Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

Գրող

«Լրագրողով հասարակություն է սկսվում ու ավարտվում». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ


 

Միշտ որոշակի ճշմարտություն կա «Կատակում եմ» արտահայտության մեջ, գիտելիքի որոշակի բաժին՝ «Չգիտեմ»-ի մեջ, որոշակի չափով հույզ՝ «Ինձ համար մեկ է» և ցավի որոշակի բաժին՝ «Ամեն բան լավ է» արտահայտությունների մեջ:

Որովհետև նա, ով կարծում է՝ իր ասածը բացարձակ ճշմարիտ է, լուրջ չէ, չգիտեցողը չի ասում՝ չգիտեմ, ում համար մեկ է՝ ոչ էլ խոստովանում է այդ մասին, իսկ մի փոքրիկ բանից խուճապի մատնվողի համար իր փոքրիկ ցավը «Ամեն ինչ վատ է»-ին հավասար է:

Երևի, «լսել կարողանալ» երբ ասում են՝ այս ամենի մասին են ասում:

Միշտ հիացրել են պարզ ու հասարակ, շփման համար բաց մարդիկ: Այդպիսի տպավորություն եմ ստացել գրեթե միշտ, երբ արտասահմանցի պաշտոնյաների եմ հանդիպել ու հարցազրույց վարել: Իսկ «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ, «Ղարաբաղ. սև այգի» գրքի հեղինակ Թոմ դը Վալն ու իր գործընկեր, Ֆրանսպրեսի թղթակից Սեբաստիան Սմիթը, որոնք իմ դասախոսներն էին սեմինարներում, անհավատալի հասարակ էին: Նրանք կարող էին դասի գալ ոչ այնքան իդեալական սանրված, ջինսով և հասարակ պոլուվերը գլխներին անփութորեն քաշած... Ժպտալ, հաճոյախոսել, նկատել. սրանք նրանց համար կարևոր բաներ էին դասին զուգահեռ:

Մեր դասախոսներին, պաշտոնյաներին տեսնում ես համալսարանի դռներին կամ նախարարությունների միջանցքներում, էնպես են իրենց պահում, ասես վերին ատյանի արդարությունն են ու պայծառափայլությունը: Ոչ բոլորն, իհարկե, բայց մեծ մասը, ցավոք... Հերիք է՝ ինչ-որ պաշտոն ստանան՝ պատճենահանող սարքի կողքին կամ ջրավաճառի գլխին, այնպես են փքվում, որ քթներից այն կողմ էլ մարդու չեն նկատում...

Մի քիչ հասարակ եղեք, կապտարյուն մերոնք ջան. մի մոռացեք, որ հավերժ չեք: Որ ամեն բան անցողիկ է: Իսկ ամեն ոք՝ անմոռաց...

Առավոտից իրիկուն տրտնջալն ու կյանքից դժգոհելը կենսակերպ դարձրածներից ո՜նց եմ ուզում հեռու մնալ: Վարակի տոպրակը ձեռքներն առած՝ կցանեն ուզած տեղում, միայն թե իրենց մռայլությանը արդարացում գտնեն: Ես տեսել եմ մարդկանց, որոնք իրենց տներում նստած մումիա են դարձել՝ դժգոհելով աշխարհի կարգից, եղանակից, կառավարությունից, ընտանիքից, գրականությունից...

Ու տեսել եմ պապիս օրինակը, որը յոթ զավակ ուներ, ապրում էր միհարկանի փոքրիկ առանձնատանը, 80 տարեկանում հանդ էր գնում ու երջանիկ վերադառնում իր տուն՝ կնոջ ձեռքով դրած թթուն հացի հետ ուտելու...

Տեսել եմ մենակ ծերացող գեղեցկուհիների, որոնց չի գոհացրել որևէ տղամարդու սիրտ, ու իրենց նվիրել են տան պատերը շքեղացնելուն՝ չորս պատի մեջ կորցնելով մայրանալու ու կանացիության հարստությունը: Իսկ խրճիթներում ապրող կանայք կան, որոնց ամեն մատի համար մանկան տասը երախտագետ պաչիկ կա...

Յուրաքանչյուրն ունի իր արդարացումը: Յուրաքանչյուրը: Ու պետք չի պարանը գցել կողքինի վիզը, պետք չի:

Մի իմաստուն, ելույթ ունենալով լսարանի առջև, ծիծաղելի պատմություն պատմեց: Ամբողջ լսարանը պայթեց ծիծաղից: Րոպեներ անց նա նորից պատմեց նույն բանը: Միայն մի քանիսը ժպտացին: Իմաստունը երրորդ անգամ պատմեց նույն պատմությունը, բայց այլևս ոչ ոք չծիծաղեց: Ծեր իմաստունը ժպտաց և ասաց. «Անընդհատ ծիծաղել նույն կատակից դուք չեք կարող... Բայց ահա ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս լաց լինել միևնույն առիթով շարունակ...»,- վկայում է հին հնդկական իմաստությունը։

Տատս ասում էր. «Փորս, գիտես, ինչի՞ ա մեծացել, բալա... Ամենը ներս եմ գցում... Դուրս գցեմ՝ աշխարհին կնեղեմ: Էնա ինձ եմ նեղում...»:

Իմ մանկությունն անցել է Վանաձորի քիմիական արդյունաբերության փառքի ֆոնին։ Անձրևներից հետո, Աստծո գրեթե ամեն օր, մաման նայում էր երկնքում քիմգործարանի աշտարակից ելնող ծխի «ոսկե» ցնցուղին ու ասում՝ թույնը լցվում ա մեզ վրա... Հարևան, հարազատ բարեկամներից, որ աշխատում էին այդ գործարանում, շատերը աշխատանքի վնասակարության համար արդեն թոշակավորված էին, իսկ նրանց ապագա երեխաները ծնվում էին ավելի շատ հույսից, որ հետևանքները իրենց վրա չեն ազդի...

Շատ մարդկանց գիտեմ, որ այսօր քայքայված, հիվանդ ու անճար գոյություն են քարշ տալիս, ինչպես այդ երանելի ժամանակը վերապրած քաղաքում, այնպես էլ՝ հեռու երկրներում։ Ամուլսարի հետ կապված, երբ դեռ որևէ փաստարկ՝ շահագործման առումով, ինձ մինչև վերջ չի համոզել, այդուհանդերձ, ուզում եմ հիշել ու հիշեցնել. բա էն ժամանակ ինչո՞ւ չէինք ընդվզում։ Լոռին նույնպես առողջարանային մարզ էր, հանքային ջրի ու ցեխաբուժության, թոքաբուժության միութենական նշանակության կենտրոններով։ Մինչդեռ, հենց հարմար պահը գալիս է, երանի ենք տալիս խորհրդային տարիներին ու պահանջում, որ... քիմգործարանները վերաբացվեն։

Երկակի ստանդարտներ չե՞նք կիրառում։

Պատերազմը՝ մերը, արտագաղթը՝ մերը, աղքատությունը՝ մերը, անատամ թոշակառուները՝ մերը. ինչո՞վ կարելի է էլ երբևէ մեզ «վախեցնել»։ Հեղափոխությունը մեր գլխում պիտի լինի նախևառաջ։

Շատ տարիներ առաջ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցում որոշեցինք դպրոցական ամսաթերթ հրատարակել աշակերտների ուժերով: Անունն էլ՝ «Օրագիր»: Սա այն ժամանակ նորություն էր դպրոցական կյանքում։ Հատկապես որ, դպրոցում պատանի լրագրողների խմբակ էի վարում ու բավարար թվով աշակերտներ աչքի տակ ունեի: Նրանք մեծ ոգևորությամբ էին իրենց գործն անում, դպրոցի առօրյայի մասին գրում էին առանց դադարի, զանգակների պես աստիճաններով վեր ու վար անելով։ Դպրոցի կյանքում թերթը հերթական նորարար գործերից էր՝ արժանի ընդօրինակման ու տարածման։ Բայց, ինչպես ասում են՝ ոչ մի լավ գործ՝ առանց պատժի...

Մի երկար պատմություն այս ամենից հետո, որ ծավալի պատճառով ստիպված եմ բաց թողնել... Քաղաքի կենտրոնում ծաղկող դպրոցը օպտիմալացման անվան տակ փակելուց փրկելու աներևակայելի ջանքեր ու արդյունքում՝ աշխատանքից ազատված տնօրենը... Եկավ նոր տնօրեն՝ ռուսախոս (հայերեն որևէ բառ արտաբերելու անկարող)` իր ուրույն կառավարման մոտեցումներով... Այլևս չեմ հետաքրքրվել։

2000-ականների սկիզբն էր... Խմբակն ու թերթը մեր հեռանալով դադարեցին գործել, իսկ աշխատանքի փնտրտուքն էլ պատճառ դարձավ, որ հավաքենք մեր ստեղծագործական-կրթական «փասափուսան» (ո՜ւմ էր այն հարկավոր) և հեռանանք Երևան, դեռ լավ է՝ ոչ այլ երկիր...

Բայց... օրերից մի օր մի տղեկ է զանգում մեր տուն.

- Ընկեր Անուշ... Բա մեր թերթը էլ չի լինելու՞, մեր խմբա՞կը... Ինչո՞ւ...

Աշխարհն ինձ տվեցին, որ իմ փոքրիկ լրագրողն առանց վարանելու փնտրել, գտել, հավաքել է նախկին տնօրենի տան համարը, չի կարկամել, հստակ պահանջ է առաջադրել, ցանկություն, որ գուցե իր նվիրական երազանքն էր դարձել... Աշխարհն ինձ տվեցին այն մտքից, որ ինձ հաջողվել էր երեխաների հետ աշխատել, դառնալ պահանջված։ Բայց առաջին անգամ ես ինձ անճար զգացի՝պատասխան տալու էդ մեծ, արդեն նախասիրություններ ունեցող մարդուն։ Ի՞նչ պատասխանեի. որ անարդարության մի մեծ պատի առա՞ջ էինք կանգնել, ու չէի ցանկանա, որ իր մանուկ հոգին զգար այն հուսահատությունը, որ մե՞նք էինք զգացել։

Երջանիկ կլինեմ, եթե տարիներ անց նա իր այդ հարցերի պատասխանը հասկացած լինի։

Գուցե տղեկն արդեն լրագրող է դարձել ու դեռ կհանդիպի՞ իր «մեծն» ուսուցչուհուն:

Շատ կուզենայի...

«Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա: Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես…»,- գրում է Վարդգես Պետրոսյանը «Վերջին ուսուցիչը» վիպակում։

Էնքա՜ն գրքեր կան, որ չեմ կարդացել կամ կարդացել ու մոռացել եմ... Րաֆֆու «Սամվելը», որ պարտադիր էր, երեք անգամ եմ կարդացել, բայց ոչինչ չեմ հիշում... Հեղափոխության առաջին օրերին հաջորդեցին բազմատեսակ հարձակումներ երիտասարդ նորանշանակ պաշտոնյաների վրա. հարցն այնտեղ հասավ, որ հարցազրույց վերցնող լրագրողն սկսեց ստուգել «ռեսպոնդենտի» ընթերցողական մակարդակը՝ Օրուելի գրքից հարցեր տալով։ Անհնար է մոռանալ հրճվա՜նքը մեկնաբանողների, երբ պաշտոնյան ասել էր, թե ծանոթ չէ գործին։

Լրագրողը պարտավոր է, մասնագիտական էթիկայից ելնելով, հող նախապատրաստել հարցի համար. հաշվի առնել հարցի կարևորությունն ու պատասխանողի պարտավորվածությունը՝ պատասխանելու։ Եվ եթե պրոֆեսիոնալիզմից մի քիչ գաղափար ունի, վատ չի լինի խորհի՝ նախքան դասախոսի դեր ստանձնելը։ Բա որ տեղերը հանկարծ փոխվե՞ն. արժե՞, որ ռիսկի տակ դնի ինքն իրեն։

Նույն օրերին մտերիմ ընկերուհուս էջում հումորով մեկնաբանություն գրեցի իր այն գրառման տակ, որում նա ասում էր, թե թացն ու չորը խառնել ենք, ու իրականում Երևանի քաղաքապետարանին հարակից տարածքում նորմալ նախագիծ է իրականացվելու՝ այգու վերածնման գաղափարով: Ընկերուհիս, որ հայտնի է իր՝ տարիների ընդդիմադիր կեցվածքով ու ճանաչված լրագրող է, սակայն, ավելացրել էր, որ դա առիթ չէ, որ քաղաքապետի (այսօր՝ նախկին) հրաժարականը չպահանջենք։ 

Ես մեկնաբանել էի, հումորով, թե... սիրում եմ քաղաքապետին, լինելով Ավանի բնակիչ, շատ եմ գնահատում կանաչապատման նրա ջիղը, հատկապես մեր շենքի բակում, քանի որ այն կառուցապատվել է իմ գրած նամակի արձագանքով և անմիջապես, ու ես այդ փոքրիկ ժեստը չեմ կարող մոռանալ։ Ամփոփել էինք զրույցը, մեկ էլ տեսնեմ մի մոլեգին հայրենասեր կին, թևերը քշտել ու «դու»-ի անցած՝ ինձ մեղադրել է... «Տարոնին սիրելու մեջ»՝ դասեր տալով, թե նա ու իր կուսակցությունը քայքայեցին երկիրը։

Ընկերուհիս անմիջապես կանխել էր կնոջ գրոհը, որը, ինչպես հասկացա, հին սերնդի լրագրող էր. ու կինը ջնջեց իր գրածը: Տհաճ զրույցը չշարունակելու համար ընկերուհուս խնդրեցի, որ իմ գրածները նույնպես ջնջի, որովհետև իսկապես, շարունակելու դեպքում, ճակատ կարող էր դառնալ։ Սակայն նստվածքը մնացել է. թե ո՞նց են կիրթ համարվող մարդիկ իրենց էդպես դրսևորում. մտքումս կատակեցի, թե լավ էր՝ «ռազբիրյատի» սուրքիթ կոշիկներով չէր։ Բայց միշտ չի, որ կարողանում ես թեթև նայել. երբեմն ուզում ես իջնել«ավտոբուսից», որում նմաններ կան։

Ու չես ուզում քո ընկալումները խառնել իրենցինի հետ, քանի որ... տարրական դասարանը վաղուց ավարտել ես: Բայց ի՞նչ անել այն դառնության հետ, որ թողնում են նրանք իրենցից հետո։

Հոգեբանները պարբերաբար հիշեցնում են միջին տարիքի ճգնաժամի մասին, այնինչ՝ մյուս սերունդների ճգնաժամից խոսող չկա։ Չես իմանում՝ «սրբադասված» ավագների՞ց փախչես, թե՞ «կռուտոյ» ջահելներից։ Ցանկացած ոլորտում։

Երեկ, այսօր(ու վաղը նույնպես, վստահ եմ) դիտելով ուղիղ հեռարձակումներն ու ռեպորտաժները, շարունակ այն եմ մտածել, թե ինչքան անհնարին կլիներ մեր կյանքն առանց լրագրող-մեղուների սուր-սուր խայթոց-հարցերի, առանց նրանց՝ խելքից դուրս բստրած հարցերի ու հավանական-անհավանական ենթադրությունների։ Բոլորին քնից հանում են, խառնում իրար։ Ինչքան կուզենային ինքնագոհ պաշտոնյաները, որ նրանց մասնագիտությունը աշխարհիս երեսին չլիներ, բայց այն փաստ է, ու այսօր այդ փաստի միջազգային օրն է։

Այսօր լրագրողական պահոցիցս հոդվածներս էի փնտրում. ու անկախ ինձնից խորասուզվեցի խունացած ու ռեստավրացիայի անհապաղ կարիք զգացող իմ հնությունների մեջ: Գտա քառորդ դար առաջ նոյեմբերի 4-ին տպագրված առաջին հրապարակումս «Ավանգարդ» թերթում: Հոդվածի հավակնող իմ համարյա մանկապատանեկան տողերը հոբելյանական ժամկետի են մոտենում: Հիշում եմ, որ նյութը թերթում տպագրելու ջատագով իմ դասախոսը՝ այն ժամանակ «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ ու վարող, տարիներ անց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, իմ դրած վերնագիրը ջնջեց ու նյութիս վրա իր ձեռքով գրեց «Կարո՞ղ եմ ամուսնանալ»:

«Այսպես ավելի ինտրիգույուշչի կլինի»,- ասաց ու անմիջապես զանգահարեց թերթի պատքարտուղար Սվետլանա Աթայանցին։ Իսկ գրել էի մի շատ հասարակ, բայց իմ կարծիքով ուսանողի համար կարևոր հարցերից մեկի մասին՝ սիրահարվելու, բայց մի՞թե ամուսնանալու տարիք է: Փոքրիկ հարցախույզ էի արել ու իմ համարյա մանկական եզրահանգումներով հանձնել ընթերցողին...

Վերջերս տեսա նյութիս հերոս կուրսընկերներիս, ու սիրտս լցվե՜ց։ էն ժամանակից եմ, պարզվում է, հոգատար եղել (այստեղ՝ ժպիտ), մտածել եմ՝լավ, որ էս մանուկները ամուսնանում են, բա հետո ո՞նց են շարունակելու ուսումը... Հիշում եմ նաև, որ այն ժամանակ թերթում տպվելը, էն էլ՝ հանրապետական, իրադարձություն էր, ու տպված լինելուս լուրը ինձնից շուտ էր հասել Վանաձոր՝ իմ հարազատներին։ Ու երբ ես ուրախ-զվարթ բախեցի քեռուս տան դուռը՝ մտածելով, թե հիմա ինձ դափնեկրի պես բարձրացնելու են ուսերի վրա, քեռակինս դուռը բացեց ու բարևի փոխարեն հեգնեց.

«Կարո՜ղ ես ամուսնանալ, բա ո՞նց չես կարող»։ Սերգո Երիցյանի «ինտրիգույուշչի» վերնագիրը ճակատիս խփվեց մինչև այսօր չմոռացվող թափով։ Մեկ էլ մինչ օրս չկարողացա հասկանալ, թե ինչո՞ւ էր իմ սրտացավ հոդվածը տպվել «Վատ են գործերդ, ուսանող» խորագրի ներքո (կրկին՝ ժպիտ)։

Դպրոցից հետո աչքս ճպպեցի` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի էի` ոչ ավել, ոչ պակաս: Բայց ավելի հետաքրքիրը հինգ տարվա բացակայությունից հետո վերադարձս էր երկրաշաժից քանդուքարափ եղած իմ Կիրովական, որն, ի դեպ, հենց այդ ժամանակներում, չգիտեմ ում հեղինակային իրավունքով, անվանակոչվեց Վանաձոր: Ամենուր` այգիներում, պատերի ու երկնքի վրա, տնակներ էին`մանր ու մեծ, փայտյա ու մետաղյա, մարդկանց բազկի ու գրպանի չափ... Քայլերս տարան ուղիղ դեպի քաղաքային «Վերածնունդ» թերթի խմբագրություն, որտեղ միանձնյա գլխավորում էր բոլոր ժամանակների ամենաերգիծաբան լրագրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանը: Դոմիկների ու լրագրողների մի հովհարային հանրության մեջ, որտեղ բազմատղամարդ ստեղծագործական ներկայացուցչությունն ապահովեցի իմ համարյա միակ վարդագույն-դեղին կտուցով:

Համարյա, որովհետև ստեղծագործողների թվում էր նաև Այգյուլ անունով պատասխանատու քարտուղար-ուհին, որը հին աշխատող էր։ Փորձաշրջանս ավարտելով` հազիվ իրավունք ստացա հավասար իրավունքներով ներկա գտնվել «լետուչկա» կոչվող ժողովներին: Դրանք անցնում էին օրումեջ հրատարակվող թերթի լույս աշխարհ գալու նախորդ զույգ օրերին, ու հասկանում եք, որ երկունքի ծանր ցավեր էինք ունենում լուրից, ուրախությունից, լույսից ու գազից զուրկ լրաշխարհում: Ինչն էր շատ լինում մեկ-մեկ` ջուրը, որը անխնա բաց էինք թողնում լուրերում, երբ դատարկ տեղեր էին մնում։

Հրդեհաշատ մի այդպիսի օր, երբ անգամ ջուրն էր կտրվել, խմբագիրը կատաղության նոպա ունեցավ, զոհ էր փնտրում` ջրի պակասը լրացնելու։ Դրությունն այնքան լուրջ էր, որ կոկորդս չորացել էր: Ախր, շա՜տ էի դեղին, կտուցս դեռ կարգին չէր էլ ոսկրացել, պատկերացրեք իմ վիճակը, երբ տղամարդիկ Այգյուլախառը ներկայությունից արդեն չեն կաշկանդվում, ինձ էլ մոռացել են...

Մթնոլորտը շիկանում էր, Խալաթյանը ներկաներին հերթով հարցնում էր, թե իր հանձնարարությունը կատարե՞լ են, և լսում էր բացասական պատասխաններ: Նա գլուխն առել էր ձեռքերի մեջ, ու գանգուր մազերը ճոճվում էին օդում։ «Գրել ե՞ս հարցազրույցը»,- հարցնում էր: «Տեղում չէր... Ասին՝ սիրուհու հետ Սևան է մեկնել»: «Այ տղա, գնայիր, սիրուհու ծոցից հանեիր... Երրորդ էջում քո նկարն ե՞մ տպելու, թե՞ սիրուհու...»։ Բարկությունը սոսկալի չափերի էր հասել, մտածում էի` հիմա դոմիկը կբռնկվի, ու կայրվենք մեր ստեղծագործական խարույկի մեջ` անհուշ-անհիշատակ։

Ու չորացած կոկորդովս ինչքան օդ կարողացա հավաքել՝արտաբերեցի.

- Ընկեր Խալաթյա՜ն...

-Ասա...

-Ձեր փողկապը Դո՞ւք եք կապում...

Թե ինչու այդպես ասացի, ինչու հենց այդ հնչերանգով, չհասկացա։ Բայց Խալաթյանը անսպասելի լռեց։ Գլուխը կախեց` տեսնելու, թե ինչպես էր այդ առավոտ հանգուցել փողկապը իր մշեցի պարանոցին ու ժպտաց։ Բոլորը հանգստացած շունչ քաշեցին: Ու ցրվեցինք` ամեն մեկս դեպի մեր հերոսացումը, և թերթի համարը բարով-խերով ծնվեց։ Միայն թե... լուսանցքում մնաց փաստը, որ նորավարտ լրագրողս մի ամբողջ տնակ` ժուռնալիստներով լիքը, փրկել էի հրդեհից...

Մեր սրբագրիչ Հրանուշ Փարսադանյանի համար թերթը տուն ու տեղ էր։ Որքան՜ պիտի մարդ սիրի իր գործը, որ ամբողջ կյանքը նվիրի մամուլին ու Հայ մամուլի օրն էլ գնա...

Իր աչքն ու սիրտը խմբագրությունն էր, թերթի սրբագիր դեմքը, որի ամեն տողը ծիսական աշխատանք էր. ստուգում էր իրեն, ստուգում էր հեղինակին, ստուգում էր փաստը։ Մորս տարիքին էր, բայց ջահել աղջկա պես ընկերացել էր ինձ հետ։ Իրար հասկանալու համար երկար «փորձաշրջան» պետք չեկավ: Հեղինակությունս նրա աչքում անխամրելի մնաց այն օրից, երբ, նորավարտ համալսարանական, ընդունվեցի աշխատանքի: Առաջին հերթապահությունս էր տպարանում, որտեղ լինոտիպի արտադրամասում արճիճահոտ էջերին վերջին ուղղումներն էինք անում: Համբերությամբ բոլոր ուղղումներս անցկացրեց իր վերջնական սրբագրի մեջ, բայց «ճմռթած» բառի սխալ «ր» տառի վրա գրիչը կախեց. «Ռ-ով չի գրվում»: «Ռ-ով է»,- պնդեցի:

Բացեց 60-ականներին լույս տեսած իր խունացած ուղղագրական բառարանը, որին վստահում էր իրենից շատ, երկար ու ուշադիր նայեց, ակնոցի տակից բազմանշանակ ժպտաց, ապա ուղղումս մեծ կարմիր նշումով անցկացրեց իր սրբություն սրբոցի մեջ: Ու վե՜րջ. Հրանուշի սիրտն առհավետ գրավված էր իմ կողմից...

Հիվանդ էր. մեր գործընկեր Խորեն Գասպարյանի հետ այցի գնացի: Աշխարհով մեկ եղավ: Հանեց իր սրբություն սրբոց դավթարները, որոնք անձեռնմխելի էին օտար աչքերի համար ու երկուական օրինակ նվիրեց իր հեղինակած գրքույկից՝ «Դիտմամբ չես հորինի»: Որում տարիների իր կանխած սխալներն էին ի մի բերված: Շատ էր վախենում վրիպումներից. համակարգչավարին ամեն անգամ զգուշացնում էր.

- Վերջը նենց սխալով ես հավաքելու՝ քոռ աչքս չտեսնի, ինձ գցես դատարանները։

Ահա փնջից մի քանիսը՝ ի հիշատակ անմոռանալի Հրանուշի:

* Մշակույթի պալատում տեղի կունենա մարզխորհրդի նիստ, որի պետը (որտեղ Լոռու մարզպետը) կներկայացնի հաշվետվությունը:
* Լենա Անթրաշյանը (Անթառանյանը) խոսեց հետագա անելիքների մասին:
* Պայթյունի հետանցքում (հետևանքով) քանդվել էր շենքի պատը:
* Այստեղ են իրենց (կովերի) կաթը հանձնում նաև մոտակա գյուղի բնակիչները:
* Եվ դու, իմ ընկեր, ինձ համար եղել ու մնում ես Լոռվա անպատկառ (անապական) բնաշխարհի գովերգող...
* Աուդիոգրականությունը տարածված է ամենից ընթերցասեր հավի (խավի) շրջանում:
* Մարմնամասերը (մանրամասները) կներկայացվեն հաջորդիվ:

Կինոնկարների «էպիզոդների» նման՝ ամենից հետաքրքիր պահերը լրագրության մեջ կուլիսների հետևում են մնում։ Բայց բոլորը, ովքեր գեթ մեկ օր անցել են այդ աշխարհի խութերով, ովքեր ինչ-որ բան փոխել են դեպի լավը ու ինչ-որ բան շարունակում են փոխել, արժանի են գնահատանքի։ Խոսք կա, թե լրագրողին կերակրում են իր «ոտքերը»։ Անսխալ պատկերացում է։ Բայց որքան ցանկալի է, որ նրան կերակրեն նաև աշխատավարձը, պրոֆեսիոնալիզմը, մարդասիրությունը։
Լրագրողից է սկսվում ու ավարտվում հասարակությունը։ Երկի'ր, գնահատիր մշակիդ։ Ու ո՛չ միայն տոն օրերին։
 

16.10. 2019

 

Անուշ Սարգսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ