«Մենք հաղթել ենք, մարդի՜կ։ Զգո՜ւյշ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Որ ճիշտն ասեմ, քայլելը հաճույք է ինձ համար։ Երբ կյանքդ աչքումդ արդեն այնքան է թանկ երևում, որ ապրածդ ամեն մի վայրկյան էլ թանկ ես համարում, ցանկություն է առաջանում քայլել ու անվերջ քայլել, թեկուզ աշխարհի ծայրը։
Եվ ահա ուրեմն քայլում եմ մի օր։ Զբոսայգի։ Շրջվում և մտնում եմ զբոսայգու մի ծառուղի և քայլում եմ ինձ համար։
Գարնանային բնություն է սփռված շուրջս։ Կանաչ խոտ, տերևակալած ծառ ու թուփ։ Դեռ աշնանից մնացած դեղին տերևներ կանաչներին՝ հիանալի գունային համադրություն։ Նոր հողից դուրս պրծած ծաղիկների մարգեր։ Ճանապարհին թափթփված հատուկենտ ցելոֆանե տոպրակներ։ Գլխավերևումս գարնան արևն է հուրհրում։ Թռչուններ են ճռվողում շուրջս։ Մի սև ագռավ քիչ այն կողմում աղբակույտն է կտցահարում։
Մի քիչ այն կողմ էլ երկու շնիկներ են ինչ-որ բան իրար մեջ կիսելու համար սիրալիր գռմռում, իսկ կատուն, հանգիստ դրանց կողքին նստած, երեսն է լվանում։ Գնում եմ առաջ, ահա, աղբամանի երկու տարա՝ մկան կերպարանքները վրան դրոշմված, և մեկը, ոտքերից դատելով՝ մի տղամարդ, գլխի վրա խրված մի աղբամանի մեջ, մարդու սոցիալական դիրեկտիվների տպագիր վկայություններն է փնտրում։
Ես նայում եմ այդ հրաշալի գարնանային զարթոնքի պատկերներին, սիրտս սկսում է ավելի արագ բաբախել, և չեմ ուզում վատ բաների մասին մտածել։ Ահա քիչ հեռվում երևում է մեկի ուրվականը, որ նստել է երբեմնի աթոռի մնացորդի վրա, գլուխը հակել ձեռքին, իսկ մյուս ձեռքը առաջ պարզել։ Ես անմիջապես ձեռքս գրպանս եմ խոթում և այնտեղ եղած զանազան մանր իրերի մեջ ունեցվածքս փնտրում։ Ապա ամբողջ պարունակությունը դուրս եմ հանում, ափիս մեջ փռում եղած-չեղածն ու դրամ եմ փնտրում։
Վերջապե՜ս գտնում եմ այն, ինչ պետք է։ Եղածից մի կողմի երթևեկության դրամը ինձ եմ պահում, մնացածը բռիս մեջ բռնած հպարտ մոտենում նրան։ Իսկ նստածը մի երիտասարդ պառավ է։ Քիչ խոնարհվելով, ես բռիս մեջ եղած ողջ մանրադրամը դնում եմ երիտասարդ պառավի բռան մեջ և շարժվում առաջ։
- Փառքդ շատ, տեր աստված։ Իմ երկնային թագավոր, որ մեզ միմյանց անխոս հասկանալու շնորհ ես տվել,- ասում եմ ինքս ինձ ու շարունակում քայլել։
Ինձ թվում է, թե կյանքը հրաշալի է, և կարելի է ասել, որ աշխարհը բարի է։
Բարեհամբույր, միմյանց հարգող, հայրենիքը սիրող հասարակություն։ Հարգանք դեպի անձը, բարքերի մեղմություն և սեր՝ առ մերձավորը։ Եվ բացառված՝ հայհոյանք, ծեծ ու ջարդ, կոպտություն և մարդու իրավունքների ոտնահարում, և այս ամենի հանդեպ հարգանք ոստիկանության կողմից։
Ու այդպիսի մտքերից բոլոր անցուդարձ անողներին ուզեցի գրկել, ասել մի ինչ-որ լավ բան։ Ուզեցի ասել. «Եղբայրներ և քույրեր, գլխավոր դժվարությունները կմնան ետևում։ Շատ շուտով մենք էլ կապրենք՝ ինչպես հարկն է»։
Ահա, ես այսպիսի մտքերի մեջ, հեռվից լսում եմ բազմության աղմուկ աղաղակ։
- Ինչ-որ կոլեկտիվի էլի աշխատավարձերը չեն վճարել երևի,- մտածում եմ ինքս ինձ,- կամ աշխատատեղեր են փակել նորից։ Կամ հնարավոր է, որ էկոլոգներն են բողոքի ցույցի դուրս եկել։ Հետագայում, անշուշտ, դա չի լինի։ Բողոքի աղմուկ-աղաղակ հետագայում չի լինի, որ հիշեցնի, թե մեր երկրում դեռ կա զանցանք, բնությունը խաթարող, իրենց անձնական շահերին ծառայեցնող շահագործողներ, աշխատատեղեր կրճատողներ, աշխատավարձի թերվճարումներ և առհասարակ՝ օրինազանցություններ։
Ինձնից քիչ հեռու արդեն պարզ լսվում էին բողոքավորների խոսքերը, ո՛չ ինչ-որ ճիչ-գոռոց, ոչ՝ սուլոց և ոչ էլ կոպիտ հայհոյանք։
Ինչ-որ մեկը խռպոտած ձայնով բղավում է.
- Քայլ արա ու մերժի՛ր, քայլ արա՝ մերժիր,- իսկ մյուսները խոռով կրկնում են սրա ասածները։
- Ըհը, գլխից են բռնել,- ասում եմ ինքս ինձ և հանդարտ, բայց առույգ քայլում եմ ինձ համար։
Խռովարարները մոտենում են ինձ և արդեն այնքան քիփ, որ սրանցից ինչ-որ մեկը հասնելով ինձ՝ խռպոտած ձայնով ասում է.
- Հլա կանգ առ էս հրոպեիս,- ու քաշում է թևիցս,- էդ հինչի՞ ես արանքը ճղած քո հմար անտարբեր գնում, հը՞։
Ես նայում եմ ետ։ Սպիտակահեր, պատկառազդու մարդը քայլում է ինձ զուգահեռ և ինչքան ուժ ունի՝ ձեռքի մեջ սեղմում է դաստակս, բռնել է այնպես, ինչպես ոստիկաններն են քաղաքացուն բերման ենթարկում։
- Քե՛զ եմ ասում,- ինչքան ուժ ունի՝ գոռում է ականջիս տակ,- հընչի՞ ես անտարբեր քայլում, հը՞։
Խռխռոց է լսվում նրա կրծքից։ Մարդու շունչը քիչ է մնում կտրվի։
Ամբոխից մի տասից ավելի մարդ, երևում է հոժարակամ, ինձ կալմեջ են անում և տանում իրենց հետ։
- Դրան պինդ բռնեք,- ասում է նույն սպիտակահերը՝ ձեռքս թողնելով,- բաց չթողնեք էդ անամոթին, մանր բուրժուա է երևում աչքիս։
Ես ասում եմ.
- Ի՞նչ եք անում, բաց թողեք ինձ, խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է։
- Մի հատ ասա՛, հոպար ջան՝ քայլ արա ու մերժի՛ր, - ասում է սրանցից մի դեղնակտուց մեկը ու բռունցքը վեր տնկում, ապա ճկույթն ու ցուցամատը բերանը խցկում ու զիլ սուլում։ Մյուսներն ինձ նայելով միահամուռ բղավում են.
- Քայլ արա ու մերժի՛ր, ու մի քանի անգամ կրկնում են։
- Եղբայրնե՛ր, տղանե՛ր, - ասում եմ գոռալով, որ ձայնս լսվի,- ախր ես չգիտեի, թե ինչի համար եք հավաքվել իրար գլխի։ Ես անտարբեր չեմ ձեր պահանջներին։ Ես չէի ուզում անտարբեր մի կողմ քաշված լինել։ Ձեռքերս բաց թողեք։
Սպիտակահերը շնչակտուր վրա է տալիս։
- Սա անտարբեր չի, հա՞։ Լսում եք չէ՞ սրա խոսքերը։
Սրանց միջից ինչ-որ մեկն ասում է.
- Բա՛ց թողեք մարդուն, բա՛ց թողեք։ Ի՞նչ եք իզուր տեղը մեղադրում։ Ինչի՞ եք քարշ տալիս մեզ հետ, ախր կամավորության սկզբունքն է իշխում մեր քայլի մեջ։
Վերջապես ինձ բաց են թողնում, ես դուրս եմ գալիս ամբոխի միջից։ Գլխիս մեջ աղմուկ-աղաղակ է, աչքերիս առաջ սև կետեր են դեսուդեն գնում։ Հազիվ եմ քայլում, ոտքերս քարշ տալիս տակնուվրա հոգով։ Գլխապտույտ ու սրտխառնոց։
Ճանապարհին հուզախռով տափակ մտքեր են պտտվում գլխիս մեջ։ Ես շփում եմ քունքերս՝ կատարվածից խելքս գլուխս բերելու համար։
Ես դուրս եմ գալիս դեպի ինձ տուն տանող ճանապարհի կանգառը։ Նստում եմ կանգառի նստարանին ու մտածում.
- Ոչի՜նչ, ինչ արած։ Մեծ բան չէր կատարվածը։ Երիտասարդներ են էլի, կատարները տաքացրել՝ մեջտեղ են ընկել, տա աստված, բալքի իրենք հաջողեն, մեզնից եկածը մենք արեցինք մեր կարեցածի չափով, հիմի իրենց հերթն է, թող փորձեն։ Թո՛ւ- թո՛ւ- թո՛ւ, աչքով չտանք։
Վեր եմ կենում նստած տեղիցս ու նորից քայլելով գնում տան կողմը։ Մոռանում եմ գռեհիկ տեսարանը։ Մտքիս մեջ գծագրվում են մոտ ապագայի կարծես սքանչելի պատկերներ։
Ահա ես նորից շուռ եմ գալիս ու նորից մտնում այգու այդ ծառուղին։ Որտեղ գարուն է ու կանաչ։ Շուրջբոլորը մաքրություն, ոչ աշնան դեղնած տերև, ոչ թափառող շներ, ոչ աղբակույտը կտցահարող ագռավ, ոչ աղբամաններ, միայն նույն կատուն է, որ նստած իր երեսն է լվանում։ Ինչ-որ տեղից հնչում է մի քանիսի ծիծաղը։ Ես հետ եմ նայում՝ աչք ածում, տեսնում եմ, որ դա այն սպիտակահեր պատկառազդու մարդն է՝ իր երիտասարդ, բավականին ազդեցիկ, արդեն կարգ ու կանոնով երթավորների հետ ճեմելիս։ Իսկ սպիտակահերը՝ մազերի մեջ, ականջի վրա մի փետուր ամրացրած։ Ատամների արանքում՝ մի կանաչ խոտ բռնած։ Նա մոտենում է ինձ ու ժպտալով ասում.
- Ախր ո՞ւր փախար մեզնից, եղբայրս։ Էդ ինչ է, գլուխդ պտտվե՞ց ջահելների բռնած գործից։ Այդ ո՞ւր, սպասի՛ր։ Ապա մի քեզ տեսնեմ, հետ դառ ու միացիր մեզ։ Ես ինձ կորցրած կանգնում ու նայում եմ նրան։
- Այստեղ նա ժպտալով մոտենում է ինձ, ձեռքը տանում է ծոցագրպանը, այնտեղից մի անմոռուկի փոքր կրծքանշան դուրս բերում, ամրացնում վերնաշապիկիս գրպանին, աջ ձեռքի ափով փափուկ թփթփացում կրծքիս։ Մենք իրարով հիացած՝ այստեղ բաժանվում ենք։
Սերն ու բերկրանքը հայրենիքի ու մարդկանց հանդեպ՝ դարձյալ պարուրում են հոգիս։ Դարձյալ ուզում եմ անցնող-դարձողին գրկել, մի լավ բան ասել նրանց։ Մենք հաղթահարել ենք հսկայական դժվարություն, մենք հաղթել ենք, մարդի՜կ։
Զգո՜ւյշ։
Թեմիկ Խալափյան