«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Կենսահաստատման ԵՐԿԻՐ»-ը

 

«Հայաստանը կարող ենք անվանել Կենսահաստատման երկիր (Land of Vitality)։ Մի երկիր, որտեղ ապրող ժողովուրդն իր անցյալն անընդհատ ենթարկում է քննադատական վերլուծության: 

Հայաստանը մի երկիր է, ուր ծնված լինելը երջանկություն է։ Մի երկիր է, որտեղ անցյալի հասարակական բոլոր իշխող մոդելները ցուցադրել են իրենց անկենսունակությունը, իսկ մարդիկ, որոնք չեն հեռանում այս տարածքից և արդեն կես դար է, ինչ կառուցում են իրենց հանրապետությունը՝ համոզված են, որ կարելի է գտնել համակեցության մի այնպիսի մոդել, որն ամենահամարժեքը կլինի՝ կյանքը գնահատողների համար»:

Սա մի հատված է Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված «Կենսահաստատման երկիր» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսի համար հրատարակված կատալոգի տեքստից: Ցուցահանդեսը, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել է ART PR ընկերությունը, նախ սեպտեմբերին ցուցադրվեց Երևանում՝ Հարություն Կալենցի տուն-թանգարանում, այնուհետև հոկտեմբերին հյուրընկալվեց Գյումրիում՝ «Ստիլ» ցուցասրահում, իսկ այս պահին ցուցադրվում է Վանաձորի Կերպարվեստի թանգարանում: 

«Նախագիծը լավագույնս է ներկայացնում հայկական մոդեռնիզմի ընթացքը։ Մեզ համար, որպես կազմակերպիչների, Անկախության 25-ամյակը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ հանրայնացնելու այն ժամանակակից մշակույթը, որի կրողներն ենք բոլորս »,-նշում է «ART PR» ընկերության տնօրեն՝ Գայանե Դավթյանը։

Ցուցահանդեսի բացառիկությունը նրանում է, որ ներկայացված 43 ժամանակակից արվեստագետներն իրենց գործերը ստեղծել են հենց այս ցուցահանդեսի համար, իսկ իսկ արվեստագետների թվում են հայկական մոդեռն արվեստը ներկայացնող տարբեր սերունդների այնպիսի անուններ, ինչպիսիք են Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Կամսարը, Ճալան, Սարգիս Համալբաշյանը, Նարեկ Ավետիսյանը, Դիանա Հակոբյանը, Գրիգոր Խաչատրյանը, Աշոտ Հարությունյանը, Արարատ Սարգսյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Վահագն Ղուկասյանը և այլոք:  

Ստորև ներկայացնում ենք ցուցահանդեսի կատալոգի տեքստն ամբողջությամբ, որը հեղինակել է ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Արման Գրիգորյանը: Այն ծավալուն և ամբողջական մի անդրադարձ է մոդեռն արվեստին, գոյություն ունեցող փիլիսոփայություններին, մոտեցումներին , և որոշակիորեն կարելի է նաև քաղաքագիտական վերլուծություն համարել, քանի որ ինչպես Արման Գրիգորյանն է նշում, ժամանակակից արվեստը նաև «քաղաքական արվեստ է, որովհետև արվեստագետը և՛մասնակիցն է, և՛ միջոցների ստեղծողն է՝ քաղաքական պայքարի համար։ Սա հին՝ հիերարխիկ արվեստի պատկերացումները կրողների համար դիտվում է, իբրև ժամանակավոր արվեստ, որովհետև ըստ նրանց՝ այսօր քաղաքական իշխանություններն արագ փոփոխվելու միտում ունեն, հետևաբար ենթադրվում է,  որ քաղաքական, նույնն է թե՝ կենսահաստատող մշակույթի համար պայքարող արվեստը նույնպես արագ փոփոխվող է»:

 

ԱրմանԳրիգորյան

Արվեստագետ

Ցուցահանդեսի համադրող

Սեպտեմբեր-2016թ.

 

«Կենսահաստատման երկիր» ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, որը և հրաշալի առիթ է Մոդեռնիզմի մասին խոսելու համար: «Կենսահաստատման երկիր» նախագիծը ձեւավորվել է հետևյալ սկզբուքով. ներկայացված են վերջին ամիսներին ստեղծված աշխատանքներ, որոնց հեղինակները Հայաստանում ապրող արվեստագետներ են: Արվեստագետներ, որոնց ստեղծագործությունները համակողմանիորեն իմաստավորում են հայկական ժողովրդավարության և արվեստի փոխառնչություններն այսօր՝անկախՀայաստանում:

Հայկական ժամանակակից արվեստն իր մեջ կրում է ոչ միայն իր սեփական կամ հասարակության պատմությունը, այսպես ասած՝անցյալի հետքերը, այլև կանխազգում է ապագան, առաջընթացի կամ փակուղու հնարավորությունը, ավելին՝ կրելով անցյալի հետքերն ու կանխազգալով ապագան, ինչ-որ առումով ներկայացնում է նաև հավերժության խորհուրդը:

20-րդ դարի առաջին գենոցիդը վերապրած ժողովուրդն ընդամենը մի քանի տարի հետո ստեղծեց իր ազգային պետությունը ու էլի մի քանի տարի անց մեծ ոգևորությամբ մասնակիցը դարձավ համարձակ և հանդուգն մի նախագծի, որը հայտնի է իբրև աշխարհում առաջին կոմունիստական հասարակության կառուցման փորձ:

1991 թվականից Հայաստանը ազատ և անկախ պետություն է, որ դիմակայելով ամեն տեսակի ռազմական, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի շարունակում է լավատեսորեն շարժվել դեպի մեր երազած հանրապետությունը:

Հասկանալու համար «Կենսահաստատման երկիր» նախագծի ողջ հղացքը, անհրաժեշտ է այն դիտարկել հայկական մոդեռնիզմի զարգացման պատմության համատեքստում, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ ցուցահանդեսի կատալոգի նախաբանը նվիրվի մոդեռնիզմի պատմությանը, այլ ոչ թե ներկայացված աշխատանքների վերլուծությանը։

Մոդեռն դարաշրջանը դա ազգային պետությունների ձևավորման ժամանակաշրջանն է: Միջնադարյան տնտեսական, քաղաքական հարաբերությունները և կառավարող կառույցները դանդաղ, բայց անշեղորեն զիջում են իրենց դիրքերը ազգային-պետական հաստատություներին ու ապրող կյանքին ներհատուկ օրինաչափություններ փնտրող առաջադեմ գաղափարներին: Մեզանում այս պրոցեսը սկիզբ է առնում 18-19-րդ դարերում, երբ պատմական Հայաստանի տարածքը բաժանված էր երեք միսիոներական կայսրությունների միջև՝ցարական Ռուսաստան, Օսմանյան իմպերիա եւշահական Պարսկաստան, որոնցից յուրաքանչյուրը թեպետ պատկանում էր Աբրահմայան կրոնի (համապատասխանաբար՝ուղղափառ քրիստոնեական, սյունի իսլամ ու շիա իսլամ), սակայն անհաշտ ու ագրեսիվ պայքարի մեջ էր իր ինքնատիպ կրոնա-միստիկական գաղափարախոսությունը մյուսների վրա տարածելու հարցում:

Մեր Առաքելական եկեղեցին նույնպես լինելով Աբրահամյան կրոններից մեկը, այնուամենայնիվ հավասարապես կարողանում էր հեռավորություն պահպանել հակամարտող կայսերական կրոններից և այդ առումով է, որ կարող ենք մեր եկեղեցու դերն իբրև ազգային կամ ազգապահպան համարել: Ինչ խոսք, դավանաբանական տարբերության առավելությունը, որ ընձեռում էր մեզ մեր եկեղեցին, ուներ նաև բացասական կողմ, որովհետև էթնիկ հայերը, եթե փոխում էին իրենց կրոնը, իսկ դա միսիոներական կայսրություններում կարիերա, դիրք և առաջխաղացում ունենալու համար հաճախ նախապայման էր հանդիսանում, ապա նրանք դադարում էին նաև իբև հայ ընկալվելուց:

Այս ամբողջ դիսկուրսը վերաբերում է միջնադարին: Հարկ է նշել, որ «միջնադար» տերմինը կիրառելի է միայն Աբրահամյան կրոնների իշխանության ժամանակաշրջանը բնորոշելու համար: Այլ կրոնների օրենքներով կառավարվող ազգությունները, ցեղերը, պետությունները, ասենք, օրինակ՝աֆրիկյան, հեռավորարևելյան կամ ամերիկյան մայրցամաքներում «միջնադար» տերմինով բնորոշելը կոռեկտ չէ: 

Մոդեռնն, իբրև ազգային գաղափարախոսություն փորձում էր և մինչ այժմ էլ դա է անում, հաղթահարել հենց Աբրահամյան կրոններից առաջացած դասակարգային անհավասարության ազդեցությունը հանրապետությունների վրա՝առաջնորդվելով գիտա-տեխնիկական առաջընթացի միջոցով ձեռք բերված գիտելիքի ընձեռած հնարավորություններով: Չի բացառվում, որ որոշ Աբրահամյան կրոններ կարողանում են գիտության հետ համահունչ ռեֆորմացնել նաև իրենց օրենսդրությունները, սակայն կոնկրետ մեզ համար, Մոդեռնիզմն ավելի շուտ կապվում է Ֆրանսիական հեղափոխության ռադիկալ հակակլերիկանության հետ և այն ինչ մենք անվանում ենք՝ Լուսավորչականություն։

Մեր փորձից ելնելով՝ Մոդեռնիզմն ասոցացնում ենք քաղաքացիական հասարակության, աշխարիկ իշխանության և աթեիզմի հետ: Կարևոր է նշել, որ մոդեռնիստական արվեստը հաճախ կրոնա-միստիկական հիմքեր ունի, միտված է միջնադարյան եկեղեցին ռեֆորմացնելուն և երբեմն նույնիսկ հակադրվում է աթեիստական գիտական առաջադիմությանը:

Ինչևէ, մեզանում մոդեռնիստական կերպարվեստը, սկզբնավորվելով Ռուսական կայսրության սահմաններում, տարբեր ինտենսիվությամբ շարունակվել է Առաջին Հանրապետության, Խորհրդային Հանրապետության և վերստին անկախ Հայաստանի Հանրապետության շրջաններում: Սա ազգային ոճի ստեղծման մի յուրօրինակ ընթացք է, որը կարելի է նաև համարել քաղաքական պրոցեսների վառ արտահայտություն: Հանրապետության գաղափարը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կառավարում, ոչ թե իրեն են կառավարում:

Ժամանակակից արվեստի գոյությունը և գնահատվածությունը, յուրաքանչյուր պետության համար՝ հանրության կողմից իշխանություն ունենալու ցուցանիշն է:

Սկզբնական շրջանը բնորոշելու համար ուզում եմ հիշեցնել, որ ցարական կայսրությունում Հարավային Կովկասի մայրաքաղաքը, ուր նստում էր փոխարքան՝ Թիֆլիսն էր, հետևաբար մշակութային և քաղաքական հիմնական պրոցեսներն այնտեղ էին ընթանում: Իսկ ի՞նչ անցյալ ուներ այս քաղաքը։ Պարսկական կայսրության, կոնկրետ Ղաջարական շահերի դիանաստիայի ազդեցությունն այնտեղ հսկայական էր։

Հանուն արդարության, նշենք որ Ղաջարական դինաստիան նույնպես փորձում էր մոդեռնիստ լինել և եթե ռազմական, հասարակական և քաղաքական հարցերում մեծ դիմադրության էր արժանանում, ապա մշակույթի ոլորտում, հատկապես կերպարվեստում, ստեղծեց բավական ինքնատիպ մի ոճ, որ աշխարին հայտնի է իբրև Ղաջարական գեղանկարչություն: Եվ ուրեմն, այս ոճի ազդեցությամբ էին աշխատում նաև մեր հայ առաջին գեղանկարիչները:

Հաջորդ, արդեն զուտ ռուսական մոդեռնիզմի ազդեցությունը դա Նաիվ նկարչության խրախուսումն էր կովկասյան ազգերի մոտ, որն ինտենսիվորեն իրականացնում էին կայսրության գլխավոր մայրաքաղաքներից ժամանած ռուս արվեստագետները: Նրանք հիացած էին Արևելքի պարզունակությամբ (պրիմիտիվությամբ) և փնտրում էին ակադեմիական կրթությամբ չխեղաթյուրված բնիկների արվեստ:

Հիմա, որպեսզի հասկանանք, թե ինչու էր մոդեռնիստներին հետաքրքրում Նաիվ կամ Բնական արվեստը, պետք է անդրադառնանք ամենաէական գործողությանը, որը անում է Մոդեռնիզմը. կասկածի տակ է դնում միջնադարյան հիերարխիկ հասարակության կամ իշխանական ուղղահայացի ի վերուստ տրված ու անփոփոխ լինելու դոգմատը, որն իբրև սրբազան էլիտիզմ ամեն գնով առայսօր փորձ է արվում պահպանել:

Մոդեռնիզմը հռչակում է Ազատություն, Հավասարություն և Համերաշխություն: Այլևս ոչ մի կասրայական համակարգ, դինաստիական իշխանություն, խտրական օրենքներ։ Մոդեռնիզմը վերացնում է դասակարգային պատկերացումները ոչ միայն ամեն հասարակության ներսում, այլև ազգերի ու կրոնների միջև: Հանրապետություն բառը նույն ռեսպուբլիկան է լատիներեն կամ դեմոկրատիան՝ հունարեն: Հայրենիքը Հանրապետությունն է։ Հայրենիք կարող են ունենալ միայն քաղաքացիները։ Միջնադարյան իշխանների հպատակները հայրենիք չունեն, ահա սա է ազգային գաղափարախոսության հիմքը:

Այս գաղափարը բոլորին հասկանալի դարձնելու համար ազգային մտավորականությունն անդադար հղումներ էր անում, մինչաբրահամյան կրոններին կամ ինչպես ընդունված է ասել՝ հեթանոսական անցյալին, փնտրում էր ազգային վեհությունը և անդասակարգ հասարակության օրինակները մինչ պատմական անեմիստական հավատալիքների ու պաշտանմունքների մեջ: Բնության եւ հասարակության օրենքները ճանաչելի են գիտության կողմից՝ հավասարապես, եւ հակադրված չեն իրար. «բնականը բարոյական է, եւ անիմանալի ոչինչ չկա»։

Մոդեռն արվեստն այս հոգևոր ու քաղաքական փնտրտուքի, ժամանակի ու տարածության մեջ ճամփորդելու արկածախնդրության, նոր աշխարհների հայտնագործման մի ինքնատիպ մարտահրավեր էր՝ նետված հին ու քարացած իրականությանը: Ճարտարապետության մեջ դա ավելի ակնհայտորեն է երևում, որտեղ մոդեռնիստական իդեալը հետևողականորեն փորձում է չեզոքացնել ամենդասակարգային, խտրական և էլիտիստական մնացուկ, հաստատելու համար ներդաշնակ և իդեալական մի աշխարհ:

Մոդեռենիստները նման գործողություն կատարում էին նաև իրենց մասնագիտության ներսում, դեռ տաս-քսանական թվականներից հետևողականորեն հրաժարվում էին արվեստի նյութի հիերարխայի կանոնները պահպանելուց, հղում անելով խոր անցյալին, պրիմիտիվ ժողովուրդների արտեֆակտներին նրանք լայնացնում էին արվեստի տեխնիկական հնարավորությունները, ինչ խոսք, մեծ տեղ էր տրվում նաև գիտատեխնիկական վերջին նվաճումներին:

Եթե նախկինում համարվում էր, որ յուղաներկն ու կտավը հիերարխիկ ավելի բարձր դիրք ունեն, ապա մոդեռնիստներն իրենց հոգևոր փնտրտուքներն արտահայտելու համար կարող էին օգտագործել ցանկացած առարկա՝սկսած գործարանում արտադրված ու խանութում վաճառվող իրերից մինչև իրենց սեփական մարմինները:

Զրկել ազնվականությունից արվեստի տեխնիկան, սա մի կարևոր գործունեություն էր, որն անշուշտ գնահատել կարող էին միայն նրանք, ովքեր արվեստի կրթություն էին ստացել։ Այս պահը կոնսերվատորները շատ հաճախ են օգտագործում իրենց պոպուլիստական մտավարժանքներում, թե իբր Ժամանակակից արվեստագետներն անտեսում են պարզ հանդիսատեսին: Գոյություն ուներ նաև արվեստի մեջ արծարծվող թեմաների հիերարխիա և, Մոդեռնիզմը փորձում է նաև հավասարություն ապահովել այս ոլորտում:

Հասկանալի է, որ ազնվականությունն առանց դիմադրության չէր պատրաստվում զիջել իր դիքերը։ Պահպանողականության գաղափարախոսները փորձում էին հակադարձել առաջադեմներին, հիմնավորել իրենց գերակա դիրքը ու կառավարելու իրավունքն ամեն տեսակի խտրական, ռասիստական, ազգային-սնափառական, պոպուլիստական գաղափարաբանությունների միջոցով, եւ իրենց կառավարություններին հրահրում էին պատերազմներ սկսել գաղութների և շուկաների համար: Ահա այսպիսի մրցակցող հետադեմների մի պատերազմ էր նաև Առաջին աշխարհամարտը, որի ժամանակ, թերևս բոլոր ազգերից առավել շատ տուժեց հայ ժողովուրդը:

Սակայն մեր օրինակով իսկ կարող ենք փաստել, որ ապրող կայնքն իր մեջ ունի կենսահաստատող սկիզբ։ Ի հեճուկս ամեն տեսակի մահապաշտ պահպանողականների հայ ժաղովուրդը չհայտնվեց ընկճախտի պարալիզացնող հոգեվիճակի մեջ. Գենոցիդից բառացիորեն մի քանի տարի հետո իրենց պետականությունը վաղուց կորցրած հայերը վերստին ձեռնամուխ եղան այն վերականգնելու, բայց արդեն իբրև հանրապետություն։ Ուշադրութան է արժանի այն փաստը, որ ընտրովի իշխանություններ Հայկական բարձրավանդակում, երբեք մինչ այդ գոյություն չէին ունեցել: Սակայն կարճ ժամանակ անց, բոլշևիկյան հեղաշրջումը մեծապես խանգարեց հանրապետության, նույնն է թե՝ դեմոկրատիայի հաստատմանը։ Ինչպես Մարքսն էր ասում՝ իշխող դասակարգի վերնաշենք հանդիսացող մշակույթը ցուցադրում է այն իդեալները, որ ունի տվյալ իշխող դասակարգը, և հենց այս տեսանկյունով նայելիս մենք կտեսնենք, որ Խորհրդային Հայաստանում հաստատված կուսակցական ֆունկցոներների դասակարգի իդեալները, գրեթե ոչ մի բանով չէին տարբերվում հողատերերի արիստոկրատական մշակույթից։

Հետևաբար, Մոդեռն արվեստի համար հաստատվեցին դաժան ու խավար ժամանակներ:

Մոդեռնիզմի երկրորդ ալիքը սկսվում է միայն խրուշչովյան Ձնհալի տարիներին։ Եվ, ի տարբերություն առաջինի, որը տեղեկատվական ու ոճական առումով ավելի ազատ ու համերաշխ էր ողջ աշխարհում ընթացող ազգային ազատագրական շարժումների հետ, ապա սոցռեալիզմի ներսում առաջացած Մոդեռնիզմը արդեն կարծես զուտ տեղական՝ Խորհրդային հանրապետությունների ջերմոցում արհեստականորեն սարքված մրցակցության էր նմանվում: Պաշտոնական կուսակցական արվեստին հակադրվելու համար շեշտադրումները տեղափոխվում էին գեղագիտության վրա, որտեղ Գեղեցիկը միստիկական էր, այն քաղաքական եւ շուկայական պահանջների հետ ոչ մի առնչություն ունենալ չէր ցանկանում, ինչ-որ իմաստով արվեստի մաքրությունն ավելի հոգևոր էր, քան ինստիտուցոնալիզացված կրոնը, հետևաբար մոդեռնիստները պահանջում էին, որ իրենք պետք է ունենան իրենց արվեստի Տունը՝Ժամանակակից Արվեստի թանգարանը, ուր ազատորեն կթագավորի հավերժական Ոգին, ի տարբերություն պարտիական նկարիչների Տան և դասակարգային դարաշրջանների պատմական արժեքներով լցված Պետական թանգարանների: Ինչևէ, նույնիսկ այս կիսաարվեստային պայմաններում Հայաստանի արվեստագետներին հաջողվում է ձևավորել ինքնատիպ, իսկապես ազգային մոդեռնիստական մի ոճ, որը յոթանասունականներին արդեն ինստիտուցոնալացվում է: Երևանում բացվում է սոցիալիստական երկրների ճամբարում առաջին Մոդեռն արվեստի թանգարանը:

«Ազգային ոճ» և«մոդեռնիստական արվեստ» հասկացողություններում հակասություն չկա, որովհետև իր սահմանմամբ ազգայինն արդեն մոդեռնիստական է:

Եվ, հետևաբար, եթե ստեղծվում է ազգային ոճ, ուրեմն դա հենց Մոդեռնիզմի նշանն է, որը 60-ականների սերնդի մտավորականների կողմից քաղաքական ինքնուրույնության պահանջ էր: Այսինքն, եթե մոդեռնիստ արվեստագետների մի շրջանակ իրեն համարում է ազգային,  ոչ թե սովետական արվեստագետ, ապա վաղ թե ուշ նա կպահանջի նաև դեմոկրատիա:

«Պերեստրոյկան» սովետական հանրապետությունների միությունը վերասահմանելու փորձ էր, որի ընթացքում միակուսակցական-հիերախիկ համակարգը հակասության մեջ մտավ կառավարման դեմոկրատական ինստիտուտների հետ, ինչպես օրինակ Ղարաբաղի դեպքում, երբ տեղական խորհրդարանը հակադրվեց կուսակցական կենտրոնին: Ի դեպ, Արցախը նույնպես արդեն քսանհինգ տարի է, ինչ հռչակել է իրեն, որպես ինքնիշխան դեմոկրատական երկիր։ Հրաշալի փոխակերպմամբ, ընդհամենը մի քանի տարվա ընթացքում Սովետական միությունը վերասահմանվեց, իբրև Անկախ Հանրապետությունների Համագործակցություն, և տասնհինգ ինքնիշխան հանրապետությունները մաս կազմեցին Միացիալ Ազգերի Կազմակերության: Եվ ուրեմն հենց այս շրջանի Մոդեռն արվեստն է, որը ընդունված է անվանել Ժամանակակից Արվեստ կամ Պոստմոդեռնիզմ:

Փորձենք հասկանալ, թե որն է տարբերությունը 60-ականներին ձևավորված Մոդեռնիզմի և ուշ պերեստրոյկայի կամ անկախության շրջանի Ժամանակակից արվեստի միջև: Առաջին և ամենաէական տարբերությունը, որ երկրորդ ալիքի սովետական մոդեռնիստները քաղաքական խոսք ասող արվեստին դեմ էին, ինչ-որ իմաստով նրանք ֆորմալիստներ էին, որոնք խուսափում էին ֆորմալիստ լինելու պիտակավորումից և միայն ծայրահեղ դեպքերում «ֆորմալիզմը» հնչեցվում էր իբրև քաղաքական պահանջ:

Վառ գույներ, ուժեղ ռիթմեր կամ հակառակը մոնոխրոմ գույներ ու աննկատ ռիթմ, իրենց վրա ոչ մի քաղաքական կամ սոցիալական կարևորություն չվերցնող թեմաներ, սակայն ի՞նչն էր զարմանալի, որ ուշ խորհրդային տարիներին քաղաքական առումով ամենահզոր մանիֆեստացիան ֆիգուրատիվությունից լրիվ հրաժարումը դարձավ, որովհետև աբստրակտ արվեստը հոգևոր ու քաղաքական դերակատարությունն արվեստի գործերում պատկերվող հերոսներից ու պերսոնաժներից տեղափոխում է հանդիսատեսի վրա, այն լիցքավորում է հանդիսատեսին, սադրում նրան հոգևոր կամ որ նույնն է՝մշակութաստեղծ գործողության:

Աբստրակցիոնիզմը քաղաքականացնում է հասարակությանը:

Այս առումով, ազգային Մոդեռնիզմի բարձրակետը վերացական արվեստի տրադիցիայի վերահաստատումն էր մեզանում, որի հիմքի վրա կառուցվող նոր ֆիգուրատիվ արվեստն արդեն քաղաքական խոսք ասող կամ հասարակական գործողության մղող մասնակցային ակտ է:

Ինչպե՞ս կարող ենք ձևակերպել այս հսկայական ջանքերի ու փորձառության նպատակը, որ արդեն հարյուր տարի է գոյություն ունի և շարունակվում է մոդեռնիստական արվեստի մեջ: Ինչո՞ւ է Մոդեռնիզմը հակադրված պահպանողականությանը: Պատասխանը շատ պարզ է և գտնվում է այս կոնֆլիկտի կենտրոնում:

Դասակարգային հասարակության ստեղծման պահից, մոտ քառասուն դար իշխող վերնախավը, փորձում է պահպանողական գաղափաներով համոզել իր հպատակներին, որ կյանքն արժեք չունի, որ ծնվելը դժբախտություն է և որևէ փոփոխություն կատարել իմաստ չունի, սակայն ապրող մարդկանցից շատ քչերին է ստացվում համոզել դրանում:

Միայն այն փաստը, որ մենք կարող էինք ծնված չլինել, բայց ծնվել ենք, միայն այսքանը բավական է, որ ապրելը երջանկության հետապնդման մոտիավացիա ունենա: Գիտությունն իր տեսական ու գործնական նվաճումներով ավելի ու ավելի է հիմնավորում, որ զուտ միայն ապրելու փաստը բարոյական նորմեր է ստեղծում, որից ամենակարևորը սեփականության հարցն է և միչանձնական հարաբերությունները,  որից էլ ձևավորվում են հասարակական հարաբերությունները:

Ժամանակակից արվեստն այս առումով ակտիվիստական է, քաղաքական արվեստ է, որովհետև արվեստագետը և՛մասնակիցն է, և՛ միջոցների ստեղծողն է՝ քաղաքական պայքարի համար։ Սա հին՝ հիերարխիկ արվեստի պատկերացումները կրողների համար դիտվում է, իբրև ժամանակավոր արվեստ, որովհետև ըստ նրանց՝ այսօր քաղաքական իշխանություններն արագ փոփոխվելու միտում ունեն, հետևաբար ենթադրվում է,  որ քաղաքական, նույնն է թե՝ կենսահաստատող մշակույթի համար պայքարող արվեստը նույնպես արագ փոփոխվող է:

Սակայն ճիշտ հակառակն է․հե՛նց ակտուալ հարցերին անդրադարձող արվեստն է հավերժական, որովհետև ապրողի համար մահ գոյությունչունի, մահը միշտ ուրիշի մահն է, որն ընկալվում է, իբրև անտարբերությունից կամ պակաս հոգատարությունից առաջացած անդառնալի կորուստ և հազարամյակներ շարունակ մարդիկ ներդրել են իրենց երևակայությունը և ստեղծագործականությունը, որպեսզի ստեղծեն մի իրականություն ուր հնարավորինս քիչ կզգան ուրիշի մահվանից առաջացող այդ մեղքի զգացումը:

Երկրորդ աշխարհամարտը, վերջնականապես բացահայտեց հնի ու նորի հակադրությունը, երբ մի կողմում հայտնվեցին նրանք, ովքեր փառաբանում էին մահը և ձգտում էին վերահսկել, կազմակերպել ու կառավարել կյանքը, իսկ մյուս կողմում բոլոր նրանք, ովքեր հարգում էին ապրող կյանքը, փորձում էին այն պաշտպանել:

Մոդեռնիզմը՝ Ազատության, Հավասարության և Համերաշխության իր իդեալով, կարողացավ յուրաքանչյուր ազգի կամ անհատի պարագայում ակնհայտորեն ցուցադրել, որ թշնամին կամ անտիպոդը, դա ոչ թե ապրող ռասայական, դասակարգային, սեռական ուրիշն է, այլ անցյալի չլուծված կամ սխալ մեկնաբանված պրոբլեմներն են:

Այս իմաստով,  Հայաստանը կարող ենք անվանել Կենսահաստատման երկիր (Land of Vitality)։ Մի երկիր, որտեղ ապրող ժողովուրդն իր անցյալն անընդհատ ենթարկում է քննադատական վերլուծության: 

Հայաստանը մի երկիր է, ուր ծնված լինելը երջանկություն է։ Մի երկիր է, որտեղ անցյալի հասարակական բոլոր իշխող մոդելները ցուցադրել են իրենց անկենսունակությունը, իսկ մարդիկ, որոնք չեն հեռանում այս տարածքից և արդեն կես դար է, ինչ կառուցում են իրենց հանրապետությունը՝ համոզված են, որ կարելի է գտնել համակեցության մի այնպիսի մոդել, որն ամենահամարժեքը կլինի՝ կյանքը գնահատողների համար:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ