ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Արարատն ու «Լենդուտան»...
«Ամե՜ ն Աստծու օր կաշեմ էս Գյումրիին ու կզարմանամ. ծո էսքա՜ն էլ սիրուն քաղա՞ք: Կըսեն, օր մեր Գյումրին իրեք հազար տարվա պատմություն ունի: Ես չեմ ըսէ, գիտնականները կըսեն...». գյումրեցի ֆայտոնչի Գրիգորն է: Գրիգորը, որի ֆայտոնով ֆռռացել են Բաղրամյանը, Արմեն Տիգրանյանը, Ավետիք Իսահակյանը՝ Ավոն, Հովհաննես Շիրազը...: Մենք չենք ասում, Գրիգորն է ասում:
Նկարիչ Արարատ Սարգսյանը՝ «Լեննագանցի» Արարատը, գուցե ֆայտոնչի Գրիգորի շառավիղներից է, գուցե՝ Արմեն Տիգրանյանի, գուցե՝ Ավետիք Իսահակյանի, գուցե՝ Շիրազի...: Արարատը երկուհարյուր տարեկան Գյումրեցի է, «քաղքըցի», այսինքն՝ շառավիղ է ու ուզեցել է նկարել իր մանկության քաղաքը, «այն կենդանի քաղաքը, որի պատմական հրապույրը մի խորապատկեր էր, որը մենք չէինք գիտակցում, այլ միայն վայելում էիք»,-մտածում է Արարատ Սարգսյանը:
Մտածում է ու ծնվում է Արարատի «Լենդուտան»՝ «Լեննանկարչություն»-ը, քաղաքային բնանկարի սքանչելի մի հավաքածու՝ 70 ստեղծագործություն՝ սիրով, ակնածանքով, խոնարհումով, որ տանում է քեզ Գյումրվա սալարկված փողոցներով, Գյումրվա սրբատաշ բակերով, Գյումրվա Պլպլան ու չպլպլան ժամերով, Գյումրվա անցյալով, Գյումրվա պատմություններով՝ քաղաքի միջոցով վերածնելով քաղաքային բնանկար երևույթը։
«Քաղաքային պեյզաժը սակավադեպ ժանր է հայ նկարչության մեջ։ Թեև ես Հայաստանի քաղաքներին նվիրված նկարաշար ունեմ, բայց այդ պակասն ավելի զգացի՝ հերթական անգամ վեդուտայի նկարիչների գործերը նայելով։ Քաղաքային բնապատկերի մի առանձին ժանր, որի էությունը մի քաղաքի հանդեպ սերն է, զբաղմունքը՝ այդ սերը գեղանկարչության միջոցով ուրիշներին փոխանցելը: Մի ժանր, որ ծնվել է, ոչ պատահականորեն, Վենետիկում: Վենետիկը պոետիկ է...». Արարատ Սարգսյանի մտածումն է:
Վեդուտան, ինչպես գրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը, թարգմանվում է իբրև «տեսնված», այսինքն՝ օպտիկապես հարազատ և ճշգրիտ տեսք:
Վեդուտա է և Արարատի Գյումրին, քանզի Արարատի Գյումրին նկարչի տեսիլքն է, իրական տեսիլքը, ծնողներով, պապերով, ապուպապերով անցած տեսիլքը: Պոետիկ է Արարատի Գյումրին, քանզի նրա բնապատկերներում նկարչի մանկությունն է՝ սիրով ու կարոտով լեցուն: Այն քաղաքը, որի յուրաքանչյուր քար մի պատմություն է անթեղում իր մեջ, որի առեղծվածները՝ Հեղնարի աղբյուրից մինչև Ուստա Կարո, Տեքստիլից մինչև Պոլոզ Մուկուչ, Քսենոֆոնի գարեջրից մինչև ֆայտոնչի Ալեք եթե մտնում են մարդու մեջ, նրա հետ մնում են հավերժ:
«Գյումրի քաղաքը երկու անգամ նշանակալի տարածաշրջանային կենտրոնի է վերածվել վերջին երկու հարյուր տարում։ Առաջին անգամ 19-րդ դարում, երբ Ռուսական Կայսրությունը Ախուրյան գետի ափին նախ տասնյակ հազարարավոր զինվորների համար բերդեր, ապա երկաթուղային հանգույց կառուցեց, հարևանությամբ պետք է լիներ կենսունակ քաղաք, որպիսին և դարձավ Գյումրի-Ալեքսանդրապոլը։
Երկրորդ անգամ, 20-րդ դարում, Գյումրին հանգուցային կետ դարձավ սովետական «մետաքսի ճանապարհի»՝ «բամբակի ճանապարհի» շնորհիվ։ Տնտեսական ինտեգրման սովետական զարմանալի նախագիծը սկսեց երկաթգծով այստեղ բերել ուզբեկական բամբակը, հազարավոր ռուս պրակտիկանտ-բանվորուհիների և հետ տանել հայկական գուլպան, որը 1980-ականներին արդեն հագնում էր ամեն չորրորդ սովետական մարդը։
Քաղաքը 1924-ից կոչվում էր Լենինական, բայց մենք բոլորս ասում էինք Լեննագան, բարբառային արտասանությամբ շեշտադրելով լենությունը (միգուցե՝ հյուրասեր գյումրեցիների լայն սիրտը), ու չեզոքացնելով կապը Լենինի հետ, որը երբևէ նույնիսկ չէր եղել Լենինականում». գրում է Արարատ Սարգսյանը «Լենդուտա» բացառիկ ցուցահանդեսի առթիվ ստեղծված պատկերագրքում։
Նկարիչը քաղաքը պատկերում է իր պատմական միջավայրով, մշակութային այն շերտերով, որոնք բնութագրում են քաղաքը, որոնք քաղաքի չափորոշիչներն են: Պատկերում է գույներով, որոնք առանձնահատուկ են իր քաղաքին, որոնք քաղաքի դիմագիծն ամբողջացնում են՝ այն շաղկապելով քաղաքի մարդկանց, նրանց բնավորության, քաղաքի մշակույթի, ավանդույթների ու սովորույթների հետ: Գույներ, որոնք անցյալը միացնում են ներկային, որոնք սահմանում են քաղաք երևույթը:
«Վենետիկն այսօր անկախ պետություն չէ, Իտալիայի կազմում է, և կարծես վերածվել է թանգարան-քաղաքի. Վենետիկցիները, որոնցից շատերն ապրում են քաղաքից դուրս՝ վարձով տալով իրենց տները, թվով զիջում են զբոսաշրջիկներին։ Լենինականին մեծ վնաս հասցրին 1988-ին երկրաշարժը, «բամբակի ճանապարհի» վերացումը՝ Սովետական Միության փլուզման պատճառով, և այն այսօր նույնպես ավելի շատ գնահատվում է իր զբոսաշրջային արժեքով՝ քաղաքում լավ է պահպանվել պատմական միջավայրը։ Նույն հանգամանքների բերումով քաղաքը «դատարկվել է». շատերը հեռացել են՝ դրսում աշխատանք գտնելու». իր մտածումները շարունակում է Արարատ Սարգսյանը, որը վենետիկյան վեդուտաների օրինակով հավերժացրել է իր քաղաքի դեմքը:
«Ժամանակակից քաղաքակրթությունը քաղաքային է։ Մենք ավելի շուտ ապրում ենք քաղաքներում, քան երկրներում կամ պետություններում: Ժամանակակից աշխարհում երկրները վերածվել են քաղաքների: Քաղաքը չի ավարտվում իր արվարձաններով։ Ճանապարհները քաղաքի իշխանությունը տարածում են նրա սահմաններից շատ հեռու, մեր երևակայությունը թույլ չի տալիս կտրվել նրա կերպարից: Դուրս գալով փողոց՝ մեզ կլանում է քաղաքային կյանքի հոսանքը: Քաղաքի փողոցները և հրապարակները, շենքերն ու պուրակները ձև են տալիս մեր մարմնի շարժմանը, մեր մտքերին, մեր զգացումներին: Մեր ոտքերը կարդում են քաղաքը՝ ամեն անգամ ստեղծելով նոր պատումներ: Մենք խոսում ենք մեր քաղաքի հետ՝ պարզապես ապրելով այնտեղ, անցնելով նրա միջով և նայելով նրան...
Արարատ Սարգսյանի այս նախագծի համար ելման կետ է եղել Վենետիկ այցելությունը, քաղաքը ինքնին և նրա կերպարի գեղանկարչական ռեֆլեքսիան արվեստի մեջ»,- նախագծի առիթով գրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը,-նշելով. «...Գյումրին, որն ինչ-որ տեղ հիշեցնում է իտալական փոքր քաղաքները, ևս նկարելու մեծ ցանկություն է առաջացնում: Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը հիշում է. «Երբ որ հասանք Լենինական… չորս աչք դարձած` նայում էի, որ Լենինական քաղաքի մեջ որևէ նկարելու բան կա՞ր ինձ համար: … տեսա տուֆակերտ, հին, սև Լենինականը: Քարքարոտ այդ տուները, որ տեսա, ասի` ուրեմն ես այստեղ նկարելու բան ունեմ: Առաջին օրն իսկ, Լենինականում, գնացի նստեցի փողոցի վրա և սկսեցի նկարել»: Ինչպես Վենետիկը, այնպես էլ Գյումրին շատ են տուժել տարերային աղետներից, մարող քաղաքներ են, բնակիչները լքում են քաղաքը:
Այս շարքում Արարատ Սարգսյանը միավորել է գեղագիտական հիացմունքը ափսոսանքի հզոր զգացումի հետ՝ գործի դնելով իր ստեղծագործական հիշողությունը: Իր կտավներում ներկա Գյումրին չէ, ոչ էլ խորհրդային Լենինականը, այլ ինտիմ, հիշողության մեջ ծվարած Լեննագանը, ինչպես նրան բանավոր խոսքում անվանում էին գյումրեցիները...:
Ամեն մի մարդու ծանոթ է այն զգացողությունը, երբ նա կապվում է մի ինչ-որ տեղի հետ՝ քաղաքի, լանդշաֆտի, նույնիսկ փողոցի հետ: Միշտ չէ, որ այն քո ծննդավայրն է, բայց տեղի հետ այդ յուրօրինակ հարազատությունն իր մեջ գաղտնիք ունի, «տեղի հանճար»՝ “genius loci”: Գյումրին և գյումրեցիները, տեղը և մարդիկ, օժտված են «բնավորությամբ», որը քաղաքին հաղորդում է նրա եզակի, անկրկնելի “genius loci”-ն: “Genius loci”-ն այն տեղերն են, որոնք գերում են հոգին, վեհացնում, նվիրում խաղաղության և երջանկության պահեր, երբ քաղաքի հին փողոցները, շենքերը, հրապարակները պատմում են մոռացված պատմություններ, որոնք սրտեր են գերում՝ հատկապես մայրամուտի պահերին: “Genius loci”-ն քաղաքի և մարդու երկխոսությունն է...»,-ասում է Վարդան Ջալոյանը:
Արարատ Սարգսյանի «Լենդուտան», որ Արմինե Անտիկյանի ջանասիրությամբ շատ արժանապատվորեն ներկայացվեց «Օպերա սյուիտ» հյուրանոցում՝բազմաթիվ արվեստագետների, դիվանագետների, հյուրերի մասնակցությամբ, հիշողությունների մի պատկերային արտացոլանք էր, որ նկարչի մտահղացումների միջոցով փոխանցում էր այն մթնոլորտը, այն գույնը, այն երակը, որն ապրել է մշակութաստեղծ ու հանճարաստեղծ քաղաքն իր Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի ճանապարհին:
«Արարատը կոնկրետ է ճարտարապետական դետալներում, հուզական լարվածության փոխարեն ընտրել է կոմպոզիցիոն հստակություն և պարզություն, որի շնորհիվ կարողանում է փոխանցել քաղաքի կերպարի բանաստեղծական և պատմական մաքրությունը, այն, ինչ վեդուտայի ոգին է: Հիմնվելով վեդուտայի, քաղաքային պեյզաժի արվեստի պատմական փորձի վրա՝ նա փորձում է վերաիմաստավորել պեյզաժի ժանրն այնպես, որ այն համապատասխանի քաղաքի ոգուն՝ “genius loci”-ին, և այդ պատճառով էլ, ոչ առանց հեգնանքի, այն անվանել է «լենդուտա»:
Ճարտարապետությունը մեծ զանգվածների արվեստ է, և մարդու հետ հարաբերվում է ինչպես մարմինը՝ մարմնի հետ, արտահայտում է մարդու, իր դարաշրջանին հատուկ մարմնական էությունը, նրա կեցվածքը, նույնիսկ ժեստերը: Դիտելով Արարատի կտավները՝ մենք շինությունների միջոցով զգում ենք քաղաքի մարդկային չափումը, ջերմությունը, քաղաքի պատմության և մարդու գոյության մեջ արմատավորվածությունը: Ինչպես Վենետիկի հիասքանչ ճարտարապետությունն է հիշեցնում հին տոնախմբությունների մասին, այնպես էլ Գյումրիի հին ճարտարապետությունն է հիշում քաղաքի կենսախինդ ոգին: Ինչպես Վենետիկն է մարում, ինչպես Վենետիկն են լքում նրա բնակիչները, այնպես էլ Գյումրին է մարում և դատարկվում:
Հին շենքերի մեծ մասը դեռ կանգուն է, հիմնականում պահպանվել է տեսքը, բայց մարում է ոգին, դարձել է պակաս արտիստիկ և արտահայտիչ: Ինչպես Վենետիկն էր արվեստագետի մոտ հարուցում ոչ միայն հիացմունք, այլ նաև ափսոսանք, առավել ևս մարող Գյումրին է Արարատի մոտ խորը ափսոսանք առաջացնում: Ինչպես վեդուտաները պետք է հիացմունք առաջացնեին Վենետիկի նկատմամբ, այնպես էլ Արարատն է ցանկանում, որ իր «լենդուտաները» հիացմունք հարուցեն, սիրել տան իր ծննդավայրը ու նաև կիսեն իր ափսոսանքի զգացումը: Արարատի կտավներում անցնող հոգևոր մշակույթը կորցնելու կանխազգացում կա: Բայց կա նաև հանգստի, դադարի զգացողություն, կարծես տեսել ենք հավերժականը, այն, ինչ ընդմիշտ կմնա»,-գրում է Վարդան Ջալոյանը:
Կա այս զգացողությունը Արարատի Գյումրիով «անցնելիս», բայց ֆայտոնչի Գրիգորը, որ հիսուն թոռ ուներ, նայում էր իր ամենափոքրին ու ասում էր. «Մեռնիմ արևուդ, հույսս է, է՜, ինքն է, օր էգուց Դավթի պես պըտի նստի իրա Քուռգիկ Ջալալին ու պըտի քըշե հե՜յ, մինչև երգիր: Մեռնիմ արևուդ»:
«...Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները: Մշակույթը հովիվների գիտություն է... ». Կոստան Զարյանն էր ասում:
Արարատ Սարգսյանը «Լեննագանցի» հովիվ է...
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ