Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Ինչո՞ւ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Անցած տասնևինը տարիներին այս հարցի պատասխանը փորձել են գտնել շատերը: Ոմանք այն որոնել են ղարաբաղյան խնդրի ենթատեքստերում, ոմանք՝ Հայաստանի հարավային սահմանի անփոխանակելիության դիրքորոշման որոգայթում, ոմանք՝ աշխարհաքաղաքական բարդ առևտուրներում, ոմանք՝ ժամանակի ներիշխանական լուրջ հակասություններում:

Չփորձելով կողմնորոշել որևէ մեկին, փորձենք առանց հավակնությունների վերնագրային հարցադրմանը «պատասխանել» Վազգեն Սարգսյանի հրապարակային գործողությունների ու դատողությունների տրամաբանության շղթայի միջոցով:

1999 թվականի մայիսին, «հայտնի ուժերի», (որոնց մաս էր կազմում նաև Վազգեն Սարգսյանը) ճնշմամբ իրականացված իշխանափոխությունից (կամ՝ հեղաշրջումից) գրեթե 15 ամիս անց Վազգեն Սարգսյանն արձանագրում է.

«Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն թողեց: Մենք դեռ պետք է ապացուցենք՝ ճիշտը ինքն է՞ր, թե՝ մենք»:

Հրապարակային այս խոստովանությամբ դեպի խորհրդարանական ընտրություններ գնացող Վազգեն Սարգսյանն առաջին անգամ, ըստ էության, կասկածի տակ է առնում ղարաբաղյան խնդրի շահարկմամբ «հայտնի ուժերի» իշխանության գալը եւ, ըստ էության, հրապարակայնորեն ակնարկում, որ ինքը հայտնվել է խաբվածի կարգավիճակում:

Նույն 1999 թվականի մայիսին, պատասխանելով լրագրողի՝ «ամբողջ հասակով քաղաքականության մեջ մտնելու պատճառը Դուք համարում եք այդ քաղաքականության մեծ բացթողումը. ո՞րն է դա» հարցին, արդեն Կարեն Դեմիրճյանի հետ հզոր քաղաքական դաշինք կազմած Վազգեն Սարգսյանը պատասխանում է.

«Այդ բացթողումը ոչ այնքան քաղաքական դաշտում է, որքան սոցիալական: Չնայած դրանք շաղկապված են: Դեռեւս 1996 թ. տարեմուտի հարցազրույցում ասել եմ, որ մեր բանակն իր ծավալով, որակով և հավակնություններով առաջ է անցել տնտեսությունից, և եթե տնտեսությունը ետևից չհասնի, վատ է լինելու: Անցել է երեք տարի: Տնտեսական և սոցիալական դաշտում վիճակն ավելի է վատթարացել: Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք ինչ-որ տեղաշարժեր եղան: Կարծես թե ինչ-որ բան ստացվում էր: Բայց, ցավոք, տնտեսության աշխուժացման այդ երանելի պահերը կարճ տևեցին: Սոցիալական դաշտը գնալով բարոյալքվեց, խորացան շերտավորումները, մեծացան բևեռացումները, լարվածությունն ուժեղացավ:

Ամենասարսափելին՝ հետզհետե սկսեց մարել պատերազմը շահած երկրի ոգին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Այս պայմաններում, երբ վտանգի տակ է դրվում նաև երկրի պաշտպանությունը, պաշտպանության նախարարն իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու և պատճառաբանելու, որ ինքը պատասխանատու չէ տնտեսության համար, կամ ինքը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք կամ ցանկություն չունի: Ոչ ոք չէր ներելու Վազգեն Սարգսյանին քայքայվող երկրի դիտորդի դերն ստանձնելու համար: Համոզված եմ, որ այդ քայքայման ընթացքը կանխելու միջոցներ կան»:

Զգալով երկրի քայքայման սկսված գործընթացները, Վազգեն Սարգսյանն, ըստ էության, երկիրը ղեկավարելու պաշտոնական հայտ է ներկայացնում՝ գիտակցելով իր պատասխանատվությունը: Ինչո՞ւ ոչ, նաեւ մեղքի բաժինը ստեղծված իրավիճակի համար:

Կարեն Դեմիրճյանի նման քաղաքական գործչի հետ դաշինք կազմելու ճանապարհով Վազգեն Սարգսյանն, իրականում, փորձում է սրբագրել իր մոլորությունները՝ անելով երկրի ղեկն իր ձեռքը վերցնելու արդեն հստակորեն ընդգծված ռուբիկոնային քայլերը.

«Եթե երկիրը  քայքայվի, և կորցնենք մեր ձեռքբերումները, ոչ ոք Վազգեն Սարգսյանի հեղինակության ու փառքի մասին խոսելու սիրտ չի ունենա: Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով և հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է: Ես պատասխանատվությունից չեմ վախենում և համոզված եմ, որ ելք կա: Մենք վճռական մենակի Ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992 թվականներին:

Երկրորդ անգամ` այս իշխանափոխության ժամանակ: Շատ-շատերը աղետ էին կանխագուշակում`չեղավ: Պետականորեն մենք արդեն շատ անակնկալներ ենք մարսել: Ավելի մեծ փորձություններ դժվար թե մեզ հրամցնեն. եթե ինքներս մեզ չհրամցնենք ...Առանց այն էլ ինձ հետ են ամեն ինչ կապում: Կամ պիտի լեգիտիմ դարձնեմ այդ վիճակը, կամ պիտի թողնեմ հեռանամ» :

Արդեն 1999 թվականի հունիսին, Հայաստանի նորանշանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը երկրի բուն իրավիճակին վարչապետական նիշից ծանոթանալուց հետո տալիս է մինչ իր վարչապետության շրջանի Հայաստանի իրական գնահատականը.

«Երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան անմխիթար է, որ հասարակությունը կանգնած է իր բացարձակ, մնայուն արժեքները` անկախ պետականության վերականգնումը, ժողովրդավարության արմատավորումը, պատերազմական հաղթանակներն արհամարհելու, արժեզրկման վտանգի առջև: Ամենուր նույն հարցն է հնչում՝ «եթե այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ...»»:

1999 թվականի հուլիսին, արդեն Հայաստանի կառավարումը լիարժեքորեն ստանձնած վարչապետ Վազգեն Սարգսյանը և Հայաստանի իրական քաղաքական, սոցիալ-տնտեսական պատկերը լիարժեքորեն յուրացրած վարչապետ Վազգեն Սարգսյանն առաջին լրջագույն մեղադրանքներն է ներկայացնում.

«Էներգետիկ համակարգի այսօրվա ամբողջական պարտքը կազմում է շուրջ 93 մլրդ դրամ, որի կուտակումը գլխավորապես տեղի է ունեցել 1992-1995 թթ. էներգետիկ ճգնաժամի ընթացքում, երբ հավաքագրումը կազմում էր 35-40 %:

Հետագա տարիներին թեև բեկում է մտցվել ապօրինի սպառման ծավալները կրճատելու, գանձման մակարդակը բարձրացնելու գործում` մինչեւ 76.5 % 1998-ին (հետագա տարիները հիմնականում վերաբերում են 1995-97 թվականներին, երբ լիովին հաղթահարված էր էներգետիկ ճգնաժամը, սկսվել էր հետպատերազմական տնտեսական ակտիվության շրջանը: Խմբ.), սակայն կրեդիտորական պարտքերի կուտակումը շարունակվել է:

1997 թ. դրանք կազմել են 75 մլրդ դրամ, 1998 թ.` 82,5 մլրդ դրամ, 1999 թ. հունվարի 1-ին` 95.5 մլրդ դրամ ... Նույն 1998 թ., երբ ստեղծվում էր «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը, ռուսական գազի դիմաց հայկական կողմը պայմանագրի հիմքում դրեց գազամուղի հանրապետական ցանցը: Գազամուղի ցանցի դիմաց ռուսական կողմը պարտավորվեց 3 տարի շարունակ Հայաստան ներմուծել տարեկան 600 մլն խորանարդ մետր անվճար գազ, 148  մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով: Հրաշալի է, չէ՞... Հրաշալի կլիներ, եթե այդ 148 մլն դոլարի մեջ ի սկզբանե հաշվարկված չլիներ այն 26 մլրդ անհույս պարտքը, որի վրա ամսե-ամիս ավելանում են նորանոր միլիարդներ...

Արդյունքում՝ 148 մլն դոլարից մենք այսօր, լավագույն դեպքում, ունենք 10-20 մլն դոլար: Արդյունքում՝ սերնդի պարտքի դիմաց սեփականաշնորհեցինք ազգային հարստությունը: Այսպես... փոխըմբռնման գաղջ մթնոլորտում կարող ենք կորցնել նաեւ օդանավակայանը, երկաթուղին, ատոմակայանը, անկախությունը, արժանապատվությունը, Ղարաբաղը, հողը...»:

Վազգեն Սարգսյանը կանխագուշակել էր սպասվելիքը, Հայաստանի գլխին կախված արհավիրքը ու Վազգեն Սարգսյանը շտապում էր, գուցե գիտակցելով, գուցե՝ ոչ, որ վճռական քայլերով գնում է դեպի ... հոկտեմբերի 27:

1999 թվականի օգոստոսին, սպանությունից ընդամենը երկու ամիս առաջ, Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ազգային ժողովի արտահերթ նիստում հերթական ցնցող բացահայտումն է անում.

«Պարզվեց նաև, որ բյուջեի ճեղքվածքը ոչ թե 20 մլրդ է, այլ, ավելին` շուրջ 33 մլրդ, ոչ թե այսօրվա դրությամբ, այլ մինչև տարվա վերջ կանխատեսվող մի շարք օբյեկտիվ հանգամանքների և պրոցեսների արդյունք: Եթե սրան գումարենք, որ բացի վերոհիշյալ ճեղքվածքից կառավարության առաջ, երկրի առաջ կանգնած էր նաև, որպես բյուջետային վարկ, տարվա սկզբին բյուջեի մեջ նախատեսված Միջազգային վալյուտային ֆոնդին և Համաշխարհային բանկին տրամադրվելիք շուրջ դարձյալ 30 մլրդ վարկը, որ մարդիկ հրաժարվում էին տալ, ապա մենք, մեր բյուջեն, մեր երկիրը կանգնած է ոչ թե 33 անգամ, այլ շուրջ 63-66 միլիարդանոց ճեղքվածքի առաջ: Իսկ վարկերը, որ պետք է մեզ տային արդեն հունիս ամսին, հրաժարվում էին տալ, որովհետեւ իրենց քաջածանոթ էր մեր բյուջեի վիճակը...»::

Ազգային ժողովի նույն նիստում Վազգեն Սարգսյանը ցրում է նաև այն միֆը, որ 98-ի «հայտնիուժերյան» իշխանափոխությունից հետո քարոզվում էր: Այն է, թե  կազմակերպված լինելով, բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով կարող ենք տնտեսությունը ոտքի կանգնեցնել, և որ ղարաբաղյան հարցն ու քաղաքականությունը դեր չեն կարող խաղալ:

«...Ի տարբերություն մեզ, եկան այն եզրակացության, (խոսքը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անկախ փորձագետների մասին է: Խմբ.), որ 33 միլիարդանոց ճեղքվածքը ռեալ չէ մարել ստվերային տնտեսության, կազմակերպչական հարցերով, և, գրեթե, համոզեցին նաև մերոնց: Իրենց խոսքն եմ ասում. «Հայաստանում ստվերային տնտեսություն կա, բայց Հայաստանի, ընդհանուր առմամբ, տնտեսական վիճակը, տնտեսությունն այնքան աղքատ է, որ դա, ըստ էության, մեծ տոկոս չի կազմում»: Այսինքն` մեր հույսը նաև ստվերային տնտեսության  վերհանման և այդտեղից մեծ եկամուտներ կորզելու, հավաքելու ուղղությամբ  էապես չափազանցված է, ցավոք սրտի, որովհետև ինձ համար էլ դա բյուջեի եկամուտները վերականգնելու հիմնական աղբյուրն էր: Ես այս հարցերին դեռ կանրադառնամ: Նույն կարգով նրանք կազմակերպչական և վարչարարական աշխատանքների օգտակար գործունեության գործակիցը համարեցին փոքր»:

Համառորեն յուրացնելով այդ ժամանակաշրջանի իրական Հայաստանի պատկերը, Վազգեն  Սարգսյանը վեր էր հանելու այդ ժամանակների՝ առաջին հայացքից մանրուք թվացող մի իրողություն նույնպես՝ դիմելով Ազգային ժողովի պատգամավորներին.

«Յուրաքանչյուր տարի, եթե ճիշտ ընթացք տրվի, շուրջ 100 մլն դոլարի շրջանառություն կա: Խնդրեմ, ստեղծեք  մի խումբ, որը ԾԻԳ-երի մասին ուսումնասիրություն կկատարի: Ինչպե՞ս են իրականացվում այդ ծրագրերը: Դրանով դուք մեզ շատ կօգնեք, որովհետև չենք կարող աշխատել: Բայց ես հավաստիացնում եմ, որ 2000 թ. ԾԻԳ-երն արդեն մշակվում են: Տպագրելու ենք բոլոր ծրագրերը, նաև խճանկարը թերթերում, որպեսզի յուրաքանչյուր պատգամավոր իմանա, թե 2000 թ. ԾԻԳ-երի մասով իր մարզում, հանրապետությունում ի՞նչ աշխատանքներ են կատարվելու, ի՞նչ ծավալի և ո՞վ է կատարելու:

1999 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՍ  ՏՊԱԳՐԵԼՈՒ ԵՄ ԴԱ»:

1999 թվականի հոկտեմբերին, սպանությունից 21 օր առաջ ԱՄՆ կատարած այցից հետո Վազգեն Սարգսյանը արձանագրում է, որ.

«Ցանկացած տարածաշրջանային ինտեգրում Հայաստանի դեպքում զարկվում է Թուրքիայի պատերին, և մեզ համար մնում է փաստորեն զրոյական վիճակ: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի վարչակազմը կնպաստի շրջափակումների վերացմանը, հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների մերձեցմանը...»:

Այս արձանագրումով Վազգեն Սարգսյանն, ըստ էության, սնանկ էր հայտարարում «Ստամբուլը արյան ծով դարձնելու», կոմպլեմենտար մանևրումներ անելու ժամանակի Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մահացու վտանգ էր հասցնում քաղաքական այդ դոկտրինները կրող ուժերի հետագա գոյության իմաստին:

Ի վերջո, Վազգեն Սարգսյանը խոսում է նաև երկիրը կեղեքող կոռուպցիայի մասին: Խոսում է Ազգային ժողովի բարձր ամբիոնից.

«Ի՞նչ է կոռուպցիան: Ընդհանուր մի սահմանմամբ այն հնարավոր չէ բնորոշել, այն ամենատարբեր դրսևորումներ ունի`կաշառակերություն ու կաշառատվություն, հովանավորչություն: Կաշառակերությունն այսօր Հայաստանում տարածված է: Սակայն երկրի զարգացմանն այսօր հատկապես խոչընդոտում է հովանավորչությունը: Այսպես կոչված «տանիքների» արատավոր ավանդույթը խանգարում է արագ զարգացմանը ...:

...Շատերն իմ ելույթից սպասում էին բացահայտումներ, անուններ: Մեր գործը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրավորված քաղաքականությունն է և քաղաքական կամքը, իսկ բացահայտումներն ու անունները մասնավոր խնդիրներ են, որոնք, իհարկե, կհնչեցվեն: Անկախ դեմքից և դիրքից: Օրենքը գործելու է առանց անձերին նայելու, օրենքն անդեմ է»:

Այս հայտարարությունը Վազգեն Սարգսյանն անում է Ազգային ժողովի 1999 թվականի հոկտեմբերի 21-ի նիստում, մահվանից ուղիղ մեկ շաբաթ առաջ:

Իսկ հոկտեմբերին Վազգեն Սարգսյանը նաև գրում է.

«... Ու հիմա՝ Մեղրին:

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:

Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:

Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:

Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:

Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի:

Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:

Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:

Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

Հ.Գ. Բոլոր ընդգծումները մերն են:

Տեսանյութը չի առնչվում հրապարակմանը: Այն «ՎԱԶԳԵՆԸ» տեսաֆիլմն է:

 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ