«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ինքը՝ սյուրռեալիզմը՝ ԴԱԼԻՆ ՈՒ ՊԻԿԱՍՈՆ՝ երևույթը...»

 

«...Քոչարը բարևեց, իրար ճանաչում էին, Դալին գնահատում էր Քոչարի որոնումները...»: «...Պիկասոն արագորեն նայեց ներկայացված կտավները, մոտեցավ Քոչարին, ձեռքը սեղմեց...»:

Երբ առաջին անգամ հայտարարվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Դալի և Պիկասո» բացառիկ ցուցահանդեսի մասին, մտորումները գնացին դեպի 20-րդ դարի երեսնական թվականներ, երբ տակավին երիտասարդ արվեստագետները դեռ չէին նվաճել աշխարհը, բայց գիտակցում էին իրենց արվեստի «նվաճողական» հանգամանքը ու վստահ էին, որ մի օր արվեստի երկնակամարում շողարձակելու են որպես վառ աստղեր:

Վիգեն Իսահակյանը՝ Ավետիք Իսահակյան Վարպետի որդին, իր «Փարիզ, Քոչար, անցած օրեր» սքանչելի հուշապատումում վերհիշում է փարիզյան անցուդարձը՝ չպատկերացնելով, երբեք ու երբեք չպատկերացնելով, որ գրեթե մեկ դար հետո Հայաստանի Ազգային պատկերասրահում կցուցադրվեն Դալիի ու Պիկասոյի աշխարհը «շրջած» գործերը, քանզի փարիզյան այդ երանելի օրերին Հայաստանը դեռ աշխարհի մի գավառ էր, երկաթե վարագույրն իջնում էր Հայաստան աշխարհի վրա, Երևանի Աստաֆյան փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում նոր ձևավորվող պատկերասրահն էլ նման էր «մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի», թեպետ մեծն Սարյանն էր կանգնած գործի գլխին, հայ ժողովուրդն էլ աշխարհի քաղաքակրթությունում ներդրում արած ժողովուրդ էր:   

«...Դեպի Սենա գետը տանող փողոցները լիքն էին մեծ ու փոքր պատկերասրահներով, ուր ցուցադրվում ու վաճառվում էին փարիզյան նկարիչների գործեր: Մի օր այցելեցինք սյուրռեալիստների մի մեծ ցուցահանդես, որին մասնակցում էին Պիկասոն, Դալին, Պիկաբիան, Մաքս Էրնստը, Դե Կիրիկոն և շատ ուրիշներ:

Քոչարը թեպետ դեռ լայն ճանաչում չէր գտել, սակայն վայելում էր արվեստագետների համակրանքը, ինքն էլ խորապես համակրում էր սյուրռեալիստական շարժմանը:

Զարմացած նայում էինք Սալվադոր Դալիի կտավները, ինքն էլ, ոտից-գլուխ սև հագած, նրանց կողքին կանգնած էր: Նայեցի՝ շապիկն ու փողկապն էլ սև էին, միայն բաճկոնի կրծքագրպանից մի սպիտակ թաշկինակ էր երևում:

Քոչարը բարևեց, իրար ճանաչում էին, Դալին գնահատում էր Քոչարի որոնումները:

Ես շարունակում էի դիտել: Դալին երիտասարդ էր, հազիվ 24-25 տարեկան, նիհար, բարձրահասակ, սև փայլուն մազերով նմանավում էր ավելի շուտ արգենտինացի պարողի, քան մի անվանի նկարչի:

Դալին դեռ չուներ իր հռչակավոր վեր ցցված, երկայն բեղերը, որով նրան նմանեցնում էին Վելասկեսին: Կեցվածքը բնական ու պարզ էր, համեստ: Տակավին չուներ այն ինքնահավան տեսքը, որը բերեց նրան համաշխարհային ճանաչումը, հարստությունը: Միայն ձեռքի երկար, սև, փղոսկրե գլխով գավազանը, որով խոսելիս զանազան տարօրինակ շարժումներ էր անում, կարող էին նշմարել տալ գալիք արտասովոր տարօրինակությունները ...

Քոչարը մոտեցավ նրան, ուզեց շնորհավորել այն մեծ ներդրումների համար, որով նա փառավորել էր սյուրռեալիստական շարժումը, սակայն Դալին զսպեց նրան և հպարտ, անժխտելի կերպով ասաց.

-Զուր տեղն են ինձ հարակցում սյուրռեալիստական շարժմանը, սյուրռեալիզմը այդ ես եմ,- և կրունկների վրա շրջվելով՝ հեռացավ:

Մենք շարունակեցինք հետաքրքրությամբ նայել նրա ստեղծած կտավները: Դրանք արտահայտում էին երազի զորությունը, կտավների վրա իրականացված էին մտավոր պատկերների ամբողջապես ազատ զուգորդություններ: Եվ այս ամենը նկարված էր այնպիսի վարպետությամբ, այնպիսի բարդ տեխնիկայով՝ իրոք արժանի իր հայրենակից ամենահանճարեղ նկարիչներին՝ Վելասկեսի, Գոյայի, ինչպես և Լեոնարդոյի, Ռաֆայելի, Դյուրերի և մանավանդ  Հիերոնիմոս Բոսխի:

... Մի շքեղ ինքնաշարժ կանգ առավ ցուցահանդեի դռանը: Պիկասոյի սեփական ինքնաշարժն էր, իր վարորդով: Պիկասոն հարստանալով, փոխել էր իր թաղամասը, վարձել էր մի շքեղ արվեստանոց Գրան օպերայի մոտակայքում, գալիս էր Մոնպառնաս հարուստ օտարականի նման:

Նա իջավ մեքենայից, և ներկաների ուշադրությունն անմիջապես սևեռվեց նրա վրա:

Ես ուշադիր զննում էի նրան: Միջահասակ էր, թիկնեղ, աշխույժ շարժումներով, հագել էր մուգ կոստյում, վզին փաթաթել բրդյա երկար վառ կարմիր վզնոց, որի ծայրը գցել էր մեջքին: Առանց գլխարկի էր, մազերի գույնը՝ սև սաթ:

Պիկասոն արագորեն նայեց ներկայացված կտավները, մոտեցավ Քոչարին, ձեռքը սեղմեց: Ես նայում էի նրա սև, ծաղկող աչքերին: Նրա՝ գնահատողի, խելամիտ հայացքը կարծես ուզում էր ասել. «Դուք ինձ չեք մոլորեցնի, ես ամեն ինչ գիտեմ...»:

Պիկասոն տեղյակ էր Քոչարի «Պենտյուր դան լ'էսպասի» որոնումներին և ցուբերում էր իր հետաքրքրությունը: Ինչպես գիտենք, 15 կամ 20 տարի հետո Պիկասոն էլ ունեցավ իր «Նկարչություն տարածության մեջ» կարճ ժամանակաշրջանը...»:

Ահա, այսպես...Դալի, Պիկասո, Քոչար...Դալին ու Պիկասոն աշխարհի սրտում, աշխարհի հետ հարաբերվելիս, աշխարհին տալով ու աշխարհից առնելով, իսկ Քոչարը՝ երկաթե վարագույրի երկրում, կգբ-ական ստահակների ձեռքով ծեծված, ծանր լսող ականջով, կորցրած կյանք, տարիներ, հույսեր, բայց...աշխարհը նվաճած յուրահատկորեն:

Ազգային պատկերասրահում բացված եզակի ցուցահանդեսը կարծես ինքնատիպ տուրք է նաև Քոչարին ու նրա արվեստին...

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Վերջինիս օգնությամբ Դալին մեկնել է ԱՄՆ, ինչը որոշիչ դեր է ունեցել նրա ստեղծագործական նվաճումների համար:

Անկախ այն հանգամանքից, որ Պիկասոն Դալիի համար իդեալ էր, վերջինիս փառասիրությունը խոչընդոտել է նրանց հնարավոր մտերմությանը: Դալիի էքսցենտրիկ պահվածքն ու մեծամտությունը հանգեցրել են Պիկասոյին մշտապես գերազանցելու մոլուցքին: 20-րդ դարի կերպարվեստի խորհրդանիշներ դարձած երկու նշանավոր վարպետները ամբողջ կյանքում, մշտապես շինծու և ցուցադրական «հակակրանք» դրսևորելով միմյանց նկատմամբ, իրականում գնահատել և արժևորել են մեկը մյուսի արվեստը: Հետագայում Պիկասոն կասի, որ հավանում էր Դալիի արվեստը, սակայն չէր ուզում նրան հանդիպել, որպեսզի այդ հանդիպման շնորհիվ նրա անվան շուրջ մեծ աղմուկ չբարձրանա»,-ցուցահանդեսի մասին գրում են նախագծի ղեկավար, ազգային պատկերասրահ տնօրեն Արման Ծատուրյանն ու ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը:

Ցուցահանդեսում, ուր ներկայացված է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, աներևույթ կանգնած են նրանք, ինքը՝ սյուրռեալիզմը՝ Սալվադոր Դալին, «...նիհար, բարձրահասակ, սև փայլուն մազերով...» ու Պաբլո Պիկասո երևույթը՝ «...միջահասակ, թիկնեղ, աշխույժ շարժումներով...», կանգնած են իրենց աներևակայելի գույներով ու գծերով, որոնց մեջ են Էլյուարի, բրետոնի պոեզիան, ժամանակի նոր արվեստի փոխակերպումները, պոետիկ վերացարկումներ՝ երևակայության սահման չճանաչող ուրվագծերով, պատկերներով, ձևերով, շարժումներով, խիզախությամբ: Ժամանակի հետ խոսելու խիզախությամբ: Դարի հետ խոսելու խիզախությամբ: Արվեստով խիզախ լինելու հանդգնությամբ:

Դալիի բրոնզե քանդակները, Պիկասոյի խեցեգործական հրաշքները շարժումը հավերժացնելու անպատկերացնելի մի երևույթի արարումն են՝ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ աննակարագրելիորեն բացառիկ: Այստեղ հնարավոր չէ մնալ իրական աշխարհում և հնարավոր չէ ներթափանցել երևակայական մի աշխարհ, ուր չկան սահմանումներ ու կաղապարներ, կա միտք, բայց չկա՝ բովանդակություն, կա կերպ, բայց չկա՝ ձև:   

Ցուցահանդեսի նախաձեռնողները եզակի արվեստային խնդրից զատ, իրագործել են նաև ոչ պակաս մի խնդիր՝ մասնավոր հավաքածուները հանրությանը ներկայացնելու խնդիրը, որը ժամանակակից աշխարհում արդիական է: Առավել ևս հայաստանյան իրականության համար, երբ մի քանի ժամվա հեռավորության չեն աշխարհի մեծագույն արվեստային գանձարանները՝ Լուվրը,  Բրիտանական թանգարանը, Նյու Յորքյան Մետրոպոլիտենը, Լոնդոնյան ազգային պատկերասրահը, Դրեզդենը, Ուֆիցան, Օրսեյը, Էրմիտաժը...

Ինչպես նշում են նախագծի ղեկավար, ազգային պատկերասրահ տնօրեն Արման Ծատուրյանն ու ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը, «...Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում...: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին, «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից, 2011 թվականին:

Հաջորդ տարի, հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը...»:

Մաթևոսյանական մի մտածումով հեռանանք Վարպետների գործերից...

«...Ասենք՝ Սալվադոր Դալին: «Քաղաքացիական պատերազմը» հիշո՞ւմ ես: Այլանդակ, հրեշավոր մեկը հրեշի իր մատներով մոր կուրծքը պոկում է: Ցավի մի զարհուրելի ճիչ է, չէ՞: Նրանք քաջեր են եղել, կյանքի հարցերին քաջաբար պատասխանել, հայհոյանքի են կապել նրանց, ովքեր քաղաքացիական կռիվ են սադրում ու երկիրը, իրենց ոտքի տակի հողը, իրենք իրենց ուտում են:

Ահա, էդ վիճակների առաջ հազար անգամ մեր կյանքը կանգնել է, և դրա արտահայտիչները չենք ունեցել: Քաջ տղերք չենք եղել, խիզախներ չենք եղել: Դրա համար էլ գրիչ վերցնող յուրաքանչյուր նորեկի առաջին հերթին հենց քաջություն եմ ցանկանում, ճշմարտապաշտություն և խիզախություն: Առաջին հերթին՝ խիզախություն:

Նման խիզախներ Չարենցն ու Թումանյանն էին...»:


 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ