Նաիրա Եղիազարյան
Նաիրա Եղիազարյան

 

Թատերագետ եմ:

 

Զբաղվել եմ

մշակութային

լրագրությամբ:

 

Մի շարք

հաղորդումների

հեղինակ եմ,

բազմաթիվ

գրքերի

խմբագիր,

մի քանի

ֆիլմերի

սցենարի

հեղինակ:

 

Նաև՝

դասավանդել եմ:

 

Հոդվածներ

վաղուց

չեմ գրել:

 

Այստեղ

գրելու

առաջարկը

հեշտությամբ

չեմ ընդունել:

 

Կայքի

հիմնադիր

խմբագիրը

վստահեցրեց,

որ բառն ու

միտքը չեն

արժեզրկվել:

 

Հավատալով

նրան,

կփորձեմ

գրել, թեև դա

համարում

եմ ծանր

աշխատանք:

 

Գոնե ինձ

համար

այդպես է,

քանի որ

ամեն տող

գրելիս միշտ

հիշում եմ

Մայակովսկուն.

 

«Մի հատիկ

բառի համար

հազարավոր

տոննա

բառահանք

ես շուռումուռ

տալիս... մի

փութ աղ ես

ուտում ու

հարյուրավոր

գլանակների

ծուխ ես կուլ

տալիս

մարդկային

լեզվի

արտեզյան

խորքերից

մի թանկագին

խոսք

դուրս

բերելու

համար»:

«Մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ...». ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

«Ես ծնվել եմ 1948-ի արանքում, տնակ ապարանքում, ուր ստվերներ կային: Գյուղ, ուր սևանում էր ղոնղոշը, ու խոր ձորերի մեջ ապրում քարադոդոշը: Մայրս ինձ տվեց Վարուժան անունս, հայրս ազգանունս` Վարդանյան, հայրս խելք տվեց, մայրս` խենթություն, հայրս ինձ տվեց գեղեցիկ ատամներ, մայրս` ատամնացավ: Ու երկուսով` բարձր հասակս, կարծր մարմինս: Այդպես ապրեցի ես, ու ապրեցի բարի, հետաքրքիր այնպես, ուղիղ 18 տարի, մինչև որ հասա ձեզ»,- գեղանկարիչն այսպես թեթև, պարզ ու առանց գունազարդումների իր ինքնակենսագրությունն է գրել: 

Նկարչի մասին պատկերացումներս ու ընկալումներս սկսվում և ավարտվում են Վարուժան Վարդանյանով, քանի որ նա համընկնում է երևակայությանս մեջ ձեւավորված նկարչի տեսակին:

Գեղեցիկ արտաքինով, վառ հագուկապով, բոհեմական կյանքի դրոշմներով, հախուռն ու համարձակ, միշտ սեփական կարծիք ունեցող, մի քիչ մեծամիտ, մի քիչ ինքնասիրահարված ու անչափ տաղանդավոր:

2004 թ. սեպտեմբերին էր, երբ ծանոթացա Վարուժան Վարդանյանի հետ:

Գնացել էի հարցազրույցի: Սբ. Սարգիս եկեղեցու կողքի շենքի իններորդ հարկի արվեստանոցում մաքուր աթոռ կամ նստելու որևէ հարմարանք գտնելն անհնար էր: Օգնության հասան նոթատետրիցս պոկած թերթերը: Սակայն, նրա հետ ծանոթանալուց ու զրույցը սկսելուց հետո անմիջապես դադարեցի նկատել մեզ շրջապատող  թափթփվածությունն ու մաքրության բացակայությունը:

Վարուժան Վարդանյանը պարզապես նկարիչ չէր, այլ հայ և համաշխարհային արվեստի ու գրականության գիտակ, գեղեցիկ ու գրավիչ խոսքի վարպետ, ում  հաջողվում էր վրձին վերցնել եւ երևակայությունն արտահայտել պատկերով, գրիչ շարժել ու միտքը՝ բանաստեղծության, պատմվածքի, էսսեի, արվեստաբանական հոդվածի տեսքով հանձնել թղթին:

Չգիտեմ հեշտ է՞ր հաջողվում դա նրան, թե՝ ոչ, բայց արվում էր յուրօրինակ, ինքնատիպ, գեղեցիկ ու խենթ:

Վարուժան Վարդանյանի պես:

Մեր հանդիպման պահին Վարուժանը նոր ավարտել էր Հասմիկ Պապյանի դիմանկարը և մոլբերտին ամրացել  նոր կտավը, որը դեռ սպիտակ էր ու պատրաստ՝ արարման:

«Կտավը քեզ չի օգնում... պարտությունը քեզ սպասում է անշտապ, դու լսում ես նրա քմծիծաղը, սակայն, միևնույն է, ամեն անգամ դու ցանկանում ես հաղթել, եթե ուժերդ ներեն: Այստեղ տաղանդը, խելքը, վարպետությունն անգամ դառնում են երկրորդական, եւ կարևորվում է ուժը. դու պետք է կարողանաս շրջանցել կտավի զսպված, ծպտված ատելությունը քո հանդեպ, դու պետք է խորամանկես եւ ստեղծես քո ուզածը, կամ դրա նման մի բան, որ գոնե կարողանաս մոտենալ քո նախնական հղացմանը»,- ասում էր նկարիչը և պատրաստվում կտավի հետ մենամարտի:

Այսպես են ծնվել նրա նկարները, որոնք ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, տեղ գտել արտասահմանյան պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Վարուժան Վարդանյանի 1994 թ. Ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսի ժամանակ ես ուսանող էի ու դա հիրավի իրադարձություն էր ինձ համար, քանի որ պատերազմը նոր էր ավարտվել ու սա մշակութային մի լուսավոր երևույթ էր այդ պահին:

Հիշում եմ ցուցահանդեսին ներկա էր Լևոն Տեր-Պետրոսյանը ու էլի պաշտոնատար այլ անձինք: Նախագահի ներկայությունը այս ցուցահանդեսին առիթ էր մամուլի ու չստացված արվեստագետների համար Վարուժանին անվանելու «պալատական նկարիչ»: Նրանք չէին էլ կարող երևակայել, թե հետո ինչեր պիտի պատահեն ու ովքեր ու ինչպիսին կլինեն իրական «պալատականները»:

Իր կյանքի օրոք Վարուժանի մյուս անհատական ցուցահանդեսը բացվեց 2001 թվականին:

Դրան հաջորդած տարիները բուռն էին, ալեկոծ ու թախծոտ: Նա գրում է. «Մի ժամանակ ես թախծից չէի վախենում և նույնիսկ մելամաղձությանը նայում էի վերեւից կամ ավելի ճիշտ կլինի ասել` մի տեսակ մտերմաբար, հարազատավարի: Այսօր ես հոգնել եմ. հոգնել, խոշտանգվածի ու մահվան զգացողությամբ համակվածի կատաղի տաղանդավոր արարվածքներից: Մեռնենք, թե ապրենք, մեկ է. մեր ապրած կյանքն այնքան մոտ է մահվանը, որ նրանց միջև եղած սահմանը դժվար է զատել, ուղղակի Աստծուն պիտի փառք տանք, եթե չխելագարվենք»: 

Ավաղ, Վարուժան Վարդանյանը այս ամենը գիտակցելով ու կանխազգալով, չկարողացավ շրջանցել խելագարությունը, սթրեսը, մելամաղձությունը, հոգեբուժարանը ... Վերջին տարիներին առանձնացած էր, միայնակ, տարօրինակ անդորրի ու խլացնող լռության մեջ: 

«Պատահական չէ, որ այն պահին, երբ ես կարող եմ մեռնել, ես նկարում եմ, չնայած վաղուց արդեն ինձ թվում է, թե այլևս չեմ ուզում նկարել, սակայն ես մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ: Ուղղակի շտապելու կարիք չկա, միևնույն է մի օր ամեն ինչ և ամեն ոք վերածվելու են փոշու, մեր ճերմակած ոսկորներն անգամ, և դա է կյանքի գերագույն անիմաստությունն ու խորհուրդը՝ ամեն ինչ գնում է դեպի անհայտություն և լռություն, ինչպես բուրգերը, Ռեմբրանդի և Վելասկեսի կտավները»,- գրում էր նկարիչն ու երազում հոգեկան անդորրի մասին:

Մահվանը նախորդող շրջանում Վարուժան Վարդանյանը ծաղիկներ էր նկարում եւ վստահեցնում էր, որ ողբերգությունից ազատվելու համար թերևս ծաղիկներ եւ առաջին հերթին միայն ծաղիկներն են, որ ազատագրում են կյանքը մղձավանջային խոհերից ու տառապանքներից. «Սրանք միայն ծաղիկներ չեն: Սրանք նաեւ իմ հոգում տեղի ունեցող վայրիվերումների արտահայտությունն են` գունային-գեղանկարչական կերպարանք առած: Դրանք կերպարանք առած իմ հույզերն են, իմ մտորումները, իմ ներսում կուտակված կրքերի լիցքաթափման ձևն են իրենց մեջ կրում»:

Մղձավանջի ու տառապանքի դեմ նրա ծաղիկների պայքարն ավարտվեց 2010 թ.: Մղձավանջը, միայնությունը, տառապանքը հաղթեցին. «Նկարիչները կենդանության օրոք միայնության մատնված ու զրկված են սովորական քնքշանքից, որը նրանց մահից փրկելու միակ միջոցն է»: 

Վարուժան Վարդանյանը գնաց, երազելով սովորական քնքշանքի, մարդկային հոգատարության եւ ուշադրության մասին:

Հ.Գ. Արվեստանոցի մեր հանդիպումից մնաց մի հուշ՝ իր մակագրությամբ կատալոգը, որտեղ  բազմաթիվ գրառումների մեջ կարդում եմ. «Արվեստանոցները մեռնում են նկարիչների հետ: Նրանք վերածվում են դատարկ սրահների, որոնցից դուրս է եկել ոգին, դուրս է եկել նրանց իմաստավորող, շնչավորող էներգիան: Մեռնում են նաև վրձինները՝ վերածվելով փայտի, մետաղի, մազախրցի ...Ուրիշ ոչինչ»:

 

Նաիրա Եղիազարյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ