Ադրինեն
լրագրող
դառնալ
երազել է
դեռ դպրոցում:
Մասնագիտությունը՝
հեռուստալրագրող:
Համոզված է,
որ լրագրողը
պետք է լինի
անկողմնակալ:
Անարդարությունը,
սուտը, իսկ
լրագրողի
դեպքում՝
կողմնակալությունը,
ոչ մի կերպ
չի հանդուրժում:
Ռեալիստ է:
Համոզված է,
որ գիտելիքից,
պաշտոններից
և ամեն ինչից
կարևորը
մշտապես
Մարդ լինելն է:
«Մարդկային ջերմությունից ավելի հուզիչ բան չկա ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ մեր այս մոլորակում»
Ասում է գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը:
Նա վերջերս է վերադարձել Շվեդիայի Վիսբի քաղաքից, որտեղ մեկ ամիս մասնակցել է «Գրողների և թարգմանիչների բալթյան կենտրոնում» գործող «Գրող-բնակիչ» միջազգային ծրագրին:
Դիանա Համբարձումյանը սիրով համաձայնեց պատասխանել «Հայեր»-ի հարցերին, որի համար շնորհակալ ենք:
-Կմանրամասնե՞ք, ինչ ծրագիր է «Գրող-բնակիչը»:
-«Գրող-բնակիչը» միջազգային ծրագիր է, որը գրողին հնարավորություն է տալիս ապրելու օտար երկրում, շփվելու նոր մշակույթի և իրողությունների հետ, ծանոթանալու տարբեր երկրների գրողների հետ, և իհարկե, գրելու: Հետաքրքիր է, որ այս ծրագրին կարող են մասնակցել նաև հենց նույն երկրի գրողները: Մի խոսքով՝ ուզում ես գրել, մասնակցիր էս ծրագրին, նոր զգացողություններ ես ուզում, մասնակցիր էս ծրագրին, ո՛չ գրել ես ուզում, ո՛չ էլ՝ նորություններ, էլի՛ մասնակցիր էս ծրագրին, քանի որ հենց էստեղ կարելի է չգրելով գրել, նորություններ չփնտրելով՝ ամեն պահ նորովի նայել աշխարհին ու մարդկանց: Շատ աշխարհահռչակ գրողներ են մասնակցել «Գրող-բնակիչ» ծրագրին, այդ թվում և Ուիլյամ Ֆոլքները, որը, առանձնահատուկ տեղ ունի իմ գրական, թարգմանական և գիտական գործունեության մեջ: Ճակատագրով է էդպես եղել:
-Ճակատագրո՞վ:
-Ճակատագրապաշտ Ֆոլքները, այո, իրոք որ, ճակատագրով ինձ տրվեց ու ինձ էլ դարձրեց ֆատալիստ: Թարգմանածս առաջին գիրքը Ֆոլքների «Սարթորիսն» էր, որի թարգմանությունը նման էր ծանրամարտում առաջին անգամ ծանրաձողին մոտենալիս՝ միանգամից ոսկե մեդալ ապահովող ծանրություն բարձրացնելուն: Ես, իհարկե, մեդալի մասին ո՛չ գիտեի, ո՛չ էլ մտածում էի, բայց որ հաճույք ու տառապանք պատճառող մարտահրավեր էր ինձ բաժին ընկել, զգացի հենց առաջին էջից: Ինքս ինձ համար պատվիրած ծանրաձողին շատ անգամ եմ մոտեցել դրանից հետո, բայց էն առաջին անգամը սովորեցրեց, որ ո՛չ միայն ծանրություն բարձրացնելիս, այլև դրանից հետո էլ հարկավոր է իսպառ մոռանալ մեդալի մասին: Ես այդպես էլ անում եմ: Ավելին չասեմ:
Ֆոլքներին թարգմանելիս ֆոլքներագիտությամբ եմ զբաղվել գրեթե քսան տարի, որի արդյունքը եղան բազմաթիվ գիտական հոդվածներ, երկու մենագրություն և, ի վերջո, դոկտորական ատենախոսությունս, որտեղ նշանագիտության տեսանկյունից են դիտարկվել Ֆոլքների երկերի բոլոր հայերեն թարգմանությունները: Մենք Ֆոլքներին արժանի թարգմանական հիանալի դպրոց ունենք:
Բայց այդքանով Ֆոլքներն ինձնից ձեռք չքաշեց: Իմ գրական կյանքում Ֆոլքները ներկա եղավ նաև՝ «Աստծո բնակեցրած երկրում» վեպիս ծնունդը խթանելով: էն պահին, երբ նրա «Շառաչ և ցասումը» կարդալիս նկատեցի, որ մեծ գրողը մեզ՝ հայերիս այնքան էլ լավ չէր ճանաչում և շփոթում էր հրեաների հետ, իհարկե, նաև մեր մեղքով, որոշեցի վեպ գրել և Ֆոլքներին պատմել հայերի մասին՝ Մովսես Կաղանկատվացու «Հայոց Արևելից Կողմանքումը» որպես տասնամյա տղեկին պատմվող հեքիաթ՝ բերելով ու հասցնելով մինչև 21-րդ դարասկիզբ, բոլորովին չգունազարդելով ո՛չ անցյալը, ո՛չ ներկան, փորձելով մերկացնել ճշմարտությունը, որը, հույս ունեմ, մի օր կարդալու է մի ուրիշ Ֆոլքներ, որ հայերին չանվանի «արևելյան ջհուդներ», որոնք իրենց «Աստծո բնակեցրած երկիրն» այլևս չեն լքելու՝ (վերնագիրը Ֆոլքների տողն է) «ամերիկացիների գրպանը մտնելու համար», բայց և ոչ մեկին թույլ չեն տալու գրպանել իրենց ու իրենց «Աստծո բնակեցրած երկիրը»:
Վեպը գրել եմ մինչև 2008 թիվը, լույս է տեսել 2010-ին, բայց ես մինչև հիմա շարունակում եմ հուսալ: Պատրաստ եմ երբեք հույսս չկորցնել, բայց, ինչպես ասում են իմաստուն անգլիացիները. «Հույսը լավ նախաճաշ է, վատ ընթրիք»: Հույս ունեմ՝ հայերիս համար բանը «ընթրիքի»չի հասնի:
Ասեմ նաև, որ արդեն վեց ամիս է, ինչ ավարտել եմ Ֆոլքների «Երբ պառկած մեռնում էի» վեպի թարգմանությունը, որը տևեց երեք տարի, վստահ եմ՝ տպագրությանը ավելի քիչ կսպասեմ: Թեպետ, խառնակ ժամանակներ են, չի իմացվի:
-Կարծում եմ՝ բազմաթիվ շփումներ եք ունեցել շվեդ գրողների հետ:
-Ո՛չ միայն շվեդ, այլև գերմանացի, իսպանացի, էստոնացի, դանիացի, թուրք, լեհ, բելառուս, նորվեգացի, ֆինլանդացի գրողների հետ ծանոթացա: Գերմանացի թարգմանչուհի Կարին Կրիգերը, որը շատ բան գիտեր Հայոց ցեղասպանության մասին, ի ուրախություն ինձ, պարզվեց, որ ֆրանսերենից գերմաներեն է թարգմանել ինձ համար շատ սիրելի կանադահայ գրող Հակոբ Հաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» վեպը: Երբ իմացավ, որ Գերմանիայում լույս է տեսել իմ «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքների ժողովածուն, անկեղծորեն ուրախացավ և խոստացավ կարդալ այն գերմաներեն, իսկ մինչ այդ ես նրան նվիրեցի նույն պատմածքների երկլեզու՝ հայերեն-անգլերեն ժողովածուս, և շատ հուզվեցի, երբ մի քանի ժամ հետո ասաց, որ կարդացել է «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքը, էստեղ թույլ տվեք անհամեստություն անեմ, ասաց, որ տպավորված է պատմվածքի խիտ հուզականությունից և դինամիկ զարգացումից:
Գրկեց ինձ, ու ես զգացի, որ էդ պահին վայրկենապես իմ մեջ ոչնչացավ գերմանացիների սառնարյունության մասին կաղապարային միֆը: Մարդկային ջերմությունից ավելի հուզիչ բան չկա միայնակների մեր այս մոլորակում:
Ասեմ, որ Վիսբիում մի շատ հուզիչ անակնկալ էլ էր ինձ սպասվում: Ծրագրին մասնակցելուց առաջ, երբ դեռ չգիտեի՝ արդյո՞ք դիմումիս դրական պատասխան կտան, և մասնակցելու հրավեր կստանամ, արդեն սկսել էի շվեդերեն սովորել, բայց ոչ թե Շվեդիայում շվեդերեն խոսելու համար, անգլերենն ինձ ամեն տեղ փրկում է, այլ շվեդ ընտիր բանաստեղծ, էս դեպքում, նույնիսկ, ավելորդ է ասել, Նոբելյան մրցանակակիր Թոմաս Թրոնսթրոմերի պոեզիան բնագրից թարգմանելու համար: Ես, որ տարիներ շարունակ պնդում էի, թե պոեզիան անթարգմանելի է, թե պոեզիայի թարգմանիչը, գոնե պետք է պոետ լինի, թե պարտադիր է բնագրից թարգմանությունը, ինքս ինձ ժխտելով՝ սկզբում անգլերեն, հետո ռուսերեն կարդացի Թրոնսթրոմերին, հետո տառ-տառ կապեցի շվեդերենը, ու մի քանի բանաստեղծություն թարգմանեցի հայերեն: Պատկերացնու՞մ եք: Ավելին. ես, որ ինձ պոետ չեմ համարում, սկսեցի բանաստեղծել, ինչ է թե՝ ինձ մոտ զգամ Թրոնսթրոմերին, որը դարձավ անդինի անդինը երևակող էն բանաստեղծը, հանուն որի ես պատրաստ եմ շվեդերեն սովորել և բանաստեղծություն թարգմանել: Եվ անում եմ:
Իսկ Վիսբիում ինձ սպասվող հուզիչ անակնկալն այն էր, որ իմացա՝ Թրոնսթրոմերը նույնպես ապրել ու ստեղծագործել էր էն նույն կացարանում, որտեղ և ես բախտ ունեցա մեկ ամիս ապրել: Դե, հիմա ո՞նց ֆատալիստ չլինես:
-Ի՞նչ խնդիրներ, թեմաներ են հուզում շվեդ գրողներին: Ի՞նչ է մտածում շվեդ գրողը:
-Բոլոր էն խնդիրներն ու թեմաները, որոնք հուզում են աշխարհի, այդ թվում և հայ գրողներին, հուզում են նաև շվեդներին: Քաղաքացիական ակտիվություն հանդես բերող գրողները զբաղված են մարդու իրավունքների խնդիրներն արծարծելով, ինչպես ասենք՝ տարորոշ սեռային կողմնորոշում ունեցողների, խոսքի ազատության և ֆեմինիստական խնդիրներն են, բայց կան նաև էնպիսի գրողներ, որոնց նախընտրած թեմաներն են մենությունը, օտարացումը, սոցիալական խնդիրները, ազգային-պատմական հարցերը, առասպելի, էպոսի, լեգենդի վերապատմումը և այլն: Ինչպես տեսնում եք՝ ամեն ինչ շատ հին է և նույնը ամենուր, բայց և՝ տարբեր, քանի որ ժամանակները, հայեցակետերը, իրադրություններն են տարբեր:
Ասենք՝ Թրոնսթրոմերի նման միջազգայնորեն հայտնի և գնահատված բանաստեղծի վարկը երերաց 60-70-ականներին, քանի որ էդ ժամանակ նրանից ավելի շատ քաղաքականացված գրականություն էր ակնկալվում, մինչդեռ նա մնաց իր ներհայեցող, խոհափիլիսոփայական, համարձակ պատկերաստեղծման ու նոր, անկաղապար մտքի տիրույթում, ինչի համար ես նրան պաշտում եմ:
Դե, ավելի ժամանակակիցների «հոգսը» կարող է լինել նաև ծովափնյա սրճարանում բարձր հնչող երաժշտությունը, որի դեմ բողոքելը գրողն իր պարտքն է համարում: Մենք կարող ենք հումորով ու վերից նայել սրան, բայց էդ մեր խնդիրն է, իրենցը գրողի ակտիվ ու հասարակության մեջ մի բան փոխող դիրքորոշումն է և տիրոջ, զորեղի զգացողությունը:
-Ի՞նչ է կարողացել ստեղծել ժամանակակից շվեդ գրողը և արդյո՞ք ժամանակակից հայ գրողը կարողացել է նույնն անել: Առավելապես նկատի ունեմ աշխարհայացքային, արժեհամակարգային խնդիրները:
-Եթե հաշվի առնենք հենց միայն այն հանգամանքը, որ Շվեդիան այսօր զարգացած եվրոպական պետություն է, իսկ Հայաստանը՝ դեռ զարգացող, ո՛չ այն է՝ եվրոպական, ո՛չ այն է՝ ասիական թերպետություն, արդեն հասկանալի է, թե որքան տարբեր են աշխարհայացքային և արժեհամակարգային խնդիրները մեր երկրներում: Բայց վստահ եմ՝ ժամանակակից շվեդ գրողը չէ, որ «մեղավոր» է Շվեդիայի ներկա ձեռքբերումների համար, ինչպես որ ժամանակակից հայ գրողին չէ, որ պետք է մեղադրել Հայաստանի ներկա ձախողումների և հետընթացի համար: Ինչպես ասում էր շվեդ գրող, Մոսկվայում Շվեդիայի հյուպատոս Պեր Էնրուդը՝ էս ամբողջը բոլորի և յուրաքանչյուրի երկար տարիների ջանքերի արդյունք է: Նա պնդում էր, որ իրենց հասարակության մեջ չկան առաջիններ և վերջիններ, կարևոր և անկարևոր մարդիկ, դե, ինչպես տեսնում եք՝ մեր և նրանց արանքում սարեր և ձորեր կան, բայց սա չի նշանակում, որ նրանց մոտ ամեն բան իդեալական է, կարևորն այն է, որ Շվեդիան մարդակենտրոն, մարդամետ պետություն և հասարակություն ունի, ամեն բան արվում է հանուն մարդու բարօրության: Բայց զարմանալին այն է, նույն Էնրուդից իմացա, որ ինքնասպանությունների առաջատարն էլ Շվեդիան է: Այս իմաստով, գուցե, հայ ժողովրդի բազմաչարչար գենը վատին ու արհավիրքներին դիմակայելու մեծ իմունիտետ ունի, թե չէ վաղուց ազգովի ինքնասպանված կլինեինք:
-Ինչպե՞ս է ապրում ժամանակակից շվեդ գրողը. կենցաղից մինչև կենսափիլիսոփայություն:
-Ոչ մի արտառոց բան. պետությունը ստեղծել է հիանալի մեխանիզմներ, որոնք գործում են հանուն գրողի արժանապատիվ և ստեղծագործ, արդյունավետ կենսակերպի: Երբ գրողի գրքերը հայտնվում են գրադարաններում, և ընթերցողներն օգտվում են գրադարանների ծառայությունից, ընդ որում, անվճար, ապա գրողի հաշվեհամարին որոշակի տոկոսային հավելումներ են կատարվում ամեն անգամ, երբ որևէ ընթերցող պատվիրում է նրա գրքերը: Իսկ Նորվեգիայում, ասում են, գրողի գրքերը գնում են գրադարանները, որոնց ֆինանսավորում է պետությունը: Ասենք՝ 200 գրադարան գնում է երեքական գիրք,
600 օրինակ միանգամից վաճառվում է: Էնտեղ էլ գրքի տպաքանակը փոքր է՝ 1000, լավագույն դեպքում՝ 2000 օրինակ: Նորվեգացի երիտասարդ մի գրող պատմում էր, որ իր երկրում երիտասարդ ստեղծագործողները, ո՛չ միայն գրողները, նախընտրում են ապրել հանրակացարանային պայմաններում (ո՛չ մեր պատկերացրած), որտեղ ընդհանուր կենցաղավարություն է տիրում, որն էլ նպաստում է նրանց արդյունավետ համագործակցությանը, քննարկումներին և ընկերությանը:
-Ինչպիսի՞ն է շվեդական գրական համայնքի կազմակերպվածությունը՝ նաև կառուցվածքային տեսակետից: Արդյո՞ք աղերսներ կան հայ գրական համայնքի կազմակերպվածության հետ:
-Առանձնապես շատ չհետաքրքրվեցի էդ հարցով, բայց գիտեմ, որ 1800-ականների վերջից են գործում և 3000 անդամ ունեն, ինչպես իրենք են ասում՝ գրողներին ու թարգմանիչներին իրար հետ հաշված: Ընդունելության վճար ունեն:
- Արդյո՞ք շվեդ հասարակությունը ծանոթ է հայ գրականությանը, հայ գրողին, նաև՝ հայ ժամանակակից գրականությանը:
- Ստոկհոլմում գնացի քաղաքային գրադարան և հարցրի, թե հայերենով գրականություն ունե՞ն, ուրախությունս մեծ էր, երբ պատասխանը դրական եղավ, և գրադարանավարն ինձ ուղեկցեց դեպի էն գրապահարանը, որտեղ ցուցանակին գրված էր «Հայ գրականություն», բայց հետո տեսանք, որ դարակները դատարկ են, գրադարանավարն ասաց, որ ընթերցողները բոլոր գրքերը պատվիրել տարել են: Սա նույնպես ուրախալի էր, բայց ափսոս, չիմացա, թե ինչ գրականություն ունեին:
- Ինչ որ բան գրեցի՞ք:
- Այո, ահագին նյութ եմ հավաքել, նոր վեպ եմ սկսել, որտեղ Շվեդիան շատ ներկա կլինի, բայց ինչպես միշտ, հայն ու Հայաստանը վեպիս խորապատկերն են:
Ադրինե Աճեմյան