Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Կանաչ, կարմիր աշխարհների հատույթում․․․»․ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ կրկին բեմում է․․․

 

Ես այս ներկայացումը նայելու գնում էի ներքին մեծ վախերով, անհանգստություններով, տագնապներով․ արդյոք հնարավո՞ր էր Հրանտ Մաթևոսյան Մեծի աներկրորդ այս գործը՝ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» կինոպատումը՝ գրված Ակսել Բակունց նուրբ, զգայուն, խորը անհատի «Միրհավ» պատմվածքի թեմաներով, գրված մաթևոսյանական անհորիզոն ծավալումներով, մաթևոսյանական անպարագիծ մտքի թռիչքներով, մաթևոսյանական լեզվի, բառի, բանի խայտանքով, նաև՝ գրված կինո երևույթի համար, կինոյի լեզվի երանգներով, բերել թատրոն, բարձրացնել թատերական բեմ, ու հեռու մնալ գավառական մեկնություններից, նահապետականության կաղապարումներից, մաթևոսյանական մտքի ձևախեղումներից, մաթևոսյանական հորիզոնների կործանումից, և զգալ ժամանակ խորքային հասկացության շերտերը։

Մաթևոսյանն ինքը շատ էր «գուրգուրացել» այս հրաշապատումը ստեղծելիս, ինքը գլուխգործոց էր սպասել ու սպասում իր բոլոր ստեղծագործություններին դիպչելիս, ինքն այդ գործը ստեղծել էր «իրենից վերացած», ստեղծել էր «առանց Բակունցի գիրքը բացելու», որովհետև ինքը մաթևոսյանական պատմություն էր ստեղծելու՝ սիրո, կորցրածի, հիշողության, ցավի, տառապանքի, ապրումի մաթևոսյանական պատմություն, բայց և՝  պատմություն «հողի գիտակի», պատմություն «հայ մշակ մարդու, որ ծապաններ է կապել, որ խաղող է արարել մեր դաժան հողի մեջ, դժվար խնձոր է աճեցրել, դժվար հաց է արել» և երևակվելու էր «հայ մարդու հավատարմությունը, բարոյականությունը, հավատարմությունը մեր շփերթ ու շփացող, անառակացող այս աշխարհում»:

«Այս կանաչ, կարմիր աշխարհը»-ով Մաթևոսյան Մեծն ուզել էր «․․․ծավալվող ու բացարձակվող անբարո այս աշխարհում» ուղղակի «կոնտր» գործ անել, «․․․ինչպես որ, ասենք, Քրիստոսին կռեցին ու կոփեցին բարոյական մարդիկ է՜ն գողության, շնության, դավաճանության բացարձակումների մեջ, որպես դրանց հակակշիռ:
Հարկավոր էր, ահա, հայ մարդուց ստեղծել այդպիսի մի հակակշիռ - ոչ թե աշխարհի արտացոլումը, այլ ուղղակի հենց աշխարհի դեմ»:

Որքան էլ ծանոթ էի «Մհեր Մկրտչյան» արտիստական նոր թատրոնին, բեմադրիչ Տաթևիկ Մելքոնյանի ճաշակին, թատերական մտածողությանը, թատրոնի ընկալումներին, էսթետիզմին, ի վերջո, այնուհանդերձ վախերս, անհանգստություններս ու տագնապներս կային, բայց ուզում եմ խորապես շնորհակալ լինել Տաթևիկ Մելքոնյանին` նախ շա՜տ խիզախորեն Հրանտ Մաթևոսյան Մեծին մոտենալու համար, ապա՝ շա՜տ զգուշորեն Հրանտ Մաթևոսյան Մեծին մոտենալու համար, հետո՝ Հրանտ Մաթևոսյան Մեծին թատերայնորեն զգալու, ընկալելու, ըմբռնելու համար։

Սոնան՝ Մաթևոսյանի Սոնան, որն, այո, նաև Բակունցի Սոնան է, որը գուցե նաև՝ Կոմիտասի Սոնան է, որը Սոնա յարն է, որը չունի տարիք, չունի հասակ, որը Սոնան է՝ թրթռո՜ւն, զգացական իր նո՜ւրբ աշխարհներով, մեծ սիրո իր խոցելի տրոփյուններով, իր կրքով, իր հախուռնությամբ, իր փայփայած զգացմունքի կրակով, իր մոլությամբ, իր տարփանքով, իր գտածով ու կորցրածով, ժամանակի հետ իր հակադրությամբ, իր կռվով, իր ընդվզումով, այնքա՜ն տեսանելի էր բեմում, այնքա՜ն իրական, այնքա՜ն շոշափելի, այնքա՜ն ճշմարիտ ու անխաբուսիկ՝ շնորհիվ, անշուշտ, Տաթևիկ Մելքոնյան բեմադրիչի նախևառաջ, բայց և երիտասարդ դերասանուհիներ Զոի Սահակյանի, Աննա Պետրոսյանի, Հասմիկ Գյոկչյանի, Լուսինե Հայրապետյանի։

Այո, ռեժիսորը բեմ էր բարձրացրել չորս Սոնաների միաժամանակ, որոնք այնքա՜ն մինյանց մեջ էին, այնքա՜ն միմյանցով, այնքա՜ն մեկը մյուսով, որ դժվար էր, անչա՜փ դժվար նրանց միմյանցից տարանջատելը, բայց և նրանք ապրում էին միմյանցից անջատ, ապրում էին իրենց կյանքի ու ժամանակի մեջ, իրենց տարիքի ու հասակի մեջ, իրենց ամենատարբեր ընկալումներով դեպի կյանքը, մարդը, սերը, ժամանակը։

Նրանք այնքա՜ն Սոնա էին իրենց կարմի՜ր-կարմիրների մեջ, այնքա՜ն կարմի՜ր- կարմիրների աշխարհում էին՝ իրենց կանաչ հեռուներից, կանաչ սարերից, արտերից ու դաշտերից եկող, իրենց կանաչ տարիների փայլուն աչքերով, վառվռուն, շողշողուն հայացքներով, նրբազգաց թելերի հյուսվածքներով՝ մեկ չարաճճի ու անհնազանդ, մեկ տարփանքի ավյունով լեցուն՝ տրված ու նվաղած, մեկ անհաշտ ու մռնչյունով ընդվզող։

Նրանք ապրում էին սիրո իրենց էակի հետ, իրենց սիրո հետ, բայց նրանք այն Սոնայի հավաքական կերպարն էին, որը մեծ սիրո իր կյանքի թևին էր, որն ուներ իր հիշողությունը, որն ուներ չհանձնվելու, չնահանջելու, անձնատուր չլինելու իր կամքը, աշխարհին իր տեսակի լինելության իրավունքը պարտադրելու հզորությունը, և այդ Սոնային շա՜տ դիպուկ կերտել էր Զոի Սահակյանը։ Նրա Սոնան թե տեսիլք էր, թե շա՜տ նյութեղեն ու հողեղեն, թե ցնորք էր, թե շա՜տ մարմնավոր ու երկրավոր, թե աննյութ էր, անիրական, թե շա՜տ իրական ու անպատրանք։ 

Դիլանն էլ, կարծում եմ, Մաթևոսյան Մեծի Դիլանն էր՝ «հայ մշակ մարդը, որ ծապաններ է կապել, որ խաղող է արարել մեր դաժան հողի մեջ, դժվար խնձոր է աճեցրել, դժվար հաց է արել» և այո, Դիլանի միջոցով ռեժիսորը երևակել էր «հայ մարդու հավատարմությունը, բարոյականությունը, հավատարմությունը մեր շփերթ ու շփացող, անառակացող այս աշխարհում»:

Երիտասարդ դերասան Գարիկ Առաքելյանը, որ կերտել էր Դիլանին, այն արել էր մաթևոսյանական Դիլանի ընկալմամբ։ Նրա Դիլանն էլ ընկճված, հանձնված, ճակատագրի հետ հաշտված, թույլ, անզոր, անօգնական Դիլանը չէր։ Նա կռիվ էր անում հողի հետ, քարի հետ, գնում էր իր հիշողության հորիզոնները, վերադառնում ու շարունակում էր կռիվը։ Նա կռիվ էր անում Սոնայի հետ, սիրում էր Սոնային, նվաճում, հանձնում, տառապում, հիշում, դեգերում տարբեր աշխարհներով, ու վերադառնում հողի, քարի իր կռվին՝ հիշողությունը, տվայտանքը, դրաման վերափոխելով ոչ թե խեղճության ու կոտրվածության, ոչ թե թշվառության ու անճարակության, ոչ թե անզորության ու անձեռնհասության, այլ ուժի, պայքարի, մաքառման, կռվի ու ոգորումի։

Անչափ դժվար է մաթևոսյանական այս մոտեցումները բարձրացնել բեմ, որովհետև բեմի հնարավորություններն, այնուհանդերձ, սահմանափակ են ի տարբերություն կինոյի, թատրոնի լեզուն, այնուհանդերձ, խորհրդանիշերի լեզու է, բայց Տաթևիկ Մելքոնյանին հրաշալիորեն հաջողվել է ոչ միայն մնալ մաթևոսյանական շատ նուրբ ընկալումների շերտերում, այլև շատ թատերայնորեն, բեմականության լավագույն լուծումներով վեր հանել այդ շերտերը։

Մաթևոսյանական ստեղծագործության, այս պարագայում՝ կինոստեղծագործության, թատերականացումը՝ բեմանկարչությամբ, լույսի, շարժումի, պլաստիկ լուծումների, ձայնի, երաժշտության ներգործության միջոցով անվերապահորեն կարելի է ասել, որ ստացվել է։ Որոշ դրվագներում նույնիսկ բացառապես բեմանկարչության, լույսի, շարժումի, պլաստիկ լուծումների, ձայնի, երաժշտության ներգործության միջոցով է ռեժիսորը «խոսեցնում» Հրանտ Մաթևոսյանին՝ ստեղծելով պատկերի, նույնիսկ՝ թվացյալ կինոպատկերի ու տեքստի շատ յուրօրինակ համադրություններ։ Նուրբ համադրություններ, որոնք անցնում են արվեստի զգայուն խորքերով ու կարծես շերտագրում են ասելիքի ծալքերը։

Շատ դժվար է, անշուշտ, նաև մաթևոսյանական տեքստի բեմավորումը։

Այս պարագայում ևս շատ նրբորեն ու ազնիվ է Տաթևիկ Մելքոնյանի մոտեցումը մաթևոսյանական ստեղծագործությանը, բավական հասուն է արտիստական կազմի մաթևոսյանական տեքստի բեմական խոսքը, եթե նկատի առնենք, որ արտիստական կազմում թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ-երրորդ կուրսերի ուսանողներն են։ Նրանք բավականաչափ մոտեցել են մաթևոսյանական տեքստին, անկեղծ են, առանց ավելորդ չափազանցումների ու գունավորումների։

Մաթևոյանական աշխարհը թափանցիկ է։ Թափանցիկ ու մաքուր, թափանցիկ ու անեղծ, թափանցիկ ու անաղարտ, ճիշտ այնպես, ինչպես այն ծնած բնությունը, ինչպես այն ծնած Աստված, ինչպես այն ծնած մարդը։ Մաքուր ու թափանցիկ է նաև Տաթևիկ Մելքոնյանի ստեղծած թատերական, բեմական աշխարհը, կանաչ ու կարմիր աշխարհը, անեղծ ու անաղարտ են երիտասարդները, որ անվախորեն, ազնվորեն ու նվիրումով մտել են մաթևոսյանական անպարփակ աշխարհի խորքերը։

Այդ աշխարհից գալիս են սիրո ու ցավի ձայներ, հիշողության ու հողի ձայներ, տառապանքի ու տարփանքի ձայներ, ափսոսանքի ու կորստի ձայներ, ընդվզումի ու պայքարի ձայներ, կռվի ու դիմադրության ձայներ, և այդ ձայները գնում, խառնվում են համամարդկային բոլոր այն ձայներին, որոնք մարդկային աշխարհի, մարդեղեն աշխարհի ձայներն են։ 

Կարողացե՞լ էր, արդյոք բեմադրիչը «Այս կանաչ, կարմիր աշխարհը»-ով «․․․ծավալվող ու բացարձակվող անբարո այս աշխարհում» ուղղակի «կոնտր» գործ անել, «․․․ինչպես որ, ասենք, Քրիստոսին կռեցին ու կոփեցին բարոյական մարդիկ է՜ն գողության, շնության, դավաճանության բացարձակումների մեջ, որպես դրանց հակակշիռ: Հարկավոր էր, ահա, հայ մարդուց ստեղծել այդպիսի մի հակակշիռ - ոչ թե աշխարհի արտացոլումը, այլ ուղղակի հենց աշխարհի դեմ»․ այնպես, ինչպես Մաթևոսյան Մեծն էր կամենում:

Կարծում եմ, այո։ Անշուշտ, «․․․ծավալվող ու բացարձակվող անբարո աշխարհն» էլ փոխվել է և այլ չափումների մեջ են թե ծավալումները, թե անբարո բացարձակումները, բայց թատրոնի բեմում հառնել է մի գործ, որը գնում, միանում է մաթևոսյանական «Գոմեշի» Նարինեգրիգորյանական ճեղքումին ու սեր է սփռում։

Սեր, որ պատնեշ է անբարո աշխարհի դեմ, սեր, առանց որի չի կարող գոյություն ունենալ Աստծո մարդը․․․

Հ․Գ․ Շնորհակալ եմ բացառիկ շնորհալի մարդիկ, արտիստներ Զոի Սահակյան, Գարիկ Առաքելյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան, սքանչելի զգեստների հեղինակ, նկարիչ Իվանա Կրչադինաց, պլաստիկ լուծումների հեղինակ Հայարփի Զուռնաչյան և, անշուշտ, տաղանդավոր մարդ Տաթևիկ Մելքոնյան։ 

       

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90