«Կայեն». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարմիր «Ժիգուլի» տաքսի էր, որ կայանել էր ավտոկայանի փեշին, եռուզեռից հեռու, իսկ վարորդը ստվերի տակ քաշված ծխում էր: Ծուխը մշուշել էր դեմքը, բայց կանգնած ձևից կարելի էր եզրակացնել, որ տարիքով, նախկինում գիրուկ տղամարդ է: Մուգ կաշվե բաճկոնի մեջ նրա կերպարանքը նման էր խանութի ցուցափեղկում մոռացված փքաբլիթի, որի արևահար կողմը սմքել ու չորացել էր, իսկ ուռուցիկ մասում դեռ մի քիչ փափկություն էր մնացել:
«Գոնե մի փափուկ հատված չունենա՞,- մտածեցի,- հո չի՞ չորանալու, մնա ղեկին կպած»,- և քայլերս ուղղեցի դեպի մոտակա սպասասրահը:
Վարորդը, որ բարեհաջող ապխտվում էր ծխի ամպերի մեջ ու երկարելու դեպքում շուտով իր փափուկ հատվածից էլ էր զրկվելու, թողեց ծխելը և, ծխախոտը դեն նետելով, շարժվեց դեպի ինձ:
«Ա՜յ հաջողությունը»,- ժպտացի ինքս ինձ՝ հիշելով դստերս խորհուրդը՝ անցած դարի տաքսիներից հեռու մնալ:
«Վերջապես ե՞րբ ես քո սովետական ըմբռնումներից հրաժարվելու»,- պատվիրել էր նա և հրահանգել չնստել հին մեքենա: «Նույն վճարն ես տալիս, գոնե հարմարավետ պայմաններում չլինե՞ս»,- ասել էր դուստրս՝ սովորեցնելով իրենց ծառայությունն առաջարկող հին տաքսիների վարորդներին կտրուկ ասել՝ շնորհակալություն ու ... թափահարել գլուխս:
Մենք երկար ծիծաղել էինք իր այս վարպետության դասի վրա, ու դուստրս հավատացել էր իմ ունակություններին: «Շատ առաջ կգնաս»,- ծափահարել էր նա իմ շերտավոր վարսերը օդում շաղ եկած տեսնելով և իր ձախ դաստակին կապած կարմիր թելի պես մի թել էլ իմ թևին էր կապել: « Հիմա էսպիսի թելեր Հոլիվուդի աստղերն էլ են կապում: Օգնում է, որ դրական էներգիաներ գան դեպի քեզ: Համ էլ բիլազուկ է, Անուշ ջան, չես կորչի»,- ասել էր չարաճճի ժպիտով ու խաչակնքել ճակատիս, կրծքիս, ապա ուսերիս ու ծիծաղից ուշաթափվելով ընկել գիրկս …
Պայմանավորված բառերը մտքումս կրկնելով ու ինքս ինձ հեգնելով՝ դիրքավորվում էի մերժման, երբ վարորդը սիրո խոստովանության պես ընդառաջ եկավ.
- Գիտեմ, որ իմ մեքենան արդեն հին է, բայց նոր եմ նորոգել, ու ես էլ … լավ վարորդ եմ, Ձեզ ապահով տեղ կհասցնեմ,- ասաց և ձեռքը շտապով պարզեց ինձ՝ վարորդական վկայականն ու տեխսպասարկման կտրոնը էլի մի քանի թղթի հետ ցույց տալով:
Անունը կարդացի ու… անմիջապես ճանաչեցի նրան՝ Կարենին. պիոներ պալատի խմբակի երբեմնի պարընկերոջս: Ինչքա՜ն էր փոխվել, Աստված իմ:
- Լավ: Որքա՞ն ժամանակից կշարժվենք,- հարցրի:
- Մի քիչ էլ սպասենք, եթե ուրիշ ուղևոր չգա, Ձեզ զուր չեմ սպասեցնի: Հա … Ու ավել գումար էլ ստիպված չեք լինի վճարել,-ասաց նա ու հեռացավ դիսպետչերի հետ պայմանավորվելու:
Այդ պահին հեռախոսս զնգաց. դստրիկս էր:
- Կասկած չունեմ՝ հիմա առոք-փառոք բազմել ես մի հնամաշ մեքենայի թիկնակի ու հեռախոսիդ մեջ կարգավորումներ ես անում,- մարգարեացավ նա:
- Կռահեցիր,- պատասխանեցի և ուզում էի ասել, որ մանկությանս ընկերն է վարորդը, երբ վերջինս բացեց դուռը ու նստելով տեղեկացրեց.
- Էլ եկող չկա, շարժվենք:
- Ես երկու ժամից կլինեմ տատիկի տանը, հիմա շարժվում ենք,- ասացի դստերս ու զանգն անջատելով՝ ի պատասխան նայեցի մեքենայի հայելուն:
Ես սովորականից ավելի խստացրի հայացքս, լռության պատնեշով փակվեցի և դստերս խոստացած առոք-փառոքությամբ հենվեցի նստարանին, մինչև մեքենան կհասներ Վանաձոր: Ու նամակ գրեցի. «Չես պատկերացնի. իսկապես սովետական մեքենայի մեջ եմ»:
Պատասխանը. «Ով էլ կասկածում էր»:
- «Բայց մենակ եմ. ուրիշ ուղևոր չկա»:
Ժպիտ, ապա տագնապի նշաններ. «Հիմա քեզ կբռնաբարեն և կգցեն մոտակա ձորը»:
- «Հիմար»:
- «Տես, եթե պետք լինի օգնությունս՝ զանգ ընկերոջը»,- դուստրս աննահանջ էր։
- «Լավ»,- մեքենան ցնցվեց մի պահ, ու ես մի կերպ հավաքեցի տառերը՝ շարժման ընթացքին հարմարված:
«Դու աչքիս նոր պատմվածք ես գրելու, հը՞, Ագաթա,- դեռ ճռվողում էր դուստրս:
- Էս անգա՞մ ինչի մասին ես գրելու, հը՞ն:
էդ ճամփան էլ չլիներ՝ տեսնես ինչո՞վ էր հարստանալու երկրագնդի արդի արձակը…»:
Մեքենան գնում էր վարժ ու ինքնավստահ: Այնպես թվաց, թե վարորդի ինքնավստահությունն էր փոխանցվել անիվներին: Թե՞ ճանապարհն էր հարթ. սակայն բավական ժամանակ ես ու դուստրս նամակագրվում էինք, ու եկող նամակների ծլնգոցները ճանճի բզզոցի պես լսելի էին դարձել լռության մեջ:
- Հավանաբար հիմա Ձեր ընտանիքի անդամներին տեղեկացնում եք, թե ինչ մեքենայով եք, ինչ համարանիշերով և երբ կհասնեք,- ժպտաց վարորդը՝ նայելով հայելուն:
Նա՝ մանկությանս ընկերը, որի հետ յոթ տարի ձեռք ձեռքի տված պարել ու համերգների էի մասնակցել: Ու որին չէի տեսել ավելի քան երեսուն տարի:
- Այո, չեք սխալվում,- պատասխանեցի՝ թեթևակի ժպտալով:
Հայելուց երևում էր բոլորովին ուրիշը: Դժվար էր պատկերացնել, որ այդ սմքող դեմքով կիսաերիտասարդը երբևէ մանուկ էր եղել: Աչքս ընկավ աջ ձեռքին, որով ղեկն էր պահում. բութ մատից մինչև ճկույթը ձգվող սպին պարզ նկատելի էր: Այն ժամանակ էր վաստակել դեռ,երբ մեր պարի խումբը նոր էր ձևավորվում. թաղամասի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում, որտեղ բնակիչների խնդրանքով մինի պիոներ պալատ էին բացել: Նոր տարվա հանդես էր. բոլորը հագնվել էին տոնական, փայլփլուն ժապավեններ լցրել իրենց վրա ու սրտատրոփ սպասում էին, թե ե՞րբ պիտի անջատվեն լույսերը, որ մոմերով հրավառություն սկսվի: Երբ լույսերը հանգան, Կարենի մայրը բարձր բղավեց. Կարենն ընկել էր ու գլուխը հարվածել պատի տակով ձգվող երկաթե ձողին, իսկ ձեռքից առատորեն արյուն էր հոսում:
Կարենի փոքր եղբայրը աղիողորմ ճչում էր, ու մայրիկները չգիտես որտեղից գտան Ձմեռ պապիկին, որը հաշված վայրկյաններում եկավ ու պարկի բոլոր կոնֆետները նվիրեց նրան:
Կարենը ձայն չէր հանում, հերոսաբար դիմանում էր ցավին, մինչև բուժքույրը ձեռքին վիրակապ դրեց՝ սպիտակ հսկա կաղամբի մեծությամբ, իսկ եղբորն էլ հավատացրին, թե կաղամբի մեջ Ձմեռ պապը կոնֆետներ է պահել Կարենի համար:
Ներկայացումն այնքան հավաստի էր, որ երեխաներից շատերն այդպես էլ գլխի չընկան, թե ինչ կատարվեց: Միայն ես էի լուռ. Կարենն իմ զույգն էր պարի ժամանակ, և ես հասկանում էի, որ նրա ձեռքը չի կարելի ամուր բռնել:
Իսկ եթե շարժման ժամանակ պատահաբար սեղմում էի, Կարենը կատակում էր, որ զգույշ լինեմ, և կոնֆետները ժամանակից շուտ չթափվեն: Ու ես սարսափում էի, թե այդ ի՞նչ շոկոլադներ են դուրս գալու թանզիֆի շերտերի տակից։ Ու մտովի կասեցնում էի նրանց սոսկալի ծնունդը՝ կարմի՜ր-կարմիր, Կարենի արյան պես...
- Կայե՜ն… ,- արցունքի տակից եղբորն էր նայում փոքրիկն ու հրճվանքով բացում անհրապույր կոնֆետները, որոնցից, ինչպես իմ դստրիկը կնկատեր, սովետական անճարակության հոտ էր գալիս…
Կարենն այդ օրվանից Կայեն էր: Բոլորիս համար: Դո՞ւր գար իրեն, թե՞ ոչ: Ի՜նչ իմանայինք: Թե ինչ սարսափելի ենթիմաստ ուներ այդ անունը աստվածաշնչյան պատմության մեջ, ու ինչ ընթացք կարող էր թողնել նրա ճակատագրի վրա:
Կամ արդյո՞ք թողնելու էր...
Մենք տարիներ շարունակ բռնելու էինք միմյանց ձեռքից՝ ակամա վկան դառնալով, թե ոնց են տրոփելու կյանքի անոթները մեր հասունացող սրտերի տակ: Թե ո՞նց է տղաների շրթունքներին բուսածածկույթ հայտնվելու, ու ի՞նչ անուններ են ծաղիկների պես նստելու դրանց թաքուն տենչանքներին: Եվ ի՞նչ զարմանալի համբերությամբ է ինքը հանդուրժելու դեռահասությունից շոգող մեր քրտնածափերը, երբ բեմի վրա ապրելու էինք իսկական կյանք:
Թերևս, ամենաիսկականը՝ մեր հիշողության համար: Բայց չգիտեինք, թե ինչքան օտար ենք դառնալուտարիներ անց, երբ այլևս ոչ խումբը, ոչ պիոներ պալատը, ոչ էլ պարը չէին լինելու առաջնային հարցերը մեզ համար…
- Կայենը մեռնի քեզ, հասնում եմ,- Կարենի՝ հեռախոսին փոխանցված ձայնը ընդհատեց իմ վայրկենական ինքնամոռացումը, որ ակնթարթների հաջորդականությամբ շարվել էր աչքիս առաջ:
- Եղբորս թոռն է. րոպեներն է հաշվում, թե երբ եմ աշխատանքից տուն գնալու,- հայելու մեջ ասաց նա ինձ:
Կիսաժպտացի: Ես պարտական էի հայելուն, որ չէր փոխանցում իմ հուզմունքը: Ամեն անգամ եմ ալեկոծվում, երբ ձայն եմ լսում մանկությունից: Թող որ հեռվից, շշուկով ու անհասանելի, բայց նա դեմ է առնում կոկորդիս, ու բառերս կուլ են գնում:
Ահագին ճանապարհ էինք անցել: Իրար հաջորդող գյուղերի շարքը գնալով ուժգնացնում էր սրտիս տրոփը: Գեղարոտ գյուղի մոտ ես հայացքս երկար պահել էի գերեզմանատուն տանող սարալանջին, որտեղ հայրս է… Ոտքով բացված կածանն անցնում է սրտիս միջով, ու ես ամեն անգամ մտովի բացում եմ գերեզմանի ցանկապատի դռնակը, մտնում ներս ու շոյում հորս տան հատակը: Ես երևի ավելի հաճախ եմ անցնում այդ ճանապարհով, քան մեռելոցի օրերին մտերիմներին այցի գնացողները: Սակայն ոչի՜նչ չի լցնում իմ սիրտը: Որովհետև վաղուց արդեն լիքն է լինում, երբ հասնում եմ գյուղի փեշին ու չհասնելով տան տանիքին՝ հեռանում…
Կարենը մեքենան լավ է վարում. մտովի գնահատեցի՝ հասկանալով, թե ինչո՞ւ հոգիս բերնեբերան լցրած խռովքը սկսեց հանդարտվել աստիճանաբար:
- Ես ընտանիք չունեմ. իմ ընտանիքը եղբորս ընտանիքն է,- հետաքրքրասիրությունիցս առաջ ընկնելով՝ ասաց Կարենը:
- Եղբայրս զոհվել է Ղարաբաղի պատերազմում 94-ին։ Նրա մի տարեկան որդուն ես եմ պահել: Կինը տարիներ առաջ մահացավ քաղցկեղից: Ռուսաստանում էի, թողեցի բոլոր գործերս ու եկա, որ երեխուն ոտքի կանգնեցնեմ… Եղբայրս շատ էր ուզում, որ ես շատ որդիներ ունենամ: Հիմա խնդրել եմ իր որդուն, որ հոր երազանքը գոնե իրենք իրականացնեն…
Զարմանալի ընկերականություն կար Կարենի ձայնի մեջ. նա չգիտեր, որ իրեն ճանաչել եմ, բայց ասես հարյուր տարվա մտերիմ մարդու հետ զրուցելիս լիներ: Նրա այդ տոնը ինձ դուր էր գալիս, ես չէի ջղաձգվում անծանոթ ու քաղքենի կնոջ պարտադրված պահվածքով, և ասես հավերժական զրուցակիցներ լինեինք, որ ընդամենը մի պահ կորցրել էին միմյանց՝ մի բաժակ ջրի ետևից գնալով։
Սպիտակ քաղաքի ոլորանների բկին կակաչների դաշտ էր ծաղկել: Կարենը մոտակա աղբյուրի մոտ խնդրեց մի քանի րոպե կանգ առնել.
- Ծխող եմ, քույրիկ, քո թույլտվությամբ,- ասաց:
Ես նորից կիսաժպտացի: Առաջին անգամ զգացի, որ Կարենի աչքերում կյանքը կանգ է առել: Տարօրինակ զգացում ինձ պատեց: Նա դուրս եկավ, ու նկատեցի, որ կաղում էր: Ընդգծված թեքություն ուներ քայլվածքը, որ չգիտեմ ինչու թվաց՝ ցավ է պատճառում նրան ամեն քայլափոխին:
«Ո՞նց ես»,- դստրիկիս հերթական ճռվողյունն էր. «Ձորում չես, չէ՞. Անո՜ւշ, պատասխանիր, թե չէ ետևիցդ ուղղաթիռ ենք ուղարկում»:
«Լավ եմ. ձորն անցնում ենք, շուտով կմոտենանք Սպիտակին», - գրում էի, երբ տեսա, թե Կարենը ոնց է դաշտ մտել ու կակաչներ է փնջում. կոկոն-կոկոն, ալ կարմիր, կանաչ հասկերի համադրությամբ: Հրաշք էր:
«Կնվիրի հարսին, կեցցե…»,- մտածեցի ու բաց պատուհանից վայելում էի երկնքից կաթող բույրերը, որ արևի հետ գալիս էին ներս: Նկատեցի, թե ինչ կոկիկ ու մաքուր էր «սովետական» սրահը. դստերս մոտ այն արդարացնելու մանրամասներ էի մտապահում: Կարևոր չէ՝ ինչ ունես դու, այլ՝թե ինչպես ես վերաբերվում այդ ամենին. փիլիսոփայում էի մտքումս:
Շուտով Կարենը կակաչները ձեռքին վերադարձավ, ու մենք անխոս շարունակեցինք ճանապարհը:
Կարենն այն ժամանակ էլ քչախոս էր, հիմա էլ ավելի զուսպ էր դարձել: Ես այնպես ուզում էի, որ նա էլի խոսի, պատմի մորից, եղբոր տղայից, աշխարհից, փորձառու տաքսիստների պես պարծենա, թե ինչ արագության տակ կարող է անցնել Կազբեկի լեռնաշղթան:
Ու թե Շումախերից անձամբ ինչքան հրավերներ է ստացել միջազգային ավտոարշավներին մասնակցելու համար: Սակայն նա լուռ էր և ուշադիր հետևում էր ճանապարհին:
Դիմացից եկող մեքենաները թվում էին դաշտերից մոլորվելով դուրս պրծած գույնզգույն թիթեռներ, որ դիպչելով հանդիպակաց քամուն՝ անհետանում էին վայրկենապես:
Դստերս նամակներն էին ընդհատում լռությունը: Աչքս երբեմն ընկնում էր ձեռքիս կարմիր թելին, ու ես հազիվ էի թաքցնում ժպիտս, թե դրա զորությունից էր, որ այդքան դրական էր զգացողությունս ճանապարհին:
Կարենին նորից զանգեցին:
- Կայենը ցավդ տանի՜, հասնում եմ,- այլևս պետք չէր ասել, թե ով էր զանգողը: Կարենի աչքերը փայլեցին, ու մեքենայի մեջ ասես լույսեր վառվեցին:
- Եղբորս անունն ենք տվել՝ Արսեն,- ասաց նա հայելու մեջ:
Ի՜նչ իմանար, թե ես գիտեի: Որ հիշում էի թե իրենց մորը՝տիկին Լաուրային, թե Արսենին, որի հրճվանքը աչքերիս առաջ էր, երբ բացում էր կոնֆետները այն Ամանորի երեկոյին: Փոքրիկ, սիրտը տեղն ընկած Արսենը, որին…սպանել էր ազերու գնդակը…
Օդը ծանրանում էր, լավ էր՝ Կարենը շարունակեց խոսել:
- Ես էլ եմ մասնակցել պատերազմին. սահմանին էի հենց. 95 թվականն էր: Հրադադար էին իբր հայտարարել…Էդ շան տղեքը կատաղել էին՝ հասկանալով, որ այլևս Արցախի երեսը չեն տեսնելու … Գիշերվա կեսին տանկերով հարձակվեցին … Ոտքս վիրավորվեց, մի կերպ փրկվեցի: Զորացրեցին: Մեկնեցի Մոսկվա, կաղ ոտքով ի՞նչ կարող էի անել հսկա քաղաքում. սովորեցի տաքսի քշել: Բայց տարածքը, որտեղ հիմնական երթևեկս էր, պարզվեց՝ մի թուրք քրեականի հսկողության տակ էր. ուշ էի իմացել, «նալոգները» չէի մուծել, շքամուտքում հարձակվեցին, դանակահարեցին, մի երիկամիցս զրկվեցի … Հարզատներիցս ոչ մեկին իմաց չարեցի, ընկերներս էին կողքիս: Մորս… խնայեցի: Եղբայրս նոր էր զոհվել …
Դիմապակու վրա հատ ու կենտ կաթիլներ հայտնվեցին: Հասել էինք Վանաձոր, հազիվ երևացող Տարոն թաղամասի գունատ շենքերը մգվել էին սկսվող անձրևից:
Միևնույն է՝ հրաշալի է, որ Կարենն անցել ու հաղթահարել է այդ ամենը. մտածում էի, ու առաջին անգամ տխրալի պատմությունից հետո արտասվելու ցանկություն չունեի:
Կարենի կողքին դրված կակաչները բացել էին գլխիկները, ու արևային ծաղկափոշին անձրևի ներս լցվող հոտի ու զեփյուռի հետ մանկության հիշողություններ էր նկարում օդի մեջ:
Ես չէի ասել, թե քաղաքի որ հատված եմ գնալու, բայց նա ղեկը վստահ պահած՝ շարժվեց Երրորդ մաս կոչվող թաղամասի փողոցով ու անցնելով բարալիկ կամրջով, հասավ հին եկեղեցուն:
- Ամեն անգամ, եթե ճանապարհս հարմար է լինում, անպայման ուզում եմ ուղևորներիս այս տարածքով տանել. այստեղ օրհնանք շատ կա, երազանք ու սպասում: Էնքան մարդ է այս տարածքում սիրտը շաղ տվել անցորդների ոտքերի տակ՝ որպես մատաղ՝ նպատակների իրականացման համար…
Հնաբույր գմբեթը հազիվ թրջվել էր անձրևից. նրա գլխաբաց խաչը շշնջում էր ամպերի հետ, շշուկները ցողում մոտակա սարալանջերին, որտեղ ծաղիկների կոկոններ էին արթնանալու՝ աստղագլխիկ մանուշակների աչքերով: Եկեղեցու կանաչազարդ պուրակը նիրհի մեջ էր. քնած քարեր կան նրա գրկում, ու քամին թփերի խնկաթաթախ արցունքը լցնում էր նրանց երազների վրա:
Ես խաչակնքեցի, երբ մեքենան անցավ հնամյա շենքի կողքով ու բռնեց դեպի Դիմաց տանող ճանապարհը:
Հավանաբար սպասում էր իմ ցուցումներին, բայց ես ձայն չէի հանում. կնշանակի՝ճիշտ է գնում. Կարենի փոխարեն ենթադրում էի ես: Երբեմնի Կուրղինյան փողոցը տնքում էր անձրևից կուչ եկած տատիկի պես: Այստեղ ամեն ինչ և առաջվանն է, և ոչ: Հին տներ կան, որ վաղուց բնակիչ չունեն, ու քայքայվում են հոդատապի ցավերից՝ ծուռ մռտիկ պատերը հանձնած ճակատագրին:
Նոր տներն էլ մնացել են մեծահասակների և ջղային, ամուսիններին խոպան ուղարկած երիտասարդ կանանց ուսերին: Ու կքած են թվում ճամփեզրի շարքերը…
- Ինձ երկու ամսվա կյանք է մնացել …,- անսպասելիորեն լռությունը խախտեց Կարենը:
- Էս մեն-միակ երիկամիս մեջ ուռուցք են հայտնաբերել, ու բժիշկներն ասում են՝ հաշված են օրերս…
Ես քարացա լսածիցս:
- Եղբորս տղան, հարսս, թոռս, ոչ մեկը չգիտի, որ ինձ փրկվել չկա… Նրանք կարծում են՝ բժիշկները կհեռացնեն հիվանդ երիկամս, ու ես կապրեմ… մյուսով… Բայց ես արդեն հետաքրքրվել եմ Գերմանիայում բնակվող ընկերներիս միջոցով ու պայմանագիր եմ կապել դոնոր փնտրող մի կազմակերպության հետ… Սիրտս լրիվ առողջ է. կմեկնեմ Գերմանիա՝ իբր թե երիկամս հեռացնելու, բայց… կհեռացնեն սիրտս ու կփոխանցեն մի տառապյալի, որը տարիներով փնտրել է հենց իմ սրտից …, - Կարենը հատիկ-հատիկ էր խոսում… Տղամարդիկ երբեմն այդպես են արտասվում…
- Կազմակերպությունը սրտիս համար վճարելու է հիսուն հազար դոլար, որից քսանը ընկերներս օգտագործելու են թաղմանս ու մնացած ծախսերը հոգալուհամար, իսկ երեսուն հազարը կուղարկեն եղբորս ընտանիքին: Նրանց կասեն, որ… իմ սիրտը… չի դիմացել նարկոզին ու… ես մնացել եմ վիրահատական սեղանին… Ինձ կբերեն Հայաստան ու կթաղեն եղբորս ու մորս կողքին, եկեղեցու մոտի գերեզմանոցում…,- ցածրաձայն, ասես ինքն իրեն խոսում էր Կարենը…
Նա լցվում էր Վանաձորի անձրևի մեջ ու հատիկ-հատիկ հոսում, հոսում… գետի պես, որ ցամաքելու էր շուտով…
- Ինձ փոքրուց Կայեն են ասել… Ամենից մեծ ցնցումս կյանքում այն պահն է եղել, երբ մի հավատացյալ կին մեր բակում մի օր կանգնեցրեց ինձ ու ասաց. «Տղա ջան, բայց դու գիտե՞ս՝ Կայենն ով ա եղել»: Հարցրի՝ո՞վ: Պատասխանը երկու բառ էր, որ շրջեց իմ աշխարհը. «Ե՜ղբորը սպանողը…» … Ես քանի օր տնից փախա, չէի ուզում ոչ մեկի երեսը տեսնել: Ամենից շատ մորիցս էի խռովել, որ ուրախ-ուրախ ինձ Կայեն էր անվանում՝ եղբորս թոթովանքը կրկնելով: Ես պատրաստ էի սպանել բոլորին, ով ինձ Կայեն կասեր. գազանի պես մռնչում էի՝ գլուխս պատերին տալով… Կարող է և՝ գժվել էի …
Աստվա՞ծ. միթե Նրա մեղքով չէր, որԿայենն էդպես գազազել էր ու սպանեց եղբորը… Հավանե՜լ Իրեն ընծայաբերված՝ մի եղբոր նվերը, մյուսինը՝մերժել… Հե՜շտ էր կարծել Աստված իր որդիներին… Ես տնից հեռացա վերջնականապես: Տասնվեց տարեկան էի ու գնացի ապրելու տատիս տանը: Սակայն… սկսվեց պատերազմը, երկրաշարժը եղավ… Մնացած փոփոխությունները… Տնեցիք իմ կարիքը շատ ունեին. ետ եկա: Հանդարտվել էի, մտածում էի՝ ողջ ու առողջ լինենք, անունները ի՞նչ կարևոր են մարդու կյանքում: Էնքա՜ն եղբայրներ կան, որ մեռած են միմյանց համար՝ տարիներով խռով լինելով ու միմյանց մահ ուզելով: Անո՞ւնն է, որ պիտի եղբորը եղբայր դարձնի, կյանքին էլ բովանդակություն տա…
Մեր տան բակում հորեղբայրս ժամանակավոր մի տնակ էր կառուցել, մինչ օրս էդ տնակում են մերոնք ապրում… Իմ սրտի փողով, վերջապես, տուն կառնեն…
Հասել էինք խաչմերուկին: Ուզում էի ասել, որ թեքվի դեպի աջ, երբ նա առանց հարցնելու թեքվեց: Զարմացել էի: Սակայն լսածովս այնքան էի տարված, որ բառ չասացի: Կարենը մեքենան սահուն տարավ ու կանգնեցրեց մորս շենքի բակում, հենց շքամուտքի մոտ:
- Մեր կյանքը արժեք չունի, երբ ապրում ենք, ուրեմն … ինչո՞ւ այն թանկ չվաճառել մահին, երբ… մեռնում ենք…,- ասաց ու շրջվեց:
Նա անսպասելի ձեռքն առավ կակաչների փունջը և մեկնեց ինձ.
- Սա՝ քեզ, Անուշ, քույր… Մի՛ մերժիր, ընդունիր որպես ... գնացող մարդու խնդրանք,- վերջին բառերը նա ասաց շարժիչը միացրած ... Ու գնաց…
Կայեեեեեեե՜ն…
Երկինքը դողաց... Բակի ծառերը հևացին ինչպես մանկությանս օրերին, երբ երկնքի կուրծքը դուրս էր թռչում տեղից՝ որոտալու պատրաստ:
Ամպերի հսկա թփերը ամբողջ օրը հիշեցնում էին Կարենի երբեմնի վիրակապված ձեռքը, որը ես վախենում էի սեղմել: Որովհետև այնպե՜ս չէի ուզում, որ ժամանակից շուտ շոկոլադներ թափվեն նրա դողդոջուն թերթերից. վերքից հոսող իր արյան պես՝ կարմի՜ր-կարմիր…
Անուշ Սարգսյան