«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Մենք հիմա ունենք «Արշալույսի լուսաբացը», որով կարող ենք խոսել...»
Վերջապես երեկ դիտեցի Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը»: Մի երկու հնարավորություն, փակ դիտում բաց էի թողել, ինձ չէի ներում: Երեկ դիտեցի:
Ուղղակի ուզում եմ Իննային գրկել: Պինդ-պինդ գրկել: Գրկել ու համբուրել: Երեկ դա, իհարկե, արեցի կինոթատրոնի դահլիճում, բայց ուզում եմ այս հարթակում ևս նրան գրկել:
Ես, սովորաբար, աշխատում եմ չդիտել ֆիլմեր, որոնք Հայոց ցեղասպանության մասին են:
Չեմ դիտում, որովհետև այդ ֆիլմերը հիմնականում չստացված են լինում: Ավելի շուտ՝ լինում են ցավը սպեկուլյացնող, մեզ մեր ցավի մեջ առավել տապակող, աշխարհին հասկանալի վերացարկումներից, ընդհանրացումներից զերծ: Անշուշտ, մեկ-երկու բացառություն կա:
Ժամանակին, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցրել էին՝ «…Ժամանակին ասել էիք, թե եղեռնի մասին գրել չեք կարող, քանի որ անկողմնակալ լինել չեք կարող: Այսօր կարո՞ղ եք գրել դրա մասին…»,- Հրանտ Մաթևոսյանն ասել էր՝ «Նման մի բան, այո, ասել եմ, ասելուց մեկ-երկու տասնամյակ առաջ նաև արել եմ. մեր վրեժը մեզ կործանում է, մեր անցյալի բեռան տակ մեր փխրուն ուսերը փուլ են գալիս, մեն-միակ անգամ այս արև աշխարհ եկած մարդու մեր ճանապարհը խոտորվում, մոլորվում ու կորչում է…»:
Ու հիմա, երբ թարմ-թարմ են զգացողությունները Իննա Սահակյանի ֆիլմից, երբ շատ խառը զգացողություններ գալիս ու բախվում են, շատ խառը ապրումներ զուգորդվում են, մտածում եմ, որ Իննայի ֆիլմը, այո, Հայոց ցեղասպանության մասին է, բայց Իննայի ֆիլմը նաև Հայոց ցեղասպանության մասին չէ: Իննայի ֆիլմը մարդու մասին է, որ անցնում է ցեղասպանության սարսափներով, կորցնում է հայրենիք, ընտանիք, տուն, հարազատներ, երազանքներ ու սերեր ու՝ ապրում է:
Ապրում է լուսաբացին ընդառաջ: Իր լուսաբացին ընդառաջ: Ապրում է՝ կառչելով լուսաբացին: Ապրում է, այո, Աստծո կամքով, բայց ապրում է նաև իր կամքը, ապրելու իր տենչը ամուր, շատ՜-շա՜տ ամուր բռնած:
Ժանրերի յուրօրինակ միահյուսում, կինոլեզուների յուրահատուկ միաձուլում ու ամբողջականության մեջ՝ մեր ժամանակի կինոլեզվով զրույց, պատմություն, որը խորքային նստվածք է թողնում: Զորեղ պատմություն՝ բազում վերջերով, որոնք հաճախ դառնում են սկիզբ, ճակատագրայնության բազում դրոշմներով, անխուսափելիության բազում ելևէջումներով:
Ի՜նչ հզոր երևույթ է մարդը: Ի՜նչ առեղծվածային է մարդը: ի՜նչ տիեզերական ուժ կա մարդու մեջ և ի՜նչ հզոր է կինը: Կինը, որ ծնում է մարդուն:
Ես հիմա, իհարկե, ֆիլմի մասին շատ չեմ գրելու: Դա գուցե անեմ հետո: Հիմա ուղղակի ասում եմ, որ փայլուն աշխատանք էր արված, փայլուն աշխատանք՝ ստեղծագործական, հետազոտական, մտահղացումային:
Եթե մենք պետություն ենք և ուզում ենք աշխարհի հետ խոսել մեր խնդիրներից՝ Ցեղասպանությունից, Արցախից, Հայաստանից, եթե ուզում ենք խոսել հայ մարդուց, նրա տեսակից, կերպից, ուրեմն մենք հենց հիմա, հենց հիմա ամենաբարձր մակարդակով հանձնարարականներ պիտի իջեցնենք հայ դիվանագիտությանը, որ գիշեր-ցերեկ զբաղվեն «Արշալույսի լուսաբացը» ֆանտաստիկ այս ֆիլմի պետական, կրկնում եմ պետական փիառով, պետական լոբինգով, աշխարհով մեկ հանրայնացնելու պետական ջանքով:
Սա ավելին է խոսելու մեր մասին, քան մեր նույնիսկ ամենահամարձակ դիվանագիտական ելույթները տարբեր ատյաններում: Ավելին, քան, առավելևս, մեր ոչ դիվանագիտական, անպտուղ լեզվակռիվները տարբեր ժողովներում:
Սա մենք պետք է անենք անպայման, առանց հետաձգելու, առանց հապաղելու: Մեր հարևանները՝ հակառակորդ, թշնամի՝ դա կանեին: Կանեին ամենավերին հրահանգով: Ամենավերին նշաձողով, ամենայն պատասխանատվությամբ ու ջանադրորեն:
Մենք հիմա ունենք «Արշալույսի լուսաբացը», որով կարող ենք խոսել: «Արշալույսի լուսաբացը»-ում ոչ միայն հայ մարդու տեսակն է, որը կարևոր է աշխարին ներկայանալու համար, այլև «Արշալույսի լուսաբացը» ստեղծող մարդու տեսակն է, որն իր ցավի, մարդկության դեմ գործած հանցանքի, Ցեղասպանություն ոճրածին երևույթի, «հոգիների աճուրդի» ու չմաքրվող մեղքի մասին խոսում է գույներով՝ վառ, պայծառ գույներով, սիրուն մի մեղմությամբ, որպես մայրական մի օրօր, հանդարտ մի պատումով, որպես որդու կամ թոռան հետ զրույց:
Իննա Սահակյանն ըմբռնել է մաթևոսյանական փիլիսոփայությունը՝ «... փարախը միայն մեզ համար է փարախ. նրանց համար՝ ովքեր փարախից անդին են, դեպի ուր կամ ում մենք ձգտում ենք՝ դա ամենևին էլ փարախ չէ - արյունոտ ու անարյուն հաղթանակներով սահմանված պետական սահման է: Եվ թուրքը միայն ինձ համար է չարիքի խորհրդանիշ, ես միայն ինձ համար եմ զոհի խորհրդանիշ - նրանց համար գուցե բոլորովին հակառակն է, կամ նրանք դատում են թերևս ոչ այս խորհրդանիշերով, իրենց համար նրանք թերևս չարիքի-բարիքի, վտանգի-անվտանգի, վնասի-անվնասի այլ նշաններ ունեն, փոքրի մեր անվերջ տվայտանքը նրանց գուցե հոգնեցրել է, եթե ոչ իհարկե զզվեցրել:
Համոզված լինենք միայն մի բանի մեջ՝ որ պաշարողներից անդին մեր արյան ու հավատի եղբայրները չեն կամ եթե նույնիսկ են՝ խնդրի դժվարության առջև երես են դարձնելու մեզնից, անհասկացող են ձևանալու կամ անհասկանալի ենք լինելու իսկապես:
Ճշմարիտ գիրքը հասու է յուրաքանչյուրիս ու բոլորիս, բոլորս ու յուրաքանչյուրս հասու ենք ճշմարիտ գրքին. եթե այդ գիրքը համարում եմ լավ գիրք եղբորս մասին, եթե գիրք եմ համարում աղջկաս մասին՝ վրիպած գիրք է. շարադրողն անազնիվ է եղել, և գիրքը նրան պատժել է՝ ծնվել է մեռած, ճիշտ ինչպես բնագետը և իր փորձը, ինչպես վարդապետությունը և հասարակությունը, որ փոխադարձ պատիժների ամբողջ պատմություններ են թողել:
Ճշմարիտ գրքի պես, բնագիտական խնդրի հստակությամբ, հասարակությունից քաղված ու հասարակությանը դարձվող վարդապետության պես՝ մեր վարքն ու ցեղասպանության մեր քաղաքականությունը պետք է կառուցվեն նախ և միայն ազնվության հիմքի վրա, ազնվություն նախ և միայն խնդրո առարկայի հանդեպ, ազնվություն մի տեսակ ինքը իր մեջ, ինքը իր համար, և այդ դեպքում ճեղքած կլինենք փարախը, հասկանալի կլինենք յուրաքանչյուրին ու բոլորին: Մի քիչ խարդախում, մի փոքր անճշտություն, բազում անհայտներով այդ հավասարման մեջ որևէ անհայտի բացթողում, և խնդիրը մեզ կպատժի, ինքը իրեն խնդիրը կպատժի...»:
Իննա Սահակյանը սա ըմբռնել է ողջ խորությամբ ու ազնիվ է՝ լավ ֆիլմի ազնվությամբ, ազնիվ է ինքն իր հետ, ազնիվ է ինքն իր մեջ ու չարություն չկա:
Չկա ամենակուլ չարությունը, որովհետև չի խարդավում, որովհետև անճշտություն չկա, որովհետև չի խարդախում, որովհետև՝ էլի Մաթևոսյանին դիմեմ՝ «Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը... մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում.
ընդհակառակը՝ նրանց բոլորին հատկանշում է մի բան, որ ինձ աստվածաշնչյան Առակավոր որդուն է հիշեցնում. կարելի է, չէ՞, Առակավոր ասել Անառակի եղբորը՝ որ իրեն վայելքների ու արկածների չի տվել, չի հարաբերվել խոյանքի ու անկման սահմաններին, չի մսխել ու մսխվել, հոր կորուստների ու կարոտների աշխարհ չի մտել, և այլն, այլ լռիկ ու անանուն միշտ ներկա ու ներկայությամբ հոր կարոտների աշխարհից բացակա՝ հանդից տուն, տնից հանդ ճանապարհին է, հոր տունը պահում է: Մեր ամբողջ հաջողվածը իսկապես գալիս է Առակավորի այդ դիմապատկերին…»:
Ահա, ես այս դիմապատկերը տեսա, երբ «Արշալույսի լուսաբացը»-ն էր:
Հ.Գ. Այն պահից, երբ ճանաչեցի Իննա Սահակյանին, ամբողջ ընթացքում ուշադրությամբ հետևել եմ ֆիլմի ստեղծման ընթացքին ու, անկեղծ ասած, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ Իննայի ֆիլմը ստացվելու է: Ոչ մի վայրկյան: Լրջությունը, պրոֆեսիոնալիզմը, մոտեցումը, մտածողական խորությունը որ տեսնում էի՝ ոչ մի վայրկյան չէի կասկածում: Ու հիմա ուղղակի անսահման ուրախ եմ, որ չսխալվեցի:
Շնորհավորում եմ, Ին: Շնորհավորում եմ ողջ թիմիդ, հզոր թիմիդ:
Տա Աստված, մենք գիտակցենք պետություն լինելու ու պետություն ունենալու բացառիկ, աստվածային հանգամանքը ու թիկունք լինենք «Արշալույսի լուսաբացը»-ին, որովհետև այդպես են գալիս թե արշալույսները, թե լուսաբացները:
Արայիկ Մանուկյան