«Քոչարի կյանքի «աղետի» ԻՐԱՊԱՏՈՒՄԸ...»
Ամիսներ առաջ, երբ հանճարեղ Քոչարի տաք հարկի տակ նրա որդու՝ ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարի տիկնոջ, Լալա Մարտիրոսյան-Քոչարի և թոռնուհու՝ Կարինե Քոչարի հետ սուրճի երկար զրույցում «քննում» էինք Վարպետի կյանքի մանրամասներն ու անհայտ էջերը, ու տիկին Լալան ակնարկում էր տպագրվելիք հուշերի մասին, դեռ երևանյան շոգ ու ծույլ ամառ էր: Եվ ահա այսօր, երբ ձմեռնամուտի արևը դեռ ջերմացնում է, տիկին Լալայի ակնարկած հուշապատումն արդեն իրողություն է:
«Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» իրապատումը մի մեծ կյանքի պատմություն է, որում բախվում են մարդիկ ու ժամանակներ և որի «բախման» կիզակետում անհատներ են, որոնցով անցնում է մեր ապրած ժամանակը:
«Տարբեր ոճերի, տարբեր սկզբունքների ներկայացուցիչները կարող են միմյանց պատերազմ հայտարարել: Ոչինչ չունեմ, ուղղությունների կռիվ է, թեև ամեն ինչ, ի վերջո, որոշում է ժամանակը: Եվ դա արվեստը մղում է առաջ: Սոսկալի է, երբ տարբեր ոճի, տարբեր ուղղության նկարիչները միավորվում, մի ճակատ են կազմում և կռվում են մեկի դեմ, ինչ է թե՝ անձնապես ընդունելի չէ իրենց կամ՝ ավելի տաղանդավոր է. սա արդեն աղետ է»:
Իրապատումի նախաբանում մեջբերված է Վարպետի այս արձանագրումը: Քոչար հանճարեղ մարդու արձանագրումը, որի անկեղծությանն անկարելի է կասկածել, քանզի մի ամբողջ կյանք՝ Հայաստան ներգաղթելուց հետո, Քոչար հանճարեղ մարդն ապրել է այդ «աղետ»-ում, ապրել է այդ «աղետ»-ի խարդավանքներում, նվաստացումներում, որոգայթներում:
Եվ ի՞նչ եք կարծում՝ 37 թվական դաժան ժամանակով ավարտվե՞լ է «աղետ»-ի դարը: 53 թվական երջանիկ թվացյալ ժամանակով ավարտվե՞լ է «աղետ»-ի դարը: 65 թվական զարթոնքի ժամանակով ավարտվե՞լ է «աղետ»-ի դարը: 70-ական թվականներ լճացող ժամանակով ավարտվե՞լ է «աղետ»-ի դարը...
Ոչ: Եղել են լույսի առկայծումներ, լույսի բռնկումներ, եղել են ազնիվ հոգիներ, բայց «աղետ»-ի դարը կարծես հարատև է ու հարատև: Քոչարի կյանքի «աղետ»-ն, այնուամենայնիվ, այդ մասին է գուժում:
«Աղետ»-ի մի հսկայածավալ պատմություն է, յուրահատուկ մի լյուստրացիա «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» իրական չթվացող գիրքը, որ աննկարագրելի խնամքով կազմել են Անատոլի Հովհաննիսյանն ու Լալա Մարտիրոսյան-Քոչարը, ուր մեկիկ-մեկիկ հավաքված են Վարպետի ժամանակակիցների ու մոտիկների, ընկերների ու գործընկերների, մերձավորների ու սիրելիների՝ շուրջ վաթսուն անհատի խոստովանություն-պատմությունները, որոնցում դարից ու ժամանակից, բարքերից ու իրականությունից զատ նաև Վարպետն է՝ իր կենդանի խոսքով, իր հասակով, իր մտքերով, հումորով, տեսակով, խիզախությամբ ու քաղաքացիությամբ, պայքարողի ու համառի իր կերպով:
Պատմությունները ներկայացվում են անկեղծության զարմանալի չափաբաժնով ու եզակի, բացառիկ մանրամասներով ի հայտ են բերում Վարպետի դժվար կյանքի թաքնված դրվագները, տառապանքի օրերը, մատնումներից ու ամբաստանություններից ստացած ապրումները, սերերը՝ ցնորային ու իրական...: Եվ այդ պատմությունների հորձանուտում երևակվում են մարդիկ՝ չարության ու փոքրոգության իրենց կերպով, իրենց ատելությամբ ու ստորությամբ դեպի Մեծ Մարդը ու մարդն առհասարակ, երևակվում է քծնանքի ու միջակության ժամանակը, ժամանակաշրջանը:
Այս իրապատումում ահռելի է Քոչարի տիկնոջ՝ Մանիկ Մկրտչյան-Քոչարի հիշողությունների ու արձանագրումների կշիռը: Մարդ, որի շնորհիվ նաև ստեղծվեց Քոչարի թանգարանը, պահպանվեցին Քոչարի գլուխգործոցներն ու մասունքները:
Հենց Մանիկ Մկրտչյանն է պատմում, թե ինչպես է ոմն Լևոն Վարդունի, որն ինչ-որ պաշտոն զբաղեցնելիս է եղել, Փարիզից նոր ներգաղթելուց հետո Քոչարի կազմակերպած «փակ» ցուցադրությունում հայտարարել, որ «...Քոչարի նկարները վտանգավոր են, կհեղափոխեն երիտասարդությանը», և թե ինչպես է այդ օրվանից հետո Քոչարը հավաքել նկարներն ու ուղարկել Թիֆլիս՝ քրոջ մոտ:
Հետաքրքրական է, գուցե նաև՝ ճակատագրական-խորհրդանշական, որ Քոչարը Փարիզից շուրջ 1800 մտավորականների հետ 1936-ի մայիսին Երևան է ներգաղթել «Սինեյա» շոգենավով, որը հայրենիք էր բերում նաև Կոմիտասի աճյունը:
Հայտնի է, որ Քոչարի հայրենիք ներգաղթելուց հետո կարկառուն մի քանդակագործ, որ նաև արվեստի վերնախավում էր, ոչնչացնելու ցանկությամբ հետևողականորեն հետապնդել է Քոչարին, մատնել, ամբաստանել, զրպարտել և երկար ժամանակ այդ կարկառունի անունը մնում էր ստվերում՝ թերևս հայտնի լինելով միայն ժամանակակիցներին:
Հուշապատում-իրապատումը գալիս է աներկբայորեն լույս սփռելու ժամանակի ու պատմության ստվերների վրա, տալով նաև անուններ, նաև՝ կարկառունի անունը:
Քանդակագործ Դերենիկ Դանիելյանը գրում է. «Հանուն ճշմարտության ես չեմ կարող լռության մատնել Երվանդ Քոչարի և մեր մյուս նշանավոր քանդակագործի՝ Արա Սարգսյանի հարաբերությունները: Արա Սարգսյանը Վիեննայում ուսանելուց հետո եղել էր Փարիզում: Ներկայացել էր հայ անվանի արվեստագետներին: Երբ իր աշխատանքների լուսանկարներն առած գնացել էր Քոչարի մոտ, վերջինս լուսանկարները նայելուց հետո ասել էր. «Դուք դեռ հնարավորություն ունեք այլ մասնագիտություն գտնելու»: Ա. Սարգսյանը հայրենադարձվեց, ընդունվեց կուսակցության շարքեր, և ղեկավար դիրք գրավեց՝ դառնալով Նկարիչների միության նախագահ: Քոչարի վերադարձի հենց առաջին օրերից սկսվեցին հալածանքները»:
«Ինչ խոսք, որ հատկապես այդ տարիներին կերպարվեստում սոցռեալիզմի գաղափարախոսության «հայկական մակնիշի» արվեստաբանների անսանձ քննադատության համար Երվանդ Քոչարը հազվագյուտ շքեղ թիրախ էր: Քանդակագործը, գրեթե միայնակ (ո՞վ կհանդգներ այս հարցում նրա կողքին կանգնել), արժանապատիվ կեցվածքով ոչ միայն պաշտպանվում, այլ նախահարձակ էր լինում՝ բարոյապես գետնելով «արևմտյան ժամանակակից արվեստին» հարվածողներին: Երվանդ Քոչարն իր էությամբ հայ կերպարվեստագետների Երևանի խմբակցությունում տխրահռչակ սոցռեալիզմի սնանկ տեսության դեմ բողոքի միակ մարմնավորումն էր». գրում է հայտնի կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը:
Ժողովրդական նկարիչ Վասիլ Վարդանյանն իր հուշում պատմում է. «Երևանում Քոչարին հալածում էին, դաժանորեն ու անտեղի քննադատում: Հայաստանի արվեստի բարձրագույն վերնախավը Քոչարի նկատմամբ տրամադրված էր ոչ միայն անբարյացակամորեն, այլև թշնաբար»:
Ըստ նկարչի պատումի, 37 թվականի վաղ աշնանը բացվում է Ստալին կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսը: «Ներկայացված էր շուրջ 200 աշխատանք: Բրոնզափայլ անճաշակ շրջանակների մեջ առնված՝ ԿԿ-ի պատվերով արված նկարներից կեղծիք ու պարզունակություն էր փչում: Չնայած կտավների կենսուրախ երանգապնակին՝ այդ նկարները գեղանկարչությունը ճշմարիտ գնահատողների մեջ ճնշվածության տխուր զգացում էին հարուցում միայն: Վերջապես եկավ այդ, այսպես կոչված, ստեղծագործությունների քննարկման օրը: Ստալինին հղված գովերգերին ու ներբողներին չափ ու սահման չկար: Եվ ահա խոսք վերցրեց Քոչարը: Նա անկեղծորեն վրդովված էր իր գործընկերների շողոքորթ, անսկզբունքային ելույթներից: Միայն իրեն հատուկ սուր, անզիջում եղանակով նա մերկացրեց քննադատություն կոչվող այդ բեմականացումները: Եվ իր ելույթն ավարտեց այն եզրահանգմամբ, որ սոցպատվերով կատարված բուտաֆորական շրջանակներն ու նույնքան բուտաֆորական երփնանկարները զարմանալիորեն համապատասխանում են իրար:
Չգիտեմ՝ այդ պահին ինչ էին մտածում և ինչպես էին իրենց զգում մեր վարպետները, բայց մենք՝ երիտասարդներս, անհանգստացած էինք և մտածում էինք Քոչարի հետագա ճակատագրի մասին: Ավաղ, երկար սպասելու հարկ չեղավ: Մատնությունների հետևանքով Քոչարը բանտարկվեց»:
Նկարիչ Վլադիմիր Այվազյանն արձանագրում է, որ «Երևանում անընդհատ ամեն տեսակ որոշումներ էին կայացվում՝ կապված Քոչարի, ֆորմալիզմի, աբստրակցիոնիզմի, կոսմոպոլիտիզմի և նման բաների հետ: Եվ միշտ նույն սխեմայով՝ ելույթ էր ունենում Արա Սարգսյանը, այնուհետև՝ Բաբկեն Քոլոզյանը: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ Քոչարը նստել էր ձեռնափայտին կռթնած և, քանի որ բանտարկությունից հետո վատացել էր լսողությունը, ձեռքը ականջին դրած լսում էր ելույթ ունեցողներին: Ով ելնում էր տեղից՝ ցեխ ու մուր էր թափում նրա գլխին, իսկ նա լսում էր ու լռում»:
Ըստ նկարչի պատումի, հետո Քոչարը ելույթ է ունենում և ասում, որ գլխավոր ֆորմալիստը Արա Սարգսյանն է, և որ նրա «Մայիսյան ապստամբության» հուշարձանը զուտ ֆորմալիստական գործ է սովետական արվեստի չափանիշներով, մինչդեռ քարկոծում են իրեն: Եվ Արա Սարգսյանը այլայլված վեր է կենում և հայտարարում, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուր քարը սեփական ուսերին դրած տանել և դեն նետել, քանդել ու հողին հավասարեցնել այդ ֆորմալիստական հուշարձանը, բայց մեկ տարի անց Արա Սարգսյանը համագումարում իր կերտած հուշարձանը համարում է հայ մոնումենտալ քանդակագործության նվաճումներից մեկը:
Քոչարի կյանքում բացառիկ դեր է խաղում «Սասունցի Դավիթ» արձանի ոդիսականը: Եվ Քոչարի կինը՝ Մանիկ Մկրտչյան-Քոչարը գալիս է լույս սփռելու անցյալի իրողությունների վրա:
Ի՞նչ է բացահայտում Մանիկ Մկրտչյանը: Նա պատմում է, որ 1939-ին, երբ որոշվում է նշել էպոսի 1000-ամյակը, հոբելյանից երեք ամիս առաջ կուսակցության Կենտրոնական Կոմիտեն հրավիրում է Արա Սարգսյանին ու առաջարկում կերտել Սասունցի Դավթի հուշարձանը: Բայց լսելով ժամկետների մասին՝ վերջինս հայտարարում է, որ անհրաժեշտ է առնվազն երեք տարի, իսկ Սուրեն Ստեփանյանն ու Այծեմնիկ Ուրարտուն էլ պահանջում են երկու տարվա ժամկետ: Եվ հոբելյանական հանձնաժողովի անդամներից Հրաչյա Գրիգորյանը և Գևորգ Աբովը կուսակցության ղեկավար Գրիգոր Հարությունյանին խորհուրդ են տալիս հրավիրել Երվանդ Քոչարին: Երբ նրանք գիշերով գալիս են Քոչարի ետևից, Քոչարը մտածում է, որ եկել են իրեն «տանելու»: Եվ արձանի կերտումը հանձնարարվում է Քոչարին:
«...Առասպելական թվացող ճշմարտություն է, բայց պատմական փաստ. արձանը պատրաստեց 18 օրում: Ապշել էին, զարմացել, հիացել...»,- գրում է Մանիկ Մկրտչյանը և ավելացնում. «Պատերազմը սկսվելու առաջին օրը Քոչարին մեկուսացնում են՝ իբրև քաղաքականապես անհուսալի անձի: Պարսավագրերը նախապես գտնվում էին համապատասխան օրգանների տրամադրության տակ... Քոչարի բանտարկությունից մի քանի օր անց «Դավիթը» տեղահանվեց և ոչնչացվեց»:
1957 թվականին լուրեր են շրջանառվում, որ Քոչարի 1939 թվականի «Սասունցի Դավիթն» ուզում են վերականգնել: 1957-ի մայիս 6-ին Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն այդպիսի որոշում է կայացնում և սկսվում է արասարգսյանների նոր, բուռն պայքարը Քոչարի դեմ:
Քոչարը սկսում է աշխատանքները, մեկ ամսից ավարտում է մեկ մետրանոց մոդելը: Մոդելն ընդունելուց երեք օր անց Քոչարին «Թոխմախ գյոլի» գերեզմանաքարերի արտադրամասում մի անկյուն է հատկացվում, որպեսզի նա անցնի աշխատանքի: Մեկ ամիս անց, առավոտ վաղ Քոչարը գնում է աշխատավայր և տեսնում, որ Քուռկիկ Ջալալին տապալված է գետին: Ինչ-որ մարդիկ գիշերը կոտրել էին զոդված մասերը՝ կարկաս-հիմքը, և տապալել արձանը:
«...«Սասունցի Դավիթ» արձանը փաստորեն ընդունեցին ճարտարապետները, պատմաբաններն ու ազգագրագետները, հնագետները, բայց ոչ նկարիչներն ու արձանագործները»,- գրում է Մանիկ Մկրտչյան-Քոչարը: Ինչ փույթ, թե Փարիզի Պոմպիդու կենտրոնի տնօրենը կարծիք է հայտնում, որ ««Դավիթը» լավ արձան է, բայց այսպիսի արձան աշխարհում չկա»:
Եվս մի հետաքրքիր դրվագ.
1965-ին Յակով Զարոբյանն ու ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցիչը գնում են դիտելու Քոչարի անհատական առաջին ցուցահանդեսը: 1936-ից Հայաստան ներգաղթած Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը, փաստորեն, կայանում է 29 տարի անց: Եվ Մոսկվայի կենտկոմականը Քոչարին հարցնում է, թե ինչո՞ւ է «Դավիթի» պատվանդանը փոքր ու Քոչարը պատասխանում է. «Որովհետև Հայաստանը փոքր է իր տարածքով, տվեք մեզ Ղարսը, Արդահանը և Արևմտյան Հայաստանը՝ պատվանդանը մեծացնեմ...»:
1965-ի զարթոնքը ևս չի «փրկում» Քոչարին: Համենայն դեպս գրքում արված բացահայտումներն այդ մասին են վկայում առարկայորեն:
1969-ին, Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առիթով Քոչարն Էջմիածնի քաղաքային սովետից պաշտոնական առաջարկ է ստանում՝ պատրաստելու Կոմիտասի արձանը: Թե տեղական, թե հանրապետական ղեկավարները, մասնավորապես Մինիստրների սովետի նախագահ Բադալ Մուրադյանը, հավանում են էսքիզը, նույնիսկ առաջարկ է լինում այն դնելու Երևանում, բայց Քոչարը չի համաձայնվում՝ ասելով, որ պատվերն Էջմիածնից է և ընդամնեը 15 օրում Քոչարը կերտում է արձանը: Արձանի բացումն անում են շուքով՝ միտինգով, ծափահարություններով, բանկետով, բայց...պարզվում է գեղխորհուրդը չի ընդունել արձանը, մերժել է: Ու թեպետ Քոչարը պատրաստ է լինում «ուղղելու» գեղխորհրդի մատնանշած «թերությունները», բայց ինչ-որ մարդիկ գիշերով բուլդոզերով տափակացնում են արձանը...:
Կոմիտասը Քոչարի բարդ կյանքում կարծես միշտ իր ճակատագրական ներկայությունն է ունեցել: Տարիներ առաջ էլ Քոչարը շահում է «Կոմիտասի» դիմանկարի մրցույթը, սակայն դիմանկարը հանրապետությունից «արտաքսում» են, որպեսզի Քոչարի անունը չհիշվի և դրանից հետո Վարպետը երբեք չի մասնակցում մրցույթների: Բարեբախտաբար, Քոչարի «Կոմիտասը» հանգրվանում է Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում:
«Նկարիչների միությունը Արա Սարգսյանի գլխավորությամբ նյութական և բարոյական տեռորի էր ենթարկում Քոչարին: Ժողովների ժամանակ այն շարքում, ուր նստում էր Քոչարը, ինձանից բացի ոչ ոք չէր նստում, թեև համակրողներ շատ ուներ, բայց վախենում էին...»,-գրում է Մանիկ Մկրտչյանը: Իսկ Վարպետի «Գրքով և խաղողով նատյուրմորտ» նկարը, երբ ներկայացվում է գնման, մերժում են, ասելով. «Ինչպե՞ս կարելի է գրքի վրա խաղող դնել, գիրքը կշիրոտի...»:
Եվ այնուամենայնիվ, Քոչարը մնում է անսանձ: Չնայած բանտարկությանը, չնայած ծեծին, տեռորին, նվաստացումներին, սովի մատնելուն, Քոչարը մնում է անսանձ: Մի ուրիշ հուշ գալիս է հավաստելու, որ մի օր, 1951-ին, Քոչարն Արվեստի աշխատողների տանը ինչ-որ մի հավաքույթում ամբիոնից բարձրաձայն ասում է. «Արա Սարգսյանը Հանրապետության շրջանները ողողել է Ստալինի ոսկեզօծ արձանիկներով. որ գյուղը գնաս՝ կանգնած է Ստալինը՝ մատը վերև տնկած, ձեռքը ետևում՝ ինչ-որ բան է թաքցնում, ի՞նչ, չես հասկանում, եթե կարևոր բան է, թող ցույց տա...»:
Մի ուրիշ առիթով էլ, երբ Քոչարը նման սուր ելույթ է ունենում՝ այս անգամ Լենինի հետ կապված, հաջորդ օրը նրան զանգահարում է Էդվարդ Իսաբեկյանն ու ասում. «Մաէստրո, դու խոսում ես և գնում տուն, քնում, իսկ մարդիկ գործում են, գնում Կենտկոմ: Մտածի՛ր, ելք գտիր...»:
«Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» եզակի հուշապատումում բացառիկ մանրամասներ կան նաև այն մասին, թե ինչպես է որոշվում կանգնեցնել Վարդան Մամիկոնյանի արձանն այն ժամանակ, երբ Վարպետն արդեն լրջորեն հիվանդ է լինում, ի վիճակի չի լինում հետևելու արձանի կոփմանը, և դրանից հուշարձանի նախնական միտքն ու հղացումը որոշ չափով տուժում են, որովհետև Քոչարին չի հաջողվում պատվանդանի հեղինակ՝ ճարտարապետ Ս. Քյուրքչյանին պարտադրել իր նախնական մտահղացումը, որի դեպքում ձիավորը պետք է գահավիժեր վար:
Ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը հիշում է. «Վարդան Մամիկոնյանը» ենթադրում էր, որ պիտի դրվի Կոնյակի գործարանի բարձրունքին՝ լանջի վրա: Վարդանի դեմքին ոչ ոք չէր կարող նայել՝ վախից կպապանձվեին: Այժմյան դիրքում բոլոր կրճատումները խեղվել են, ու տպավորությունն այլ է: Շատ ուժեղ, արտահայտիչ, մոդեռն մի բան էր: ...Քոչարը բոլոր գաղտնիքները գիտեր, բայց բախտը չբերեց, «Վարդանը» իր ուզած ձևով չդրեցին:
Անկարելի է անդրադառնալ բոլոր հուշագրություններին, իսկ Վարպետի կյանքն ու ժամանակն արձանագրել են տարբեր սերունդների այնպիսի անհատներ, ինչպիսիք են Վիգեն Իսահակյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Ռուբեն Ադալյանը, Վարազդատ Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Գրիգոր Հասրաթյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Մարգո Ղուկասյանը, Արա Վահունին, Քոչարի որդիները և այլոք:
Մենք թերևս մի քանի դրվագների անդրադարձանք, որոնք առավել հանրային հետաքրքրության էին, բայց գրքում եզակի են նաև պատումները Քոչարի կանանց, Քոչարի սերերի մասին. Վարպետի առաջին կնոջ՝ պոլսեցի աղջիկ Վարդենիի մասին, որի հետ Վարպետն ամուսնացել է 1925-ին, Փարիզում, որը Քոչարի երազ-հալյուցինացիան էր, ու որը մի օր բացում է հոր դրամարկղը, վերցնում փողերն ու...: Քոչարի երկրորդ կնոջ՝ Մելինեի, Քոչարի երրորդ կնոջ՝ Թամարա Իսահակյանի մասին, որի հետ Քոչարն «ամուսնանում» է Երևանում և ամուսնանում է «ավելի պատահական, քան առաջին՝ երազ-հալյուցինացիան...» և այլն:
Եզակի են պատումներն այն մասին, թե ինչո՞ւ «Սասունցի Դավիթը» չի նայում դեպի կայարանից դուրս եկողները, թե ինչպես է Ռուբեն Մամուլյանը հանդիպում Քոչարին, ինչպես է Քոչարը «կնքում» Ջոտտոյին, ինչպես են խռովվում ու հաշտվում մեծ բարեկամները, ինչպես են փոքր մարդիկ գողանում Վարպետի կտավներն ու մոռանում այդ մասին և այդպես անվերջ ու շարունակ:
Իսկ թե մարդկային ինչ նկարագիր ուներ հանճարեղ Քոչարը, խտացնում է Ռուբեն Զարյանի բազմաթիվ ուշագրավ պատումներից մեկը:
Ինչպես հիշում է պատկառելի արվեստաբանը, Քոչարը մի օր ձեռքը դնում է Ռուդոլֆ Խաչատրյանի ուսին ու ասում. «դու հանճար ես»: Եվ երբ զարմանք է իջնում երիտասարդ նկարչի դեմքին, Ռուբեն Զարյանը հարցնում է Քոչարին. «մանկավարժակա՞ն է այդպիսի որակումներ տալ երիտասարդ նկարչին» ու Քոչարն ասում է. «Պետք է ոգևորել, պետք է խանդավառել: Դեռ երկար ճանապարհ ունի գնալու: Թող գնա թեթև սրտով և իրեն հավատալով»:
Եթե այդպես վարվեին նաև Քոչարի հետ...
Հ.Գ. Այս հրաշալի գիրքը «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, սակայն, ցավոք՝ փոքր տպաքանակով, բայց, կարծում ենք, որ այն հնարավոր կլինի ձեռք բերել: Գրքում մի հիշատակություն կա, թե ինչպես է մեծանուն Լևոն Ներսիսյանը մի առիթով ասում. «Մաէստրո, Դուք այն կամուրջն եք, որի վրայով պիտի անցնեն մյուսները» և Քոչարը զայրացած ընդհատում է. «Ա՛յ տղա, այդ ինչե՞ր ես ասում, ես և՛ կամուրջն եմ, և՛ վրայից անցնողը»: Ահա, թե ինչու պետք է ունենանք Քոչարը մեր ներսում: Այս գրքի բոլոր պատմությունները եզակի են անառարկելիորեն և տանում են այն ճանապարհով, որով գնաց Քոչարը՝ մնալով միայն արվեստի հետ: Իր արվեստի հետ:
«Արվեստը հայ կնոջ նման է, ուզում է, որ միայն իր հետ լինես». Քոչարն էր ասում:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ