Անժելա
Սահակյանը
Փարիզում
ապրում է
ավելի քան
15 տարի:
Այդպես է
ստացվել:
Ծնվել է
Ղարաբաղում:
Աշխատել է
հայկական
հեռուստատեսությունում,
գրքեր է
գրել,
ֆիլմեր
նկարահանել:
Այսօր
Փարիզի
հայկական
ռադիոյի
(AYP FM)
մեկնաբանն է,
«Արցախապատում»,
«Հայ մամուլի
տեսություն»
և «Բաց նամակ
ճշմարտության
պարտադրանքով»
հաղորդաշարերի
հեղինակը
և վարողը:
«Գործուղումս»
Ֆրանսիա
մի օր
կավարտվի
ու կվերադառնամ
տուն:
Հաստատ:
«Կուզեի տեսնել Արցախի ճանաչումն ու նոր մեռնել...». ՀԵՆՐԻ ՓԱՓԱԶՅԱՆ
Հենրի Փափազյանը ֆրանսիայում ճանաչված անուն է և ոչ միայն այն պատճառով, որ Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) խորհրդի նախագահն է: Հենրին մի անհատ է, որն իր կյանքն ամբողջովին նվիրել է Հայ Դատի պաշտպանությանը՝ այն դարձնելով իր կյանքի գլխավոր նպատակներից մեկը:
Ծնվել է Ֆրանսիայում, Լիոնին հարակից Տեսին քաղաքում: Նրա ծնողները Արևմտյան Հայաստանից տեղահանվել են Հունաստան, այնուհետև՝ Ֆրանսիա և չորս զավակ են ունեցել: Լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցության համակիր, նրանք իրենց երեխաներին դաստիարակել են հայկական ոգով, հայկական միջավայրում, հայկականությամբ:
Փափազյանը 35 տարի աշխատել է ինժեների իր մասնագիտությամբ՝ վերջին վեց տարիներին զուգահեռաբար աշխատելով նաև ռադիոյում: Անցնելով թոշակի, նա կամովին, առանց վարձատրության, ամբողջովին նվիրվել է հայկական ռադիոյին:
Մեր զրույցը Հենրի Փափազյանի հետ նրա կյանքի, աշխատանքի, ընտանիքի, երազանքների, անցած օրերի ու գալիք ծրագրերի մասին է:
- Դուք ամբողջովին նվիրված եք հայկական ռադիոյին, ամբողջովին ընդգրկված եք ռադիոյի ամենօրյա աշխատանքներում, ինչպե՞ս եք ժամանակ գտնում Ձեր ընտանիքի, երեխաների, թոռների համար: Դժվար չէ՞:
- Այո՛, դժվար է, բայց փորձում եմ որոշ հաճույքի պահերից զրկվելու գնով: Աշխատանքը, մանավանդ՝ ռադիոյի, վերջ չունի: Երբեմն այնպես է պատահում, որ շատ կարևոր ընտանեկան իրադարձություններին, անգամ ուրախություններին չեմ կարողանում մասնակցել: Բոլոր դեպքերում ջանում եմ ժամանակ տրամադրել ընտանիքիս, թոռներիս, բարեկամներիս…
- Մի քիչ խոսենք հայկական ռադիոյի մասին:
- Մինչև «ԱՅԲ» FM-ի հիմնադրումը, ֆրանսահայ համայնքում դեռևս 1982 թվականից գործում էր «ԱԶԳ»-ը: «ԱԶԳ»-ից հետո ստեղծվեց ռադիո «ԱՅԲ»-ը, որը փակվեց 1993 թվականին և նույն թվականին էլ հիմնադրվեց «ԱՅԲ» FM-ը: «ԱՅԲ»-ի աշխատողներից մի քանիսին վերցրինք «ԱՅԲ» FM, նաև նոր անուններով համալրեցինք ռադիոկայանը, որոնք իրենց հետ բերեցին նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Միշտ փոփոխությունների և նոր ուժերի կարիք կա։ Քառասունից ավելի հաղորդաշարեր ունենք, ուր ներկայացվում է քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային կյանքը։ Յուրաքանչյուր ծրագիր իր մշտական ունկնդիրն ունի։ Անկեղծ ասած, դեռ շատ անելիքներ ունենք տեխնիկայի, հայտագրերի առումով և այլն: Ինձ համար երբեք գոհացուցիչ չէ արվածը, որովհետև այսօրվա հարափոփոխ աշխարհում միշտ զգոն ու պատրաստակամ պետք է լինել, իսկ դա քչերին է տրված։
Մեր ունկնդրի հետ մշտական կապի մեջ ենք: Նրանք ազատ են իրենց առաջարկություններում ու դիտողություններում: Մենք միշտ սիրով ենք արձագանքում ենք մեր ունկնդիրներին: Փորձում ենք պահպանել հավասարակշռությունը: Ինձ համար սա շատ մտահոգիչ խնդիր է: Անշուշտ, համայնքը նաև դժգոհություններ ունի, շատ քիչ առիթներով է, որ գոհունակություն է արտահայտում, բայց դա լավ է, կնշանակի՝ պահանջկոտ են: Այնուամենայնիվ, մեր ուղղվածությունը, մեր ռիթմը, այսպես ասած՝ ռադիոյի սիրտը Հայ Դատն Է:
Մեր ծրագրում հիմնական տեղ ու դեր ունեն նաև օրվա լուրերը՝ հայերեն և ֆրանսերեն: Այս ամենն արվում է անհատների կողմից, որոնք մեծ պատասխանատվությամբ են կատարում են իրենց աշխատանքը: Այդպիսի ինքնակամ, սիրահոժար 30 համագործակից ունենք՝ ինչպես անհատներ, այնպես էլ՝ կազմակերպություններ: Ունենք նաև 5-6 մնայուն աշխատողներ:
Մեր ռադիոյում իր քաղաքական ու գաղափարական թեմաներով առանձնանում է «Խաղաքարտերը սեղանին» հայտագիրը: Այն եթեր ենք հեռարձակում յուրաքանչյուր շաբաթ օր, և եթերում լինում են թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ ճանաչված քաղաքական գործիչներ, որոնք հիմնականում արծարծում են Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվող հարցեր: Մեր եթերում անգամ թուրք քաղաքական գործիչներ են եղել:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ընթացող քննարկումներից:
- Անշուշտ, մեր հիմնական նպատակն է, որ Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատիժ կսահմանի ցեղասպանության ուրացման դեմ: Այդ օրենքի ընդունումը ձգձգվում է այն պատճառով, որ բավականին մեծ թվով ուժեր հակազդում են: Ֆրանսիայում կան քաղաքական գործիչներ, պատմաբաններ, որոնք բացահայտ հակառակ են: Անշուշտ, այս առումով Թուրքիան նույնպես ունի իր դերը: Որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին, մեր հարցազրույցներում, ասուլիսների ժամանակ փորձում ենք փաստերով համոզել, որ մեր պահանջն արդարացի է: Մենք պետք է հասնենք մեր նպատակին, որպեսզի Ֆրանսիան ընդունի ցեղասպանության ուրացման պատիժը սահմանող օրենքը:
- Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը տեղեկատվական առումով նույնպես Ձեր ուշադրության կենտրոնում է:
- Անկասկած: Արցախի Անկախության ճանաչման, Արցախի հիմնախնդրի հետ կապված ցանկացած իրադարձության Փարիզի հայկական ռադիոն անպայման անդրադառնում է, ազդեցիկ հյուրերի միջոցով ամեն կերպ ջանում ենք հիմնախնդրին լայն տարածում տալ։ Այնուամենայնիվ, ըստ իս, այն ինչ արվում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, բավարար պայման չէ, որպեսզի Արցախի հիմնախնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։
- Վերադառնանք Ձեր անձնական կյանքին: Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաերջանիկ պահը:
- Իմ կյանքում երջանիկ պահեր եղել են: Դրանք զավակներիս ու թոռներիս ծնունդն են: Աշխատանքի բերումով նույնպես ունեցել եմ հաճելի պահեր: Մեկը մյուսով բաղդատելով չես կարող ասել, թե որն է լավագույնը: Երբ Հայաստանն ի վերջո դարձավ ազատ, անկախ երկիր, նույնպես շատ երջանիկ պահ էր ինձ համար: Հուսով եմ, որ երջանկության պահերիս թիվը շուտով կավելանա: Հիշելով Հովհաննես Շիրազի փափագը՝ տեսնել Անին ու նոր մեռնել, ես էլ կուզեի տեսնել Արցախի անկախության ճանաչումն ու նոր մեռնել։
- Ձեր կյանքում, անշուշտ, եղել են նաև դժվարություններ, խոչընդոտներ, ինչպե՞ս եք հաղթահարել:
- Գործի բերումով, կուսակցական շրջանակներում, իհարկե, եղել են խոչընդոտներ, որոնք պետք էր հաղթահարել: Եվ ես, ամեն ինչում լինելով լավատես, կարողացել եմ ելք գտնել այդ դժվարությունները հաղթահարելու համար՝ լինի նյութական, բարոյական և այլն: Այս առումով, մեծագույն դերակատարն իմ ընտանիքն է, մանավանդ՝ կինս, ով միշտ նեցուկ է եղել ինձ: Եթե կինդ զորավիգ չէ, դու չես կարող որևէ բան հաղթահարել:
- Ձեր որդին՝ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի անդամ է, հայկական կազմակերպությունները համադրող խորհրդի համանախագահը, համայնքում ճանաչված, հարգված անձնավորություն: Մուրադով ե՞ն Ձեզ ավելի շատ ճանաչում, թե՞ Ձեզնով՝ Մուրադին:
- Մի ժամանակ ասում էին՝ Մուրադը Հենրի Փափազյանի տղան է, հիմա էլ ասում են՝ Հենրին Մուրադ Փափազյանի հայրն է: Սա, ինձ համար կարևոր է այն առումով, որ որդիս ճիշտ ճանապարհի վրա է։ Հայկական շրջանակներում իմ ընտանիքը միշտ ներկա է: Ինքնաբերաբար, զավակներս ներշնչված են հայրենասիրական գաղափարներով: Աղջիկս՝ Մարալը,մշակութային ասպարեզի մեջ է: Ներկա է բոլոր տեսակի արարողություններին: Անշուշտ, այնպես չէ, ինչպես Մուրադը, համենայնդեպս, ամեն կերպ ձգտում է օգտակար լինել: Ամուսնացած է, երկու երեխա ունի:
- Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կդասավորեիք Ձեր կյանքը:
- Եթե առիթ ունենայի, ինչպես ասում են, կրկին աշխարհ գալու, հավանաբար ուշադիր կլինեի ավելի շատ ուսումս կատարելագործելուվրա, որովհետև իմ կյանքի դժվարություններից մեկն այն է եղել, որ բավական չափով ուսումս չեմ շարունակել: Իսկ ինչ վերաբերվում է ընտանեկան, անձնական կյանքիս՝ կընտրեի նույնը: Կինս հայուհի է, ունենք երկու զավակ, չորս թոռ, բոլորն ունեն հայեցի դաստիարակություն։
Կուսակցական պատկանելիությանս առումով էլ, անկասկած, կընտրեի Դաշնակցությունը: Հիշեցնեմ, որ յոթ տարի ՀՅԴ բյուրոյի անդամ եմ եղել այն տարիներին, երբ Հայաստանն անկախացավ, երբ սկսվեց Արցախի ազատագրական պայքարը:
Ազգային կյանքի մասնակցությանս մասին ասեմ, որ ես արեցի այն, ինչ որ կարող էի…
Անժելա Սահակյան