«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«․․․Մենք բոլորս, մեծից փոքր, մեր իսկ տանը վտարանդի ու աքսորական ենք, եթե․․․»․ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

 

Գրող ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ խոսքը ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ աճյունի առաջ

«Հակառակ նրան, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը իբրև պետություն իր հռչակման հենց առաջին օրվանից հայտնվեց աշխարհա-քաղաքական,  քաղաքական և հասարակական ցնցումների մեջ և մինչև օրս էլ գտնվում է դրանց հորձանուտում, այն հատկանշված է անուններով, որոնց մեջ Վանո Սիրադեղյանի անունը շատ ցայտուն է։

Գրողի և գործչի, աքսորականի և վտարանդու իր կերպարը, նրա հիշատակը, ինչպես նաև հոգեհանգստի այս արարողության սեղանին դրված և հայրենիք վերադարձած  նրա աճյունը մեզ թույլ չի տա ոչ սուտ խոսել, ոչ էլ ամեն ինչ ծածկել վերամբարձ ու ճոռոմ խոսքերով։

Նա իր հասցեին արվող գովաբանական խոսքերի կարիք էլ չունի։ Նա մի մարդ էր, որ, ինչպես մի պատմվածքում ինքն է իր մասին գրել, կարողացել էր իրենով հասնել մարդկային այն ինքնաբավությանը, որտեղ արդեն միակ խոսքը գրողական ճշմարիտ ու անկեղծ խոսքն էր։

Ուստի այսօր հոգեհանգստի այս արարողությանը նրա հոգուն հանգստություն աղերսելու հետ մեկտեղ, նրա մասին լեգենդներ ու հիշողություններ պատմելու հետ միասին մենք պարտավոր ենք նրա կերպարի ճշգրիտ՝  հենց իր մարդկային ու գրողական կեցվածքին հարիր ճշգրիտ գնահատական տալ, որքան էլ դա բարդ լինի նրա հենց բարդ կերպարի համար։

Շատ բան թողնելով ժամանակին՝ ես այսօր կուզենայի երկու հանգամանք նշել․

Ես և նրա գրչակից ընկերները վստահ ենք, որ Վանո Սիրադեղյանի թողած գրական ժառանգությունը նրա կայուն, հաստատուն, մնայուն և, ամենակարևորը, խիստ անհատական տեղն ապահովել է մեր արդի գրականութան մեջ, որքան էլ նրան աքսորի դատապարտածները ջանացին և դեռ այսօր էլ ջանում են պղծել ու վտարել նաև նրա գրողական կերպարը՝ զանազան անհեթեթություններով ու բանսարկություններով փորձելով նսեմացնել նաև գրողին։

Բայց խոսքի և բառի այս մեծավարպետը կատարելապես տիրապետում էր գրողական զինանոցի բոլոր զինատեսակներին․ կերպար ստեղծելուն, հոգեբանական միջավայր կերտելուն, կյանքն ու իրականությունը գոյաբանական ապրումների մեջ մտցնեու նուրբ տեսողությանը։ Սա կասկածից վեր է։ Վանո Սիրադեղյան գրողը, ինչպես ամեն մի իսկական գրող, կարող է բանավեճերի նյութ լինել, բայց վեճի առարկա չէ։

Իսկ ինչպե՞ս կոչենք Վանո Սիրադեղյանի՝ իր պետության համար ջանացած 8-10 տարին։ 

Կորած ջա՞նք, զուր ջա՞նք, ջուրը լցված տարինե՞ր։ Այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, բացի մեկից, ում համար Վանո Սիրադեղյանը կյանք դրեց․ նրա անունն է Հայաստանի Հանրապետություն։

Հակառակ  իմ ընկերոջ աշխատելու և գործելու տարիներին թափած ջանքի, որով նա այստեղ նունպես անհատականություն ու կերպար դարձավ, մենք այս հարցին այսօր անկեղծ պատասխան չենք կարող տալ, քանի դեռ մեր պետությունը իբրև պետություն չի հաջողվել։ Եվ, եթե ուզում եք իմանալ, մեզանից ոչ մեկի՝ ոչ քաղաքական գործչի, ոչ օլիգարխ կոչվածի, ոչ կուսակցականի, ոչ բանվորի ու նախարարի, ոչ բժշկի ու գրողի, ոչ պաշտոնյայի ու թոշակառուի քաղաքական-հասարակական և անգամ անձնական կյանքն է հաջողվել, եթե մեր պետությունը չի հաջողվել։

Մենք բոլորս, մեծից փոքր, մեր իսկ տանը վտարանդի ու աքսորական ենք, եթե մեր հետևում իբրև սատար, իսկ առջևում իբրև նպատակ ու տեսլական մեր պետությունը չի կանգնած։ Մեր պետությունը, որը մեզ կհանի անցյալներում քարշ գալուց և կտեղադրի ներկայի ու իրականության մեջ։ Մեզ կկտրի մեր դարավոր պանդխտականությունից և կդարձնի քաղաքացի ու հպատակ։ Մեզ կպոկի ֆիդայու կեցվածքից և կվերածի զինվորի։

Մի խոսքով՝ մեզ կհանի դարավոր մեր անտերությունից և մեզ կդնի տերության ու տերունականության մեջ։

Այս առումով, ճանապարհ դնելով մեր ընկերոջը, մենք կարող ենք ասել․ մենք նրա անձի վրա նետված բոլոր բանսարկությունները, բոլոր հալածանքները ի չիք կդարձնենք ոչ թե նրա մասին հերթական լեգենդներն ու պատմությունները պատմելով և հերթական մի Վանո Սիրադեղյան-միֆ ստեղծելով, այլ կառուցելով այն երկիրը, որի համար նա թողեց գրողական կարիերա, ստիպված եղավ թողնել հայրենիք, ընկեր, ընտանիք, իր համար այնքան հարազատ իր Հայաստանն ու հայաստանյան միջավարը, որի համար ջանք չխնայեց և որի համար աքսորական դարձավ»։ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

3 դեկտեմբերի 2021 թ,

Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողություն Ալ, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ