«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
ՄԱՐԻԱ ԿԱԼԱՍ․ Վարպետության դաս․․․փոխակերպում` ըստ Հասմիկ Պապյանի
Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնում, կատարողական արվեստների «Ջուլիարդ» նշանավոր դպրոցում, 70-ականների սկզբին Վարպետության դաս է անցկացնում հռչակավոր Մարիա Կալասը՝ «La Divina»-ն, աստվածայինը, օպերային արվեստը հեղափոխած կուռքը, Բելկանտոյի թագուհին, դրամատիկական արտիստիզմի կատարելությունը։
Նա նվաճել էր աշխարհը, նրա անզուգական ձայնը հնչել էր «Լա Սկալա»-ում, «Քովենթ Գարդեն»-ում, «Մետրոպոլիտեն»-ում և այլուր։ Նրա Նորման օպերային արվեստի չափանիշ էր հռչակել «Casta Diva»-ն, նրա Վիոլետան «Տրավիատա»-ում գերել էր բազում հոգիներ, նրա անհավատալի Տոսկան՝ Պուչինիի «Տոսկա»-ում, որով ավարտվեց նրա օպերային կարիերան, հուզել էր ծով դահլիճներ, նրա Լյուչիան Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»ում, որը նրա ձայնը հասցրեց անհավանականության հորիզոններ, երանության անսպառ պահեր էր պարգևել մարդկանց․․․ և ահա նա, քմահաճ, բայց խոցելի, փառքի բազում թիկնոցներով, բայց անձնական կյանքի ողբերգականությամբ, գտածի ու կորցրածի սահմանագծին, ազնվապետության ու աստծո ծնունդ մարդու նախաստեղծ կյանքի ոլորաններում փորձում է սերունդներին փոխանցել այն արվեստի գաղտնիքները, որը նրան աստվածացրել էր և խոցել միաժամանակ։

Նա փորձում է վարպետության դասի ընթացքում փոխանցել ու սովորեցնել՝ սովորեցնել կերպար, պահվածք, երգեցողություն, թատերայնություն, դրամատիզմ, պատժել ու ոգևորել, փառաբանել ու նվաստացնել՝ անցնելով, թերևս իր ճանապարհի խութերով, իր հաջողությունների ու անհաջողությունների կեռմաններով, իր հաղթանակների ու պարտությունների կորաձևերով։
Իսկ երևանյան բեմում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան ստուդիայի բեմում, Հասմիկ Պապյանն է՝ հայկական օպերային արվեստի աստվածայինը, Կալասի Վարպետության դասի յուրօրինակ, բացառիկ մեկնությամբ, դրամատիկ դերասանի՝ մեզ համար, գուցե, անսովոր իր կերպարով, բայց սովոր իր վարպետությամբ, որը, սակայն, ոչ այլ ինչ է, քան կերպափոխումը Կալասի՝ ցույց տալու համար Կալասի՝ Լա Սկալայի թագուհու երկվությունները, խենթությունները, քմահաճությունները, տաղանդը, երիտասարդների համար ճանապարհ հարթելու ջանքը․․․

Բեմադրող ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանը՝ Թերենս Մըքնելլիի «Վարպետության դաս» պիեսի մոտիվներով ստեղծված ներկայացման ընթացքում կարողանում է Հասմիկ Պապյանի արտիստական տաղանդի վերհանմամբ, նրա դրվագային երգեցողությամբ «վերադարձնել» կալասյան ժամանակի մթնոլորտը, կալասյան Վարպետության դասի միջավայրը, կարողանում է դրսևորվելու հնարավորություն տալ կալասյան վարպետության դասի մասնակից սոպրանոներին ու տենորներին՝ տվյալ պարագայում՝ Տատյանա Հմայակյանին, Աննա Կարագյոզյանին, Անի Յուխանյանին, Անի Ղազարյանին, Ալբերտ Տիգրանյանին, Կարեն Նալբանդյանին։

Ուսանող երիտասարդները ոչ միայն իրենց երգեցողական վարպետությունն են կատարելագործում բեմում, այլև Հասմիկ Պապյանի հետ խաղում յուրացնում են դրամատիկ արտիստի համար անչափ կարևոր հմտություններ։ Ի վերջո, երգում են Հասմիկ Պապյան Կալասի հետ, իսկ ո՞վ ունի Կալասին կերպավորելու, մարմնավորելու իրավունքը, եթե ոչ Հասմիկ Պապյանը, նա, ով նույնպես նվաճել է համաշխարահային օպերային բեմերը, նա, ում ձայնը հնչել է նույն «Լա Սկալա»-ում, «Քովենթ Գարդեն»-ում, «Մետրոպոլիտեն»-ում և այլուր, նա, ում Նորման համարվել է բոլոր ժամանակների լավագույն Նորմաներից մեկը, ում կատարմամբ «Casta Diva» աղոթք-արիան համարվել է համաշխարհային օպերային արվեստի չափանիշային կատարումներից մեկը։

Զուսպ բեմադրական միջոցներով, զուսպ բեմանկարչությամբ՝ բեմադրող նկարիչ Աշոտ Համբարձումյանի ձեռագրով, ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ-ի սաների անիմացիոն ձևավորմամբ, ռեժիսորական լուծումների պարզությամբ ու համեստությամբ, դաշնակահար Արեն Ամիրյանի մասնակցությամբ, բայց Հասմիկ Պապյանի տաղանդով՝ այս ներկայացումը վերածվում է փորձառության` օպերային արվեստի, երգի, երգեցողության, արտիստիզմի, բեմական խոսքի, ազատության, անկախության փորձառության նախ ուսանողների համար, ապա և՝ խոհական փորձառության բոլորիս համար՝ իմաստավորելու արտիստի կյանքը, արվեստին մատուցած զոհողությունները, փառքի ու կյանքի ողբերգականության հարաբերակցությունը, մարդու և արտիստի փոխադարձ շփումը, գլխապտույտ հաջողությունների ու դրանց այլևս կորուսյալ լինելու հանգամանքի ազդեցությունը արտիստի հոգեբանության, նրա վարքի ու վարքագծի վրա, ապա և՝ կյանքը իմաստավորելու փորձառության՝ որպես վերելքների ու վայրէջքների շարունական շղթա, ուր կարևորը մարդկային ոչինչ չկորցնելն է։

Եվ եթե վերանանք այս ամենից, ինչը միանգամայն հնարավոր է ներկայացման ընթացքում, մեզ կմնա վայելելը երիտասարդ երգիչ-երգչուհիների բավական հասուն ձայնը, բավական հասուն կատարումները, տեսնել նրանց վարպետության զարգացումը և, իհարկե, բեմում վայելել Հասմիկ Պապյանին, որը, ցավոք, դառնում է հազվագյուտ, բացառիկ երևույթ։

Հասմիկ Պապյանը հանդուգն է։ Հանդուգն է որպես ստեղծագործող, ով կարողացել է ընդունել մարտահրավերներ ու հաղթահարել դրանք, ով կարողացել է ունենալ հանդգնություն՝ երգելու Նորմա, երբ այն համարվել է նույն Մարիա Կալասի այցեքարտային կատարումը և նոր չափանիշներ սահմանել։ Սրանք հատկություններ են, որ բնորոշում են արվեստագետին, իսկ երիտասարդները, որ պատրաստվում են նվաճելու բեմեր, պետք է պատրաստ լինեն նաև հաղթահարելու մարտահրավերներ, պետք է ունենան հանդգնություն՝ սահմանելու նոր չափանիշներ, իսկ նման ներկայացումները, նման փորձառությունները լավագույն ճանապարհն են։

Առաջին անգամը չէ, որ օպերային ստուդիան՝ Հասմիկ Պապյանի ղեկավարությամբ, իրականացնում է բեմադրություններ, որոնք ոչ միայն նոր խոսք են երիտասարդության ուսումնառության զարգացման առումով, այլև միտված են ապագայի զարգացումներին, այն իրավիճակների հաղթահարմանը, որոնք կարող են առաջանալ երիտասարդների հետագա կարիերայի ընթացքում, ինչն, էլ օպերային ստուդիայի առաքելություններից մեկն է, եթե ոչ՝ գլխավորը։
Կուզեի, որ օպերային ստուդիան չլիներ այն վիճակում, ինչ վիճակում այսօր է, բայց այս խնդրին չեմ անդրադառնա՝ չտրորելու համար լավագույն զգացողություններս, որ ունեցա ներկայացումը դիտելիս։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy