ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ Հակոբ Բերբերյանի
«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի…» հատուկ նախագիծը մի մտահղացում է, որը հնարավորություն է ընձեռելու մեր ընթերցողներին «այցելել» ժամանակակից հայ լուսանկարչության ճանաչված անուններից մեկի՝ ծնունդով, բնույթով, տեսակով, իր ողջ էությամբ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի անձնական արխիվ և ծանոթանալ հայ և համաշխարհային արվեստի, մշակույթի, այլ բնագավառների մեծանուն, հանրածանոթ մարդկանց բացառիկ լուսանկարների, որոնք երբևէ չեն հրապարակվել: Գումարած՝ ծանոթանալ Վարպետի հիշողություններին, զգացողություններին, ապրումներին՝ կապված այս կամ այն լուսանկարի կամ լուսանկարային շարքի հետ:
Առաջին «հանդիպումը» տաղանդավոր երգչուհու, բացառիկ մեծության աստղ Էլվինա Մակարյանի լուսանկարների հետ է: Երբեք չհրապարակված լուսանկարներ, որ առաջին անգամ հրապարակվում են «ՀԱՅԵՐ»-ում:
«Լուսանկարներն արել եմ, հավանաբար, 1984 թվականի դեկտեմբերի վերջերին»,-ասում է Հակոբ Բերբերյանը: «Այդ ժամանակ աշխատում էի «Երեկոյան Երևան» թերթում: Մեր աշխատակիցներից Արտաշես Սարգսյանն ասաց, որ պայմանավորվածություն կա Էլվինա Մակարյանի հետ իրեն լուսանկարելու ու մենք միասին գնացինք Էլվինայենց տուն: Լուսանկարներն, իհարկե հետագայում չտպագրվեցին: Չեմ հիշում, թե ինչու:
Տունը Հերացու փողոցի վրա էր: Կամրջի տակ, որ տանում է դեպի Նորք, բարձրահարկ մի շենք կա: Այդ շենքում էր կարծեմ: Ինձ համար կարևոր էր արտիստին տանը լուսանկարելը: Բնականաբար, ես շատ լավ գիտեի Էլվինա Մակարյանին: Գիտեի նրա երաժշտությունը: Բայց շատ կարևոր ա մարդուն տեսնել տանը, կենցաղում: Կարևոր ա տեսնել արտիստին բեմի վրա, որը նրա աշխատանքն ա ու տեսնել տանը: Դա թույլ ա տալիս մարդու մասին պատկերացում կազմել:
Էլվինան շատ ներդաշնակ էր իր տանը, իր ընտանիքում, իր միջավայրում: Շատ ազատ, անկաշկանդ մարդ էր: Լուսանկարեցի երեխաների հետ: Իր մայրն էլ էր տանը: Նրան նույնպես լուսանկարեցի: Բայց քանի որ նպատակս Էլվինային լուսանկարելն էր, նրա մոր լուսանկարները չպահեցի այդ ժամանակ: Այսօր եմ, իհարկե, մտածում, որ պետք է մորն էլ լուսանկարեի: Շատ կոռեկտ կին էր: Այն ժամանակ, ցավոք, այդպես չէի մտածում: Էլվինան շատ համապատասխան էր այն կերպարին, որ մենք նրա մասին ունեինք ուսանողական տարիներին. այն, որ ինքը մեր Պիաֆն էր և այլն, ու ինքը շատ ներդաշնակ էր իր կերպարի հետ: Ինքն արհեստականորեն կերպարի մեջ մտած չէր: Իրեն դա հետաքրքիր չէր: Ինքն Էլվինան էր՝ էնպես, ինչպես կար: Շատ հեշտ էր իր հետ աշխատել»:
Բացի Էլվինա Մակարյանի բնակարանում արված լուսանկարներից, որից երկուսն այսօր հրապարակում ենք, Հակոբ Բերբերյանը մեկ շաբաթ անց երգչուհուն լուսանկարել է նաև փորձերի պահին:
«Երևի մեկ շաբաթ էր անցել, գնացի Արամ Խաչատրյան համերգասրահ»,- ասում է լուսանկարիչը: «Այն ժամանակ ասում էին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ: Ինքը նույն անկաշկանդ, ազատ մարդն էր բեմում: Շատ պատրաստակամ էր: Ոչ մի խաղարկված դրվագ չունեմ լուսանկարած, բացի, թերևս մի լուսանկարից, որ ինքն ու Մաեստրո Օրբելյանը դաշնամուրի մոտ են: Ուղղակի իրենք ուզեցին այդպես:
Իր պատրաստակամությունը՝ անծանոթ մարդուն ընդառաջել, հնարավորություն տալ բացվել, աշխատել, ստեղծագործել, դա իր բնույթն էր: Ես այդպես ընկալեցի: Ինքն այդպիսին էր նաև երաժշտության մեջ: Ինքն ամեն ինչ տալիս ա, մնում ա, որ դու վերցնես: Իր նման մարդիկ, ընդհանրապես, ավելի շատ տալիս են, քան վերցնում են: Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը շատ մեծ ա: Շատ մեծ շունչ կա դահլիճում: Շատ բան մեջդ մի տեսակ կորչում ա, վախ ա առաջանում: Բեմն էլ, ինքը խիստ բան ա, թվում ա ընկերական մի բան ա բեմը, բայց ինքը խիստ ա: Եթե դու լավը չես, ինքը չի բացվում քո առաջ: Արարատի նման ա:
Ես երաժիշտ եմ: Ես լավ եմ հասկանում: Իրենք սկսեցին փորձը: Դա մի ուրիշ իրավիճակ էր: Դա էլ մի առանձին կյանք ա: Իրենց ազատությունը բեմում, անկաշկանդ լինելը, հումորները, ծիծաղը: Մի քիչ անցել էր իրենց փորձից, եկավ Մաեստրո Օրբելյանը: Ես թույլտվություն խնդրեցի լուսանկարելու համար: Մաեստորն ասաց, որ ես ազատ եմ անել ինչ ուզում եմ:
Ասացի, որ ուզում եմ բեմի վրա լինել: Ասաց, ազատ եք: Ես ուզում էի նույն աուրայի մեջ լինել: Այդ աուրան ինձ էլ պետք ա բացեր, ու բացեց…:Ստացվեց: Դու ինչ ուզում ես պատմի, կարևորը լուսանկարն ա: Կարևոր չի, թե դու ոնց նկարեցիր, ինչքան պառկեցիր, ինչ արեցիր: Կարևորը արածդ գործն ա»: Բեմն իրանցն էր: Իրանց պետք չէր հաստատվել բեմի վրա»:
Առաջարկում ենք դիտել նաև webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «Ինչպես եղել է. պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» շարքի հաղորդումը՝ նվիրված Էլվինա Մակարյանին:
Արայիկ Մանուկյան