«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԱՄՊԵՐ»-ի կուտակումները». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«...Ազատությունը երբեմն շատ հեռու` յոթ ծովից, յոթ սարից այն կողմ է, երբեմն էլ շատ մոտիկ` հոգու մեջ է, ազատությունը մարդու արտացոլանքն է, եթե չհավատանք նրան, չտեսնենք հեռվում բոցկլտացող լույսը, մեր կյանքը կիսատ կմնա...»։
Օրեր առաջ, երբ Կինոյի տան մեծ դահլիճում կայացած նախադիտմանը դիտում էի մեր ժամանակի լավագույն ստեղծագործողներից՝ ռեժիսոր, անիմատոր, նկարիչ Նաիրա Մուրադյանի «Կուտակային ամպեր» նոր, երկար սպասված անիմացիոն ֆիլմը՝ Լևոն Խեչոյանի այս բնութագրումն ուղղակիորեն զուգահեռվեց Նաիրա Մուրադյան ստեղծագործողի կերպարում, որովհետև «Կուտակային ամպեր»-ը Նաիրա Մուրադյան արվեստագետի ազատության ուղղակի արտացոլանքն էր, նրա հոգու ազատության արտացոլանքը:
«Կուտակային ամպեր»-ով Նաիրա Մուրադյանն ապացուցեց, որ, այո, ազատությունը յոթ սարից այն կողմ չէ և յոթ ծովից այն կողմ չէ, այլ ազատությունը մարդու հոգում է. այն կամ կա, կամ՝ ոչ, և մենք պարտավոր ենք տեսնելու հեռվում բոցկլտացող լույսը և պարտավոր ենք հավատալու նրան:
Մեր հեղհեղուկ ժամանակներում, երբ արվեստագետի պատասխանատվությունը, արվեստագետի քաղաքացիական կեցվածքը, արվեստագետի սոցիալական դիրքավորումը դասվում է եզակի երևույթների շարքին, Նաիրա Մուրադյանն իր նոր ֆիլմով գալիս է ոչ միայն որպես արվեստային նոր գործի ծնունդ տված արվեստագետ, այլև գալիս է հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ, պատասխանատվության իր բաժնով, սոցիալական իր դիրքորոշմամբ, և դա անում է ազնվորեն, քանզի հիմքը ազատությունն է՝ հոգու ազատությունը:
Անորոշ մեր ժամանակի մեջ, անորոշ մեր աշխարհում, երբ պատերազմներն ամեն օր հրապարակ են նետում ոչ միայն նորանոր զոհեր, ոչ միայն նորանոր մարդկային խեղված ճակատագրեր, ոչ միայն կյանքեր, որոնք այլևս խաթարված են մեկընդմիշտ, այլև մեղքի ու մեղավորության նոր չափաբաժիններ, երկրային ու երկնային տիրույթներում պատասխան տալու հրամայականներ, քաղաքացիական դիրքորոշմամբ արվեստագետի արվեստային արձագանքը կարող է երևույթների մասին խոսել ի լուր աշխարհի և խոսել արվեստի լեզվով:
Այդպես իր ժամանակին խոսեց և Սերգեյ Փարաջանովը, որի 99-ամյակին է նվիրված Նաիրա Մուրադյանի «Կուտակային ամպերը», այդպես իրենց ժամանակում խոսել են Փելեշյանը, Դովլաթյանը, Հարություն Խաչատրյանը, այդպես այսօր խոսում է Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը», այդպես խոսում են աշխարհին հայտնի շատ անուններ իրենց ֆիլմերում, ներկայացումներում, գրական տեքստերում:
Նաիրա Մուրադյանի ֆիլմն ամբողջությամբ «տեղավորված» է նաիրամուրադյանական գեղագիտության մեջ, նաիրամուրադյանական գույների համադրության շրջանակում, իր ամպային թեթևության մեջ է, եթերային, որը վաղուց արդեն ձեռագիր է, մոտեցում, հայացք:
Սևից սպիտակին անցումով զրույցը ամպերի մեջ՝ կարծես երկու իրականությունների բախում է: Իրականություն, երբ մի կողմում այն աշխարհն է, ուր կուտակված են մարդկային հիշողության, մարդկային կյանքի արձանագրումները, տիեզերքի սահմանները՝ դրախտի ու դժոխքի սահմանազատմամբ, մյուսում ժամանակի գոյությունն է, ժամանակն ինքը՝ իր նորօրյա սահմանումներով, իրողություններով, ռեալություններով:
Նաիրա Մուրադյանը գտել է պատկերի ու խոսքի, երաժշտության ու խոսքի, գույնի ու խոսքի, գծի ու խոսքի բացառիկ մի համադրում, երբ խոսքն ուղղակի դիպվածային բնույթ է կրում, սակայն խոսքի պարզության և թիրախայնության շնորհիվ փոխանցում է մեծածավալ ասելիք:
Ֆիլմի սկզբում հնչող «աջ», «ձախ»՝ մի քանի սերնդի ծանոթ հրահանգավորում հիշեցնող բառերն անգամ՝ կարմիր պագոնավորների 70-ամյա գործողությունների պատկերավորմամբ, խոսում են մի ամբողջ կարմիր էպոխայի մասին, որի զոհերից էր նաև կինոն՝ այդ թվում և փարաջանովյան և դովլաթյանական և փելեշյանական ու խաչատրյանական և գուցե՝ մի քանի սերնդի: Եվ պատահական չէ փարաջանովյան «Խոստովանության» հիշատակումը՝ թեպետ թվացյալորեն այլ կոնտեքստում, «Պիոներ» ու «Ռոսիա» բառ-հասկացությունների, բառ-կենսագրությունների, բառ-ժամանակաշրջանների, բառ-նույնականացումների հիշեցումը, որոնք մեռել են, չկան որպես հոգևոր ու ֆիզիկական երևույթներ, ու հանկարծ այդ ուրվապատկերին հայտնվում է մեռյալին վերականգնել փորձող «առաջնորդը»՝ նոր ժամանակի պատերազմի հրձիգը, առկայծումի մեջ կարմիրին տվող շրթունքներով, ջղաձգումներով, գալարումներով, կոճակով, որի սեղմումից է կախված մարդկության ապագան…
Եվ սա դիտվում է որպես լավագույն նվեր Փարաջանովի ու կորուսյալ սերնդի հիշատակին:
Այս կերպարի ներմուծումը ամեն ինչից զատ, նաև Նաիրա Մուրադյան արվեստագետի քաղաքացիական պատասխանատվության, քաղաքացիական պարտքի արտացոլումն է՝ որպես կերպարային գիծ գիտակցված շեշտադրմամբ, թե ենթագիտակցական շերտերով փոխանցվող, էական չէ, քանզի Նաիրա Մուրադյանը չէր կարող չունենալ իր դիրքորոշումը 21-րդ դարում պատերազմ հրահրողի, մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ կարմիր ձեռքերով խաղացողի վերաբերյալ ընդհանրապես:
Եվ ոչ միայն այս կերպարն է արդիական՝ իր բոլոր նրբերանգային դրսևորումներով, որոնք կարծես դետալացված են գույների ու պատկերների համակցության մեջ, այլև Նաիրա Մուրադյանի ֆիլմում արդիական են պատերազմի ու խաղաղության, համակեցության օրենքների, մարդկային կյանքերի կարևորության և ընդհանրապես Աստծո տված կյանքի թեմաները:
Նա կարողացել է այդ երևույթների մասին խոսել ոչ միայն կինոյի լեզվով, այլև կինոյի միջոցով, քանզի Նաիրա Մուրադյանի ֆիլմում դոմինանտ է հենց կինոն ինքը: Գուցեև սա գալիս է սեր առ կինո նաիրամուրադյանական դիրքորոշումից, բայց և կինոն է, որ մշտապես խոսել է մարդու հետ: Խոսել է հենց մարդու մասին, կյանքի ու մահվան մասին, սիրո և ատելության մասին:
Կինոյի և սիրված կինոյի համադրության միջոցով արվեստագետը ստեղծել է կերպարային նոր լեզու, նոր մտածողություն և կինոն, որն իր մեջ կրում է շատ որոշակի ուղերձներ, անիմացիոն կերպարանափոխության շնորհիվ կարողանում է փոխանցել հենց իրենում առկա ուղերձները՝ նոր արտահայտչաձևերով ու ժամանակի մեջ տրանսֆորմացիայի ենթարկված:
Եվ այդ ամենի մեջ կա գրեթե նույնական ուղերձ՝ պատերազմին, արյանը, մարդկային կյանքերի խեղմանը, մարդկությանը սպառնացող վտանգներին համարձակորեն ոչ ասելու ուղերձը:
Նաիրա Մուրադյանը «խոսում» է Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի, միջոցով, որն, ըստ էության, նաև պատերազմի մերժման մասին է, մարդկային կյանքերի վրա պատերազմի արհավիրքի ազդեցության մասին:
«Խոսում» է «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի միջոցով, որի ուղերձների մեջ կարելի է դիտարկել նաև մարդկային կյանքի արժևորման, մեղքի զգացումի, մահ «պարգևելու» անթույլատրելիության, դավաճանության, զոհի ու հանցագործի ուղերձները:
«Խոսում» է նաև «Անորսալի վրիժառուներ» քեոսայանական ֆիլմի միջոցով՝ ստեղծված «Սատանայի կարմիր ճտերը»՝ Բաքվում հեղափոխական թռուցիկներ բաժանող ու Կարսի բերդում արգելափակված Պավել Բլյախինի պատմվածքի մոտիվներով, որը տասնամյակներ շարունակ ծառայեց որպես կարմիր սատանաների պրոպագանդայի հզոր միջոց՝ աշխարհի 1/6-րդ մասը պահելով կարմիր քարոզչության ակցաններում:
Նաիրա Մուրադյանը անիմացիոն կերպափոխումներ է արել նաև ֆելինիական անմահ «Ամարկորդ»-ի թեմաներով, ֆիլմ, որի գործողության ժամանակաշրջանը 30-ական թվականներն էին, երբ ծնվում էր ֆաշիզմի դարաշրջանը, Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» նույնպես անմահ կատակերգա-դրամատիկական ստեղծագործության թեմաներով, որում ևս ուղերձներ կան առ մարդու էությունը, մարդու թուլություններն ու չթուլությունները, մարդու ապրումակցումն ու չարչարանքները:
Նաիրա Մուրադյանը շատ մեծ վարպետությամբ ու անիմացիայի ողջ զինանոցով կարողացել է այս ֆիլմային ներթափանցումների ուղերձները կառուցել այնպես, որ նրանք լինելով տարբեր, լինելով շատ տարբեր, լինելով էականորեն տարբեր՝ փոխանցում են միևնույն ուղերձը՝ մարդու կարևորությունը, մարդ երևույթի կարևորությունը:
Ընդհանրապես՝ Նաիրա Մուրադյանի արվեստում մարդը կենտրոնական տեղում է, և այդ տեղն արվեստագետն ընդգծում է միայն իրեն հատուկ գունային կերպավորման, միայն իրեն հատուկ երաժշտական ու խոսքային մատուցման, միայն իրեն հատուկ համադրությունների շնորհիվ ու չեմ սխալվի, եթե ասեմ, որ Նաիրա Մուրադյանի ձեռագիրը մարդն է, և բոլոր այն հակաերևույթների դեմ ընդվզումը, որոնք սպանում են, ոչնչացնում են մարդուն:
Նաիրա Մուրադյանի արվեստում ձեռագիր է նաև խաղաղությունը, որն արվեստագետը փոխանցում է գույնի խաղաղության, գծի խաղաղության, շարժումի խաղաղության միջոցով: Նաիրա Մուրադյանի մոտ նույնիսկ պայթյունները խաղաղ են ու ամպային թեթևությամբ:
Մեծարժեք ֆիլմ է «Կուտակային ամպեր» ստեղծագործությունը, քանի որ այն ոչ միայն իր գեղարվեստական արժեքով է անփոխարինելի, ոչ միայն անիմացիոն արվեստում իր կատարելությամբ է անփոխարինելի, այլև իր բովանդակային արժեքային համակարգով:
Անկախությունը, որ Հայաստանն ու հայ մարդն ունեցավ հարյուրամյակներ անց, ծնեց մի սերունդ, որն իր մեջից հանել է վախերը, հանել է կաղապարները, հանել է նախապաշարմունքները և հանում է, բայց ապրում է մի ժամանակում, մի ժամանակային հակադրությունում, երբ «սատանայի կարմիր ճտերը» շարունակում են ճտեր հանել, որոնք կարմիր որդի նման թափանցում են ամենուր՝ իրենց վախերով, իրենց անհանգստություններով, իրենց քայքայված նյարդերով ու բջիջներով, իրենց քայքայված մարմիններով, իրենց նախապաշարումներով, ու փորձում նոր սերնդին վերադարձնել դեպի իրենց անցյալը, որն իրենց համար նաև ներկա է ու երանելի ապագա:
Ո՞վ է հաղթելու այս հակասության ու հակադրության մեջ: Անկախության սերնդի ու «սատանայի կարմիր ճտերի» պայքարի արդյունքում անկախության սերնդի պարտությունը կլինի մահվանը հավասարազոր ու հավասարազոր երկրի կորստին, անկախության կորստին, իսկ Նաիրա Մուրադյանի արժեհամակարգային ֆիլմը թեթև, անբռնազբոս, ոչ մի բան չպարտադրելով, ոչ մի բան չկարգադրելով, աջ ու ձախ չուղարկելով, շարք չկանգնեցնելով կանգնում է մարդու անկախության, ազատության կողքին, անպատերազմ մոլորակի կողքին, խաղաղ աշխարհի կողքին՝ դրանում տեսնելով մարդկության զարգացումը:
Եվ ազատության անունից, բայց ազատությանը դեմ երևույթները՝ լինեն շարքային մահկանացու «շեֆեր», թե շիզոֆրենիայով տառապող «մեծ առաջնորդներ» հյուսիսից, արևմուտքից, կամ արևելքից, չպետք է ունենան իրենց զարգացումը, մետաստազային տարածումը, քանզի հենց նրանք են մարդկության առաջընթացի արգելափակոցները, ինչպես եղան 70 տարի մարդկության կոնկրետ մի հատվածի համար:
Եվ այն կուտակումները, որ Նաիրա Մուրադյանի «Կուտակային ամպեր»-սքանչելի, թեթև, ասելիքով ու սիրուն ֆիլմում են, հենց նրա համար են, որ ցրեն բոլոր կարգի «շեֆերի» ու «առաջնորդների» գենետիկ վախերը, որ ցույց տան, թե ինչ սքանչելի է կյանքը, ուր կա միայն սեր ու չկան մահաբեր պայթյուններ, քանզի՝ միևնույն է, այդ պայթյուններն անգամ անկարող են ցաք ու ցրիվ անել սերը:
Իսկ գուցե կյանքը ֆիլմ է, կինո, որը կամ որին պետք է «նայել» մաքուր խղճով, մաքուր ձեռքերով, մաքուր գույներով:
Արայիկ Մանուկյան