«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մայիսմեկյան շքահանդես...». ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Այս պատմվածքը Ռուբեն Հովսեփյանի հերթական տաղանդավոր ստեղծագործություններից մեկն է, սակայն, ցավոք, քիչ հայտնի մեր ընթերցողին: Ռուբեն Հովսեփյանն այն գրել է  2011-ին: Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է «Նորք» ամսագրում: Այսօր Ռուբեն Հովսեփյանի ընտանիքի թույլտվությամբ այն հրապարակում ենք նաև thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում: 

«Ապրիլի վերջին սատանան շշնջացել էր կնոջս ականջին մայիսմեկյան տոներին ու հաջորդող ծննդյանս օրը չթողնել ինձ Մոսկվայում անտեր ու միայնակ, ուսանողի կարգավիճակով, մանավանդ, զարմանալիորեն արագ մեծացող դստրիկներիս հագին նեղ էին գալիս ամիսներ առաջ գնված շորերը:

Նրանց լույս աշխարհ բերելիս հաշվի չէինք առել այն հանգամանքը, որ յոթ տարվա տարբերությամբ ծնված փոքրն անմիջապես չէր կարող հագնել ավագի շորերը, պիտի սպասեր յոթ տարի, իսկ յոթ տարվա ընթացքում կանացի աշխարհը յոթանասուն անգամ փոխում է թե իր տեսքն ու ձևը և թե՝ գույնն ու գույների համադրությունը:

Եվ անթև ու թևավոր, կարճափեշ ու երկարափեշ, գույնզգույն ու խայտաբղետ այդ օձաշապիկները մնում էին անմաշ ու դարս-դարս կուտակվում զգեստապահարանի ամենակուլ դարակներում:

Մի խոսքով, տոնը՝ տոն, ծննդյան օրը՝ ծննդյան օր, բայց պետք էր «Մանկական աշխարհ» հանրախանութին մերձ որևէ հյուրանոցում սենյակ պատվիրել, որպեսզի յոթ տարվա տարբերությամբ ծնված աղջնակների մայրը շատ չհոգներ մեծ քաղաքի եռուզեռում: Հո չէի՞ կարող նրան մութ ու գարշահոտ միջանցքներով, ընդհանուր խոհանոցով ու զուգարանով հանրակացարան տանել, ուր բնակվող լայնարձակ երկրի դեռևս անհայտ ու բազմալեզու բանաստեղծների, արձակագիրների, կինոբեմադրիչների տոնական կենցաղը տեսնելով, կինս, ամենայն իրավունքով, ոտք ու ձեռքս կապած, ինձ տուն պիտի տաներ:

- Ես հո չե՞մ կարող նրան հանրակացարան տանել,- ասացի Գրողների տան հյուրանոցների հարցով զբաղվող շիկահեր, վիթխարամարմին Պաշկևիչին, իբր ի միջի այլոց, նրա սեղանին դնելով շոկոլադի տուփը:

- Իհարկե չես կարող,- համաձայնեց տիկին Պաշկևիչը,- սիրուհիների անակնկալ այցելությունից օրինավոր և ոչ մի կին հրճվանք չի ապրում:

- Ես սիրուհի չունեմ,- բողոքեցի ես, մտքումս վճռելով, որ եթե մերժի, շոկոլադը ետ եմ վերցնելու և ասելու եմ՝ որքան էլ փորձես «ս» տառի փոխարեն «շ» օգտագործել, միևնույն է, չես կարող թաքցնել, որ հայի համար ատելի Պասկևիչի զարմից ես: Այլոց վաստակը, հաղթանակը սեփականած այդ տականքը ասպարեզից հեռացրեց ոչ միայն իր ազգակցին՝ Երմոլովին, ու մեր ազգակցին՝ Լազարյանցին, այլև սրբազան Ներսես Աշտարակեցուն, չերկնչելով նույնիսկ Տեր Աստծուց, որին, կարծես թե, ինքն էլ էր երկրպագում:

Մտքերս ասես կարդալով, տիկին Պաշկևիչը շոկոլադի տուփը հմտորեն դարակը գցեց և թղթապանակից հանեց «Մոսկվա» հյուրանոցի հասցեով ուղեգիրը, իսկ ես, հույսի շողից ոգևորված, կրկնեցի.

- Ես սիրուհի չունեմ:

- Իհարկե, չունես,- քթի տակ խնդաց տիկին Պաշկևիչը,- ո՞ր հայն է Մոսկվայում սիրուհի պահում... և կամ վրացին, չեչենը, ուզբեկը... Մոսկվան ձեզ համար մենաստան է... դուք ավելի շուտ ձեր մատները կկացնահարեք, քան կտրվեք գայթակղությանը... Քեզ տալիս ենք Թուրքմենիայի նախարարաց խորհրդի նախագահի համարը... դաշնամուրով, սպասքով... լյուքս... Վայելիր...

Համարն, իրոք, շքեղ էր, ընդարձակ, ուր ազատորեն կարող էին վարգել աքալթինյան նժույգները, և որպեսզի վարգը լիներ անաղմուկ ու չխանգարեր հարևան բնակիչների հանգիստը, հատակին փռված էին թուրքմենական սքանչելի գորգեր... Վաղ գարնանը, մի քանի օրով ծաղկում է անապատը: Մանրապսակ ծաղիկ են պայթեցնում բոլոր ավազահատիկները, սաքսաուլները ծաղկեփնջեր են կազմում, բարխանները վերածվում են ծաղկե սարերի... Եվ, ահա, այս գորգերը ճիշտ այդ կարճատև ու հրաշք պահն էին ցուցադրում:

Ամեն ինչի խոշորը, մեծը, բարձրը, վեհը սիրող Ստալինի ճաշակով կառուցված հյուրանոցի լուսամուտներից մեզ բաժին հասածները նայում էին ուղիղ Կարմիր հրապարակին, դամբարանին, դամբարանի ամբիոնին:

- Ըհը,- հպարտանալով ասացի ես կնոջս,- առավոտյան կնստես լուսամուտի մոտ և կնայես, թե ինչպես են երկրի առաջնորդները ողջունում խանդավառ աշխատավորներին:- Ակնհայտ էր, որ կնոջս դուր էր եկել համարը, միայն թե դաշնամուրը կարծես իր տեղում չէր, և ոչ էլ սուրճի գաճաճ սեղանը: Բայց երբ սուրճի գաճաճ սեղանը աթոռներով լուսամուտի տակ տեղափոխվեցին, իսկ անվավոր դաշնամուրը սահեց դեպի ճապոնական սպասքով պահարանը, պարզվեց, որ պահարանը հավակնում է սնկագլուխ լուսամփոփով գրասեղանի տեղը գրավել, գրասեղանն էլ՝ արմավենու կերպարի մեջ մտած ֆիկուսի:

- Բա որ նա հանկարծ գա՞,- հարցրեց կինս բանալով ճամպրուկը, որտեղ, ամենայն հավանականությամբ, լվացքի պարան էլ պիտի լիներ:

- Ո՞վ,- հարցրեցի ես պատերին մեխ փնտրելով:

- Տանտերը՝ Կիրգիզիայի նախարարաց խորհրդի նախագահը...

- Մայիսմեկը ամենուր է,- հանգստացրեցի ես,- Ուզբեկստանում էլ են առաջնորդները ողջունում խանդավառ աշխատավորներին: Հավանորեն նա կգա աշնանը, բամբակի մթերման պլանը կատարելու կապակցությամբ... Ի դեպ,- ասացի,- կարո՞ղ ես բացատրել, թե ինչպես է Ադրբեջանը Թուրքմենիայից ավելի շուտ կատարում բամբակի մթերման պլանը, եթե մեր տանտիրոջ հայրենիքում անհամեմատ վաղ է բացվում գարունը, իսկ ամռանը՝ ավելի շոգ լինում:

- Երբ չորս ընկեր ես տուն բերում ու մի շիշ օղի, չե՞ս զարմանում, որ սեղանին էլի երեք շիշ է հայտնվում:

- Ուրախանում եմ... Ի՞նչ կապ ունի օղին բամբակի հետ:

- Ուղղակի: Ինչպես ես եմ օղի պահում քեզ ուրախացնելու համար, այնպես էլ Հեյդար Ալիևն է բամբակ թաքցնում նախորդ տարվա բերքից: Արագ-արագ հանձնում է, շքանշան ստանում... Այս համարում միկրոֆոն չկա՞:

Ես ձեռքս խոթեցի օդանցքի փոսը և այնտեղից դուրս բերեցի պարսատիկ հիշեցնող պատառոտած, ահռելի չափսերի մի կրծկալ ու միջին մեծության, օգտագործված պահպանակներ: Օդանցքի մրոտ մթությունից ինձ չարաճճի աչքով արեց շիկահեր ու վիթխարամարմին Պաշկևիչը և, աքալթինյան նժույգը հեծած, քառատրոփ սուրաց թուրքմենական սքանչելի գորգերի վրայով, անէացավ անապատի հեռուներում, ուր ծաղկած բարխանները ձուլվել էին երկնքին:

Տաք ջրով ցնցուղի տակ ես լվանում էի զզվանքս ու մտածում, որ, ի տարբերություն կանանց, տղամարդկային մեր ցեղը հեշտությամբ է մաքրվում մեղքից...

Կնոջս տնաբույր ճամպրուկում լվացքի պարան, անշուշտ, չկար, բայց կար բարձի երես, և դա իմ բարձի երեսն էր, որ Մոսկվա էր հասել հատուկ առաքելությամբ. մի քանի օրում ասեղնագործ այդ պարկը, սպունգի նման, պիտի հավաքեր իր մեջ իմ կորսված հոտը և տեղափոխեր Երևան՝ դստրերիցս փոքրի գլխատակ, քանզի աշխարհը դեռևս և գլխավորապես հոտերով ճանաչող այդ մարդուկը, պարպելով ողջ պարունակությունը, փուքսը թողած փուչիկ էր դարձրել բարձս... Եվ մոր սրտում կասկած էր բուն դրել, թե մեր փոքրը կարող է և մոռանալ հարազատ հորը...

Ես փորձում էի մտքումս նկարել մեր փոքրի դեմքը ու չէի կարողանում, ավագս էր խանգարում: Ավագիս վառվռուն, խոշոր աչքերն էի մտաբերում (փոքրինը պիտի որ թախծոտ լինեին), սպիտակ, կաթնահունց մաշկը (փոքրս թխամաշկ էր ծնվել), շագանակագույն, փափլիկ մազերը (փոքրիս գանգուրները սև էին ու պսպղուն), պահանջկոտ, առարկություն չհանդուրժող ձայնը (փոքրս սուսիկ-փուսիկ էր), և, ի վերջո, հոգնեցի անհավասար ու անհեթեթ այս գոյամարտից և կտրականապես մերժեցի այն դիմանկարը, որ գծագրվում էր երկուսի խառնուրդից: Իմ անճարակությունից, անզորությունից աշխարհն ասես փոքրանում էր...

Արդեն քնի մեջ, երազում ես տառապում էի, ապարդյուն փնտրում իմ փոքրին տան բակում, քաղաքի փողոցներում, մանկական այգու ծառուղիներում, խելահեղ արագությամբ պտտվող կարուսելի շրջանակում... Ես վազվզում էի հանդիպածս բոլոր աղջնակների ետևից, և երբ նրանք շրջվում, ապշած աչուկներով ինձ էին նայում, պարզվում էր, որ բոլորն էլ ավագիս դիմագծերն ունեն: Ես քրտնել էի, ես շնչահեղձ էի լինում, գլուխս բարձին չէր... Սուզվել էի աղե մի խորը լիճ, որի հատակից զանգի թույլ ղողանջ էր արձակվում... Հարկի հերթապահն էր ժամկոչը:

- Դուռը բացեք... Հյուր ունեք...

Արևելքի երկրներում, թերևս, կեսօր էր կամ գոնե առավոտ, բայց ոչ երբեք Մոսկվայում, որտեղ այլևս չէին հասնում հյուսիսափայլի հեռավոր շորշոփները, և լուսամուտի ապակուն կճատ քիթը դեմ արած Կարմիր հրապարակը դեռևս մրափում էր կաթնավուն մշուշի մեջ: Կնոջս կասկածող աչքերում ես կրկին տեսա աքալթինյան նժույգն հեծած շիկահեր ու վիթխարամարմին Պաշկևիչի տեսիլքը և բղավեցի խոսափողի մեջ.

- Այս ժամին ի՞նչ գրողի տարած հյուր:

- Դուռը բացեք կտեսնեք,- հորանջեց ժամկոչը:

- Տանտերն է,- խալաթը վրան գցեց կինս,- Ղազախստանի նախարարաց խորհրդի նախագահը... Ասում էի, չէ՞... Ինչ խայտառակություն...

Հյուրն արդեն դռան մյուս կողմում էր: Ես զգում էի նրա շնչառությունը և օծանելիքի բույրը: Հասցրել էր սափրվել: Բայց ձիու փնչոց ու խրխինջ չկար: Կիսաբաց դռան արանքից ներս ցցվեց վաղորդյան հյուրի առաջ մեկնված ձեռքը, որ ծաղկեփնջի՞, թե դանակի պես գրքույկ էր բռնել:

- Կներեք,- ասաց գրքույկավորը,- բայց ես պիտի հերթապահեմ ձեր համարում:

Եվ ժպտաց.- Ծառայություն է: Կներեք:

Ներս հրավիրելով արդեն ներս մտած ՊԱԿ-ի աշխատակցին և հասկանալով, որ այս պահից ի վեր նա է դրության տերը, ես դիմադրության ոգին դրսևորեցի կնոջս ուղղված մանր-մունր հրահանգներում, որոնց միջոցով փորձում էի ընդգծել իմ իրավունքը և գրքույկավորի հյուր լինելու հանգամանքը:

- Հանքային ջուր տուր մարդուն,- ասացի ես:

- Գուցե օղի՞,- խայթեց կինս,- մի բարի լույս չասե՞ք մեկմեկու:

- Ոչ,- ասացի ես,- նա ծառայության մեջ է: Սուրճ հյուրասիրիր, բաստուրմա, կանաչի, լավաշ...

- Իսկ ո՞րն է նրա ծառայության իմաստը,- հետաքրքրվեց կինս:

- Ռուսերեն խոսիր,- ասացի,- անհարմար է:

- Իրեն հասկանալի ռուսերենով ծառայության իմաստի մասին հարցումն ավելի անհարմար չէ՞,- պոկ չէր գալիս կինս:

- Նայիր լուսամուտից դուրս,- գրեթե բղավեցի ես:- Ի՞նչ ես տեսնում:

- Կարմիր հրապարակը, դամբարանը, դամբարանի ամբիոնը, որտեղից երկրի առաջնորդները շուտով կողջունեն խանդավառ աշխատավորներին:

- Թիրախ է, չէ՞:

- Ի՞նչն է թիրախ:

- Դամբարանը, ամբիոնը, առաջնորդը... Հեռահար հրացանով մեր լուսամուտից նշանակետին խփելը մի բաժակ հանքային ջուր խմելու պես բան է...

- Բայց մեզ որտեղի՞ց հեռահար հրացան:

- Իսկ նա գիտի՞, ունես հրացան, թե ոչ:

- Թող խուզարկի բոլոր քունջուպուճախները, ճամպրուկը ու մեզ հանգիստ թողնի... Էս ի՜նչ կրակն ընկանք... Ավելի լավ չէ՞ր, տերը՝ Տաջիկստանի նախարարաց խորհրդի նախագահը եկած լիներ...

- Ռուսերեն խոսիր, անհարմար է, Մատենադարանից պատմիր, Մարտիրոս Սարյանից... Էս մարդը վախենում է հանքային ջուրը թունավորած լինենք... Տես, չի խմում... Չբացված շիշ դիր սեղանին ու բացիչ: Թող իր ձեռքով բացի ու խմի:

Լույսը բացվում էր: Կարմիր հրապարակի մատույցներում համազգեստավոր ու ծպտյալ ոստիկաններ էին երևում, հետզհետե ուժգնացող լուսավորության ոսպնյակը ընթեռնելի էր դարձնում պաստառներին գրված տառերը, բառերը... Կինս փորձեց բացել լուսամուտի փեղկը և, չգիտես ինչու, բացելուց առաջ նայեց ՊԱԿ-ի աշխատակցին: Մեր հյուրը գլուխը բացասաբար շարժեց՝ չի կարելի:

- Էս ի՜նչ կրակն ընկանք,- փնթփնթաց կինս,- ես էլ ուզում էի բարձդ արևի տակ դնեմ... Ջուրդ ցնդեր, հոտդ մնար...

Հրապարակ էին մտնում փողային նվագախմբի երաժիշտները: Հսկայական թմբուկը երկուսով էին տանում՝ համաչափ, միաժամանակ գցելով քայլերը, որ առաջ ու ետ չընկնեն, չթեքեն գործիքը և սրածայր կոշկածայրերով չխոցոտեն գերպրկումից զրնգացող կաշին: Գործն ավարտելով, հրապարակից հեռանում էին ջրցան մեքենաները, և ձախ արմունկները խցիկներից հպարտորեն դուրս հանած վարորդները, հենց նոր միզած ու շալվարները կոճկած տղամարդկանց հատուկ խաղաղությամբ, բարի երթ էին մաղթում երաժիշտներին:

ՊԱԿ-ի աշխատակիցը հրաժարվեց նաև սուրճից, բաստուրմայի տեսքից ու հոտից թուքը կուլ տվեց, բայց և իսկույն ստեց, թե նախաճաշել է արդեն: Թերևս նախորդ օրվա ընթրիքն էր նախաճաշիկ համարում:

- Բա ի՞նչ ենք անելու,- շվարեց կինս,- հո չե՞նք կարող ձևացնել, թե տանը հյուր չկա, ու հանգիստ խղճով մեր սուրճը խմել: Էս ի՜նչ կրակն ընկանք:

- Սկզբից դու հետը զրուցիր, ես խմեմ, հետո ես կզրուցեմ՝ դու կխմես,- հնարը գտա ես, ու որպեսզի հերթականության խնդիրը չվիճարկվի, վրա պրծա սուրճին:

- Եղե՞լ եք Հայաստանում,- սիրալիր հարցրեց կինս:

- Օ՜, այո,- լայն ժպտաց ՊԱԿ-ի աշխատակիցը,- ծառայության բերումով ո՛ւր ասես չեմ եղել...

- Ո՞րն է այս մարդու ծառայության իմաստը Հայաստանում,- հայերեն ինձ դիմեց կինս,- Հայաստանում հեռահար հրացանով թիրախի վրա կրակողներին հսկող չկա՞:

- Անշուշտ կա: Բայց կենտրոնի հսկողներն ավելի հմուտ են:

- Ինչո՞ւ:

- Որովհետև կենտրոնից են: Կենտրոնը հո միայն տարածական, աշխարհագրական հասկացությո՞ւն չէ... Կենտրոնը էություն է, որակ...

- Նաև առավելությո՛ւն... Եթե ասենք Համո Սահյանը կենտրոնում ապրելիս լիներ՝ Նոբելյան մրցանակ կստանա՞ր:

- Այո, թերևս: Համենայն դեպս շատ փող կունենար... Հիմա դու խմիր սուրճդ, ես եմ զրուցելու...

Լուսամուտից արդեն երևում էին ցուցարարների գլխամասային շարքերը: Հարյուրավոր, հազարավոր դրոշներ էին փողփողում և դեռ միլիոնները Գորկու ու հարակից փողոցներում էին... Տեր իմ աստված, մտածում էի ես, ահա թե ինչի վրա է վատնվում Ադրբեջանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի բամբակը... Ահա թե ինչու են այդքան քիչ մանկական շորերը, որոնց համար է, ի վերջո, Մոսկվա ժամանել կինս, ինքն իրեն, թերևս նաև աշխարհին ու ինձ խաբելով, թե տոնական օրերին ամուսնուն անտեր ու միայնակ թողնելը վեր է իր ուժերից:

- Քանի՞ զավակ ունեք,- հարցրեցի ես ՊԱԿ-ի աշխատակցին:

- Երկու դուստր,- լայն ժպտաց ՊԱԿ-ի աշխատակիցը:

- Ես էլ,- չգիտես ինչու ուրախացա ես:

- Գիտեմ,- խորիմաստ ժպտաց ՊԱԿ-ի աշխատակիցը:

- Ինչպե՞ս թե գիտի,- զարմացավ, վախեցավ, ըմբոստացավ կինս:- Նրանք, ինչ է, քրքրե՞լ են մեզ ոտից գլուխ:

- Հյուրանոցային այս համարը իր դիրքով, հավանաբար, ամենավտանգավորներից է,- եզրակացրեցի ես,- և այս օրերին որևէ մեկին հատկացնելուց առաջ պարզում են նրա ինքնությունը:

- Նշանակում է դու լա՞վ համարում ունես նրանց ծառայությունում,- չգիտես ուրախացա՞վ, թե՞ տխրեց կինս:

- Իսկ ինչո՞ւ պիտի վատ համարում ունենամ... Երեսունյոթին ձերբակալված, գնդակահարված, աքսորում մեռած բոլոր ազգականներս արդարացված են... Հայրս գլուխը կախ, ողջ կյանքն աշխատել է այս երկրի համար, իմ պատմվածքներն էլ հրապարակվելուց առաջ մաքրաջրվում են գրաքննության ավազանում... Ինչո՞ւ պիտի վատ համարում ունենամ...

- Էս ի՜նչ կրակն ընկանք,- սուրճի վերջին կումը խմելով ասաց կինս ու բերանքսիվայր շրջեց բաժակը, ինչպես միշտ դժվար պահերին, երբ, սուրճի մրուրին ապավինելով, փորձում էր պայծառ ապագայի հեռանկարով տանելի դարձնել տհաճ ներկան: Պայծառ ապագան, բնական է, մոտ չէր գալիս, բայց, իրոք, տանելի էր դառնում ներկան:

Դամբարանի ամբիոնը կենդանանում էր: Մեկը մյուսի ետևից հայտնվում էին երկրի առաջնորդներն ու ըստ աստիճանակարգի շարվում կողք-կողքի: Զինվորականներն ավելի պարզորոշ էին երևում, նրանց ուսադիրներից, մետաղյա ճարմանդներից, շքանշաններից ճառագող հավելյալ լուսավորությունն ընդհատվում էր շարքի կենտրոնում, ուր թիրախն էր, եթե տեսարանը դիտեիր հեռահար հրացանով զինված նշանաձիգի աչքով: Թիրախից աջ լայնեզր գլխարկների թավուտն էր:

ՊԱԿ-ի աշխատակիցն ամբողջովին աչք էր դարձել ու ականջ, թիկունքով էլ էր որսում մեր աննշան ու անաղմուկ շարժումները: Դեմքի լայն ժպիտը վերածվել էր մի արտահայտության, որ ունենում է որսաշունը՝ գազանի կամ թռչնի հայտնվելուց ակնթարթ առաջ. դեռ անվրեպ ցուցամատը չի սեղմել ձգանը, փամփուշտն իր քամակին դեռ չի ստացել անհրաժեշտ աքացին, բայց որսաշան գերզգայուն հոտոտելիքն արդեն թրթռում է վառոդի հոտի գրգիռից: Դեռ չի ճայթել կրակոցը, բայց նրա սևեռման, սպասման, անդիմադրելի ձգողականությամբ օժտված դաշտում, արդեն թփի արանքից գազանի դնչիկն է նկատվում ու թռչնի թպրտոցը ծառի կատարին:

Եվ երբ լսվեց մեր դռան թակոցը, թվաց, թե հեռահար հրացանի փակաղակն է չխկչխկում:

ՊԱԿ-ի աշխատակիցը թաքնվեց պահարանի ետևում և գլխով արեց՝ բացեք: Կինս բացեց դուռը և մատներով փակեց բերանը, որ չճչա ապշանքից. ամեն ինչի մեծը, խոշորը, բարձրը սիրող Ստալինի ճաշակով կառուցված հյուրանոցի մեզ բաժին հասած դռան վիթխարի բացվածքում հայտնված լողլողի միայն իրանն էր երևում: Գլուխը նկատվեց ավելի ուշ, երբ գլխատերը կռանալով ներս մտավ ու կոտրատված ռուսերենով հարցրեց՝ կարելի՞ է մեր լուսամուտից դիտել մայիսմեկյան շքերթը: Իր համարի լուսամուտները չէին նայում Կարմիր հրապարակին: Բախտը չէր բերել: Եվ կամ ինքնությունն էր կասկածելի: Եվ կամ այս լողլողի մտքով չէր անցել շոկոլադի տուփ հրամցնել մի այլ Պաշկևիչի:

Նրա ձեռքին գնդացրի մեծության լուսանկարչական սարք կար, աչքերին՝ հաստ ապակիներով ակնոց,- այնքան բարձրից էր նայում երկրին, որ աչքերը խեղճացել էին: Ես հանկարծ զգացի, որ ՊԱԿ-ի աշխատակցի կասկածով եմ նայում օտարերկրացուն և չեմ կարողանում վճռել՝ թույլ տա՞լ, թե՞ ոչ: ՊԱԿ-ի աշխատակիցը գլխով արեց՝ կարելի է:

Դուռը կրկին թակեցին, կարճ տաբատով ջահելներ էին, մի քանիսը կանացի տեսակից, թեև նրանց հարկավոր տեղերում չէր նշմարվում կուրծք ասած հրաշալիքը: Նրանք էլ էին զինված լուսանկարչական սարքերով՝ ավելի փոքր չափսերի, և ճռվողում էին լուսաբացի հետ արթնացած ճնճղուկների նման: Հետո չափազանց աշխույժ մի տատիկ բուսնեց, որ ՊԱԿ-ի աշխատակցին տանտեր կարծելով, նկատելի շողոքորթում էր, հյուրասիրում ծամոն, սիգար ու բոված նուշ: Ինքնակառավարվող սայլակով մի ծերուկ հայտնվեց՝ ձեռքին կանադական դրոշակ, որի մետաքսը խուտուտում էր տիրոջ անկենդան ծնկներին մրափած հսկայական կատվին: Եվ էլի երկու զույգ ջահելներ եկան, որոնցից երկուսի հարկավոր տեղերում ամեն ինչ կարգին էր:

Եվ այս մրջնանոցում ես կորցրեցի կնոջս... Նա, իհարկե, կար, գոյություն ուներ, ամենուր նրա շարժման հետքերն էին, սակայն շարժման արագության մեջ ինքն այլևս չէր նկատվում: Բոլորի ձեռքերին սուրճի բաժակներ հայտնվեցին, պանրով, կանաչիով, բաստուրմայով լցոնված լավաշի բրդուճներ, զրնգացին հանքային ջրի պղպջակներ պայթեցնող բաժակները, որոնց պարունակության գույնը շուտով վերածվեց կարմրի... Դատարկ շշերն իսկույն չքվում էին, հայտնվում նորերը, բրդուճները խժռվում էին ու կրկին կոլոլվում, նույնիսկ թխկենու տերևի պատկերով դրոշակի տակ արթնացած կատուն էր բաստուրմա խժռում, լցոնի մնացյալ բաղադրիչները թքելով հատակին:

Պանրի գլուխը տաշտշվելով կորցնում էր իր տեսքը, ինչպես հանքանյութ պարունակող լեռն է մաշվում աչքիդ առաջ, և խառը կանաչիների բուրումնավետ ցողունները ծամծմող օտարերկրացիները, կոնյակի գոլորշիների մեջ լողալով, շարժվում էին դեպի դաշնամուրը: Մի քանի զույգ ձեռքեր և անհամար մատներ զարկվեցին ստեղներին, ու վայրենի պարեղանակի ելևէջների տակ դոփդոփեց աքալթինյան ձիերի անսանձ երամակը... Աշխույժ տատիկը, հաճույքից մեռնելով, ուղղակի ծեծում էր ՊԱԿ-ի աշխատակցին... Այլևս ոչ մեկին չէր հետաքրքրում մայիսմեկյան շքերթը, որ ձանձրալի կինոնկարի նման պատկերվում էր մեր լուսամուտից: Խելահեղ նեգրական պարի հորձանուտում անշարժ էր միայն ՊԱԿ-ի աշխատակիցը՝ աջը պիջակի տակ թաքնված ատրճանակին սեղմված:

Կեսօրին, երբ ավարտվել էր ցույցը և հարևաններս դուրս էին եկել ետճակատամարտյան ռազմադաշտ հիշեցնող հյուրանոցային մեր համարից, Իվան Իվանիչը մի բաժակ կոնյակ խմեց, ախորժակով կծեց բրդուճի ծայրը և ասաց.

- Ի՜նչ ծանր օր էր...

- Խեղճ մարդ,- լսվեց կնոջս հառաչանքը բազմոցի կողմից, և ես վերջապես գտա նրան, փափլիկ բարձերի արանքում կուչ եկած. նա խղճահարությունից ուզում էր լաց լինել կոնյակի երկրորդ բաժակը դատարկող ՊԱԿ-ի աշխատակցի համար և, թարթիչները դարձրած հենակ, դեռևս դիմադրում էր ծանրությունից իրար մոտեցող կոպերին: Եվ մինչ ՊԱԿ-ի աշխատակիցը երրորդ բաժակն էր դատարկում ու մաքրում շուրթերը, որ մոտենա, համբուրի մայիսմեկյան խրախճանքի տիրուհու ձեռքը, կինս արդեն քնած էր, ինչպես քնում են քաղհանից, լավաշ թխելուց հոգնած կանայք...

- Ծանր օր էր,- լայն ժպտաց Իվան Իվանիչը և հանկարծ քրքջաց: Գլուխը տմբտմբացնում էր ու քրքջում: Ասես հենց նոր էր դուրս եկել վթարված ավտոմեքենաների միջից ու հասկացել՝ ողջ ու անվնաս է: Ասես անցել էր բժշկական զննության բոլոր փորձասենյակներով և իմացել, որ կասկածներն ավելորդ են՝ պողպատի առողջություն ունի, ապրելու է հարյուր տարի և յոթ կոտոշ է հանելու...

Քրքիջը գեղեցկացրել էր Իվան Իվանիչին: Նրա միջից չքվել էր որսաշունը: Նա, այնուամենայնիվ, համբուրեց քնած կնոջս հոգնած ձեռքը և ականջիս շշնջաց.

- Անհեթեթություն չէ՞, սիրելիս, որ ես էի ձեզ հսկում և ոչ թե դուք ինձ... Չէ՞ որ ես էի զինվածը:

Իրոք, ինքն էր զինվածը, իսկ մենք նեգրական պար էինք պարում...»:

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2011 թվական

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ