«Ինչո՞ւ թուրքը ՀԱՂԹԵՑ...»
Այս հոդվածը, որ հրապարակվել է դեռևս 1928 թվականին, պետք է ենթադրել, որ պատկանում է ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻ գրչին: Ինչո՞ւ: Որովհետև այն հրապարակվել է որպես խմբագրական Ֆրանսիայում լույս տեսնող «Ազատամարտ» թերթում, իսկ Շահան Նաթալին այդ թերթի գլխավոր խմբագիրն էր այդ ժամանակ: Ցավոք, այս հոդվածում ևս արդիական են հեղափոխություն, պողպատ ու մեզ ծանոթ շատ այլ արտահայտություններ...Եվ այսպես ապրում ենք հարյուրամյակներ...
«Չկա ճշմարտություն: Կան ճշմարտություններ:
Կարևորը ճշմարտությունները դասակարգելն է` ըստ արժեքի:
Ահա՛ այն, ինչ որ հայը, մանավանդ քաղաքական միտքը, չհասկացավ դարերի ընթացքում, և ա՛յն, ինչ որ թուրքն ըմբռնեց տառացիորեն:
Ու մենք պարտվեցինք: Թուրքը պարտության մատնեց մեզ:
Ճշմարտություն է, որ գիրն ու գրականությունը ուժ են, և հայն ըմբռնեց այդ ու վանքեր կառուցեց, դպրոցներ բացեց, գիր ու գրականություն տարածեց:
Ճշմարտություն է, որ արվեստն ու առևտուրն ուժ են, և հայը նվիրվեց արվեստի բոլոր ճյուղերին, հպարտացավ իր արվեստով, որոնց ազդեցությունը տարածեց մոտիկ ու հեռու ժողովուրդների վրա: Զարգացավ իբրև առևտրական, ծովեր կտրեց, հարստացավ և տիրող տարրը իր տնտեսական գերին դարձրեց:
Ճշմարտություն է, որ արհեստն ու երկրագործությունը ուժ են, և հայը իր միջավայրի արհեստներին տեր ու տիրական դարձավ. երկիրը հերկեց, հունձքը առավ: Թեկուզ մարաբա, բայց կուշտ ապրեց:
Ճշմարտություն է, որ քաղաքակրթությունն ու կրթությունը ուժ են, և հայը արևմուտքի քաղաքակրթության հետ շփվեց, սերունդ կրթեց, կրոնական կապերով կապվեց քաղաքակրթված աշխարհի հետ:
Ճշմարտություն են դեռ շատ բաներ:
Դառնագույն ճշմարտություն է նաև, որ այդ բոլորը չփրկեցին մեզ պարտվելուց կյանքի ու մահվան մեր պայքարի մեջ:
Եվ պարտվեցինք թուրքին, ով այս բոլորից ոչ մեկը չուներ, ոչ մեկը՝ գոնե մեր չափ:
Թուրքը մեկ բան ուներ մեզնից ավելի-ԶԵՆՔ:
Որովհետև նա գիտեր, որ քաղաքական կյանքի մեջ զենքի ուժը ավելի արժեք էր, քան բոլոր մնացած ուժերի արժեքները:
Այս գիտակցության արդյունքն է թուրքի տիրապետությունը մեկ արհեստի մեջ-ՂԱՍԱԲՈՒԹՅՈՒՆ:
Մսագործությունը, եթե մորթել ու պատռելու մասով այդքան հարազատ է թուրքի հոգուն, պետք է ընդունել նաև սադրի ու սրի պողպատյա հարաբերության ազդեցությունը թուրքի մսագործության արհեստում:
Մի՛ ասեք, որ մենք ժխտում ենք գիր ու գրականություն, կրթություն ու քաղաքակրթություն: Սուտ է:
Մենք ասում ենք միայն, որ թուրքի սուրը ավելի ուժեղ է-և այդպես է աշխարհի ամեն կողմում-քան հայիս բոլոր ուժերը: Եվ որ թուրքի հաղթանակը այդ ճշմարտությունն ըմբռնելու մեջ է:
Եվ ինչո՞ւ ամաչել և չխոստովանել, որ թուրքը շատ ավելի խելոք էր և այսօր էլ խելոք է ճշմարտությունները դասակարգելու մեջ:
Մեր չխոստովանելը չի փոխում երբեք այն փաստը, որ գրել-կարդալ չիմացող, անարհեստ, անարվեստ, առևտրից և երկրագործությունից զուրկ թուրքը միայն սուր ունենալով՝ կոտորեց գրել-կարդալ իմացող հային, թալանեց հայ արհեստի ու արվեստի արդյունքները, խմեց հայ երկրագործի քրտինքը և հղփացավ հայ առևտրականի հարստությունով:
Այս փաստի խոստովանությունը Հայ Հեղափոխության գոյության մեջ է:
Իսկ մեր պարտությունը վերջնական չէր լինի, եթե Հայ Հեղափոխությունը իր հասկացածը ամբողջությամբ ըմբռներ և ամբողջությամբ թոթափեր մեր հայրերի գլխիվայր ճշմարտությունները:
Ո՞վ չի լսել իր հորից.-
«Թող թալանեն թուրքերը, միայն թե կյանքի չդիպչեն: Նրանք մեկ տարի հետո կրկին քաղցած են և հայի դռանը մուրացկան»:
Ճշմարիտ էր:
Բայց ճիշտ չէր «միայն թե կյանքի չդիպչեն» բաղձալը, և այս բաղձանքի համար զենք չբարձրացնելը:
Իսկ եթե զենք չբարձրացնելը հայի հոգու խաղաղասիրությանը հարազատ էր, այն մեծապես արդյունք էր նաև զենքից դուրս իր քաղաքակրթական կարողությունների, գրել-կարդալ իմանալու ուժի ու սխալ գնահատության:
Քուրդն անգամ այս ճշմարտությունը հայից լավ է ըմբռնել, անգիր, անքաղաքակիրթ քուրդը:
Եվ այդ է պատճառը, որ մեզ պես չի կոտորվում և մեզնից էլ շուտ կարող է ազատագրվել:
Զենքին կռթնած թուրքը, ահա քայլում է այն ճամփաներով, ուր մեր փառքերն ու հպարտությունները արյունոտվեցին:
Եվ եթե այս փաստերի առջև էլ դեռ չեն բարձրացնում պողպատի ուժի ճշմարտությունը բոլոր ճշմարտություններից վեր, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակները ևս շուտով գետնին կհավասարվեն»:
1928 թ. 23 դեկտեմբերի
«Ազատամարտ»
Ֆրանսիա
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ