«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Կամ մեր խորհրդավոր անցյալը․․․». ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակը սկսում է հրապարակել մեր ժամանակի լավագույն գրողներից մեկի՝ Վառլեն Ալեքսանյանի՝ «ԳՐՎԱԾ ԷՋԵՐ ԵՎ ՉԳՐՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ» հոդվածը, կամ, որ նույնն է՝ վերլուծությունը, անդրադարձը, պատմական կնճիռների վերհանումը, որը թեև տարիներ առաջ հրապարակվել է մամուլում («Նորք» ամսագիր, 2012 թվական, «Անդին» ամսագիր, 2015 թվական), սակայն քիչ հայտնի է ընթերցողին, առավել ևս՝ այսօրվա ընթերցողին և շատ արդիական է մեր օրերի համար, երբ շարունակվում են հերոսների ու դավաճանների որոնումները, երբ պառակտումների ու դիմակայությունների շղթայում գրեթե նույն դերակատարներն են։

«․․․Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ կորուստը խղճի կորուստն է։ Եթե կորցնում ես խիղճդ կամ գիտակցաբար անցնում ես խղճիդ վրայով, ամեն ինչի ընդունակ ես դառնում․․․»․ գրել է Վառլեն Ալեքսանյանը։

Ցավոք, Վառլեն Ալեքսանյանն անժամանակ հեռացավ երկրային կյանքից, բայց նրա թողած ժառանգությունը մեծ է և լուրջ ուսումնասիրության կարիք ունի։

Կարդանք՝ չկորցնելով խիղճը՝ ոչ գիտակցաբար, ոչ անգիտորեն։  

 

«Հայաստանում Արշակունիների թագավորության վերացումից հետո (428 թ.) 5-րդ դարի կեսերին, մասնավորապես 451-ին, հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները վերջին տարիներին մտավորականության շրջանում բուռն բանավեճերի հիմք են տվել:

Ծայրահեղականորեն հակադիր կարծիքների բախման արդյունքում առայժմ որևէ հստակ հայեցակարգ չի ձևավորվել:

Բանն այն է, որ 5-րդ դարի պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու հաղորդումների համաձայն, 451-ի անցքերն իրականում առիթ են դարձել հայ իշխանական տների երկպառակության, այսինքն քաղաքական տարբեր կողմնորոշումներ (ավելի ճիշտ` ինչ-ինչ հարցերում տարաձայնություններ) ունեցող երկու խմբավորումների առաջացման, որոնցից մեկին պատմիչները համարել են նվիրյալ հայրենասերներ, մյուսին` դավաճաններ:

Առաջինը գլխավորել է այն ժամանակվա Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, երկրորդը` Հայոց մարզպան Վասակ Սյունին:

Քանի որ խնդիրը վերաբերել է պարսից արքաների կողմից իշխանական տների ու ազդեցիկ եկեղեցականների վրա գործադրված ճնշման միջոցով հայ ժողովրդին զրադաշտական կրոնը պարտադրելուն, ուստի այս ծրագրի դեմ հիմնական մարտնչող ուժը, բնականաբար, պետք է դառնար հոգևորականությունը, անշուշտ, հայոց նախարարների ու ժողովրդի աջակցությամբ:

Եվ երկու խմբավորումներն էլ, տարաձայնություններով հանդերձ, հավասարապես մասնակցություն են ունեցել այս պայքարին, ինչը, ուշադիր ընթերցելու դեպքում, կտեսնենք, որ վկայում են հենց իրենք` պատմիչները:

Այնուամենայնիվ, Ավարայրի ճակատամարտից հետո է միայն ծնվում հանուն հավատի զոհվածներին հարենասերներ, սրբեր հռչակելու, իսկ ողջ մնացածների մի մասին դավաճանի խարանով պիտակելու միտքը, ինչը կարող էր արդարացված լինել որպես հոգևորականության կողմից նորամուտ քրիստոնեության ամրապնդման միջոց:

Հակված չլինելով խոսքս վերջնական համարելու մտքին, այդուհանդերձ, հենվելով հիմնականում նույն պատմիչների իսկ հաղորդումների վրա, հարկ եմ համարում մի քանի հիմնական գծերով ներկայացնել այս կնճռոտ հարցի վերաբերյալ իմ տեսակետը:

Ավելացնեմ, որ զուտ գիտական նյութի հավակնություններ չունեմ, ուստի հոդվածում չեմ ներառել այլ ուսումնասիրողների մոտեցումները, որոնք կարող են ինչ-որ տեղ համընկնել իմ նկատառումներին, սակայն համոզված եմ, որ հայ ժողովրդի պատմության նշված ժամանակաշրջանը կարոտ է գիտական նորովի մեկնաբանության:

Անցյալի իրողությունների վերականգնումն անչափ կարևոր է ներկան ընկալելու համար:

Սկսեմ այն բանից, թե որքանո՞վ էր տրամաբանական, որ 428-ին Հայոց թագավորության վերացումից, ինչը Մովսես Խորենացին իր Պատմության հատվածներից մեկի վերնագրում համարում է «Հայոց թագավորության դադարումը իրենց կամքով», և Վեհմիհրշապուհ անունով պարսիկ մարզպանից հետո պարսից արքունիքը Հայոց մարզպանի պաշտոնը վստահել է Սյունյաց Վասակ նախարարին:

Որպեսզի արքունիքի այս քայլը հասկանալի լինի, բերենք Սյունյաց նահանգի մասին հետևյալ բնութագրական նկարագրությունը. «Սյունիք, Մեծ Սյունիք, Սյունյաց երկիր, Սիսական - Մեծ Հայքի խոշորագույն նահանգներից մեկը, որն ընդգրկում էր Զանգեզուրը, Եղեգնաձորի շրջանը, Սևանի հարավ-արևելյան ափն ու Նախիջևանի մի մասը, այլ խոսքով` Այրարատյան նահանգից արևելք ընկած տարածքը` մինչև Արցախի սահմանն Աղավնո (Հագարի) գետի ընթացքով Երասխ գետից մինչև Սևանա ծովակը...»:

Ղազար Փարպեցու Թղթի 3-րդ ծանոթագրությունում այսպես է բնութագրված Սյունյաց աշխարհը: Այնուհետև նշվում է, որ ինչպես միասնական թագավորության ժամանակ, այնպես էլ դրանից հետո Սյունիքը ռազմական և տնտեսական վիթխարի նշանակություն ուներ հայոց երկրի կյանքում և պատահական չէր, որ Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում առաջին իշխանը համարվում էր Սյունյաց տերը, որը հետագայում էլ Բագրատունյաց թագավորության գերիշխանության ներքո ուներ իր սեփական թագավորությունը (Բաղաց-Կապանի):

Ուստի բնական պիտի համարել, որ հայ նախարարների բանսարկություններից օգտված պարսից Վռամ արքան 428-ին Արտաշես Գ-ին գահազրկելու միջոցով Արշակունյաց թագավորությունը վերացնելուց և Հայաստանում աջակցության չարժանացած պարսիկ մարզպանից հետո այդ պաշտոնը հանձներ Հայոց աշխարհում ազդեցիկ համարում ունեցող Սյունյաց իշխանին:

Վերջինիս այս դիրքը բնականաբար պիտի սներ Հայոց թագավորությունը վերականգնելու անխուսափելի գաղափարն ու թաքուն հույսը: Բացառված չէ, որ հայոց նախարարական ազդեցիկ այլ տներ ևս (ասենք` Մամիկոնյանները) հավակնեին մարզպանի պաշտոնին ու, հետևաբար, հետագայում նաև արքայական գահին, ինչը կարող էր պատճառ դառնալ նախարարական երկու հզոր տների և նրանց համակիր ուժերի միջև հակամարտության:

Մանավանդ որ, Ստեփանոս Մալխասյանցը նշում է Մովսես Խորենացու «...հակակրությունը դեպի Մամիկոնյանները, որոնք Սյունյաց հակառակորդներն էին Ե դարում» (թեև ոմանք այդ կարծիքը չեն կիսում): Փաստն այն է, սակայն, որ Վասակ Սյունին ստանում է նախ որոշ ժանամակ Վրաց, ապա Հայոց մարզպանի, իսկ Վարդան Մամիկոնյանը` Հայոց սպարապետի պաշտոնը:

Ավելին, պատմահայրը միտք է հայտնում, որ Հայոց Արշակունի վերջին` Արտաշես կամ, ինչպես Մովսես Խորենացին է անվանում, Արտաշիր թագավորին գահազրկելն ու Հայոց թագավորությունը վերացնելը հիմնավորելու նպատակադրությամբ Սահակ Պարթևին հայ նախարարների հետ համատեղ իր թագավորին ամբաստանելու մղող Վռամ Երկրորդը հազարապետ Սուրեն Պահլավին հանձնարարում է համոզել և շահագրգռել կաթողիկոսին:

Պատմահայրը գրում է. «Եվ նա հրապուրիչ խոսքերով ասում էր. «Որովհետև դու ինձ արյունակից ես և հարազատ, ուստի քո բարին մտածելով ասում եմ. եթե այժմ միայն միաբանես նախարարների հետ, պարսից թագավորից մեծարանք կգտնես, և նա քո թոռ Վարդանին Հայաստանի վրա կնշանակի հավասար և համապատիվ մի թագավորի»:

Մի բան, որը չկա ո՛չ Եղիշեի, ո՛չ էլ Փարպեցու մոտ: Ամեն ինչից երևում է, ու Վռամն այնքան հաստատ էր իր որոշման մեջ, որ Հայոց թագավորության վերացումն առանց խոչընդոտի հիմնավորելու համար, նախընտրելով նախարարների բողոքներից բացի ստանալ նաև Հայոց կաթողիկոսի համաձայնությունը, իր ուզածին հասավ առանց դրա:

Թեև Սահակի բերանով Փարպեցին Արտաշեսի մասին ասում է. «...ձեր օրենքների համաձայն նա արժանի է գովասանքի ու մեծարանքների»: Այսինքն, փաստորեն, թագավորին գահազրկում էին ոչ թե անբարո վարքի ու այլ արատների համար, որոնք դրվատվում էին պարսից արքունիքում, կամ նախարարների` այդ բովանդակությամբ բողոքները հաշվի առնելով, ինչն ընդամենը ձևական հիմնավորման նպատակ ուներ, այլ ընդամենը դա էր կամենում Սասանյան բռնակալը:

Այդ միտքը համոզված պնդում է նաև Փարպեցին. «Եվ այդպիսի խոսքերով նա ջանում էր սուրբ հայրապետ Սահակին համոզել, քանզի կամենում էին վերացնել Հայոց թագավորությունը»: Դրա համար էլ Վռամը, լսելով հայ նախարարներին, «...արքունի ավագանիով հանդերձ ...շատ ուրախացավ»: Ուրեմն, ինչո՞ւ պիտի շատ չուրախանար Հազկերտը, որը Վասակին վերացնելով` փաստացի կանխում էր հայ պետականության վերականգնման վտանգը:

Կարծում եմ, սխալ չի լինի, եթե «հավասար և համապատիվ մի թագավորի» բառերի ներքո հասկանանք կառավարիչ կամ մարզպան: Այսինքն` շատ հնարավոր է, որ Մամիկոնյաններն այդ ժամանակ ունեցել են գահի կամ մարզպանության հավակնություններ, սակայն Վռամի կամքը կատարելուց Սահակ Պարթևի հրաժարվելը, միգուցե, խառնել է նրանց հաշիվները, և Սյունյաց տոհմի ներկայացուցչին մարզպան նշանակելը, ի դեմս Վասակի և Վարդանի, հարուցել է թշնամանք երկու նշանավոր տոհմերի միջև, մանավանդ որ Մամիկոնյանները Սուրեն Պահլավի ակնարկը կարող էին ընկալել որպես խոստում և Վասակին համարել խոչընդոտ այդ ճանապարհին:

Եվ, որպեսզի ավելի հստակ պատկերացնենք 450-ականների իրադարձությունները, կփորձեմ ավելի վաղ (388-ին և 428-ին) տեղի ունեցած երկու գրեթե համանման իրավիճակների լույսի ներքո վեր հանել դրանց ընդհանրությունները վերջին դրվագի հետ, որոնց վերջաբանը գրեթե նույնական է:

Սակայն նախ ընդհանուր գծերով ներկայացնեմ դրանց նախորդող հայ-պարսկական հարաբերությունների պատկերը:

Հիշարժան է, որ Սասանյանները 326-ին պարսկական գահին տիրանալուց հետո շարունակ վարել են հակահայկական քաղաքականություն, մինչդեռ պարսիկ Արշակունիները համեմատաբար մեղմ վերաբերմունք ունեին հայ Արշակունիների հանդեպ:

Ուստի Սասանյան արքայատոհմը պետք է որ անցանկալի լիներ Հայոց թագավորների համար, և պատահական չէր, որ Հայոց Խոսրով Մեծ թագավորը 4-րդ դարի գահակալական կռիվների ժամանակ պաշտպանել է պարսից Արտավան Ե Արշակունի արքային` գլխավորելով հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր Ա-ի դեմ, Շապուհ Բ արքայի հրահրմամբ Խոսրով Բ Կոտակ թագավորի դեմ ապստամբում էին Հայոց հարավային կուսակալ Աղձնիքի բդեշխ Բակուրը և հյուսիսային կուսակալ Սանատրուկ (Սանեսան) Արշակունին, 337-ին Շապուհ Բ-ն անձամբ զորք ուղարկեց Հայաստանի դեմ, նույն Շապուհը Արշակի դեմ հրահրեց նրանից դժգոհ հայ նախարարներին և այլն: Իսկ այս վերջին միջոցը, ինչպես վկայում է պատմությունը, պարսից արքաները հետագայում կիրառում էին ավելի ու ավելի հաճախ:

Ղազար Փարպեցու Հայոց պատմության ստորև մեջբերվող հատվածը պատմում է նշված աշխատանքը գրելուց ավելի քան հարյուր տարի առաջ (388 թ.) տեղի ունեցած իրադարձությունների մասին. «...պարսից տիրապետության ներքո գտնվող Հայոց նախարարներն իրենց Խոսրով թագավորի (խոսքը Խոսրով Գ-ի մասին է) դեմ սկսեցին ատելություն տածել...: Եվ նախարարները նախ բամբասում էին, ապա գնացին ու Պարսից Շապուհ արքայի մոտ բանսարկություն արին, թե իբր «Խոսրովը քեզ սիրող ու հնազանդ է ձևանում, սակայն քո նկատմամբ ցույց տված այս բարեկամությունը սուտ է ու կեղծ, քանի որ նրա գաղտնի ուխտն ու խորհուրդը Հունաց թագավորի հետ է, և միշտ հրովարտակներով ու երթևեկ պատգամավորներով բանակցում է նրա հետ խաղաղության համար»։

Իսկ 490-ից հետո, հիշյալ պատմությունը գրելուց առնվազն 60 տարի առաջ (428 թ.) տեղի ունեցած անցքերի առնչությամբ նույն Փարպեցին Հայոց Արշակունի վերջին` Արտաշես Գ թագավորի հետ կապված իրադարձությունների մասին գրում է. «Արտաշեսը երիտասարդ էր ու իգամոլ և թագավորությունը վարում էր շատ անառակություններով: Իսկ Հայոց նախարարները, չկարողանալով հանդուրժել Արտաշես թագավորի զեղխ ու մոլեկան վարքը, միահամուռ հավաքվեցին Հայոց մեծ քահանայապետ սուրբ Սահակի մոտ, որ Պարթևաց տոհմից էր, որդին սուրբ Ներսեսի, և նրան ասացին. «Այլևս չենք կարող հանդուրժել թագավորի այսօրինակ պիղծ գործերը... Արդ` նախ, դու պարտավոր ես այդպիսի անտանելի աղետը վերացնելու հնար գտնել և մեջտեղից հանել այնպիսի ամբարիշտ թագավորին...»:

Այնուհետև պատմիչը հաղորդում է, որ կաթողիկոսը հրաժարվում է այդ կերպ համագործակցել դժգոհ նախարարների հետ` քաջ գիտակցելով, որ դա նշանակում է Հայոց պետականության վերջնական կորուստ, և առաջարկում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար խնդիրը միասին քննել:

«Մենք այդ վիճակից ոչ մի ելք կամ հնար չենք կարող գտնել, բացի Պարսից թագավորին բողոքելուց, որպեսզի նրան հեռացնի թագավորությունից...: Բայց խնդրում ենք քեզ այս խորհրդի մեջ միաբան լինել մեզ հետ»: Այնուհետև նախարարները քանիցս դիմում են Սահակին, մինչև իսկ սպառնում. «Դու չլսեցիր մեր խոսքը և մեր միաբանությունից քո անձը հեռացրիր: Իմացած եղիր, ինչպես մեր մտքներում դրել ենք, որ սա այլևս թագավոր չի լինի մեզ վրա, խոստանում ենք, որ դու էլ այդպես երկար քահանայապետ չես մնա մեր աշխարհի վրա»: Սա է, ըստ պատմիչի, նախարարների կտրուկ պատասխանը:

«Եվ այնուհետև միաբանված գնացին Պարսից արքունիքը, այնտեղ ներկայացան Վռամ արքային: Նրանց հետ էր նաև Սուրմակ անունով մի երեց Բզնունյաց գավառի Արծկե կոչվող գյուղից... ավագներից ոմանք նրան Հայոց աշխարհի կաթողիկոսության աթոռն էին խոստացել»:

Հետո էլ, ինչպես հաղորդում է Փարպեցին, թա‎գավորի առջև առերես հարցաքննության ժամանակ «Հայոց իշխաններն էլ իրենց թագավորի վրա բարդեցին բազում աղտեղաբանություններ ու անարժանության տեսակ-տեսակ մեղքեր... թշնամությամբ հավելվածով բարդում էին նրա վրա բազում վնասներ, որոնք թեպետ Արտաշեսն ուրանալով ասաց` այդպես չէ, լսողները չհավատացին, քանի որ որոշել էին միջից վերացնել Արշակունյաց տոհմի թագավորությունը: Մանավանդ, որ Արտաշեսին մեղադրողներից լսեց, թե «Բնավ ինչի՞ է պետք թագավորը, թող մի պարսիկ գա ժամանակով և մեզ վրա լինի վերակացու, որպեսզի մեզանից յուրաքանչյուրի հպատակությանն ու անհպատակությանը տեղյակ դառնալով հայտնի ձեզ»: Ապա հետևում է. «Եվ Վռամը, արքունի ավագանիով հանդերձ, այս լսելով` շատ ուրախացավ»։

Ինքնաբո՞ւխ էր արդյոք հայ նախարարների այդ քայլը, թե՞ պարսից արքունիքում էր նյութված դավադրությունը (ինչը, դատելով հետագա իրադարձություններից, ենթադրելի է), և գիտակցո՞ւմ էին նրանք, որ իրենց ձեռքով վերացնում են Հայոց թագավորությունը, թե՞ ոչ, հայտնի չէ, սակայն արդյունքը եղավ այն, որ «...Արտաշեսի վեցերորդ տարում վերացավ Արշակունյաց տոհմի թագավորությունը...: Հայոց իշխաններն էլ, Պարսից թագավորից ստանալով պատիվներ ու մեծարանքներ... այսպես հեռացան արքունիքից և եկան իրենց աշխարհը»»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ