Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

ԿՅԱՆՔԸ՝ «Սև, սպիտակ, եռագույն»...

 

«Ի՞նչ եք փնտրում»,- ինքն իրեն հարցնում է Զավեն Խաչիկյանը, ու ինքն իրեն էլ պատասխանում է. «Պատասխանում եմ. փնտրում եմ լուսանկարի կայացումը, երբ անցողիկը հանդիպում է ծիսականին, արվեստը՝ գիտությանը, բնությունը՝ մարդուն, ծիծաղը՝ լացին, պահը՝ հավերժությանը»:

Ահա այս «հանդիպումների» աննկարագրելի գրկախառնումն է Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» գիրքը: 250 էջ, 130 լուսանկար, 130 ապրում մեր կյանքից: Գի՞րքը, լուսանկարների ալբո՞մը, ֆի՞լմը, որ գրի ու պատկերի լեզվով հանձնված է ազատ ճախրանքի: Չգիտեմ: Գիտեմ, որ եռագույնն անտես, աննշմար, աննկատ անցնում է սև-սպիտակի միջով, մեր հաղթանակներն անցնում են մեր պարտությունների միջով, մեր պարտությունները՝ մեր հաղթանակների՝ ու այդպես դողով հառնում է մեր կյանքի, մեր կյանքի վերջին քսանհինգ տարվա  սև-սպիտակ պատկերը, որ եռագույն է նաև՝ երազի ու իրականության բախմամբ, պայքարի ու հանձնվելու բախմամբ, լույսի ու ստվերի բախմամբ: Որովհետև «Մարդկային հավատավոր ամբոխի, ձմեռնամուտին տան փայտը շոյող ու մոր կողքին կանգնած տղայի, թոնրի ձայնին ունկնդիր կնոջ, զինվորին ջուր տվող պատանու,... լուսանկարներում՝ հենց լինելության՝ հաղթանակի ավետումն է»:

«Պատկերները թղթին հանձնելով՝ փորձել եմ՝ ազատվել մի բանից, որն ինքն էր ուզում՝ փրկել ինձ՝ ազատ թողնել: ...Երեկ, այսօր արված՝ ավանդական կամ՝ նորարարական, ինձ դեռ սիրող կամ խռոված պատկերներ են՝ քսանհինգ տարվա...Դրանք շատ էին, բոլորն էլ անկախ ապրելու իրավունքով, լուսանցքում՝ մնացածները, հուսով եմ՝ հաջորդիվ: ...Գրքում՝ տեղ գտածներն անխտիր իմ ապրած ցնցումի արձագանքներն են...»:

Զավեն Խաչիկյանը շարժում է մեր կյանքի «ցնցումի արձագանքները», որովհետև ազատ թողնված պատկերներում մեր կյանքն է, մեր քսանհինգ տարվա կյանքը, մեր ուզածով չեղած կյանքը, մեր ազատ, անկախ կյանքը, չգիտեմ՝ ավելի շատ սև-սպիտա՞կ, թե՝ եռագույն: Ավելի շատ «սիրո՞ղ, թե՝ խռոված»: Երևի՝ եռագույն, որովհետև Զավեն Խաչիկյանն ասում է «Լուսանկարներում՝ ալեհերի մեջ բնակվող, պայքարող, կռիվ տվող գենն է, որ ռիթմավորվում ՝ ու գոյության խորհուրդ է առնում՝ ջահել ու մանուկ, ուզեն, թե՝ չուզեն, այդ գենը կրողն են ու հետևորդը»:

«Այս Զավեն Խաչիկյանի ֆոտո-աչքը չի խցվել անտիմարդու սումգայիթյան խրախճանքի գիշեր և 1988-ի այդ գիշերից չի կորզել զարմանքի ու զարհուրանքի որևէ կնճիռ. ... Զավեն Խաչիկյանի այս գիրքը ամոթխած, պատկառող, այլև սիրող որդու վերաբերմունքն է առ իր 1985-1995-ի հայրենիքը, առ մարդը՝ որ ենք ես և Դուք»:

Ահա և Հրանտ Մաթևոսյան Մեծը, որ գրել էր հատուկ հենց այս գրքի համար 1985-1995-ի իր հայրենիքում, բայց երևի այդ հայրենիքը գրքի, լուսանկարի, կինոյի «զահլա» չուներ ու «Սև, սպիտակ, եռագույնը» հասավ մեր օրերը, որովհետև այն սկիզբ ուներ ու չուներ, չունի ավարտ:   

«Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»:

«Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիների և մեր իսկ քամահրանքից: Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է: Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք: Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու: Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում: Ամեն մի այսօրը նորոգ երեկն է: Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու...»:

Հրանտ Մաթևոսյանի անվրեպ տեքստով Զավեն Խաչիկյանի ձեռամբ հունցված լուսանկար-գրի այս շաղախը փոխակերպվում է շարժանկարի: Ու փոխակերպման մեջ «մարդկային հավատավոր ամբոխը», որ լուսանկար-գրի Զավենական շաղախի ողնաշարն է, մարում է հեռվացող լույսի նման, լույսը շաղվում է, լույսը վերածվում է...լույսի, լույսը դառնում է զանգված ու սպիտակ էջն է, որի վրա մեր նոր «Սև, սպիտակ, եռագույնի» սկիզբն է լինելու: կամ՝ չի լինելու: Լինելու է, որովհետև «...հիմնովին ցնցված մեր հին երկրում հայրենիք ենք բարձրացնում»:

Հ.Գ.

«Համոզված եմ՝ գոնե 500 մարդ կգտնվի, ովքեր չեն մերժի այս գիրքը»,- ասում է Զավեն Խաչիկյանը:

Հ.Գ. 1

Էդ ե՞նք մնացել,- հարցնում եմ Զավեն Խաչիկյան:  

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ