՝ ձայնին, հնչերանգին), հայրենասիրական ճոռոմաբանությունից, բայց անտեսանելի մի բան (չգիտեմ ինչ․ խոսք, միտք, ձայն, հոգևոր, մշակութային մի աննկատ ուղերձ, չգիտեմ) բեմից պետք է գա ու մտնի երեխաների հոգիների մեջ, նրանց սրտերի մեջ, նրանց մտքերի մեջ։
Մնացածն արդեն նրանց ու նրանց տիեզերական ներաշխարհի խնդիրն է։
Մանկական ներկայացումը պետք է լինի դահլիճի հետ։
Երախաները պետք է ներկայացման մեջ լինեն, պետք է խաղան, զգան, ապրեն։ Միայն այդ դեպքում թատրոնն իրենը կանի։
Հիմա գնացեք ու նայեք Համազգային թատրոնի «ԲԱՐԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ…» տաղանդավոր ներկայացումը՝ կառուցված Թումանյանի «Տերն ու ծառան» և Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթներով ու կտեսնեք այն, ինչի մասին գրեցի, կհամոզվեք, որ մանկական ներկայացումը հենց այդպիսին պետք է լինի։
Որ Նարինե Գրիգորյանը տաղանդավոր բեմադիրչ է ու տաղանդավոր դերասան, տաղանդավոր մարդ է, երբևէ կասկած չեմ ունեցել, բայց որ այդքա՜ն կմոտենար մանկական հոգիներին, անկեղծ ասած, չէի մտածել։
Այո, բեմից գալիս է անտեսանելի մի բան։
Այո՝ գալիս է գույն, շա՜տ սիրուն գույն, գույների շա՜տ սիրուն համադրություն, ճաշակ, նո՜ւրբ ճաշակ, լույս՝ վա՜ռ լույս, որն, այո, խաղում է գույների հետ, ձայն՝ մե՜ղմ, հանգի՜ստ, առանց պաթոսի, մարդկային ձայն, ծիծաղ, հումոր, խոսք, երաժշտություն՝ լավ երաժշտություն, կենդանի երաժշտություն, թվային այս սերնդին ոգևորող երաժշտություն, խաղ՝ դերասանների խաղ՝ անբռնազբոս, թեթև, եթերային, ու թատրոնի մոգությունը կլանում է դահլիճը, վերցնում է երեխաներին իր հորձանուտն ու տանում։
Ի՞նչ է կատարվում այդ պահին երեխաների հետ, ի՞նչ է կատարվում նրանց ներաշխարհում, ի՞նչ են ասում նրանց Թումանյանն ու Անդերսենը, ի՞նչ են սովորեցնում, ի՞նչ են տալիս, ի՞նչ են հասկացնում, ի՞նչ են փոխանցում՝ գիտեն միայն նրանք ու մեկ էլ՝ Նարինե Գրիգորյանը։
Մեկ էլ, երևի, Թումանյանն ու Անդերսենը։
Անկրկնելի են բոլորը։ Դերասանները, մասնավորապես՝ տաղանդավոր մարդիկ Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը։
Նրանցից սիրո՜ւն մանկություն է հորդում դեպի դահլիճ, սե՜ր է հորդում, ծիծաղ, ժպիտ ու խաղաղություն է հորդում։
Նրանք անմնացորդ հանում են իրենց ներսի մանուկներին՝ չարաճճի, բարի, միամիտ, ներող ու անմնացորդ տալիս են դահլիճին, ու երեխաները սիրում են նրանց։
Չկան չարերն ու բարիները, չկան վատերն ու լավերը, չկան հերոսներ, ու կա մարդը, սովորական մարդը, որ այնքա՜ն սիրելի է։
Անկրկնելի է բեմը, բեմական ձևավորումը, նկարչությունը, անկրկնելի են լուծումները՝ ձի, կով, ոչխար, սագ անդերսենյան կերպարները, անկրկնելի է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը։
Բեմադրություն, որն իր բեմական ձևավորմամբ թույլ է տալիս սիրել գույնը, սիրել գույների խաղը, դահլիճից տանել ճաշակ, հույզ, սիրել մարդուն, անգամ մարդու գրոտեսկային կերպարը, սիրել բեմը, արևը, լուսինը, երկինքը։
Անկրկնելի են երաժիշտները, կենդանի երաժշտությունը բեմում։
Տասնամյակներ առաջ էր, որ Խորեն Աբրահամյանն իր «Անավարտ մենախոսություն»-ում բեմ բարձրացրեց նվագախումբը և դա, ուղղակի, գրավեց, գերեց դահլիճը։
Ու հիմա երեխաների համար է նվագում բենդը, երգում է արտիստը, ու երեխաները մոտ երկու ժամ երգում են արտիստի հետ ու գնում են երաժշտության աշխարհով։
Այդքա՜ն սիրել երեխաներին կարող են միայն նրանք, ում մանկությունը դեռ շարունակվում է։
Իսկ երբ փոքրերի ներկայացումը նաև մեծերի համար է, մինչև հարյուր տարեկան մեծերի, մնում է մանկանալ և ուրիշ ոչինչ։
Մեծերը մանկանում են, փոքրերը մեծանում՝ իրենց մեջ պահելով մանկությունը։
Արայիկ Մանուկյան