«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ՄԱՆՈՒԿԻ «Երջանկության մեխանիկան»

 

«Հիմա ճիշտ է, սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց առանց սենտիմենտի մարդ ո՞նց ապրի էս անտեր աշխարհում: Չորս բոլորդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես գտնում՝ ուզում ես թիթեռի նման անընդհատ շուրջը պտտվել, պտտվել...»:

Բրեժնևյան «երանելի» տարիներն էին, աշխարհը շարժվում էր աշխարհին ընդառաջ, իսկ աշխարհի բրեժնևյան մեկ-վեցերորդն անշարժ էր, ուղտի նման չոքած, գորշությունն էլ ծանր ամպի պես նստել էր բրեժնևյան մեկ-վեցերորդի գլխին:

Ու Մանուկ Մնացականյանը, Հրանտ Մաթևոսյան Մեծի ասած՝ «գառան սրտով մանուկը», Երևանում ծնված երևանցի Մանուկը, գորշության շարաններ տեսած Մանուկը ձևակերպում է «էս անտեր աշխարհում» ապրելու ստույգ բանաձևը, «երջանկության մեխանիկան»՝ պտտվել, պտտվել ու պտտվել լույսի շուրջ՝ լույսի առաքելությունն անվերապահորեն թողնելով իրեն:

Մանուկի հայրը, որ «քառասուն տարվա մանկավարժ էր ու մի պարզ ճշմարտություն գիտեր», ծնունդի պահին էր անսպառ լույսը որդու ներսում դրել: Լույսը Մանուկի զգայուն, թրթռուն գիրն էր, նրա անհանգիստ կերպն էր, հասնողի, ուս դնողի բացառիկ տեսակը: Ու Մանուկը ծնունդից մինչև մահ շռայլորեն բաժանել էր այդ լույսը: Բաժանել էր անմնացորդ՝ լույսին խարսխելով մտերիմներին, ընկերներին, դրացիներին, ծանոթ-անծանոթներին, ու աշխարհը սկսել էր պտտվել նրա շուրջ:

Մանուկի ընկեր Հրանտն ասում էր. «... Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես...», ու այսօր, Մանուկի ծննդյան օրով հիշողության մեջ վառվող, անհանգիստ Մանուկի կյանքից հուշերի պատառիկներ են գալիս ու շարվում: Լուսավոր ու թախծոտ պատառիկներ՝ ճիշտ նրա ապրած կյանքի նման:

Առաջինը՝ կրտսերի իրավունքով Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանն է.

«Իմ անունն ինքն է դրել: Հրանտը Մոսկվա Բարձրագույն սցենարական կուրսերի էր: Ենթադրում եմ, որ երեք, կամ չորս «հերացու»՝ Ամարյան Վազգենը, Մելոյան Ֆելիքսը, ինքը, էլի ինչ-որ մեկը ծնունդի ու ծննդատան իրարանցման մասնակից են եղել, բայց ամենագործունն ինքն է եղել: Անունս դրել է ու Մոսկվա` Հրանտին հեռագրել. «Привет от Давида Пукпукашвили!»: Հեռագրի հետ մեր ընտանիքը նաև սավառնակի տոմսի փող էր ուղարկել, բայց հեռագրի էդ միակ նախադասության տեքստից բան չհասկացած Հրանտը փողը վերցրել էր, ու մինչև նորից իմաց կանեին, կբացատրեին՝ մի շաբաթ-տասն օր անցել էր, փողն էլ պակասել...Էլի դես ու դենից «քերեցին», ուղարկեցին, որ գար՝ «ստեղծագործությանս» տեսներ»:

«1972-ին մեր ընտանիքի առաջին ճամփորդությունն էր ծով` Ղրիմ, Կոկտեբել: Այնպես էր ստացվել, որ հայ հինգ կամ վեց ընտանիքի մեջ միակ ամբողջական կազմով ներկայացածը Մանուկն ու Իռան էին: Մնացածը 2-3 երեխայատեր կանայք էին, առանց ամուսինների` հայ գրողները գերադասել էին ստեղծագործական տան ներշնչանքը իրենց ընտանիքներին նվիրաբերել և Երևանում միայնակ շոգել:

Երբ 24-օրյա հանգիստն ավարտվեց, մեզ միկրոավտոբուս հատկացրին, որ հասնենք Սիմֆերոպոլի օդակայան: Մեքենա նստելու պահին արդեն, Մանուկը մի խաղ սկսեց. ինքն իբր Իրանի արքայազններից մեկն է, Սովետական Միության բարեկամն է ու հյուր է եկել իր հարեմով: Իռան իր սիրելի կինն է, «ռուս» է, ու իր թարգմանիչն է, մնացածս` իր մյուս կանաք ու երեխաներն ենք: Ոչ մեկս ռուսերեն ոչ մի բառ չգիտենք: (Արգելել էր ռուսերեն խոսել՝ միայն ոտ ու ձեռով ու միջազգային բառերով): Վարորդը հավատաց` ամբողջ ճամփին Մանուկը Իրանի կյանքից ու վարքուբարքից էր պատմում: Իռան թարգմանում էր:

Գիշերով, մթնով հասանք օդակայան... Թռիչքն, իհարկե, հետաձգվել էր, ամբողջ միջավայրը լիքն էր հոգնած ու անօթի մնացածներով.... «Իրանի արքայազնը» ավտոբուսից իջավ և մեզ ետևն արած քայլեց ուղիղ դեպի տեղի «ՎԻՓ»-ը` արտասահմանցիների սպասարկման սրահ-հյուրանոցը: Դարձյալ Իրանի արքայազնի պատմթյունը պատմվեց և մեզ գիշերակաց տրամադրեցին: Իսկ առավոտյան` նախաճաշ... Այդուհետև, տարեցտարի, Մանուկի հետ լինեինք, թե առանց իրեն, եթե կարիք էր առաջանում՝ մտնում էինք էդ «ՎԻՓ»-ը... Կարևորը` ոչ մի բառ ռուսերեն... Թե այդ օրը, թե հետո ոչ մեկը, երբևէ փաստաթուղթ չհարցրեց, նույնիսկ տոմսերը չհամարձակվեցին ստուգել...ԽՍՀՄ-ՍՈՎԵՏ-ում անհնար ու անհավանական բան»:

Մյուսը՝ Մանուկի անցած օրերի ընկեր Ռուբեն Հովսեփյանն է.

«Մանուկ Մնացականյանի հետաքրքիր ու անհատնում պատմությունների երկրորդ նախադասությունը միշտ նույնն էր. «Քեֆս էլ մի քիչ լավ էր»։ Ասենք պատմում էր՝ «Մի անգամ Մոսկվա էի գնացել», «Քեֆս էլ մի քիչ լավ էր»։ Կամ՝ «Հանդիպեցի Պողոս Պողոսյանին», «Քեֆս էլ մի քիչ լավ էր»։ Մի օր չդիմացա, ասացի. «Մանուկ ջան, էդ երկրորդ նախադասությունն իզուր մի ասա, անգիր ենք արել»։  Չնեղացավ, բայց եւ լսեց։ Իր փոխարեն, խմբովին, մենք էինք արտասանում երկրորդ նախադասությունը եւ ծիծաղի հավելյալ լարում հաղորդում պատմությանը»։

Հաջորդը՝ Մանուկի Զորայր Խալափյան գրչակից, սրտակից ընկերոջ եղբայրն է՝ գրող, նկարիչ, ռեժիսոր ու բազում այլ շնորհներով օժտված Թեմիկ Խալափյանը՝ Մանուկի հետ իր առաջին «ճակատագրական» հանդիպման դիպվածով:

Թեմիկը երրորդ տարին հերթական անգամ մասնակցում է թատերական ինստիտուտի քննություններին ու ամեն անգամ մասնագիտական քննությունները հաջող հանձնելով, հայոց լեզվի գրավոր քննությունից «կտրվում» է: Հերթական տարվա քննությանը որոշում է «Մարդու ու մարդու մասին» ազատ թեմայով մի բան գրել ու մի շնչով գրում է, բայց հաջորդ օրը հերթական անգամ ասում են, որ «կտրվել» է: Հանձնաժողովի նախագահը կանչում է Թեմիկին, գտնում է քննական գրավորն ու ցույց տալիս. չորս էջին էլ կարմիրով արված ուղղումներն ավելի շատ են լինում, քան Թեմիկի կապույտով գրածները։ Նախագահն ասում է, որ, բնականաբար, երկուս է նշանակել, բայց գնահատելով Թեմիկի գրվածքի գեղարվեստը, պարտադրում է ուշադիր, անսխալ արտագրել ու տանել «Գարուն»-ի խմբագրություն:

«Դուրս եկա, գնացի դեպի գրողների միության շենքի կողմը։ Միության մուտքի մոտ տեսա եղբորս՝ իր ընկեր գրողների՝ Մանուկ Մնացականյանի և Ռուբեն Հովսեփյանի հետ զրուցելիս։ Ինձ ներկայացրեց և ծանոթացանք։

-Հը՛, - ասաց եղբայրս։

Ես չէի ուզենա նրանց ներկայությամբ ասել, որ անբավարար եմ ստացել, բայց ստիպված պիտի ասեի ու վերջից սկսեցի։ Ասացի՝ ինչպես որ եղել էր, որ ազատ թեման եմ գրել, գրածս էլ շատ է հավանել հանձնաժողովի նախագահը, ասել է, որ սխալները արդեն ուղղված են, արտագրեմ ու տանեմ «Գարուն» ամսագրում տպելու համար։ Տառասխալներն էին շատ, դրա համար ստիպված երկուս էր նշանակել։ Դժվար էր պատկերացնել, թե եղբայրս ինչ կասեր, որ բարկությունից սկսել էր արդեն եռալ, եթե Մանուկ Մնացականյանի փռթկոցով ծիծաղելը չլիներ, որը շատ մեղմեց եղբորս բարկությունը։

-Մի բեր կարդանք, տեսնենք ի՞նչ ես գրել, - ասաց Մանուկ Մնացականյանը դեռևս ծիծաղելով։ Ես ամաչեցի ցույց տալ գրավորս։ Ստեցի, ասացի, որ չեմ արտագրել։ Ռուբեն Հովսեփյանն էլ թե.

-Լավ, վերջ տուր Մանուկ, տղային մի նեղի, - լավ էլ հումորով ասաց։ Թուղթը, որի վրա որ արտագրել էի, վերնաշապիկիս գրպանը դրած էր, երևում էր։ Մանուկ Մնացականյանի քեֆը կարծես թե տեղն էր, ձեռքը գցեց գրպանիցս հանեց ու սկսեց կարդալ։ Վերջում լուրջ դեմքով դառավ եղբորս.

-Լավ էլ գրել է, Զորայր, կարդա տես, - ասաց։ Եղբորս ներքին զուսպ բարկությունը երևի թույլ չտվեց, որ վերցներ ու ինքն էլ կարդար։ Ռուբեն Հովսեփյանը վերցրեց ու սկսեց կարդալ։ Վերջացնելուց հետո նայեց աչքերիս ու լայն ժպտաց»։

Կրկին Ռուբեն Հովսեփյանն է.

«ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին նվիրված մոսկովյան միացյալ պլենումում հանկարծ պարզվել էր, որ անդրկովկասյան հանրապետությունների գրողական կազմակերպությունները, մինչև Մոսկվա մեկնելը, մոռացել էին իրենց մայրաքաղաքներում նշել այդ փառապանծ հոբելյանը: Աննախադեպ երևույթ էր, հանցագործության նման մի բան, որ, բնական է, պիտի պատժվեր, եթե պատիժ ասածը, առհասարակ, մեղքը բացահայտելու սովորությունը չունենար: Պատժի այս գեշ սովորության շնորհիվ են, չէ՞, ծածկվում, քողարկվում շատ ու շատ մեղքեր:

Պատժի, ահա, այս գեշ սովորության շնորհիվ էլ որոշվեց` անդրկովկասյան հանրապետությունների գրողական կազմակերպություններին պարտադրել միացյալ պլենումից անմիջապես հետո կայացնել իրենց տեղականները և հարցը փակել: Ամեն հանրապետություն թե՛ ինքը պիտի իր մինի միացյալը հրավիրեր և թե՛ երկու պատվիրակություն կազմեր` ուղարկելու հարևան երկրներ:

Բայց արի ու տես, որ տարվա վերջն էր, արդեն սկսվել էր նախատոնական հարայ-հրոցը, և նման օրերին խելքը գլխին ո՞ր մեկն է ճամպրուկն առած այլ երկիր գնում:

Մեր ավագ ու անվանի գրողներն իսկույն հիվանդացան, կեսավագ ու կեսանվանի գրողներից շատերն էլ նեղացան, որ իրենց հիշում են այն ժամանակ միայն, երբ հիվանդանում են ավագներն ու անվանիները: Մի խոսքով, պատվիրակությունների ցուցակում տեղ բացվեց նաև երիտասարդներիս համար, և Մանուկ Մնացականյանն ու ես հայտնվեցինք Վրաստան մեկնող պատվիրակության մեջ:

Առավոտյան մեր փնթի գնացքը հասավ Թբիլիսի, և մեզ դիմավորող վրացի երիտասարդ գրողները Մանուկին ու ինձ առանձնացրին պատվիրակությունից, նախ մի նկուղ տարան, ուր դուդուկ էին փչում և Գլախոյի ձայնով երգեր երգում, հետո` երկրորդը, որտեղ արդեն քամանչա էր նվագում, բայց Սայաթ – Նովան չկար, հետո` երրորդը, գուցեև` չորրորդը, և երբ խմիչքից, բաժակաճառերից, խաչապուրի-մաչապուրի, խինկալի-մինկալիներից փքված նայեցինք ժամացույցներին, հոբելյանական պլենումն արդեն ավարտված պիտի լիներ:

Փոխարենը` բանկետը դեռ չէր սկսվել: Ճիշտ ժամանակին մեզ հասցրին խնջուքի սրահ: Մեր պատվիրակության կեսավագ և կեսանվանի պատվիրակները թեև մեզ նախատինքով էին նայում, բայց զգացվում էր, որ մեծ հաճույքով իրենք մեզ հետ նկուղներում կփքվեին, քան կխեղդվեին պլենումի հեղձուկ դահլիճում:

Պատկառելի էր ադրբեջանական պատվիրակության կազմը. թե՛ բազմաքանակ էր և թե՛ տիտղոսավոր: Ղեկավարը ժողովրդական բանաստեղծ Մամեդ Ռահիմն էր: Ադրբեջանում, ըստ երևույթին, նախատոնական հարայ-հրոց չկար… Թեև սեղանի այս ու այն մասում բաժակներ էին չխկչխկում և օղու, գինու շշեր դատարկվում, սակայն խնջույքի պաշտոնական բացումը դեռ չէր հռչակվել:

Վրացի երիտասարդ գրողներով շրջապատված Մանուկը տարերքի մեջ էր: Իմ հեռավորությունից ոչինչ չէր լսվում, բայց վրացիների անզուսպ ծիծաղից հասկանալի էր, որ Մանուկը բացել էր սրամիտ պատմությունների իր անտակ տոպրակը: Ուր որ է նրան սեղանապետ էին կարգելու, եթե վերջապես չհայտնվեր խնջույքատերը` կուսշրջկոմի առաջին քարտուղարը:

Բոլորը սսկվեցին: Լռեց և Մանուկը: Փոքր-ինչ կախ գցած գլուխը աջ ու ձախ էր թեքում, մանուկավարի ժպտում, և ո՞վ գիտե, թե իր փոթորկալից կյանքի որ արկածն էր հիշում: Նա գլուխը բարձրացրեց և անջատվեց հուշերից այն պահին միայն, երբ ոտքի ելավ մի ադրբեջանցի և առաջարկեց խմել կոմունիստական կուսակցության կենացը: Բառացի չեմ հիշում նրա ճառը,- հիշելու բան էլ չէ,- բայց իմաստն այն էր, որ ինչ գրում ենք, կոմունիստական կուսակցության ներշնչանքով ենք գրում, որ առանց այդ ներշնչանքի և կողմնորոշման չի գրվի և ոչ մի տող:

Եվ նման բաներ, որ այդ տարիներին ասվում էին բոլոր ժողովներում ու խնջույքներում: Հավուր պատշաճի ասված ճառ էր` ասվեց, պրծավ:

Բայց վրացի տղերքից մեկը Մանուկի ականջին փսփսացել էր, թե «բատոնո Մանուկ, մեր քարտուղարն է` մենք պիտի նրան քծնենք, սա՞ ինչու է քծնում»: Մանուկ դու Մանուկ լինես` մեկ էլ տեսնեմ ոտքի ելավ: Մեր պատվիրակության կեսավագ ու կեսանվանի անդամները գույները գցեցին: Անկեղծ ասած, ես էլ անհանգստացա: Ի՞նչ է ասելու…

-Կենաց ունեմ,- փայլուն ռուսերենով հայտարարեց Մանուկը,-բայց մինչև կենացիս անցնելը մի անեկդոտ եմ ուզում պատմել: Բժշկական ինստիտուտում, քննության ժամանակ պրոֆեսորը հարցնում է ուսանողին, թե ինչ է հարկավոր կլիզմա (հոգնա) անելու համար: «Կլիզմա» բառը դարձավ ծիծաղի ական: Ուր որ է` պիտի պայթեր: Լարումն ավելի նկատելի էր ադրբեջանական պատվիրակության շարքերում:

-«Ջուր»,- ասում է ուսանողը: «Ապրես»,- ոգևորում է պրոֆեսորը: - Ուրի՞շ: «Օճառ»,- ասում է ուսանողը: «Ապրես, ուրի՞շ»,- ասում է պրոֆեսորը: «Կլիզմա»,- ասում է ուսանողը: «Ուրի՞շ»: Ուսանողը կարկամում է: Ուրիշ էլ ի՞նչ: «Դու ամենակարևորը չասացիր, սիրելի՛ս,- ասում է պրոֆեսորը:- Կլիզմա անելու համար նախևառաջ հետույք է հարկավոր»:

Ծիծաղի ականը պայթեց, խնջույքի սրահը թնդաց քրքիջից: Քրքջում էին բոլորը, նույնիսկ կանայք, նույնիսկ ադրբեջանցի պատվիրակները: Եվ երբ քրքիջը դադարեց, Մանուկը շարունակեց. -Առակս ի՞նչ ցուցանե. որպեսզի գրողը լավ գրի, նա պիտի նախևառաջ տաղանդ ունենա… Խմենք տաղանդի կենացը:

Մանուկս դեռ չէր հասցրել նստել, երբ ոտքի ելավ ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ժողովրդական բանաստեղծ Մամեդ Ռահիմը: Հուզված էր, կարմրատակած:

-Շնորհակալ եմ, բարեկա՛մս,- ասաց ադրբեջանական հնչերանգով համեմված ռուսերենով,- շնորհակալ եմ, որ դու հետույքը համեմատեցիր տաղանդի հետ:

Ակնհայտորեն վիրավորված էր Մամեդ Ռահիմը, և Մանուկ Մնացականյանին, բնականաբար, պիտի հետաքրքրեր ժողովրդական բանաստեղծի վրդովմունքի պատճառը: Իր գալարներից վեր բարձրացող վիշապի նման խոյացավ Մանուկը սեղանակիցների գլխավերևում և ֆշշացրեց.

-Իսկ դուք, հարգելի՛ս, հետույքի՞ համար եք վիրավորվել, թե՞ տաղանդի…

Արդեն չեմ հիշում, թե ինչ կատարվեց սեղանի շուրջ…Կուսշրջկոմի առաջին քարտուղարի ծիծաղն ազատություն էր տվել բոլորին: Միայն հիշում եմ, որ հրաժեշտ տալիս ադրբեջանցի պատվիրակները մեկմեկուց և Մամեդ Ռահիմից ծածուկ մոտենում, հարգանքով սեղմում էին Մանուկի ձեռքը և երկիմաստ ժպիտով ինչ-որ բան էին ցանկանում ասել: Ի՞նչ: Ո՞վ գիտե: Նրանք թերևս գիտեին Մանուկի հարցի պատասխանը…»:

Բրեժնևյան «երանելի» տարիներն արդեն անցյալ էին, աշխարհի բրեժնևյան մեկ-վեցերորդում չոքած ուղտը քարը փեշից թափել էր: 

Արդեն 89-ի խառնակ օրերն էին: Մանուկի Վազգեն Սարգսյան կրտսեր գրչակից ընկերն արդեն ձևավորվող զորքի հրամանատարն էր, սպարապետը, Վազգենի արարատցի ընկեր Դավիթ Զադոյանը՝ Երասխի շտաբում, գորշերն էլ սահմանի մյուս կողմում ջարդում էին խաչքարերն ու փշուրները լցնում գնացքի ռելսերին: Ու Մանուկը խնդրում է, որ իրեն տանեն Հին Ջուղա: Ռուս սահմանապահներին տղերքը հայավարի «տեսնում» են ու Մանուկը գնում է: Գնում է՝ կնոջից թաքուն տանելով նաև դստերը: Գնում է, չնայած, որ զգուշացրել էին «անկանխատեսելի հետևանքների» մասին: Վերադարձին նաև մի քարե խոյի գլուխ է բերում: «Թողնեմ թուրքի մոտ, կջարդեն»,-ասում է:

Պատերազմի ծանր մի պահի, 92-ի դաժան ձմռան մի օր, առավոտ 8-ին Մանուկը ծեծում է իր սերնդակից ընկերոջ՝ գրող, քույր, զինակից Ալվարդ Պետրոսյանի տան դուռն ու կանաչ թավիշի մեջ խնամքով փաթաթած մի մասունք՝ 18-րդ դարի կաշեպատ մի «Նարեկ» մեկնում է Ալվարդ Պետրոսյանին: «Տատինս է»,- ասում է,- «դիր բալիս բարձի տակ, իրեն կպաշտպանի»: «Բալեն» Ալվարդ Պետրոսյանի Նարեկն էր, Արցախում էր: Մանուկը չգիտեր, որ Ալվարդի Նարեկն ու իր Աննան, որին Հին Ջուղա էր տարել խաչքարերի հետևից, տուն, օջախ, ընտանիք են հիմնելու:

«Ինքն արդեն վերին ոլորտում էր, երբ միամորիկ, աննման Աննան իմ հարսը դարձավ: Եվ այդ գիրքը դրված է Նարեկի ու Աննայի բարձի տակ: Հիմա երկուսով վերևից հսկում են իրենց ձագերին». Ալվարդ Պետրոսյանն է հուզմունքով հիշում. «Արցախյան Ազատամարտի առաջին օրերն էին: Լորենցը, Մանուկն ու ես Գրողների Միության նշանավոր «փոսում» սուրճ էինք խմում: Մանուկն անսպասելի սկսեց արտասվել ու ասաց. «Եթե Ղարաբաղը կորցնենք, ես ինքնասպանություն կգործեմ»:

Այն գիշերը, երբ Մանուկի սիրտը չդիմացավ, Հրանտ Մաթևոսյան Մեծը «կտրեց գրիչը գործից» ու սպիտակ թղթի վրա գրեց.

«Մահը զվարթ ծիծաղների ու զնգուն արևի իմ երկիրը գորշ ու գաղջ գիշեր է արել և իր խավարի մեջ, որ շատ ավելի իրականություն չէ ու մթնած մեր հոգիների ոստայնն է, մեկ առ մեկ, մարդ մարդու ետևից մեկ առ մեկ հոգիներ է խժռում: ...էս ի՞նչ ենք անում, տղերք, ի՞նչ ենք անում, Համո, ոսկեբերա՛ն Համո, Անդրանի՜կ, Անդրանի՛կ Ծառուկյան, Հակո՜բ, Հակո՛բ Կարապենց, Արտաշե՜ս, Վարդգե՜ս, Սյուզի՜, Վիկտոր, Ռաֆայել, Մանո՜ւկ, գառան սրտով մանուկ… էս ի՞նչ եք անում:

Թե՞ կարծում եք դա ձեր անձնական գործն է, թե ձեր անձը ոչ- գրողաբար միայն ձերն է, ուզենաք՝ կվերածրարեք ու ետ կուղարկեք, ուզենաք՝ կպատենավորեք հոգնության ու հուսահատության ու հարբեցողության ու անվստահության պատանքներում: Այդքան դժվար առաջանում, այդպես դժվար հաստատվում և այսպես հեշտ թողնում հեռանո՞ւմ են: Թե՞ մենք նույն երթի զինվորները չէինք, որ օրերի միջով ու տարիների դեռ ճամփա էինք գնալու, դեռ կամքի, շիտակության, հավատի ու սիրո վարք էինք դառնալու՝ ի խրախույս բազում ընկրկողների»:

Մանուկի ծնունդն էր: Ասենք շնորհավոր ու եթե գորշություն ենք տեսնում, գտնենք Մանուկի լույսը՝ «երջանկության մեխանիկայի» անխախտ կանոնով, ու պտտվենք Մանուկի լույսի շուրջ:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ