Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««ԿՆՈՋ ՄԱՐՄԻՆԸ որպես պատերազմի դաշտ», կամ՝ ինչպե՞ս ԽՈՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ»

 

Իրապես․ ինչպե՞ս խոսել պատերազմի մասին։ Այն պատերազմի, որը ոչ թե հեռու է քեզնից հարյուրավոր տարիներ, հազարամյակներ, այլ այն պատերազմի, որի ներսով անցել ես հենց ինքդ, որն ինքն է անցել քո ներսով ուղղակիորեն և քեզ հետ է այլևս։

Սա, թերևս, կարևորագույն հարց է, կարևորագույն խնդիր արվեստում՝ գրականությունում, կինոյում, թատրոնում, և այդ խնդրի արվեստային մեկնությունը պահանջում է ․․․ արվեստ։ Ճշմարիտ արվեստ։ Այլապես երևույթը՝ պատերազմի մասին անարվեստ խոսելու երևույթը, դառնում է ցավի շահարկում, ողբերգության ու ողբերգականության վաճառք, «հայրենասիրական» զեղում, կամ՝ եթե փորձենք մեկնել հոգեբանության տեսանկյունից՝ վարքագծային շեղում։

Այն, ինչ արել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը՝  Սերժ Մելիք-Հովսեփյանի՝ «Կնոջ մարմինը որպես պատերազմի դաշտ» բեմադրությամբ, պատերազմի մասին արվեստով խոսելու նմուշ է, որը կարող է ուղենշային դառնալ։

Գրեթե քառասուն տարի առաջ՝ սոցիալիստական Ռումինիայի գրաքննական ահաբեկչությունից ազատվելու համար Ֆրանսիայում քաղաքական ապաստան գտած հանրահայտ ռումինացի դրամատուրգ Մատեի Վիշնիեկի ստեղծագործությունը բոսնիական պատերազմի մասին՝ երկու կանանց ողբերգական կերպարների միջոցով, ուղղակի, կազմաքանդում է պատերազմ երևույթն ինքնին, բռնություն երևույթն ինքնին։

Պատերազմը ծանր բռնություն է, որը խեղում է մարդկային կյանքեր, որն իր խորն ու անդառնալի ազդեցությունն է թողնում մարդու հոգեկերտվածքի վրա։

Վիշնիեկը երկխոսության արվեստի միջոցով բազմաշերտ ու խորքային հոգեվերլուծության է ենթարկում բոսնիական դաժան  պատերազմով անցած և գերմանիայի ռազմական վերականգնողական հաստատությունում հայտնված երկու կանանց հարաբերությունները՝ ամերիկացի հոգեբան Քեյթի, որը մասնագիտացել է Բոսնիայում զանգվածային գերեզմանների պեղման գործում՝ արձանագրելով բոսնիական պատերազմի աննկարագրելի վայրագությունները, և էթնիկ ատելության հողի վրա խմբակային բռնաբարության ենթարկված Դորայի, որն ապրում է կեղեքիչ բռնության ցնցումները, այդպիսով խոսելով պատերազմի զազրելի կողմի՝ զանգվածային բռնաբարությունների ամենատարբեր շերտերի մասին, անցնելով մարդկային ապրումի, խոցված մարդու ներաշխարհի, կարծես՝ ավարտված մարդու հուզական աշխարհի միջով։

Ծանրագույն հոգեբանական իրավիճակում Դորան ատում է ամենայն բան, ատում է Աստծուն, ատում է նույնիսկ ապրելու իր ցանկությունը։ Նա հղի է իրեն բռնաբարողներից և՝ «ո՞վ է երեխայի հայրը» հարցին ունի մեկ սահմռկեցուցիչ պատասխան․ պատերազմը։ Կնոջ մարմինն այլևս իր սեփական մարմինը չէ, իր սեփական ինքնագիտակցական տարածքը չէ, իր ազատության սահմանների սահմանը չէ։ Կնոջ մարմինն այլևս նվաճված է ատելության կողմից, այլևս տիրացած է ատելության, այլատյացության, ազգայնականության կողմից։

«Ո՞վ է երեխայի հայրը» հարցը սովորական հարց չէ։ Այն ապրելու կամ մեռնելու հարց է․ ապրել ատելությունից ծնված երեխայո՞վ, ապրել բռնության հիշողությա՞մբ, թե ապրել՝ սիրելով  կյանքը։

Ամերիկացի Քեյթը, որն ինքն է այլևս հոգեբանորեն կործանված, ինքն է հոգեբանական բարդագույն ճնշման ներքո, քանի որ անցել է զանգվածային գերեզմանների պեղման դաժան ճանապարհով, տեսել է մոխրացած մարդկային կյանքեր, դիակներ, դիակներ, դիակների մնացորդներ, փորձում է «վերականգնել» Դորայի հոգեկան հավասարակշռությունը՝ ակամա վերականգնելով իրեն։ Քեյթը գուցե այն միջոցն է, որով հեղինակը սառնասրտորեն խոսում է ազգայանական գաղափարախոսության ծանրագույն հետևանքների, ազգայնականության մանիպուլյատիվ կիրառության հոգեբանական բարդագույն ազդեցությունների մասին։     

Վիշնիեկի կանայք իրենց ներքին կռվով, պայքարով, իրենց ներքին լռությամբ, անվստահության իրենց անսահման չափաբաժնով ապրում են մեր կողքին, նրա կանայք մեզնից հեռու չեն հարյուրամյակներով ու հազարամյակներով, և նրա կանանց տառապանքները, հոգեկան տվայտանքները, նյարդային վայրիվերումները, խոցելիությունները մեր կողքի մարդունն են, դաժան պատերազմ ապրած մարդունը։

Բացելով այս կանանց աշխարհները՝ Վիշնիեկը փորձում է, կարծես, միմյանց հակադրել միևնույն պատերազմի երկու տարբեր աշխարհներ՝ զոհի աշխարհն իր ուրույն ընկալումներով, հակասություններով, հոգեբանական դաջվածքներով, հոգեկան տառապանքով, և նրան օգնության եկած հոգեբանի աշխարհը՝  արդեն՝  իր ուրույն ընկալումներով, հակասություններով, հոգեբանական դաջվածքներով, հոգեկան տառապանքներով, և փորձում է միաժամանակ գտնել ընդհանրությունների, ապրումակցման շերտերի, իրենց ներկային ու ապագային նայող հայացքների եզրերը։

Եվ Վիշնիեկը դա անում է առանց ավելորդ պաճուճանքի, սառը, հատու տեքստով, իրողությունները քայլ առ քայլ բացահայտելու սկզբունքով։

Բեմադրության հեղինակներին՝ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանին, բեմանկարիչ Միկա Վաթինյանին, երաժշտության հեղինակ Արգինա Հարությունյանին լավագույնս հաջողվել է նուրբ համադրություններով վերարտադրել իրավիճակի ինչպես ողբերգականությունը, այնպես և՝  հոգեբանական խորքայնությունը, ելքերի որոնումների զգայունությունը։

Միկա Վաթինյանի բեմանկարչական աշխատանքը՝  նուրբ, պարզ ու խորքային լուծումներով, նվազապաշտական շեշտադրումներով, ուղղակի, ստիպում է խորասուզվել կերպարների հոգեբանական ներաշխարհների հոլովույթներում և ապրել նրանց հետ, որն էլ խորանում է Արգինա Հարությունյանի սքանչելի երաժշտության ենթագիտակցական ազդեցությամբ, որը բեմադրիչի կողմից օգտագործված է եզակի նրբանկատությամբ ու չափազանց կիրթ։

Ամբողջությամբ պիեսի հեղինակի բերած հոգեբանական ենթաշերտերում են նաև դերասանների՝ Սոնա Վարդանյանի և Գայանե Բալյանի կերպավորումները։

Առավել խորքային ու զգացմունքային է, անշուշտ, Սոնա Վարդանյանի Դորան՝  խմբակային բռնաբարության ենթարկված կինը, որն ապրում է իր ներկայի ու հիշողության տառապալից սահմանագծին, իր հոգեկան ծանր գալարումների մեջ, իր ճակատագրայնության խոցելի տիրույթում, և Սոնա Վարդանյանին հաջողվել է նրան մոտենալ՝ զգալով բռնության ենթարկված կնոջ հոգեբանական ծալքերը, ապրելով դրանց տիրույթում՝ երբեմն բռնկուն ու նյարդային ցնցմամբ, երբեմն՝ լուռ, բայց խորը ապրումով։

Քեյթի կերպավորումը, կարծում եմ, հեղինակին մոտենալու դեռ ճանապարհ ունի, թեպետ Գայանե Բալյանի սառնասրտությունը, զգացմունքայնության կարծես թե բացակայությունը, թվացյալ հավասարակշռվածությունը, թվացյալ անհաղորդությունը հենց այդ ճանապարհի եզրերն են։ Քեյթն ամերիկացի է։ Գուցեև ապրում է մեզքի ու ապաշխարհումի սահմանին, ապրում է գիտակցվածի ու ենթագիտակցականի սահմանին, իսկ Գայանե Բալյանի հնարավորությունները՝ լիարժեքորեն դառնալու ամերիկուհի Քեյթ, իրական են։   

Անշուշտ, Վիշնիեկն անդրադառնալով բալկանյան դաժանագույն պատերազմներից մեկին՝ 1990-ականների բոսնիական պատերազմին, անդրադառնալով զազրելի երևույթին՝ սեռական բռնությանը որպես պատերազմական զենք իր ծանրագույն կողմերով, չէր կարող զերծ մնալ քաղաքականությունից և քաղաքական երանգավորումից, ազգայնականության կործանող հետևանքներին անդրադարձից, ինչը նաև անբնական կլիներ, և պիեսի քաղաքական շեշտադրումները շատ հմտորեն են կիրառված բեմադրիչի՝  Սերժ Մելիք-Հովսեփյանի կողմից։

Դրանք կարծես հարևանցիորեն են անցնում կանանց բարդ հարաբերությունների, նրանց զգայացունց կյանքի, նրանց ծանր օրվա, նրանց խորը ապրումների, հույզերի ու զգացողությունների միջով, կարծես անցնում են որպես երկրորդական շերտ, բայց իրականում խորն են ու թափանցիկ և մնում են ընդգծված ու կարևոր։

Վիշնիեկի ստեղծագործությունը լինելով հզոր և ցնցող դրամատիկական գործ, միաժամանակ կարծես ոչ թե դրամատուրգիական ստեղծագործություն է, այլ դրամատիկ հրապարակախոսական էսսե, ժուռնալիստական սուր հրապարակագրություն, և պատահական չէ, որ բրիտանական հանրահայտ «Գարդիենը» անդրադառնալով Վիշնիեկի գործին, ընդգծել է նրա հրապարակախոսական բնույթը՝ անվանելով այն «կրքոտ երկխոսություն»։     

Այո, այն երկխոսություն է։ Գուցե ոչ կրքոտ, այլ սառը, սուր, հատու, ներքին լարվածությամբ, անվստահության դրսևորումներով, քաղաքականության առկայությամբ, ատելության սերմերով, բայց երկխոսություն է, որը միտված է ելքեր որոնելուն, պատերազմի բոլոր երեսներն ըմբռնելուն, այլատյացության, ազգայնականության երեսներն ըմբռնելուն, պատերազմ երևույթը խորքայնորեն ըմբռնելուն։

Թե պիեսի հեղինակին, թե բեմադրիչին, թե թարգմանչին՝ Նարե Գրիգորյանին, թե պաստառի հեղինակին՝ Իվանա Կրչադինացին, ողջ թիմին հաջողվել է բեմադրության, ավարտին տալ սպասելի անսպասելիության զգացողություն։ Կանայք՝ հոգեկան ծանր ապրումներով, վիրավորված ու նվաստացած, ազգային խոցված արժանապատվությամբ, ճակատագրերով կարծես թե դատապարտված, փրկության ելքերի ու որոնումների մեջ, տարօրինակորեն գտնում են հույսի կեռմանները։

Սա ազդեցիկ է, սա կյանք վերադառնալու բնական, մարդկային ձգտումն է, որ առավել բնորոշ է կնոջը, սա փոխադարձորեն միմյանց փրկելու բնազդն է, սա կյանքն է, որ գոյություն ունի բոլոր կարգի հանգամանքներից ու իրավիճակներից անդին։

Ծանր է այսպիսի ստեղծագործությանը մոտենալը, ծանր է այն դիտելը, բայց, փառք Աստծո, հեղինակները չեն պարտադրում ոչինչ, չեն փիլիսոփայում պաթոսի բարձրագույն նիշով, չեն տալիս պատասխաններ, ցույց չեն տալիս լուծումներ, ճանապարհներ, չեն վաճառում վիշտ, չեն վաճառում ցավ։ Հեղինակներն անում են մի բան․ստիպում են խեղդել զգացմունքայնությունն ու մտածել․ մտածել պատերազմի ու բռնության, դաժանության ու անմարդկայնության, զազրելիության ու գարշելիության մասին, մտածել պատերազմի ու պատերազմի դաշտի մասին․ առավել ևս, երբ պատերազմի դաշտը կնոջ մարմինն է, բայց և պատերազմի դաշտի մասին ընդհանրապես։

Հարգանքով ու խոնարհումով գանք դեպի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, որը թատրոնին վերադարձրել է թատրոնի իմաստը՝ արվեստի միջոցով մտածել ու արվեստի միջոցով խոսել նույնիսկ ամենացավոտ կնճիռների մասին։ Եթե սա չի լինելու թատրոնի առաքելությունը, ուրեմն անիմաստ է այդ թատրոնի գոյությունը։ 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90