«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մենք չունենք երազանք, ունենք թախիծ, կարոտ և հիշողություններ...». ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Արթուր Աթանեսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ղեկավարում է Երևանի պետական համալասարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը:

Սովորել է Երևանի պետական համալսանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում, Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Ուոլքերի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում, (Թավթս համալսարան): Սովորում է կյանքում ու սովորում է ամեն օր:

Արթուրին հանդիպեցի շատ հետաքրքիր մարդկանց միջավայրում՝«տարօրինակ» մտածողությամբ մարդիկ, որոնք շատ կրեատիվ մտագրոհում էին մշակույթի, արժեքների, հասարակության, կառավարման, քաղաքացու խնդիրների շուրջ:

Այդ մարդկանց «ՀԱՅԵՐ»-ում «կբացահայտենք» հաջորդիվ, այսօր Արթուր Աթանեսյանի հետ բաց, անմիջական ու խորքային (այնպես, ինչպես Արթուր Աթանեսյանն է) խոսենք մեր հասարակության հետ կապված մի շարք առանցքային խնդիրների շուրջ: 

-Նախ, հավանաբար, փորձենք գնահատել. ի վերջո ինչպիսի՞ հասարակություն ունենք այսօր:

-Կա այսպիսի ընդունված եզր՝ «անցումային հասարակություն» և որպեսզի պատկերացնենք, թե այդ մոդելի մեջ տեղավորվո՞ւմ է մեր հասարակությունը, թե՝ ոչ, պետք է գտնենք որոշակի տարրեր, որոնք, իրոք, ցույց են տալիս մեր անցումը ինչ-որ տեղից մեկ այլ տեղ: Այդ անցումն է խորհրդային փակ հասարակությունից դեպի ժամանակակից, պայմանականորեն ասած՝ արևմտյան բաց հասարակություն: Ի՞նչն է բացը և ի՞նչն է փակը. նախևառաջ խոսքն ազգային արժեքների և դրանցից, անգամ մի մասից հրաժարվելու մասին չէ, այլ իրավունքների մասին է, իսկ իրավունքների առումով, մեր հասարակությունն այսօր, իհարկե, շատ ավելի բաց և առաջադեմ է, քան նախկինում, առավելևս` նախախորհրդային վիճակում:

-Փորձե՞նք այնուամենայնիվ ավելի կոնկրետ օրինակներով խոսել: 

-Իհարկե: Եթե մենք ավանդաբար խոսում էինք պետական կառավարման զուտ ուղղահայաց սկզբունքի մասին` վերևից ներքև, ինչը դրսևորվում էր ոչ միայն պետական կառավարման մարմիններում, այլ նաև հասարակության մեջ, մասնավորապես` ընտանիքներում, ապա այսօրվա միտումն է հորիզոնական կապերի, ցանցերի ստեղծումը, որտեղ միևնույն սուբյեկտը գտնվում է բազմաթիվ հարաբերությունների կիզակետում և ստիպված դուրս է գալիս իր համար ապահովագրված «տաք» տեղից և գերիշխող դիրքերից:  Նույնը վերաբերում է հասարակական կառույցներին. միևնույն ընտանիքում հեղինակությունը վերաբաշխվում է այդ ընտանիքի մեջ ներդրումներ կատարող անդամների միջև, և երեխաները կարող են ավելի որոշիչ դեր ունենալ ընտանեկան որոշումների կայացման գործում, քան՝ ծնողները: Նույնը վերաբերում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության նոր բազում դրսևորումներին, որոնք նախկինում անգամ չէին քննարկվում:

Ես չեմ պնդում, որ մարդիկ, ինչպես ԽՍՀՄ-ում, պարտավոր են հավասար լինել. այսօրվա դրական միտումն այն է, որ հավասարությունը իրավունք է, որից յուրաքանչյուր մարդ կարող է օգտվել իր ընկալումների և կարողությունների, իր ջանքերի սահմաններում: Դրանով մարդիկ ձեռք են բերում մրցակցային հնարավորություն՝ փորձելու և ստանալու այն, ինչ կարող են իրենց ջանքերի շնորհիվ: Այս մշակույթը շատ կարևոր է, և լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում կոռուպցիոն մտածողություն և վարք դրսևորողների համար: Այսօր մշտապես առաջ են գալիս նոր սուբյեկտներ, որոնք կարող են վիճարկել ստեղծված դիրքերն ու դերակատարությունները, և ապացուցել, որ իրենք ավելի լավ են աշխատում, ավելի լավ են մտածում, առավել արդյունավետ են, քան նրանք, ովքեր սովոր են ամեն գնով զբաղեցնել գերակայող դիրքեր և դրանք սեփականաշորհել:

-Եթե լոկալացնենք, կնշանակի՞, որ, օրինակ առաջ դու չէր կարող քննարկել ղեկավարիդ որոշումները, իսկ այսօր կարող ես, այո՞:

-Հաստատ չենք կարող ասել, որ այսօր մենք ունենք բոլոր տեսանկյուններից միանշանակ ազատ հասարակություն: Ազատություն ասելով ես նկատի չունեմ անկաշկանդ և անսահմանափակ, բարձիթողի և քաոտիկ մի վիճակ: Ոչ: Ըստ էության, ազատությունը դա իրավունքների և հնարավորությունների հավասարությունն է: Եթե ենթական կարող է ավելի լավ աշխատել այդ պաշտոնում, քան ղեկավարը, այսօր մենք ունենք լրացուցիչ հնարավորություններ այդ ենթակայի համար՝ բարձրանալու, դառնալու ղեկավար, իր նախագծով նպաստելու ընդհանուրի ավելի արդյունավետ գործառմանը և այլն, քան նախկինում: Դա, ցավոք, դեռ չի նշանակում, որ մենք միանշանակորեն հավասար մրցակցային հնարավորություն ունեցող հասարակություն ենք, և որ բոլոր սուբյեկտների իրավունքները հավասարապես պաշտպանված են: Մեր հասարակությունը դարձյալ ունի այնպիսի կառույցներ, որոնք հիերարխիկ են, և որոնց գերակայությունը ուրիշների հանդեպ պաշտպանվում է բոլոր հնարավոր ռեսուրսներով, այդ թվում՝ նաև պետական ռեսուրսի չարաշահմամբ: Սա և՛ ժառանգությունն է նախորդ համակարգերից, և՛ նաև, ցավոք, մեր ազգային մշակույթի, մենթալիտետի տարր է:

-Կարող ե՞նք դարձյալ ասվածն օրինակի միջոցով ներկայացնել:

-Օրինակ` այն, ինչ անվանում ենք կոռուպցիա: Կոռուպցիան այն է, երբ դու շրջանցում ես մրցակցությունը, և օգտագործելով քո կապերը, հնարավորությունները կամ՝ ոչ քո, բայց քո կողմից յուրացված, ստանում ես այն, ինչին դու արժանի չես: Կոռուպցիան բոլոր պետություններում համարվում է հիվանդություն, սակայն հասարակության կենսակերպի, բարքերի և անգամ ազգային ավանդույթների մակարդակում կարող է արդարացվել, պաշտպանվել և մշտապես տեղի ունենալ: 

Այսպես. «խնամի-ծանոթ-բարեկամ» երևույթը (ԽԾԲ) նորմալ, մարդկային հարաբերությունների շարունակությունն է, ըստ էության, բայց դրսևորվելով աշխատանքային հարաբերություններում` ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, դառնում է պրոբլեմ և անարդարության պատճառ: Ի պատասխան կոռուպցիայի մեջ մեղադրանքների կարող ենք լսել հետևյալ փաստարկները. ի՞նչ է, ձերբազատվե՞նք ընկերասեր լինելուց, հյուրասեր լինելուց, կամ, ի՞նչ է` մեր ղեկավարին նվեր չնվիրե՞նք: Կամ, ինչպես ընկերներիցս մեկն է ասում` կոռուպցիոն վարքի բազում դրսևորումներ մեզանում սիրում են «արդարացնել» հայտնի ասացվածքով.  «ինչ անում ենք, երեխաների համար ենք անում»:

Երեխայի համար անելն այս դեպքում կարող է ենթադրել և՛ այն, որ մենք հաղթահարում ենք շեմեր, մրցակցային խնդիրներ ոչ թե ավելի լավ մոտեցումներ ցուցաբերելով, այլ փորձելով այդ «երեխայի համար» անելու համար խախտել օրենքը, այդ «երեխային» խցկել մի տեղ, որտեղ նա սովոր չէ և մոտիվացված չէ լինելու, սովորելու և աշխատելու, որտեղ փչացնում է այն, ինչ ստեղծվել է նախորդ սերունդների կողմից, մեկ այլ մարդու երեխային դնել ոչ հավասար պայմանների մեջ, և դա մեզ համար նորմալ է, ցավոք, որովհետև, երբ մենք ասում ենք «երեխա», առաջին հերթին հասկանում ենք միայն մերը` մեր բնակարանը, մեր նեղ, փոքրիկ, խղճուկ շահերը, որոնք, ցավոք, շատ հաճախ զոհաբերում են ընդհանուր շահը: Արհամարհելով և խարխլելով ընդհանուրը` մենք, վերջին հաշվով, վնասում ենք հենց այդ մեր «երեխային»: Սա, ըստ իս, մեր համայնքային մտածողության հետևանքն է, և պետականություն չունենալու (նաև, մասամբ, միգուցե մեզ նախկինում էլ հենց նեղ, տեղային, համայնքային մտածողությունն է ձեռնտու եղել, և պետականություն ունենալու շանսերը ինքներս ենք բաց թողել):

Համայնքային մտածողություն ցուցաբերելով` մենք միայն մտածում ենք նեղ, փոքր, սահմանափակ շահերի մասին, և անգամ երբ մեզ առաջարկվում է մտածել և աշխատել լայն դաշտում՝ որպես պետություն, մենք դարձյալ այդ պետություն երևույթը ընկալում ենք որպես համայնք` նեղացնելով և սեղմելով ընդհուպ մինչև առանձին խմբերի և անհատների շահերը: Առաջնորդվում ենք հետևյալով. կամ՝ «իմն է, և ես անում եմ ինչ ուզում եմ», կամ՝ «եթե իմը չէ, ապա չեմ պատրաստվում դրա օգտին աշխատել»: Այս վիճակն է, որ ակնհայտ է նաև այսօր և ուղեկցում է «անցում» կոչվածը:

-Իսկ, եթե, այնուամենայնիվ, ձեր եղբայրն ունի արժանիքներ և դուք ունեք նրան պաշտոնի նշանակելու հնարավորությո՞ւն: Այո, նա հայտնվում է մրցակցային դաշտից դուրս, բայց արժանիքներ ունի, չէ՞: Ես ներկայանամ որպես ընդդիմախոս:

-Արժանիքներ ունեցող մարդը մրցակցային պայմաններում պետք է ապացուցի իր արժանիքները ոչ թե ինձ՝ իրեն այդ պաշտոնին նշանակողիս, այլ մրցույթի մյուս մասնակիցներին՝ ցույց տալով, որ ինքն օբյեկտիվորեն հաղթել է, և իրեն ամրագրելն այդ պաշտոնում դառնում է ընդամենը ձևականություն: Կարևորը ոչ թե անձն է, այլ իր կողմից իրականացվող գործառույթների որակը, դրանցով ստեղծվող հանրային բարիքը: Ցավոք, անձերի կարևորումն ու նրանցով այս կամ այն պաշտոնի և գործառույթի պայմանավորելը նույնպես հայաստանյան հասարակության հիվանդություններից է: Բացի այդ, մենք նախընտրում ենք ոչ թե զբաղվել հիմնախնդիրների լուծմամբ, այլ ավելի շատ խոսել դրանց մասին: Իսկ որպես հիմնախնդիր` պրոբլեմ սիրում ենք ներկայացնել ամեն ինչ` սկսած տարվա ժամանակից, եղանակից (վայ`ձմեռը ցուրտ է, վայ`ամառը շոգ է և այլն) մինչև Նոր տարվան պատրաստվելը:

Կա այդպիսի տեսություն` «խոսքային գործողության» տեսություն է կոչվում, որի համաձայն շատերին կարող է թվալ, որ եթե խոսել ես պրոբլեմի մասին, օրինակ` կուռուպցիայի դեմ պայքարի մասին, ապա կոռուպցիան ինքնըստինքյան հաղթահարվում է: Բայց դա կա՛մ միամտություն է, կա՛մ էլ՝ ոչ միամիտ, նպատակաուղղված, և պրոբլեմի լուծումը ձգձգելու  ռազմավարություն` որդեգրված նրանց կողմից, ովքեր չեն էլ պատրաստվում լուծել իրենց իսկ կողմից մշտապես բարձրաձայնվող հիմնախնդիրները:

Պատմությունը վկայում է, որ նման մոտեցումը` պոպուլիզմը, ի վերջո բերում է չլուծված պրոբլեմների մի մեծ կույտի գոյացման, որի «տակից» բնակիչը կփորձի դուրս գալ այլ միջոցներով, օրինակ՝ փախչելով այլ երկրներ, որտեղ խնդրի բարձրաձայնումն ու դրա լուծմանն ուղղված ջանքերը միասնական գործընթաց են, կա՛մ էլ` դիմելով անհնազանդության զանգվածային գործողությունների, բռնության, խախտելով օրենքները և այլն:

-Երևույթները, որոնց մասին խոսեցինք բոլոր ժողովուրդների, հասարակությունների մոտ եղել են, կան: Որոշ հասարակություններ հաղթահարել են, հաղթահարում են, մենք՝ չենք կարողանում: Ինչպե՞ս են հաղթահարել կամ հաղթահարում: Մենք ինչո՞ւ չենք կարողանում:

- Երբ բացվում ես դեպի արտաքին աշխարհ` տեսնում ես այլընտրանքներ, որոնց մասին մինչ այդ չգիտեիր: Տեսնում ես, որ անհրաժեշտ են մեթոդներ, որոնց օգնությամբ ավելի լայն, ավելի նոր մասնակիցների հետ մրցակցության մեջ գոնե պիտի չպարտվես: Այս դեպքում դու վերանայում ես սեփական կարողություններդ, սեփական մոտեցումներդ հարցերին և այն, ինչ քեզ խանգարում է, կարող ես կա՛մ ժամանակավորապես մի կողմ դնել, կամ առհասարակ ձերբազատվել, որպեսզի առաջ գնաս: Հայաստանցին այսօր ավելի ակտիվ է և ավելի մոբիլ արտաքին միջավայրում, քան՝ մեր երկիրը, որը չորս հարևաններից երկուսի կողմից շրջափակված է,  և ունի կառավարման դեռևս կիսասովետական մոտեցումներ:

Օրինակ` տեսնելով, թե արտասահմանյան բուհում ինչպես են խնդիրը հաղթահարում այլազգիները, մեր հայրենակից ուսանողները տեսնում են, որ պետք է ուժեղացնել այն կարողությունները, որոնք, իրոք, նպաստում են հաջողություններին միջազգային մրցակցության մեջ:  Նույնը վերաբերում է միջազգային մրցումներին մասնակցող մեր մարզիկներին, միջազգային թիմերում հետազոտություններ իրականացնող մեր գիտնականներին: Այնտեղ քեզ չի օգնում քո պաշտոնյա բարեկամը, այստեղ միակ կարող ուժը դու ես, և կա՛մ հաղթում ես, կա՛մ` պարտվում:

Սա շատ փոքր օրինակ է, իհարկե, բայց մենք նույն կերպ կարող ենք խոսել այն մասին, որ աշխատաշուկան այսօր ընդհանրացվում է, ընդլայնվում, և այդ գլոբալ աշխատաշուկայում դու պետք է ոչ թե քո լավ և վատ ավանդույթներն աշխատեցնես, այլև քո մրցակցային կարողությունները: Այլ կերպ ասած` կոնյակով պաշտոն ստանալու դարը բարեբախտաբար անցնում է:

-Անհատի դերը կարևորում ե՞նք:

-Միանշանակ: Եվ սա երևի այն փոփոխություններից մեկն է, որ տեղի է ունենում հայաստանյան հասարակությունում: Հայաստանցին՝ լինելով հայկական մշակույթի կրողը, այսօր իր անձնային հատկանիշներն ավելի է ակտիվացնում, ավելի է լարում, քան՝ նախկինում: Եթե նախկինում համայնքի կապերն էին, որոնք քեզ օգնում էին առաջընթացում, բայց նաև՝ պարտավորեցնում դուրս չգալ համայնքի սահմաններից, կոպիտ ասած՝ «չափը չանցնել» քո «ես»-ի մեջ, ապա այսօր այդ համայնքային կապերն այդքան ակտիվ և օգտակար չեն, քանի որ դու չես ուզում մնալ համայնքում՝ տեսնելով, որ կան այլ հնարավորություններ՝ ավելի լավ, ավելի ցանկալի, հետաքրքիր:

Մյուս կողմից՝ կտրվելով համայնքից, դու պետք է ստիպված քո անհատականացման գործընթացում ներդրումներ անես: Այսինքն՝ ավելի քիչ լինելով համայնքի անդամ, դու ավելի ուժեղ ես կտրվում համայնքից, և հակառակը՝ կտրվելով համայնքից՝ դու ավելի քիչ պարտավորեցնող կապեր ես ունենում: «Համայնքը զորավոր» է մոտեցումը հայտնի է, բայց համայնքը պակաս զորավոր է մեկի դեպքում, համայնքը էլ ավելի պակաս զորավոր է, կամ առհասարակ չկա՝ մյուսի դեպքում:

Ծանոթ ենք չէ՞ այն մշտական խոսակցություններին, վեճերին, թե ով է ավելի լավ հայը՝ Հայաստանում ապրող մա՞րդը, որը չի մուծում հարկեր, չի հարգում օրենքներն ու մեր պատմամշակութային ժառանգությունը, չգիտի մեր մշակույթը, ոչինչ պատրաստ չէ անել երկրի համար, թե՞ մեկ այլ մարդ, որն անգամ իր ազգանունով հայկականություն չի հիշեցնում, որն ապրում է Հայաստանից դուրս, անգամ երբեք չի եղել Հայաստանում, բայց այդ մարդն անում է Հայաստանի համար այն, ինչ ցանկացած երկիր կերազեր ստանալիր քաղաքացիներից. սեր, հարգանք, աջակցություն: Պետրոս Առաջինն է չէ՞ ասել, թե «Ռուսը նա է, ով սիրում է Ռուսաստանը և ծառայում Ռուսաստանին»: Հիմա ո՞վ է սիրում Հայաստանը և ո՞վ է ծառայում Հայաստանին հարցին, եթե փորձենք պատասխանել, ապա ինձ թվում է`այսօր Հայաստանում ապրողների մի մասն ամբողջությամբ կամ մասամբ դուրս կմղվի այդ ցուցակից:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Վրաստանում: Վրաստանից մենք շատ ենք խոսում, օրինակ ենք բերում: Հասարակությունը փոխվե՞ց, դարձավ ավելի բա՞ց:

-Ինձ թվում է, Վրաստանի դեպքը մեր կողմից գերագնահատվում է: Վրաստանը ներքին բազում հակասություններ ունի և՛ լիդերության տեսանկյունից, և՛ գնահատականների առումով: Նախևառաջ, արդյոք Սահակաշվիլին մենա՞կ իրականացրեց այդ բարեփոխումները, թե՝ ունեցավ զանգվածների աջակցությունը:

Երկրորդը՝ արդյոք միայն զանգվածները չէի՞ն, որ իրականացրեցին այդ ամբողջ փոփոխությունները, իսկ Սահակաշվիլին եղավ միայն դրա սիմվոլը: Երրորդը՝ միգուցե միայն հասարակության մի մա՞սն էր ակտիվ, մինչդեռ Վրաստանի ամբողջ հասարակությունը դեռ տատանվում է և չգիտի, թե ինչ է ուզում: Չորրորդ տարբերակը. այս պրոցեսը կարող է կարճատև լինել և շուտով, ինչպես գիտությունն է ասում, «rolling back» տեղի կունենա, այսինքն՝ վերադարձ դեպի այն համակարգը, որը քեզ քաշում է, ձգում է, որը դու հիշում ես, որին դու սովոր ես, որտեղ քեզ համար կոմֆորտ էր, բայց, որն օբյեկտիվորեն ավելի վատն է, քան նորը:

Այո, դու գիտակցում ես, որ դա քոնը չէր և լավը չէր, բայց կոմֆորտային գոտի էր: Իհարկե, երբ մենք նայում ենք սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, ապա այն հարցին, թե «պետությունը ձեզ համար ինչ է» և պատասխանի այն տարբերակներով, որ՝ գործատու է, մենեջեր է, կամ էլ, հակառակը` հայր է, խնամակալ է, Վրաստանում շատ ավելի շատ են այն մարդիկ, որոնք ընտրում են «պետություն-մենեջեր» տարբերակը: Այսինքն`վրացական հասարակության ավելի շատ անդամներին պետք չէ,որ իրենց փոխարեն որոշեն, թե ի՞նչ ուտես, ի՞նչ խմես, որտե՞ղ քնես և այլն: Վրացինեներն իրենց պետությունից ուզում են աշխատատեղ, իրավունքներ, և որպեսզի պետությունն իրենց ավելորդ քաշքշուկներով և ընթացակարգերով չխանգարի:

Վրաստանում հետազոտությունների համաձայն տարեց տարի նման մարդկանց թիվը մշտապես աճել է և միշտ ավելի մեծ է եղել, քան՝ Հայաստանում: Հայաստանում մենք դեռևս նախընտրում ենք մեր հոգսերը բարդել պետության վրա, նախընտրում ենք ունենալ պետություն-խնամակալ, իսկ ղեկավար`որպես տանտեր, մոռանալով, որ մեր երկրի տանտերը մենք ենք: Բնական է, որ պետությունն այս հանգամանքը մշտապես չարաշահելու է:

-Ո՞րն է խորքային պատճառը:

-Ինձ թվում է`այն կապերի ամբողջությունը, որը մենք ունենք, դեռևս պարտավորեցնում է: Քաղաքացին մտածում է. ի՞նչ բացատրեմ իմ բարեկամին, որն ինձ պաշտոն է առաջարկում, իսկ ես դա չեմ ուզում, ուզում եմ ինքս հասնել դրան: Ինչո՞ւ տանջվեմ, եթե կա այդ հնարավորությունը: Ինչո՞ւ գնամ դժվար ճանապարհով` փորձելով ինքնուրույն ինքնահաստատվել, եթե կա հեշտ ճանապարհը: Այսինքն կոնֆլիկտը, բախումը համայնքի հետ, կապերի հետ և այլն, ցանկալի բան չէ:

Ինքնուրույն առաջ գնալու պրոցեսը՝ համեմատությամբ վերոնշյալ կոմֆորտի գոտու հետ, հայաստանցիների, անգամ երիտասարդ սերնդի համար, դեռևս շատ ավելի դժվար է: Այսինքն` ինքնուրույն առաջ գնալու տարբերակին համայնքային կապերի նախընտրելու համար մենք դեռևս ունենք և՛ ռացիոնալ պատճառաբանում (այդպես ավելի հեշտ է և կարճաժամկետ հեռանկարում`ձեռնտու), և՛ շատ էմոցիոնալ (օրինակ` կարոտը): Ինչո՞ւ կտրվես, եթե այստեղ, անգամ քո փոքր տեղում տաք է և հարմար:

Շատ հաճախ կարոտը մեզ մոտ ունի շատ պրագմատիկ արժեք, նշանակություն, չնայած մենք փորձում ենք ցույց տալ, որ սա շատ էմոցիոնալ է: Կարոտ ասվածն օգտագործվում է որպես պատճառաբանում` ոչինչ ինքնուրույնաբար չանելու, չփոխելու, անգամ չքննարկելու: Մեզ մոտ դեռևս տեղի չի ունեցել այն անջատող-միացնող համակարգի յուրացումը, որով դու կարող ես որոշ դեպքերում՝ անջատելով քո կախվածությունն ուրիշներից, և այդ խնամակալության մասին մտածողությունը, և միացնելով քո ինքնուրույնությունը՝ առաջ գնալ և ինչ-որ բանի հասնել:

Մինչդեռ, որպես կանոն, մեր ազգի շատ ներկայացուցիչներ հենց հավասար պայմաններում են ինքնուրույն առաջ գնում և հաջողությունների հասնում: Եվ երբ մենք ասում ենք, թե ինչո՞ւ, այլ պետություններում հայերն այդքան մեծ բարձունքների են հասնում, միգուցե՝ որովհետև կտրվում են համայնքից, այդ կախվածությունից, կապերից, և վախից, որ ուրիշ կերպ չեն կարող, և միացնելով իրենց մեջ գենետիկ կարողությունները, վերցնելով միջավայրից այն, ինչ միջավայրը տալիս է, իրենք կարողանում են ապացուցել, որ հայն ամեն դեպքում, ցանկացած պարագայում շատ մրցունակ է և արժեքավոր երևույթ է աշխարհի մակարդակով:

Բայց երբ դու դա չես անում, դա քո կամքի պրոբլեմն է, դա քո ընտրությունն է: Որևէ մեկն այսօր չի բռնանում, ինչպես նախկինում, ասելով` համայնքից այն կողմ աշխարհ չկա, համայնքը զորավոր է: Կիսաբաց է դարձել հասարակությունը, և դու քո շատ հարցեր ինքդ պիտի որոշես: Իհարկե, շատերը դեռևս շարունակում են լինել «պապայի բալա»: Դա և կոմֆորտային է և՝ հեշտ: Բայց այս խումբն, իհարկե, խանգարումէ նրանց, ովքեր իրենց հայրենիքում փորձում են ինքնուրույն առաջ գնալ:

Մենք ունենք երկու տիպի մարդ, որոնցից մեկը մշտապես խանգարում է մյուսին միևնույն համակարգում և, ցավոք սրտի, այն հատկությունները, որոնցով հայերն ինքնուրույնաբար առաջ գնալու ավելի մեծ շանսերն ունեն, մեր երկրում, ցավոք, հաճախ չեզոքացվում են նրանց կողմից, ովքեր դեռևս փորձում են կառչել խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումներից, և «պապայի» միջոցով (սկսած ընտանիքից և վերջացրած պետությամբ) զբաղեցնել այն տեղը և դիրքը, որը կարող էր զբաղեցնել ավելի ակտիվ, մտածող, ջանքեր գործադրող մեկ ուրիշը, կամ թեկուզ հենց ինքը`եթե միացներ իր արժանիքները, ինքնուրույնությունն ու մի կողմ դներ «խնամի-ծանոթ-բարեկամ» մոտեցումը: 21-րդ դարի Հայաստանում մենք դեռևս զանգվածաբար գործ ունենք ԽԾԲ երևույթի, այն է` կոռուպցիայի հետ, երբ դու քո սեփական արժանիքները, քո մոտեցումները, քո գաղափարները, գիտելիքները չես օգտագործում և անգամ կարող ես չունենալ, սակայն զբաղեցնում ես պաշտոններ և ոլորտներ, որոնք քո պատճառով մշտապես տուժում են և դրանով իսկ տուժում է երկիրը:

-Ու մենք մղվում ենք դեպի դուրս:

-Այո, ակտիվ և արդյունավետ քաղաքացին հանդիպում է լրացուցիչ արհեստական արգելքների, շատ հնարավորություններից դուրս է մղվում, հայրենիքից է դուրս մղվում, անգամ փոխում է «հայրենիքի» մասին իր ազգային և ինքնատիպ ընկալումը, իսկ սա շատ վտանգավոր է ազգային «ես»-ի պահպանման տեսանկյունից:

-Եվ սկսում ենք մտածել այդ «rolling bace» -ի մասին:

-Ես կարծում եմ, որ այդ երկու միտումը՝ հետընթաց, թե՝ առաջընթաց, միշտ էլ լինելու է: Պատմության ընթացքում դրանք բոլոր հասարակություններում միշտ կային: Ի՞նչ է ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր Ամերիկայում. հետընթաց է՞, թե՝ առաջընթաց: Թրամփն ամերիկացիներին հիշեցնում է նորից հզոր Ամերիկա ստեղծելու մասին: Ենթադրաբար, «նորից»-ը նշանակում է, որ Թրամփը հիշեցնում է, թե իրենք ինչ-որ մի վիճակում էին նախկինում, և որ այդ արժեքավոր վիճակը սկսել են կորցնել: Իրականում, ցանկացած մշակույթի համար նախկին վիճակը հենց հարաբերական «համայնքն» է:

Երբ խոսք է գնում նախկինի` որպես ավելի լավ վիճակի մասին, որպես դրան հետևող քայլ պետք է սպասել հետընթացն ու փակվելը` այն ազատությունների սահմանափակումը, որոնք ապահովել էին առաջընթացն ու ելքը քարանձավից: Նույնը Հայաստանում կարող է լինել, եթե սկսենք քննադատել և սահմանափակել մեր անկախության սերնդին ու իր կողմից իր իրավունքների պահանջելու նոր մշակույթը:

-Լավ, կարծես թե ունենք միտք, ռեսուրս: Ինչո՞ւ այն չենք կարողանում օգտագործել մեր առաջընթացն ապահովելու համար:

-Ինձ թվում է, որ մենք օգտագործում ենք այդ միտքն այնքանով, որքանով որ այդ միտքը կա: Այսինքն, եթե մենք ասում ենք, որ մեր կառավարման համակարգը բավարար չէ, նշանակում է, որ մեր միտքը բավարար չէ, և ոչ թե այն, որ մենք այնքան տաղանդավոր ենք, որ կարող ենք իդեալական հասարակություն ստեղծել, բայց չենք ստեղծում, և ինչ-որ բան մեզ խանգարում է: Յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենք այս կամ այն չափով, ազնիվ, կամ՝ անազնիվ կերպով, ամբողջությամբ, կամ՝ մասամբ, և դրա արդյունքն այն է, ինչ մենք ունենք:

Եվ եթե մենք նայենք այս պրոցեսներին կողքից, չեզոք կերպով, մենք պիտի նայենք այն հասարակությանը, որ ունի այդ տիպի պետություն, և ասենք, որ այս հասարակության կառավարման տիպն այնպիսին է, ինչպիսին իրենց պետությունն է: Եվ վերջ: Այն, ինչ մենք քննարկում ենք ու քննադատում՝ մեր հույսերն են, այն, ինչ պատկերացնում ենք:

Այս ամբողջը կարող է իրական լինել մեզ համար, եթե մենք սկսենք անել այն քայլերը, որոնք անում էին նրանք, ում մոտ ստացվել է այն, ինչը մեզ դուր է գալիս: Արդյունքը հենց այնպես չի լինում: Մենք պատրա՞ստ ենք աշխատել գերմանացիների նման, կարգապահ լինել, մենք պատրա՞ստ ենք չինացիների նման աշխատել մի ափսե բրնձի համար անվերջ ժամանակահատվածում: Եթե պատրաստ ենք, ապա կարող է և ստանանք այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիան է կամ Չինաստանը: Եթե պատրաստ չենք գնալ նույն ճանապարհով, ապա նույն տեղը չենք հասնի:

Նորից եմ ասում, սա միգուցե այն սխալ մոտեցումն է, որը մեր մտածողության մեջ է. որ կարելի է շրջանցելով բնականոն, ուղիղ ճանապարհը, բայց «արագ և որակով» գալ լավ արդյունքի: Համայնքում դա միգուցե հնարավոր է, եթե այդպիսի ավանդույթներ կան, բայց գլոբալ իմաստով, եթե մենք ուզում ենք պետություն, որը շատ մրցունակ է մյուսների հետ համեմատության մեջ, շրջանցելով այն ճանապարհը, որով անցել են ազգեր՝ ստանալու համար արդյունք, որևէ մեկը չի կարող: Հակառակը իլյուզիա է, ինքնախաբեություն:

Իրականում մենք, այսպես ասած, համաշխարհային ազգ ենք: Մեր մշակույթը, մեր քաղաքակրթությունը շատ ունիվերսալ էլեմենտներ ունի, որոնք շատ հեշտ են թարգմանվում այլ լեզուների և մշակույթների: Մենք ուրիշներին հասկանալու և ըմբռնման շատ լավ հիմքեր ունենք: Մեզ սովորեցնում են այն, ինչ սովորեցնում են բոլոր զարգացած մշակույթներում, և մերն է լավագույններից մեկը, բայց այն օրինակները, որոնք մենք վերցնում ենք, շատ հաճախ հակասում է լավին և բարուն: Օրինակ, մեզնից շատերը, քրիստոնյա անվանվելով, մշտապես և անգամ հպարտորեն խախտում են քրիստոնեական և առհասարակ բարոյականության պատվիրանները, ինչը  փոքրուց գիտես, որ լավ չէ անել, որ մարդ լինելով՝ դա լավ չէ անել, որ հայ լինելով՝ էլի լավ չէ անել, բայց մենք անում ենք: Մենք խախտում ենք կարգը, մենք խախտում ենք պատվիրաններ: Ինչո՞ւ ենք դա անում: Որովհետև, հավանաբար, մեր նեղ շահերից, մեր բնակարանից, շեմից և ունեցվածքից այն կողմ ոչինչ  չենք տեսնում:

-Գաղտնիքը որտեղ է՞, ինչո՞ւ ենք հենց կարճ ճանապարհը տեսնում: Ինչո՞ւ մյուսը չենք տեսնում: Այն էլ կա որպես տարբերակ:

-Տեսնում ենք: Հասարակության մեջ մշտապես կան մարդիկ, որոնք տեսնում են այդ մյուս տարբերակը, փորձում են դրան հասնել ինքնուրույնաբար: Բարին և չարը կա բոլոր հասարակություններում: Մեզ մոտ, ցավոք, դրանք չեզոքացնում են միմյանց, և մենք մշտապես դոփում ենք նույն տեղում, վերադառնում նույն սխալներին: Միգուցե մեզ դարձյալ խանգարում է այն, որ, ամեն դեպքում, բացահայտ կոնֆլիկտի մեջ մտնելը խաթարում է մեր ազգային միասնականությունը:

Մենք զիջում ենք՝ գնալով և ասելով, լավ, միայն թե լինի հայկական մի բան, օջախ, աղբյուր ՝թեկուզ լավը չի: Թող լինի, գոնե լինի: Սա էլ մեր կրթության, դաստիարակության մեջ առկա սխալ և միակողմանի շեշտադրումների հետևանք է, երբ մեզ մշտապես վախեցրել են նրանով, թե մենք այն ազգերից ենք, որոնք միշտ կորցրել են, որոնց կործանել են, որոնց տիրացել, ինչը շատ վատ է իրականում և, իմ սուբյեկտիվ կարծիքով, ազգային իմիջի հոռետեսական կառուցումը՝ սկսած դպրոցական դասագրքերից, դասավանդումից, դպրոցից՝ անընդունելի մի բան է:

Մենք այդ ոլորտում պիտի շատ շտապ սովորենք և հրեաներից, և ամերիկացիներից` սովորենք լինել լավատես, աշխատասեր և հաղթող: Մենք չունենք որևէ երազանք, ինձ թվում է: Մենք ունենք թախիծ, կարոտ և հիշողություններ, իսկ ինչպես ասել է հայտնի մասնագետ Թոմաս Ֆրիդմանը, «այն ժողովուրդները, որոնք խոսում և մտածում են միայն անցյալի մասին, չունեն ապագա»:

-Որն է՞ ելքը:

-Յուրաքանչյուր քաղաքացի իր ոլորտում պիտի կարողանա աշխատել` մտածելով ոչ միայն իր սեփականի, այլ նաև ընդհանուրի մասին, ընկալի իրեն որպես ազգի ներկայացուցիչ, և ոչ թե միակն ու անկրկնելին:

-Երևի՞ գենետիկական փոփոխության պիտի ենթարկվենք, որ մտածողություններս փոխվի:

-Չէ, ինչի համար: Մենք տեղեկատվական գործընթացներում ենք մշտապես: Ամենակարևորն է՝ չփակել ինֆորմացիայի արտահոսքը և ներհոսքը: Մեզ համար շատ լավ շանս է գլոբալ աշխարհը՝ ցուցադրելու մեզ, ձեռք բերելու նոր բարեկամներ, դաշնակիցներ, դուրս գալու քարանձավային մտածողությունից, ի վերջո հասկանալու, որ ցեղասպանվածի, պետականություն չունեցողի պիտակները հայ ժողովրդի ու հայ ազգի միակ և ամենակարևոր հատկանիշները չեն:

-Պաշտպանիչ համակարգեր պիտի ունենա՞նք չձուլվելու համար:

-Դա մենք ենք, ինքներս: Այն, որ ի սկզբանե ուրիշ ենք, յուրահատուկ: Այնպես, ինչպես, ասենք, ի սկզբանե ուրիշ է և յուրահատուկ գերմանացին: Իհարկե, եթե դու փորձում ես նմանվել, նմանակել գերմանացուն, կամ, երբ գերմանացին է փորձում հային նմանակել, ապա ի վերջո ինչ-որ նմանների հանրույթ է ստեղծվում` անհասկանալի և, տարօրինակ մի հանրույթ: Բոլոր երկրներում կան, օրինակ թմրամոլներ: Այդ թմրամոլների համար կարևոր չէ իրենց ազգային պատկանելությունը, նրանք բոլորը նման են և կարող են հանրույթ կազմել, բայց սա ազգային ինքնատիպության հետ կապ չունի:

-Հիմա կատակով ասեմ. այսինքն «հայու գենը՞»:

-Ես չգիտեմ ինչ է հայի գենն ընդհանրապես: Ես գիտեմ՝ ով է հայը. նա, ով սիրում է Հայաստանը և ծառայում է Հայաստանին: Փաստորեն, դա մեր զինվորներն են:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ