Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Լևոն Հախվերդյանն ասաց. Այ տղա, ժողովրդի կեսը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
Պատանեկան տարիքի ձանձրույթը վանելու համար սիրում են հավաքածուներ կազմել: Իմ հասակակից տղաները սովորաբար նամականիշներ էին հավաքում, հայտնի ֆուտբոլիստների համարներով շապիկներ, արտասահմանյան ծխախոտի դատարկ տուփեր: Ավելի ռոմանտիկները` դեկորատիվ ձկներ կամ գունագեղ թիթեռներ: Չորացնում էին և գնդասեղով ամրացնում ստվարաթղթին:
Ես էլ էի սիրում հավաքածու կազմել, սակայն իմը տարօրինակ կերպով տարբերվում էր մյուսների ունեցածից: Նամականիշները կամ չորացրած թիթեռներն ինձ առանձնապես չէին ուրախացնում, ծխախոտի տուփերը կամ բրազիլական ֆուտբոլի մայկաները սիրտս չէին բացում: Ինձ համար դրանք սովորական, անպետք իրեր էին:
Իմ հավաքածուի ցուցանմուշները հնարավոր չէր անմիջականորեն տեսնել, ցուցադրել, առավել ևս` գնդասեղով ամրացնել ստվարաթղթին: Ես կազմում էի մեր շուրջն ապրող հետաքրքիր մարդկանց հավաքածու ...
Մեծանալով և խելոքանալով, իմ հասակակիցները , ի վերջո, ձանձրացան իրենց հավաքածուներից, ցրեցին դրանք այս ու այն կողմ, կամ տվեցին իրենցից փոքրերին: Մինչդեռ, ես իմ հավաքածուն չվստահեցի ոչ մեկին, միշտ պահեցի ինձ մոտ, սիրով և հոգածությամբ, հարստացնելով նորանոր դեմքերով:
Այն դարձավ իմ կյանքի գլխավոր ուղեկիցը, իմ թալիսմանը ...:
Իմ խորհրդավոր հավաքածուի «առաջին զոհերից» մեկը բանասեր, թատերագետ, արվեստաբան, հայոց լեզվի հմայքների քարոզիչ ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ էր:
Փոքրամարմին, շարժուն, անհանգիստ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, իբրև հայերենի կրքոտ փաստաբան՝ շարունակ բանավեճերի մեջ գտնվող այս մարդը մայրենի լեզուն մատուցում էր այնպիսի գեղեցիկ պարզությամբ, որ թվում էր, թե անչափ հեշտ, ուղղակի խաղուպար է գրագետ հայերենին տիրապետելը:
Լևոն Հախվերդյանն այն բացառիկ հայ գրագետներից էր, ովքեր նույն վարպետությամբ տիրապետում են թե գրավոր և թե բանավոր խոսքին:
Նրա մեծածավալ մենագրությունները շարադրված էին այնքան մատչելի և գրավիչ լեզվով, որ կարող էր թվալ, թե արկածային ժանրի գեղարվեստական գիրք ես կարդում: Լևոն Հախվերդյանի կյանքը, կենցաղը ամբողջապես ներծծված էր բառերով, վերլուծություններով, քննարկումներով: Նման նկարագրի մարդիկ հիմա գրեթե չկան:
Չնայած իր երևութական ակտիվությանը, իրականում ամբողջապես սուզված էր բառերի և պատկերների կախարդական աշխարհի մեջ:
Հին և բարի ժամանակներում կարելի էր հանդիպել այսպիսի տեսարանի. Գիտնականի որդին՝ Երևանի ամենաճանաչված երգահան և բոհեմական Ռուբեն Հախվերդյանը, ընկերներով գալիս էր լուսամուտների տակ, կանչում.
- Պապ ... պապ... իրեք մանեթ գցի:
Պետք էր այդ ժամանակ տեսնել Լևոն Հախվերդյանին՝ ցրված, խառնված, նույնպիսի անհանգիստ վիճակում, ինչպիսին որ կլիներ մեղուն, երբ նրան խանգարեին մեղր պատրաստելիս:
- Հա ... այո... բարև ձեզ ... բարև ձեզ ... այո ... հա:
Նա երևում էր պատուհանի մոտ մի քանի ակնթարթ, ակնոցն անընդհատ հանելով, դնելով: Եվ ապա ... թղթադրամը «պոկված ճյուղի, ճյուղի նման», «օրորվելով աշնան քամուց», իջնում էր ցած...
Այս պատկերը հիմա արդեն կարող է հին Երևանի բնութագրերից մեկը դառնալ ...
Լևոն Հախվերդյանի «Զրույցներ լեզվի մասին» գիրքը կարդացի, երբ ցածր կուրսի ուսանող էի. կիսամյակի ծանր քննությունների արանքում, իբրև լիցքաթափվելու, թարմանալու միջոց:
Այն ժամանակվա բժշկական ինստիտուտում հայերենի նկատմամբ գրեթե պաշտոնական արհամարհանք կար, որ կարելի էր կարծել, թե հայոց լեզուն է մեղավոր, որ, ասենք, քաղցկեղի բուժումը դեռևս գտնված չէ:
Բացի այն, որ մասնագիտական գրականության և դասագրքերի 90%-ը ռուսերեն էր, ներքին կյանքում էլ հայերեն խոսելը համարվում էր, մի տեսակ, գավառականություն, անկիրթ լինելու նշան: Եթե, օրինակ, պրոֆեսորը կոտրված հայերենով էր խոսում, կամ տառասխալներով գրում, ապա, թող ծիծաղելի չթվա, համարվում էր նույնիսկ առավելություն. «դե, մարդը ռուսական կրթություն ունի, պարտավոր չէ հայերեն իմանալ» տրամաբանությամբ:
Եվ ահա, այս ամենի վերաբերյալ իմ խորհրդածություններով նամակ գրեցի Լևոն Հախվերդյանին, քանզի ինձ թվում էր, թե նա է հայոց լեզվի «իրավունքների պաշտպանության» բարձրագույն ատյանը:
Շուտով ստացա նրա գրավոր պատասխանը. «Սիրելիդ իմ, Վարդգես: Քո նամակը ինձ և տխրեցրեց և ուրախացրեց: Տխրեցրեց բժշկական միջավայրում հայոց լեզվի ողբալի վիճակի համար, այն դեպքում, երբ ժամանակին ունեցել ենք Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Համբարձում Քեչեկի նման հայագետ բժիշկներ: Ամոթ և խայտառակություն : Ուրախացրեց, որ կան քեզ նման հայրենասեր երիտասարդներ, այդքան նախանձախնդիր հայոց լեզվի և հայ մշակույթի մաքրության հարցում: Ապրեք, ձեզ ուժ և կորով»:
Հետագայում բազմիցս այցելեցի Լևոն Հախվերդյանին, հայագիտության և տերմինաբանության հարցերով: Այդ կենդանի զրույցներն ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին: Այդ շփումներից ես յուրացրի հետևյալը.
Ա. Չկա մի երևույթ, իր կամ գաղափար, որ հնարավոր չլինի հայոց լեզվով նկարագրել, չկա մի բան, որ չունենա հայերեն բնագրային անվանումը:
Բ. Պետք է խուսափել անկյանք-շինծու կամ անհամ-անհոտ մաքրաբանությունից. ամեն մի բառ և արտահայտություն ինքնին ոչինչ է, բայց դառնում է ամեն ինչ, երբ կիրառվում է ճիշտ տեղում :
Գ. Հումանիտար բնագավառի մասնագետը (այժմ կավելացնեմ՝ բնագետը նույնպես), որքան խորանա ազգային մշակույթի ուսումնասիրության մեջ, այնքան ավելի կընդլայնի իր հետազոտական տեսադաշտը, ավելի կսիրի իր մասնագիտությունը :
Այստեղ ցանկանում եմ հիշատակել բժշկա-հոգեբանական կամ հոգեթերապիական բնույթի մի կարևոր ներգործության մասին, որ ունեցան ինձ վրա Լևոն Հախվերդյանի մտորումներն ու խորհուրդները:
Կարող է տարօրինակ թվալ. ի՞նչ կապ կարող է լինել հոգեկան առողջության հարցերի և թատերագետ-արվեստաբանի մտորումների միջև:
Այստեղ ստիպված եմ մի փոքր անկեղծանալ: Պատանեկան շրջանում ինձ անհանգստացնում էր «կատարելության պակասի», իսկ ավելի ստույգ՝ թերարժեքության զգացումը սեփական մարմնի հանդեպ: Մտածում էի, որ նիհարակազմ, կուրծքը ներս ընկած, մեծ քթով տղան չի կարող հրապուրիչ լինել աղջիկների շրջանում: Եվ ահա, ծանոթանալով Լևոն Հախվերդյանի լեզվա-մշակութաբանական վարդապետությանը, կարճ ժամանակում բեկում կատարվեց իմ ինքնագիտակցության մեջ:
Հետևելով նրա մի խորհուրդ-պատգամին, ինձ հաջողվեց զգալիորեն մեղմել, գրեթե հաղթահարել ֆիզիկական թերարժեքության բարդույթը: Այդ պատգամը մեծ գրագետը բանաձևել է իր «կտակի» գրության մեջ: Ահա այն . «...Մարդու գլխաւոր հմայքը խօսելն է, համով-հոտով, կիրթ եւ իմաստալից խօսելը: Նոյնիսկ անգեղ մարդը լաւ խօսելու շնորհիւ հմայք է ձեռք բերում, իսկ տգեղ խօսող գեղեցիկ մարդը կորցնում է իր հմայքը ». ( Լևոն Հախվերդեան. «Նամակ թոռնիկիս», «Մենք եւ մեր ժամանակը» գրքում, Պեյրութ, 1997, էջ 146):
Երբ վերջին շրջանում մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին հանդիպեցի Լևոն Հախվերդյանին մետրոյի «երիտասարդական» կայարանում, միանգամից ճանաչեց, անունս տվեց, ապա թե.
- Բժշկության որ ճյուղը ընտրեցի՞ր:
Ասացի.
- Հոգեբուժություն:
Ակնոցը միանգամից հանեց, հայացքը խորհրդավոր կերպով սևեռեց ինչ-որ հեռավոր կետի, ասաց.
-Այ տղա, դու այդ ի՞նչ ես արել: Խոսքի մեջ կար և հանդիմանություն, և հիասթափություն, և զարմանք, և հիացմունք՝ բոլորը միասին: Ապա, նայեց ուղիղ երեսիս, ձեռքը կտրուկ պարզեց մի ուղղությամբ, ասես, ցանկանալով ցույց տալ ակնհայտ փաստեր, և հանգիստ ասաց.
- Խելացի ես վարվել. ժողովրդի կեսը գիժ ա ...:
Ասաց և արագորեն ոտքը դրեց բարձրացող շարժասանդուխքին ...
Այդ օրից շատ ժամանակ չի անցել: Ընդամենը 30 տարի ...
Վարդգես Դավթյան