«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Լոլիլկի և ոսկեբերան ասպետների մասին…». ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«Գրականության կենացը, որ գիտությունից ոչ պակաս, իսկ գուցե` ավելի ճշգրիտ է, որ կյանքից ոչ պակաս հսկա իրակականություն է, իսկ գուցե` ոչ պակաս կյանք է

Դա է երջանկությունը»:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Այսպե՞ս սկսեմ. բնակարանը երկու սենյականոց փոքրիկ «խրուշչովկա» էր` Կոմիտասի 56, բն. 41: Ինքն իր աշխատասենյակը չուներ, հյուրասենյակում էր բնակվում և աշխատում ճաշասեղանին, հիմնականում գիշերը, երբ արդեն քնած էինք մենք, կամ գիշեր-ցերեկ, երբ ինձ մայրական տատիկ-պապիկի տուն էին լինում «աքսորած» մի քանի ամսով: Ենթադրում եմ, որ աքսորներիս երկարությունը ուղիղ համեմատական էր գրվող գործի-գործերի ծավալին:

Քույրս` Շողերը, չորս տարով մեծ էր ինձանից ու դպրոց էր գնում արդեն։ Եթե ես էլ մանկապարտեզում լինեի, տանն աշխատող Հրանտը վաղ առավոտից մինչև կեսօր իր սեղանի և իր ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ԱՌՋԵՎ մեկուսանալու մի քանի ժամ կունենար գոնե, մինչև ուսուցչուհի մայրս, դպրոցական քույրս և ես վերադառնայինք, ու ինքն իր հետ մնալու իր հնարավորությունը դարձյալ մնար ուշ գիշերվան կամ հաջորդ վաղորդայնին:

Բայց մանկապարտեզը վրաս չէր գալիս. բժիշկները լույս աշխարհ գալուս հենց առաջին ամիսներին հաջողել էին ինձ պատվաստումներով, ապա` թոքաբորբից անտիբիոտիկներով այնպես բժշկել, որ ամեն մանկապարտեզ գնալս ամենաշատը մեկ շաբաթ էր տևում: Հետո կա՛մ ինքս ու ինքնուրույն էի հիվանդանում, կա՛մ սանէպիդկայանի շրջիկ բժշկական բրիգադը մանկապարտեզ էր գալիս հերթական փնջային պատվաստումների և չնայած իմ ամոթխած պնդումներին՝ մերոնք ասել են` ասեմ, որ ես պատվաստումներից ալերգիա ունեմ՝ ենթամաշկային պրոբ էին դնում, համարում, որ ամեն բան լավ է ու…

Գըըընաաա ու մի ամիս անկողնախառը վե՛ր ընկիր տանը, Դավի՛թ՝ կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ… Հա՛, խոզուկ չհիվանդացա: Այսինքն՝ մի բացառությամբ՝ ինչ սրսկեցին, դա էլ հիվանդացա, իսկ ջրծաղիկով քրոջս ու Հրանտին էլ վարակեցի: Շատ ծանր են տանում մեծահասակները ջրծաղիկը, գիտեք: Ահա այդպես, ամիսներով, հեր ու տղա տանն էինք:

Թե՞ պատմեմ ինչպես էինք ինքը, քույրս` Շողերը, ես երեկոյան ուշ զբոսնում փողոցում ու զբոսայգում և անգիրներ սովորում` Թումանյանի «Պատրանքը», «Անուշ»-ի «Նախերգանքը», հեքիաթնե՞րը, թե՞ ինչպես մեզ իր «Կանաչ դաշտը» պատմեց` ներքաշեց ու հենց էդպես, գրեթե նույնությամբ ներառեց մեզ հետ հարցուպատախանը պատմվածքի վերջո՞ւմ, թե՞ ինչպես էր ինքն էլ` շեշտադրումն ու արտասանությունը վրիպելով կարդում ու ճշգրտորեն-անվրեպ` անծանոթ ոչ մի բառ ռուսերենում` թարգմանում Մաքսիմ Գորկու «Մանկությունն» ու «Պատանեկությունը» կամ Եվգենի Չարուշինի «Պատմվածքներ կենդանիների մասին» գիրքը (ամենօրյա ինքնակրթությամբ նա հաղթահարել էր գյուղի դպրոցում ռուսերենի բացակայությունը, համալսարանում` պակասը:

Ուներ հսկայական բառարանային և կենդանի-խոսակցական բառապաշար, բառերի ուղղագրությունը հրաշալի գիտեր, բայց հոլովներն ու սեռերը և շեշտադրումն այդպես էլ չհղկվեցին: -Դ.Մ.) թե՞ հայոց էպոսը մեզ համար օրերով կարդալն ասեմ, կամ մեր պատմության ու քարտեզների առաջ մեր մտքի թերևս տարիքային մթագնումների ու բթության առջև իր հուսահատության կարճ բռնկումներն ու հետո` ծիծաղը հիշեմ:

Այստեղ վերհուշերի որոշակի ոճին համապատասխան պիտի գրեի` քանի-քանի գեղեցկագույն գործ չգրվեց իմ ու մեր պատճառով: Չեմ գրի. գրվել է, ինչ գրվել է: Եվ բացառիկ որակ է գրվել: Եվ դեռ պիտի հրատարակվի, վերլուծվի, թարգմանվի:

Հրանտը` աֆորիստիկ, խիտ ու գերխիտ, կարճ խոսքի մեջ ու միջոցով ամենաարձակ, սահման չունեցող ու մանրամասն, հատ առ հատ, ամենքը մի տիեզերք մարդկանց և տարածությունների նկարագրության գրչի տեր Հրանտը: Դա է «արձակը, որ առաջ չէր եղել», դա է «հայերենը համաշխարհային գրականության ռեեստր դուրս բերած» նրա գիրը, որ նա ոչ թե գրում է, այլ «վրձնում»` գոմեշ, ձի, լուսնալույսի տակ մեռած շան թախիծ:

Անդրեյ Բիտովն է ամենևին ոչ գրականագիտական և հենց այդպիսով` ճշգրիտ այս բանաձևումների հեղինակը: Կարծրատիպ էլ կա, թե Հրանտ Մաթևոսյանը ստվար ու ծավալուն վեպերի հեղինակ չի կարող լինել և չի: Բայց ահա «Տախը»` մեկը նրա անտիպներից, որին Աննինսկին, Տեր-Ակոպյանը, Բիտովն այդքան սպասում էին, որին մենք էինք սպասում, ու որը նոր միայն տարիների չարչարանքով այլ անտիպների հետ վերծանեց իմ բանասեր, գրականագետ Համո Մաթևոսյանը` Հրանտի ամենակրտսեր եղբայրը:

Տախը` ֆենոմեն` խիտ և գերխիտ պատումի… ծավալուն, բայց ոչ երբեք ստվար, վեպ, արդեն իսկ աննման արձակի աննման, նոր որակ ու տրանսֆորմացիա. գերխիտ պատում ու ծավալուն վեպ` Մաթևոսյանի վրձնած շքեղ խոսքը, բանը, ուր նա Տախին է վրձնել աղտեղված, հանգչող «նոր ժամանակների» Ծմակուտ-Անտառամեջում: Սա ինչ է. չէ՞ որ ասել էր Հրանտը` չեմ գրում` կորցրել եմ ծառուղու ծայրին, իմ գիրքը ծնկներին նստած աղջնակի պատկերը: Ու «Տախ»-ի կողքին` «Հաղարծին»-ը, «Եզրով»-ը, «Մեռելալույս»-ը` Հրանտի «չգրած» վեպերը: Ու նրանց կողքին` «Նանա իշխանուհու կամուրջը»` մեքենագիր, պատրաստի վեպ: Երեկ` հեռավոր թվացող վաթսունականներին, երբ գավառական ցենզուրան տպարանից վերադարձրել էր ու ցրել Հրանտի առաջին գիրքը, նա մի կողմ էր դրել այս վեպը, առանձնացրել այն ամենից, ինչ գիտենք ու այսօր վերահրատարակում ենք, թարգմանում, և կնոջն ասել. «Սա կտպվի իմ մահից հետո: Դու ու երեխեքը էդ հոնորարով կապրեք». նաիվ թվացող բառեր, որ ճշմարտության ու արդարության հայտ էին իրականում:

«Նանա..»` վեպ, որ վրձնի մի հարվածով «Ծառերը» և «Աշնան արևը» ի մի է բերում եռագրության` «Երկրի ջիղը»` իր այդքան փայփայած ձևակերպումը: Ու այդ ամենից ոչ մի տող ոչ մեկին` ո՛չ ընտանիքին, ո՛չ հայ, ո՛չ որևէ ընթերցողի` «չեմ գրում», «Միայն վերնագրերը ու գրեթե ոչ մի առաջխաղացում»: Սա կոկետություն է` կասեք: Հիմա կհամաձայնեմ, բայց… առաջ գնանք, ու կհասկանաք: Նա «գրած» էր համարում միայն այն, ինչի վերջակետը դրել էր ինքը, գրամեքենան սպիտակ թերթերով լիցքավորել ու մեքենագրել, կամ մեքենագրուհուն թելադրել էր ինքը` ձեռագրից:

Մինչև այդ դա գրած չէր: Ահա Սպիտակ Թղթի առջև նրա պատասխանատվությունը և ահա կոկետության իմ մերժումը:

Եվ դարակից հանած «Նանա…»-ն, որից ոչ մի տող ոչ մեկս երբեք չէինք լսել, չէինք կարդացել, ցկյանս ՓԱԿ «Նանա…»-ն:

Այնպես որ՝ երեք-հինգ տարեկանիս վերհուշով, իմ երեխայական էգոիզմի աշտարակից կարող եմ ենթադրել, որ պատումի այդ` աֆորիստիկ, գերխիտ, կարճ խոսքի առանձնահատկությունը, ոճը ձևավորող կարևորագույն գործոն ու հանգամանք եմ եղել: Եվ էն, որ ինքը հետո հաճախ երանությամբ հիշում էր` էն մեկուկես-երկու տարին, որ Մոսկվայի սցենարիստների բարձրագույն կուրսերում սենյակում՝ գրասեղանի առջև, մեկուսանալու հնարավորություն է ունեցել, իրեն իսկի էլ պետք չէր, այլ պետք էր մեր նեղլիկ բնակարանը, ու պետք էինք մենք, մասնավորապես` ես՝ իմ հարցերով, հոգսերով և ինձ վրա ուշադրություն հրավիրելու այլ հանգամանքներով:

Ահա ուրեմն, այդպիսի մի օր՝ երևանյան մայիսի վերջին, նա ինձ նախաճաշ տվեց և ուղարկեց բակ: Արևոտ, տաք օր էր, շոգ չէր, ու թեթև քամի կար: Բակում ես ունեի կարևոր զբաղմունքներ. կային ծառ ու ծաղիկ, խոտեր և մորեխներ այդ խոտերի մեջ, կար մեր բակի կողքի «Ռայկոմի» պահապան սև-սպիտակ ու բրդոտ գամփռը` Բոջին, որ քիչ անց դարպասի արանքով ճողոպրելու էր ու գար ինձ հետ խաղալու: Բայց մինչ այդ ամենը կար Հրանտի ինձ պարգևած մեծ, հյութեղ, փափուկ, քաղցր «Անահիտ» տեսակի պոմիդորը, որ պետք էր ծեսով-ծեսերով ուտել:

Պետք էր նստել մեր մուտքի կողքի նստարանին, վայելել այն (իրոք շատ համեղ էր) ու նոր միայն անցնել մյուս գործերին: Եվ ընդամենը երկու անգամ էի երկու ափիս մեջ հազիվ տեղ արած պոմիդորը ճիշտ տեղից կծել, երբ պապան, աղը երեք մատների ծայրով բռնած, իջավ բակ. «Սպասիր,…ըհը, հիմա կեր»: Ու ժպտաց ու արագ ետ բարձրացավ: Եվ ճշգրիտ էր էդ պակասող դետալը: Եվ կատարյալ ու բացարձակ համեղ էր աշխարհը պոմիդորով և աղով:

Բիտովին ես արդեն գիտեի, ճանաչել ու հիշել էի 1969-ին` իր երկրորդ այցին. ինձ հարցրել էին` Անդրեյին հիշո՞ւմ ես, գալիս է, ի պատասխան երևի թե տմբտմբացրել էի գոնչո գլուխս, բայց հազիվ թե հիշել էի: Բայց հենց որ կլոր շրջանակված ակնոցով, բարալիկ բեղերով ու դալկադեմ ու ատլետիկ Բիտովը հայտնվեց մեր բնակարանում` 1967-ից մշուշված իր պատկերն էլ ֆոկուսի եկավ ու նույնացավ դիմացս կանգնած, միայն և հույժ բիտովյան ժպիտով ժպտացող քեռու հետ:

Գաբրիաձեի` Ռեզոյի մասին անընդհատ լսել էի բայց միայն տարիներ անց էի հանդիպելու, նույնկերպ և Ռուստամի` Իբրահիմբեկովի մասին էի լսել ու դարձյալ միայն մի տասնհինգ տարի անց ծանոթանալու առիթ եղավ: Մնացածին չեմ տեսել: Բայց «Խումհար» վեպը երբ գրվեց ու տպագրվեց ու երբ կարդում էի, ապա վերընթերցում`տարբերվող անունների ներքո ճանաչելի էին Անդրեյը, Ռեզոն, Ռուստամը, Վալենտինը, Թիմուրը, մնացածը: Ու պարզ էր` հանդիպեմ` ճանաչելու եմ` վրձնած էին: Ու հենց «Խումհար»-ով էլ, եկանք, ուրեմն, պոմիդորին:

Ահա Ռեզո Գաբրիաձեն (նախատիպը Հրանտ Մաթևոսյանի «Խումհար» վեպի էլդար Գուրամիշվիլու).

…–Հարավային անապատում` մի բարձր պատվանդան, պատվանդանին` մի մեծ պոմիդոր, «փա~ռք քեզ, պոմիդոր, քրիստոնյայի պայծառ հավատով դու քեզ դնում ես աշխարհի զոհասեղանին»: Դա ինձ դուր եկավ. ես տեսա այդ կարմիր փայլուն լոլիկը:– Էդ ի՞նչ է,– հարցրի ես: – Մեզանում պարապ բաներին հուշասյուն չեն կանգնեցնում, ուրեմն անելու եմ բարձր մի պատվանդան Չոմալի պետության համար, գնալու եմ Սահարա, խոյացնելու եմ կատաղած արևի մեջ իմ բարձր պատվանդանը` գլխին պոմիդոր, մի կարմիր պոմիդոր, Սովյալ երկրով մեկ թող լույս տա: (Հրանտ Մաթևոսյան, «Խումհար», 1980:)

Եվ ահա Անդրեյ Բիտովը.

«…Պոմիդորն էլ ոչ մի կերպ հնարավոր չէ ուտել, թեկուզ ողջ աուլով, ղըշլաղով, գյուղով կամ արտելով վրա ընկնես- ազգային կոլորիտը ինձ համար դեռ ամբողջովին չի պարզ…- էդ պոմիդորը, որպեսզի չտրորվի` հատուկ ցիստերնով են տեղափոխում, որ հսկա լիտրանոց բանկայի է նման: Այն պետք է փոխադրել, որ բոլորին ցույց տան, ամբողջ աշխարհին ցույց տան` մենք էս ի՜նչ պոմիդոր ենք աճեցրել մեզ մոտ, ուր քար ու ղըռ է, մի կաթիլ խոնավություն չկա, ու սաքսաուլը մեզ համար խոնավ արևադարձների ծառ է: Սերմը տաս հազար կիլոմետր հեռվից հատուկ հելիկոպտերով բերել, ջուրն` աշխարհի ամենախոր արտեզյան ջրհորը հորատել` հակոտնյաներից ենք ստացել, հողը` ամռան արձակուրդներից վերադառնալով, բերել ենք ճամպրուկով, գրպաններումս, ուսապայուսակներում… Մի խոսքով` էդպիսի պոմիդոր, որ, թե հիշում ես` Ռեզոն մի իդեա ուներ` մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում արձան կանգնեցնել պոմիդորին: Այդպիսի պոմիդոր: (Անդրեյ Բիտով, «Չգործող հրաբուխի ստորոտին», 1982)»:

Օ՜, Տեր Աստված, որպիսի՜ ակտուալ կանխատեսումներ մեր օրերին ընդառաջ:

Ի սկզբանե… Ասել կուզի՝ ԼՈԼԻ՛ԿՆ էր ի սկզբանե ու նախաստեղծ: Ասել կուզի` պոմիդորն իրենք` տղերքով, նախաստեղծ ԲԱՆՈՎ արարման սկզբնակետում, սահմանագլխին էին դրել` այն փխրուն սահմանին, որով բաժանվում են կենդանին ու մեռյալը (ի դեպ` Մաթևոսյանի «Խումհարի» առաջին վերնագիրը-Դ.Մ.)` մարդն ու –իզմերը, մշակույթն ու իդեոլոգիաները: Դրել ու պարգևել էին իրենց` մեզ, իրենց` ինձ, իրենց` ձեզ:

Ժամանակն իհարկե գծային չէ, ու ժամանակն իհարկե այլ տարածություն է, Տիեզերքի այլ որակ, հատկանիշ: Բայց մեր կյանքն ու մեր մոլորակի պտույտը, գոնե մեր ընկալմամբ, գծային է ձևակերպված, մինչև որ (ու եթե) հասկանանք: Եդեմի այգում էն ծառից կախված էն գայթակղության պտուղը ճաշակելով՝ մենք շատ բան կորցրինք, որպեսզի գուցե մի օր ձեռք բերենք ի Աստված մեր Ճանապարհին, ու կորցրած ամենա-ամենա մի բանն էլ ժամանակի` որպես տարածության մեջ մեր բնակության իրավունքն էր:

Տվեցի այս երեք հանճարեղ մարդկանց անունը, տվեցի պայծառագույն Լև Աննինսկու անունը: Սերունդ: Պատերազմի` Երկրորդ աշխարհամարտի աղջիկների ու տղերքի սերունդ, որ երիտասարդ, պատանի, երեխա, մանուկ են եղել աշխարհամարտի դարաշրջանում, և որոնց շնորհքի, տաղանդի, հանճարի խարանով է խարանել կյանքը` ի հեճուկս մահվան ու ավերակման` աշխարհընկալման` բոլոր զգայարաններով զգալու` տեսնելու, լսելու, զգալու, շոշափելու, հոտոտելու… ապա` ներծծելու և աբսորբացնելու, ապա` մեզ պարգևելու շնորհով է խարանել այդ սերունդը, ՇՆՈՐՀՈՎ, դուք ասեք` արվեստագետ-նկարիչների, ես ասեմ՝ գիտնականների ու գյուտարարների ՍԵՐՈւՆԴԸ. քսաներորդ դարի հիսուն-վաթսունականներին ամբողջ աշխարհում ասպարեզ իջած էդ լույս բերող տղերքն ու աղջկերքը, ֆենոմենալ, էդքան տարբեր, էդքան տարբեր օժտվածությամբ` պարզունակ շնորհքից մինչև պարզ հանճար, գիտնականների ու գրողների, ռեժիսորների ու երաժիշտների, նկարիչների ու ճարտարապետների պլեադա` ԲԱՆԻ իմացության շանսը ստացածները:

Իսկ հետո ի՞նչ եղավ. ես իմ իմացածն ասեմ, դուք ձեր իմացածն ավելացրեք․

Արևմուտքը կանոնի և կանոնակարգման ռացիոնալի և իռացիոնալի դասակարգման իր մենեջմենթով իր օժտվածներին դարձրեց Բիթըլզ, Ֆելլինի ու Սթիվըն Քինգ, մենք մեր օժտվածների բերանները փորձեցինք ծեփել. քշեցինք բանտ կամ Արևմուտք, տեղը դրեցինք ու փորձեցինք լռեցնել: Բայց ամենավատը` թերահավատ նայեցինք ու թերագնահատեցինք: Այնպես չի, որ նրանց` Արևմուտքի օժտվածների սերնդի կյանքը անցավ ու անդարդ անցավ` գիտնական թե նկարիչ լինեին, այնպես չի, որ մի քիչ ապրիորի Արևմուտքն ու ավելի հստակ սահմանագծված ամեն մի երկիրն առանձին իր ուրույն մարտահրավերների առջև միշտ կազմ ու պատրաստ եղավ, իսկ մենք` միշտ հիմար ու ձեռնունայն: Տապալումներ ու կայացումներ: Իհարկե:

Բայց սերունդը` թե՛ «այնտեղ», թե՛ «այստեղ»` պատերազմի չոռը տեսած համայն աշխարհում, Կյանքի ոգեկոչման ու Ճանապարհի համար էր եկել` ի հեճուկս մահվան:

Եվ սերնդի այդ շնորհն ու շնորհքը բանեցնելու և կամ ոչ` ապիկարության աստիճանով երկրների, իդեոլոգիաների ու հանրությունների բախտն էր վճռվում: Ու ահա Կանոնն ու կանոնակարգումն ասացին` Ֆելլինի և էլի անուններ, մեր կողմից հնչեց` Փարաջանով ու Տարկովսկի… բայց որքան դառն էր մերոնց վճարած գինն իրենց հասած շնորհքի համար… Այսպես էլ Հրանտը, իմ ու ձեր Հրանտ Մաթևոսյանը միամիտ պատմությամբ ու թեթևակի կծվությամբ (ամենևին ոչ գոգոլյան դառնությամբ և սալտիկով-շչեդրինյան հեգնանքով) «Ահնիձոր» ակնարկն էր գրել, որ հիմա լավ ընթերցողը գուցե որպես մաթևոսյանական արձակի միավոր էլ չգնահատի:

Ու էն մասին էր ակնարկը, թե ինչպես ՉԻ ԿԱՐԵԼԻ գյուղի ու գյուղատնտեսության հերն անիծել և ինչպես ՊԵՏՔ Է փրկել գյուղն ու գյուղացուն: Հրանտին երկար հալածեցին ակնարկի համար, իսկ գյուղի ու գյուղատնտեսութան հերն, իհարկե, անիծեցին…

Հրանտ Մաթևոսյանն առհասարակ կենաց օրոք որևէ նոր ստեղծագործություն, գիրք առաջինը մայրենիով չտպեց: Գավառցի ցենզորները նայում էին կենտրոնի ցենզորների վարքին, գործը, գիրքը հրատարակվում էր ռուսերեն, հաճախ նաև` օտար լեզուներով, հետո նոր միայն հայերեն: Ու գավառցի ցենզորները Հրանտին հույժ պրոֆեսիոնալիզմով հաճախ ցույց էին տալիս կենտրոնի ցենզորների հանցավոր բացթողումները, որ իրենք հայերեն տեքստում արդեն փորձում էին ուղղել և միջամտել:

Մանրատոտիկ ճորտեր…

Ոսկեբերանների սերունդ, պայծառների պլեադա: Ահա թե ովքեր են նրանք: Նույն սերունդն Արևմուտքում արեց ահա թե ինչ. Կանոնի համաձայն սահմանեց, նորոգեց, նորացրեց, նորը բերեց ու վերագնահատեց իրեն նախորդած դասական շրջանում եղածը: Նոր այդ սերնդի ամենաոսկեբերաններն ու պայծառները արդեն իսկ դասական էին իրենց մուտքից մեկ տասնամյակ անց, որովհետև նրանց ետևից եկողներն ու հենց իրենց սերունդն «իրենց տեղն էին դրել» նրանց:

Մեր Ոսկեբերաններից ամենակայացածներն ու ամենահաջողածները հազիվ հասցրին իրենց ու մեր նախորդներին դասակարգել ու գնահատել, հազիվ հասցրին զգուշացնել վերահաս աղետի ու աղետների մասին… Իրենց սերնդից նրանց ձայները, որ «իրենց տեղը պիտի դնեին» իրենց, մնացին ինտելեկտուալ աշխատանքը ֆիզիկականին ստորադասելու բթամիտ լոզունգի մամլիչի տակ:

Հաջորդողներն արդեն, որ պիտի բարձր ու հպարտ նրանց անունը տային ու Կանոն ձևավորեին նրանց բերածով` ես ու իմ սերունդը, կա՛մ կմկմացին ինչ-որ բաներ, կա՛մ նույնիսկ չհասցրին… Եվ եղավ այնպես, որ Մաթևոսյանը հայկական Ֆոլքներ է, որ Տարկովսկին ռուսական Բերգման է, որ… Եվ ոչ երբեք ասվեց` Ֆոլքներն է ամերիկյան Մաթևոսյան, Բերգմանն է շվեդական Տարկովսկի, ու առավել ևս չասվեց, չամրագրվեց կառավար ուղեղներում և ապա` հանրային գիտակցության մեջ` Մաթևոսյանը Մաթևոսյան է, Գաբրիաձեն` Գաբրիաձե, Տարկովսկին` Տարկովսկի, իսկ Բիտովը` Բիտով:

Միշտ կար այնուամենայնիվ-ը (ու հիմա էլ կա) մեր ուղեղներում, Մաթևոսյանի բառերով` պռատ բանի, պռատ մշակույթի երկիրը, մրցելով, մրցակցելով, մրցավազքելով անգամ, մտքում արդեն տանուլ էր տվել: Իր գիտակցության մեջ արդեն իր գիտնականն ու գրողը անալոգ էին, «նե խուժե չեմ…» էին, «դոգոնիմ ի պերեգոնիմ» էին: Մինչդեռ Արևմուտք հեռացածները դարձան Պավիչ, Կունդերա, Ֆորման և Բրոդսկի:

Ըստ արժանավույն դարձան. Բանի Ոսկեբերան Ասպետների այս սերունդը` նրանք` այդ Հրանտը, Անդրեյը, Ռեզոն, Լևը, Սերգեյը, մյուս Անդրեյը և բոլոր-բոլորը, ում դուք և ես հիմա կարող ենք թվարկել` մի ամբողջ պլեադա, հենց այդ գուրգուրանքին ու գնահատանքին էին արժանի: Ու խոսքը ռեգալիաների ու մրցանակների մասին, ստեղծագործելու և այսպես թե այնպես հրապարակվելու հնարավորության մասին չէ: «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է». Հրանտի այս խոսքերն ըմբռնելու և հետևություններ անել մասին է խոսքը:

Մշակութային-քաղաքակրթական հետևություններ: Ահա թե ինչն են վրիպել առնվազն իմ երկրի մասշտաբով: Ձեր երկրի-երկրների մասին դուք ասեք: Ես միայն կասեմ` մեր կողքին, մեր աչքի առաջ անցել է արդեն` արիերգարդն է անցնում ու հեռանում փառահեղագույն մի սերնդի, որն իր ու մեր անցյալն ու ապագան ծրագրեց, իսկ մենք խուլ ու կույր եղանք իրենց պարզ ու հանճարեղ բառի, պատկերի ու մեղեդու առաջ` սոսկ բառ, սոսկ պատկեր ու մեղեդի տեսանք, ու մեր վարքը, քանի դեռ այդպես է, օտար ձիու պես մեր տակից փախչելու է:

Վկան, օրինակ, Ռեզոյի ու Գիայի` Գեորգի Դանելիայի և Ռեզո Գաբրիաձեյի «Կին-ձա-ձա»-ն` կոլապսի հանճարեղ ողբ-առակը` «Մա-մա, մա-մա, ի՞նչ եմ անելու ես, մա-մա, մա-մա, ո՞նց եմ ապրելու…» (տող` ֆիլմում օգտագործված ռուսական մի երգից):

Ու դարձյալ Բիտովը. «…Իսկ Հրանտն արդեն գրել է ձիու մասին, գոմեշի մասին ու թե ինչ է մտածում լուսնալույսի մեջ մեռած շունը, գայլի մասին ու մի քիչ էլ արջի մասին է գրել և հիմա տախի մասին է գրում: «Տախը» վեպ: Վստահություն է շնչում: Առավել ևս, որ խոսքս իներցիայով սայթաքեց. Իր խնդիրը, չէ՞ որ, ինչպես մի ժամանակ, սոխի կոնյակի, հացի մասին… ՄԱՍԻՆ չէ` հենց իրենց գրելն է իր խնդիրը: Վրձնելը: Ուրեմն, ոչ էլ տախի մասին, այլ հենց տախին կվրձնի ինքը: Ու այլևս շատ բան չի մնա ՅՈԹ հաշվին: Յոթ զույգ մաքուր, յոթ զույգ անմաքուր: Գուցե նա նրանց փրկի: (Անդրեյ Բիտով , «Չգործող հրաբուխի ստորոտին»,1982)»:

Եվ ուրեմն` կեցցեն արևահամ ու արնահամ էն «Անահիտ» պոմիդորը և էն մի պտղունցիկ քարաղը, որ իմ Հրանտը շաղեց իմ արդեն կծած պտուղին: Եվ ուրեմն` կեցցե իրենց` Բանի Ոսկեբերան Ասպետների էդ սերունդը, որ ինչպես Հրանտն է վրձնել իր աշխարհն ու գուցե` մեզ, ահա այդպես վրձնել է ու վրձնելու է լսող և ականջալուր լինող, տեսնող ու նկատող, շոշափող ու զգացող, ընթացող և հասանող նոր աղջնակների ու տղեկների, որոնց համար Բանն ու Ճանապարհը այդուհետ գտնված կլինեն:

Ոչ գծային Ժամանակ-Տարածության մեջ ՆՐԱՆՔ կանգնել ու նայում են, կանգնել ու սպասում են. կտեսնե՞նք, կլսե՞նք, կհասկանա՞նք, կանցնե՞նք:

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ