Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«Կեղծ Մարգարեներին չենք կարող զատել, բայց...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Կեղծ Մարգարեներին չենք կարող զատել, բայց...

կե՛ղծ  փրկիչներից Հայաստանը նորից ու կրկին փրկե՛լ է պետք.

Չդիմացա, որոշեցի խախտել ինքս ինձ հայտարարած Գրադադարը:

Ասելիքս կուտակվել, նստվածք է տվել, մտքերս խառն են, մտահոգություններս ու տագնապներս հանգիստ չեն տալիս:

Հայրենիքիս «փրկիչների» շրջող ուրվականները կրկին հարություն են առել, վերսկսել են իրենց անպտուղ գործընթացները, կեղտոտ պիտակավորումներն ու «զավթողական» քաղաքականությունը, գրավել են Երևանի ամենակենտրոն, ամենաբանուկ և ամենահնչեղ անունուվ՝ Ֆրանսիայի հրապարակը:

Ու քանի որ շարժումը ներսի հպատակներով բուռն թափ չառավ, ներգրավեցին օժանդակ ուժեր՝ Արցախի՜ց անգամ: Նաև՝ օտար երկրներից: Գուցե Ֆրանսիայից էլ ակնկալիք ունեին:   

Հայաստանի ներսում շարժումներ անելով, այս անգամ որպես առաջնահերթություն, որոշել էին Հայաստանու՛մ փրկե՛լ Արցա՛խը:

Կեղծ հայրենասիրության ա՛յս դրսևորումը, նաև՝ Հայաստանի դեմ՝ Արցախը որպես նոր զինատեսակ օգտագործելու փորձը հայրենադավության է նման:

Չգիտեմ, թե այդ ո՞ր անբջիջ ուղեղն էր որոճացել Արցախյան դրոշակային այս աղմկահարույց շքահանդեսը, բայց տպավորություն է, թե Հայաստանն արդեն կապիտուլյացիայի է ենթարկվել Արցախի կողմից և կամ՝ Հայաստանը Արցախ է ու վե՞րջ:

Իսկ Արցախում Հայաստանի՞, թե՞ այլ պետության դրոշներ են ծածանվում:

Հիմա ինչպե՞ս չասեմ՝ այդքան մոլի արցախապաշտներ եք, դրոշներով Արցախի սահմաններու՛մ պատերազմեք, համարձակությու՞ն ունեք՝ սահմանապահ բարձրաբերձ դիրքերու՛մ դրոշահանդես արեք, բոլոր երկրներում ադրբեջանական դեսպանությունների առջև բողոքի ցույցե՛ր ու դրոշակացուցք արեք:

Իսկ Արցախը, ըստ օդում կախված լուրերի, հոգեբանորեն նո՛ր Հանրաքվեի է պատրաստվում: Թող անցկացնեն, թող հաղթեն, թող միանան:

Երանի չէր, ա՛յդ Հանրաքվեն 1988-ին անցկացնեին:

Շարունակեմ բուն ասելիքս. ա՛յ՝ Արցախն ուրացած, Արցախն ամայի ու անպաշտպան թողած, Հայաստանի ու գլենդելների քուչեքում արցախապաշտ ձևացողներ, բավակա՜ն է, դրո՞շն է ձեր փրկության զենքը, դրոշ այրելո՞վ եք վրեժխնդիր լինում թշնամուց: Ի՞նչ իմաստ ու խորհուրդ ուներ Հայաստանում Արցախի դրոշների հեղեղ սարքելը, հերոսացա՞ք, համոզեցի՞ք, հավատացրի՞ք, թե դուք Արցախի պահապան-պաշտպան զինվորն եք:

Ձեր նոսրացող շարքերը վկայեցին, որ ո՛չ, չեք համոզել, ձեզ չեն հավատացել, իսկ իշխանափոխությանն ուղղված ձեր ջանքերի հետ համաձայն չեն եղել:

Չորս տարի է կոտորվեցիք, չորս տարի է ասպատակում եք երկիրը, խաթարում եք ներքին անդորրը, պղտորում եք մարդկանց ներաշխարհը, օրական մի օյինբազություն եք մոգոնում, թե, հեսա՛, հեսա՛, գալու՛ ենք, կգա՛նք, հենց որ գանք, կտեսնե՜ք: Դե, իհարկե, մենք արդեն տեսել ենք, այդ դասը վաղուց ենք անցել, գիտենք, թե ի՛նչ կտեսնենք:

Իսկ միգուցե՝ նոյեմբերի 9-ի հայտարարության անվավեր ճանաչո՞ւմ, Հադրութի ու Շուշիի, էլ չեմ ասում 7 շրջանների, Դաշտային Ղարաբաղի, Նախիջևանի, մեկ էլ տեսար՝ Ղարսի նահանգի ազատագրո՞ւմը տեսնենք: Հա, մոռացա, Հայաստանն ու Արցախն էլ համայն հայության համար դրախտավայրի վերածո՞ւմը կտեսնենք:

Անհավանական ու անհնարին չէր այս ամենը, եթե Հայաստանի ու Արցախի 30 տարվա կառավարիչները ազգային մտածելակերպով , Պետականության զգացումով, Հայրենիքների հանդեպ սիրով ու տիրոջ սրտացավությամբ, ժողովրդի հետ միասնաբար զբաղվեին երկրաշինությամբ, Հայրենապաշտպան հզոր բանակաշինությամբ և ոչ թե...

Չթվարկեմ,  համոզված եմ, մեզնից յուրաքանչյուրն էլ գիտի և իր Ոչ ԹԵ-ներն ունի:

Դրոշակախաղերը Հայաստանի դեմ են ուղղված, մտածված ակցիա է՝  եթե համարձակվեն դեմ խոսել, փորձեն իջեցնել դրոշները, ուրեմն, իմացե՜ք, ղարաբաղցիներ, բա որ ասում ենք՝ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի՞ց...

Քիչ է մնում ինձ թույլ տամ ու ասեմ՝ ձեր անլվա ձեռքերով մի՛ պղծեք արյունով սրբացած այդ դրոշները: Մի խորացրեք 1998-ից Հայաստան-Արցախ ձեր հիմնած սեպը:

Եվ դու՞ք, արցախահայեր

Մեր արյունակից, հարազատ, ցավ ու կորուստներ ապրած ու ապրող Արցախի մեր քույր ու եղբայրներ, Հայաստանն էլ է ցավի, կորուստների ու հոգսերի մեջ, հազար ու մի նեղության տեր, բայց Հայաստանցուն ձեռք մեկնող չկա, իսկ մենք ձեր կողքին ենք: 

Մի՛ թուլացրեք Հայաստանին, մի՛ վիրավորեք ու մի՛ սպառնացեք Հայաստանի իշխանություններին, Հայաստանում իշխանափոխության պահանջ մի ներկայացրեք: Դուք հայ եք, բայց այդ իրավունքը Հայաստանում չունեք:

Մի փորձեք Հայաստանում վերականգնել ղարաբաղյան իշխանությունը: Այդ դասն անցել ենք արդեն:

Վայելեք Հայաստանի Կառավարության ու ժողովրդի ազնիվ, ինչքան կարող են՝ բարեհաճ ու բարեգութ վերաբերմունքը:

Արցախի  իշխանություններին մի՛ զրկեք ձեր հանդեպ ունեցած պարտականություններից և պատասխանատվության իրենց առյուծի բաժնից՝ մի՛ փրկեք:

1988-ից  դուք Արցախն հայազրկում եք, երկու պատերազմներից հետո Արցախն հայազրկում եք, հանդուրժել ու հանդուրժում եք ձեզ ունեզրկած, լռեցրած, ձեզ պարտության մատնած իշխանություններին: Դուք ընդունում ու սիրու՞մ եք նրանց, մենք այլևս չենք սիրում և չենք ընդունում «ձերոնց»:

Երկու տասնամյակ նրանք մեզ՝ ժողովրդիս, խաբել են՝ հանուն Արցախի, երկու տասնամյակ մենք՝ ժողովուրդս, լռել ու հանդուրժել ենք՝ հանուն Արցախի: Մինչդեռ նրանք՝ արցախածնունդ մեր կառավարիչները, երկու տասնամյակ ապրել ու գործել են միայն ու միայն՝ հանուն սեփակա՛ն շահի ու բարեկեցության:

Եթե գոնե մի՜ քիչ էլ Հանուն Հայաստան-Արցախ Հայրենիքների, հանուն Հայոց Բանակի՛ գործեին…: Շարունակությունը դուք տեսաք ու զգացիք:

Եվ, ուրեմն, գործիք ու խաղալիք մի դարձեք Հայաստանն ու Հայոց Բանակին մսխած ուժերի ձեռքին, մի՛ համալրեք չորս  տարի Հայաստանի ներսում  պատերազմ հրահրող   մերժված արտոնյալների շարքերը: Թույլ մի տվեք, որ նրանք ուղղորդեն ձեզ, թունավորեն ձեր մտքերը, կասկածների որդեր սերմանեն ձեր հոգում: Իրատե՛ս եղեք, ազնիվ ու արդարամիտ:

Ձեր պահանջները, ձեր մեղադրանքները, ձեր բողոքները Արցախի իշխանություններին, Արցախի զորահրամանատարներին ուղղեք, ձեր հարցերի հասցեատերերն ու առաջին պատասխանատուն նրա՛նք են:

Հողատու և դավաճաններ Արցախում փնտրեք:

Մի վերաբնակվեք Երևանի փողոց-հրապարակներում: Երևանում մի ապաստանեք: Հայաստանում էլ հազարավոր անտուն-կարիքավոր ընտանիքներ կան, բայց Հայաստանն էլի առաջնահերթ Արցախու՛մ է տներ կառուցում, ձեր փլված տների ու նույնիսկ կորցրած անասունների համար է վճարում, ապրուստով ապահովում, երկրե-երկիր, դռնեդուռ է ընկել՝ ձեր անվտանգության և այլ, ավելի կարևոր  հարցեր լուծելու խնդրով, հորդորով, պահանջով:  

Իր երկրի տերը այդ երկրում ապրող ժողովուրդն  է:

Ա՛ն-տեր  մի թողեք ձեր Հայրենի երկիրը, ձեր Մայր հողը:

Եվ մի մոռացեք, որ բոլոր զրկանքներից զատ, Հայաստանը իր բյուր զավակներին է զոհաբերել, զոհաբերել է նրանց չծնվա՛ծ զավակների կյանքը:

Բայց Հայաստանն այդպես էլ պահանջատեջ չի դառնում և հատուցում չի պահանջում: Հիմա Հայաստանի հրապարակ-փողոցներում թափառելով ի՞նչ  ծրագիր եք իրականացնում, գուցե զորիբալայանական բարբաջանքնե՞րը:

Ինչու՞ եք թուրքերի օրինակով ձեր անմեղ երեխաների ուղեղները աղտոտում Հայաստանի հանդեպ ատելությամբ, չարությամբ, թշնամանքով: Սարսափելի է, վտանգավոր է, ամոթալի ու անբարո է:

Ես չունեմ իմ՝  «էլ ի՞նչ պիտի անեինք Արցախի համար, որ չենք արել» հարցի պատասխանը:

Կասե՞ք՝ էլ ի՞նչ պիտի աներ Հայաստանը: Հատուցո՞ւմ, փոխհատուցո՞ւմ: Լիուլի տալիս է: Իսկ դուք կարո՞ղ եք հատուցել Հայաստանի կորուստները, կարո՞ղ եք սփոփել որդեկորույս մայրերին:

Մի քիչ էլ դու՛ք մտածեք Հայաստանի մասին: 

Հ. Գ. Իսկ ինչո՞ւ են լռում Արցախի իշխանությունները, ինչո՞ւ են հրաժարվում պարտության իրենց բաժին մեղքից, ինչո՞ւ են մոլորեցնում իրենց քաղաքացիներին և ուղղորդում Հայաստան, ինչո՞ւ են իրենց  պարտականություններն ու պարտավորությոնները բարդում Հայաստանի ուսերին, ինչո՞ւ չեն հայրենադարձության դիմում, ինչո՞ւ , ինչո՞ւ…:

ԱՍԵԼԻՔՍ, ՍԱԿԱՅՆ, ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Ամենախորը ցավս՝ հիասթափությունն է սփյուռքահայության որոշ խումբ-խմբակների հակահայրենական, հակահայապետականության, հակաՀայաստանական պահվածքից  ու գործելակերպից :

Ես հասկանում եմ, որ այս հրապարակային խումբ-խմբակները չեն կարող, իրավունք  էլ չունեն Սփյուռք ու սփյուռքահայություն ներկայացնելու, որովհետև նրանք Հայրենիքի սերն ու շահը շփոթել ու ստորադասում են իրենց խումբ-խմբակային, որոշ անձերի հանդեպ անձնական սիրո ու շահերի հետ:

Այդ դեպքում ինչո՞ւ է լռում Սփյուռքը:

Սփյուռքն ինչո՞ւ և ինչպե՞ս է հանդուրժում, ինչո՞ւ չի դատապարտում, ինչո՞ւ չի կանխում Հայաստանի Պետական այրերի պաշտոնական այցերի ընթացքում նրանց վարկաբեկիչ սանձարձակությունները, Հայաստանի Հանրապետության հարգն ու արժանապատվությունը ստվերող անամոթ ու թշնամական վայրահաչությունները, նրանց սարսափազդու հետապնդումները՝ Հայաստան ներկայացնող հայ պաշտոնյանների ու ՀՀ պաշտոնական պատվիրակությունների նկատմամբ:  

Մի՞թե Սփյուռքին միավորողն ու համախմբողը ազատ ու անկախ, ինքնիշխան ու զարգացած, հզորացող Հայաստան-Հայրենիք ունենալը չէ, հե՛նց Հայաստան, որն ուզում է կառուցել ու ունենալ նախևառաջ Հայաստանում ապրո՛ղ հայը:

Այդ երբվանի՞ց ավանդական Սփյուռքը որոշեց խառնվել իր միա՛կ Հայրենիքի ներքին, ներքաղաքական կյանքին, այդ ի՞նչ բարոյական իրավունք են իրենց վերապահում Հայստան ժամանած ինչ-որ դուրսպրծուկ, իբր թե հայրենիքասե՜ր, խմբեր  ու անպարկեշտ վայրահաչություններով, թրքաբարո բարբաջանքներով թուրք հռչակում Հայաստանը հա՛յ պահող հայ ժողովրդին, թուրք ու դավաճան հռչակում Երկրիս ընտրյալ կառավարիչներին, ում դեմ չորս տարի է կատաղած պատերազմ են մղում Արցախը պատերազմի հասցրած, Հայաստանը ավարի ու աղետի մատնած մերժված արտոնյալները:

Ի՞նչ զգացումով, ի՞նչ նպատակով են նրանք համալրել ներհայաստանյան չորսամյա պատերազմ հրահրողների շարքերը, որոնք իրենց զավթած փողոցներն  ու հրապարակները վերածել են մարտադաշտի, փորձադաշտի, թատրոնադաշտի, որոնք իրենց անբարո վարքածով, ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծելով ու գռեհիկ բառապաշարով , մեղմ ասած, տհաճություն ու անհարմարություն են պատճառում, խաթարում բնակիչների անդորրն ու հոգու խաղաղությունը:

Եկել են Հայաստանը փրկելո՞ւ, եկել են ինչ գնով էլ լինի՝ իշխանափոխությո՞ւն կատարելու: Ժողովուրդն, ի՞նչ է, անտեր ու որբի գլո՞ւխ է, անինքնասեր ու անճարա՞կ է, բթացրե՞լ է հիշողությունը, զո՞ւրկ է դատողություն ու հետևություններ անելու ունակությունից, ընդունակ չէ՞ իր երկրում ի՛ր սեփական կյանքով ապրելու, իր իրավունքները պաշտպանելու:

Իշխանությունները գալիս-հեռանում, հաջորդում են միմյանց, և մի՞թե Հայրենիքի հանդեպ սերն ու պարտականությունները իշխանություններով է պայմանավորվում:

Իշխանությունների հանդեպ դրական և բացասական վերաբերմունք դրսևորելու իրավունքը հայրենիքաբնակներինն է, Սփյուռքը կարող է սիրել կամ չսիրել, կարող է ընդունել կամ չընդունել Իշխանություններին, բայց Հայրենիքը չի կարող չսիրել և ուրե՞մն…

Իսկ եթե հարկ կա իշխանափոխության, պահանջատերը Հայաստանի քաղաքացին է, և կա նաև դրա քաղաքակիրթ ձևն ու միջոցը, որը մեկ անուն ունի՝ ընտրություններ:  Իսկ ընտրություն կատարողը ՀՀ քաղաքացին է: Միայն: Միշտ:

Նաև՝

Ես զարմանում եմ հատկապես 30-ամյա մղձավանջից իրենց փախցրած, իրենց փրկած, արդեն 30 տարի դրսային դարձած հայրենակիցների՝ Հայաստանը 30-ամյա մղձավանջին վերադարձնելու եռանդի վրա: 

Իրենք փրկվեցին, մե՞նք ինչու չպիտի փրկվեինք, մենք էլ մե՛զ՝ Հայրենիքում ենք փրկել:

Ինչո՞ւ են սոցցանցերում վարկաբեկում, կռիվ տալիս Հայաստանի իշխանությունների դեմ, բա չասե՞ս՝ իրենց ի՛նչ գործն է: Զարմանալի է, որ ամեն մեկն այն նախագահի գովքն է անում, ում օրոք լքել է Հայաստանը: Գուցե դրանով իր երախտագիտությո՞ւնն է հայտնում իր մարդավայել կյանքի համար:

Հասկանալի է, որ ասելիքս չի կարող ընդհանրական լինել, ուղղակի վիրավորական է, որ քչափոքրամասնությունները շատ են ոգևորված՝ ընդդեմ նորացվող Հայաստանի, որտեղ օրըստօրե նվազում են իրենց աղքատ ազգականները, որտեղ մարդը վերագտել է իր արժանապատվությունը, հավատը՝ արդարության ու բարեկեցիկ կյանքով ապրելու հանդեպ:

Ես, իհարկե, չեմ կասկածում նրանց հայրենասիրությանը, Հայրենիքի հանդեպ ունեցած կարոտին, Հայրենիքին օգտակար լինելու նրանց մղումներին, բայց նրանք պարտավոր են հարգե՛լ Հայրենիքաբնակ հայության պակերացումները՝ ինչպիսի՞ Երկրում է ուզում ապրել, ի՛նքն է իր, այլևս ազատ ընտրություններով, որոշում կայացնում, իր մեծամասնությամբ իշխանություն ձևավորում:

Եվ ուրեմն՝

մեկն ինձ կասի՞՝ օտար երկրների թեկուզև հա՛յ քաղաքացիները, ո՞ր օրենքով և ի՞նչ իրավունքով են Հայաստանում քաղաքական խժդժությունների մասնակցում, սադրիչ պահվածքով հրահրում, հակահայ պահանջներ ներկայացնում՝ քաղաքի ու պետության կյանքը կասեցնելու սպառնալիքներով:

Հազար ամոթ նաև սոցցանցերում պատերազմող ու ատելության մաղձ շաղ տվող չհայերին: Վերանայեք ձեր վարքագիծն ու գնահատականները՝ ի՞նչը, ո՞ւմ՝ ումի՞ց և ինչո՞ւ եք ուզում «փրկել»:

Ամրագրեք ձեր ուղեղներում ու հոգիներում՝ Հայաստանը ե՛տդարձ, ե՛տընթաց չունի, Հայաստանի նախկին-մերժված կառավարիչները մերժված են ընդմի՛շտ:

2018-ից, ի վեր, երեկ, այսօր, վաղը:

Մենք մի թշնամի և կորցրած երեք Հայրենիք ունենք դեռ:

Մեր ու ձեր Հայրենիքները: Կարո՞ղ եք փրկել: Հայաստանն ասպատակելով ՝ կարո՞ղ եք փրկել:

Մեզ ու ձեզ նույնպես՝ Սփյուռքի և Արցախի ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, հարուստ, հզոր, ապահով, միասնական Հայաստան է պետք:

Հ.Գ. 1 Առաջարկս՝ ստուգել բոլորի քաղաքացիությունը, և ա՛յլ երկրներից, նաև Արցախից հայտնված բոլոր «փրկիչներին» արտաքսել Հայաստանից:           

Տեսնենք՝ տակն ի՞նչ է մնալու:

Հ.Գ.-2 Բնավ պարտադիր չէ, որ բոլոր ընթերցողներս համամիտ լինեն ինձ հետ:

Նոր տագնապներով ու մտահոգությամբ՝   

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ