«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մենք. Մե՞նք...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ Զոորայր Խալափյանի այս համարձակ, հանդուգն հոդվածը, որ գրվել է 80-ական թվականներին, ենթադրվում է, որ չի հրապարակվել: Միայն վերջերս, 2017 թվականին, այն տեղ գտավ գրողի «Այսքան բան» անտիպ ստեղծագործությունների ժողովածուում:

Այս հոդվածը կոտրում, ջարդուփշուր է անում մի շարք կաղապարներ, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ եղել են մեր կրթական համակարգի հիմքում, արժեհամակարգային են համարվել, քարոզվել են, տարածվել, հանրայնացվել, դիտարկվել որպես սերունդներ կրթելու առհավատչյա:

Զորայր Խալափյանի որոշ մտքերի կամ տեսակետների հետ կարելի է չհամաձայնվել, կարելի է վիճել: Մասնավորապես Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» ֆիլմի մասով, կամ Մուշեղ Գալշոյանի «Ձորի միրո»-ի: Սակայն դրանք առանձին դիտարկումներ են, առանձին վեճեր: Գլխավորն այն է, որ Զորայր Խալափյանը միակներից է, որ հանդգնում է խոսել տաբուների, այդ տաբուների աստվածացման, դրանց սթափ նայելու, այսօրվա լեզվով՝ քննադատական մտածողության տեսանկյունից:

Շնորհակալ ենք գրողի եղբորը՝ Թեմիկ Խալափյանին, այն «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրելու համար:

Մեր առջև հառնած նորագույն խնդիրների և հատկապես ավերիչ երկրաշարժի առիթներով օտարները հաճախակի են արտահայտում իրենց կարծիքը, բնորոշում մեր ժողովրդին. - Աննկուն ժողովուրդ։ Անխորտակ հոգու տեր մարդիկ։ Բարի և զվարթ։ Եվ այլն։ Մարգարետ Թետչերն էլ իր վերջին հեռագրում այսպես էր գրել. «փորձությունների ժամին հայ ժողովրդի ցուցաբերած արիությունը բոլորիս համար օրինակ է ծառայում»։

Իսկ ի՞նչ ենք մտածում ինքներս մեր մասին, ի՞նչ ենք պաշտում, որո՞նք են մեր փայտյա կուռքերը, որ հավատացյալի ձեռքից խլելը դարեր է տևում։ Ի՞նչ հայելի է դնում մեր առջև, ի՞նչ է տալիս և ի՞նչ խլում մեզանից ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը, մասնավորապես, մեր պատմության ամենամռայլ շրջանին նվիրված արվեստն ու գրականությունը։

Եղեռնին նվիրված գրականությունը մեծ մասամբ ստեղծվել է վերջին 20-30 տարում։ Ինչպե՞ս է արտահայտվել եղեռնը, մասնավորապես, այդ տարիների հայ պոեզիայում ու գեղարվեստական արձակում։ Արձակում առանձնանում են, ըստ իս, երկու գիրք, որ կարող ենք անվերապահորեն հանձնարարել մեր երիտասարդությանն ու ասել.

- Կարդացե՛ք, սա մե՛նք ենք։ Այդ գրքերն են՝ Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» և Նաիրի Զարյանի «Երկրորդ կյանքը», վերջինս վրիպած կամ միտումնավոր անտեսված գրաքննադատության կողմից։

Կարո՞ղ եք, արդյոք այդ տարիների հայ պոեզիայի ու արձակի բոլոր գործերը նույնքան անվերապահությամբ հանձնարարել մեր երիտասարդությանը և ասել նույնը.

- Կարդացեք, սա մե՛նք ենք։ Հանձնարարելուց առաջ եկեք միասին ընթերցենք կամ վերընթերցենք եղեռնին նվիրված ստեղծագործություններից մեկը։

Սկսենք քիչ խորքից։

Հայ նահատակների մասին. «Չմեռան նրանք, այլ սպանվեցին, լեգեոն առ լեգեոն։ Չմեռան նրանք, այլ սպանվեցին՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում» (այսուհետ արված բոլոր ընդգծումները մերն են. Խմբ.)։

Այժմ մտորենք կարդացածի մասին։ Ուրեմն, ոչ գոտեմարտ է եղել, ոչ խրամատ, հետևապես, ոչ կռիվ ու դիմադրություն, այլ մարդկանց մորթոտել են ուր պատահի՝ տանը, այգում, արտում, գուցե նաև մահճակալների տա՞կ։

Բայց այդպե՞ս է եղել արդյոք, սրա՞նք են մեր նահատակները։ Մի՞թե այդ թշվառները որևէ վրեժ չլուծեցին։ Լուծեցին. իրենց դիակներից տարածելով վարակիչ հիվանդություններ։ Ահա. «Եվ Արարատից մինչև Սիս, Սև ծովից Կարմիր, Կարմիրից Մեռյալ փռված-սփռված մեռելներն իրոք վրե՜ժ լուծեցին թշնամուց իրենց՝ արտաշնչելով ժանտախտ, տենդ և տիֆ»։

Ահա միակը, որ կարողացան անել մեր մեկուկես միլիոն նահատակները։ Ոչ Մուսա լեռ է եղել, ոչ Վանի պաշտպանություն, ոչ ֆիդայական շարժում, ոչ կամավորների խելացնոր արշավ պարսկական սահմանագլխից մինչև Վան, ոչ Անդրանիկ, ոչ Նժդեհ։

Ի՞նչ է պատգամում հեղինակը «ծնկի բերված ու մորթված մի ամբողջ ազգի», այդքանից հետո, չգիտես ինչու, ողջ մնացած մարդկանց. «Ամենից առաջ փայտե դագաղի պաշտամունք է պետք ունենալ կյանքում»։ Շարունակությունը՝ ամեն մեկդ մի դագաղ ճարեք, մտեք մեջը, սպասեք ձեր հերթին, գոնե անդագաղ ու անթաղ չեք մնա։

Մյուս բանը, որին ընդունակ էին նահատակները. «ջուրն էին նետում իրենք թե իրենց, թե իրենց որդոց, թույն էին տալիս իրենց սիրասուն կանանց ու աղջիկներին, սպանում մորը, սպանում հորը, և... խելագարվու՜մ, և... խելագարվու՜մ»։

Ողջ մնացածներն էլ պատսպարվում էին իրենց հարազատների դիակույտերի տակ, գերադասելով փրկվել անգամ «գազանի որջում», բարոյապես այնքան ստորանում, որ սպանում էին սեփական մորը, հորը, սեփական կանանց ու հարազատ աղջիկներին, ամեն ինչ, բայց ոչ երբեք ձեռքի մի թույլ շարժում անելու՝ իրենք իրենց կյանքը, պատիվն ու հավատքը պաշտպանելու։

Այսքանն անբավարար համարելով, հեղինակը շարունակում է. «Ապաստանելով, վերջապես նաև... կանանց տարազին»։ Ինչպես ես եմ հասկանում՝ տղամարդիկ կնկա շորեր հագան, որպեսզի թշնամին խղճահարվի ու մեծահոգություն ցուցաբերելով՝ չսպանի նրանց։ Իսկ գուցե այս ամենն ա՞յլ իմաստ ունի, գուցե ես չե՞մ հասկանում, գուցե մեղադրվեմ, անգամ որ հայերեն կարդալ չգիտե՞մ.

«5000 տարի, 500 տարի և 50 տարվա պատմություն ունի այս ջարդ-սպանդը, նախճիր եղեռնը»։

Ասել է թե՝ հայ ժողովուրդը ի ծնե եղեռնի զոհ է, մեր ճակատին գրված է, որ օտարը մեզնից ուժեղ լինի ու մեզ անպատիժ սպանի, գուցե նաև իրավու՞նք ունի։ Մնում է զարմանալ, որ այսօր դեռ հայ կա հողի երեսին։

Եթե հեղինակի նպատակն է ցույց տալ, որ թուրքն արնախում գազան է՝ «Գորշ Գայլ», ինչպես ինքն է մեծատառում այդ բառերը, ապա թերևս ակամա է լինում, որ մեր կողմն էլ ներկայացվում է որպես՝ Գորշ նապաստակ։ Դոստոևսկին այդ նույն գորշ գայլի մասին ասել է. “Турок-молодец против овец, а против молодца и сам овца” (т.24, стр. 304). Այսինքն՝ թուրքը ոչխարի առաջ կտրիճ է, կտրիճի առաջ՝ ոչխար։ Նույնն է ասել ու ասում է արցախցին, զանգեզուրցին, սասունցին, վանեցին, խարբերդցին, զեյթունցին, լոռեցին, ապարանցին, ոչ միայն ասել, այլ ապացուցել՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Զեյթունում, Արցախում, Վանում, Սասունում, Զանգեզուրում, և այսօր էլ ասում և ապացուցում է՝ որտեղ դա պետք է։

Թուրքի սինդրոմը ստեղծել է ոչ թե ժողովուրդը, որ նրա կաշին դաբաղանից է ճանաչում, այլ գորշ նապաստակները, որոնք երես առ երես թուրք էլ չեն տեսել։

Մեզ պետք չէ ոչ «Մենք քիչ ենք, բայց հայ ենք» ինքնակոմպլիմենտը և ոչ էլ գորշ նապաստակի ինքնաստորացումը։ Եվ ոչ էլ ադամանդը, որ, ինչպես հավաստում է մեկ այլ հայ բանաստեղծ, իբր մեզ այնքան ճնշեցին, որ հասարակ ածուխից ադամանդ դարձանք. (Գևորգ Էմին. Խմբ.)  սա էլ, այսպես ասած, ճնշված ազգ լինելու օգուտը։ Մենք ոչ ադամանդ ենք, ոչ ընտրյալ ազգ, այլ կանք բոլոր ժողովուրդների նման և դա էլ մեզ լիուլի բավական է։

Ռուս ժողովուրդն ավելի քան երկու հարյուր տարի տարավ Ոսկե Հորդայի լուծը, ռուս իշխանը խոնարհվում էր միջին հիեարխիայի թաթար պաշտոնյայի առջև, և սա իշխանի մեջքը կոխելով՝ հեծնում էր իր ձին։ Սակայն ռուս գրականության մեջ չարտացոլվեց, ուրեմն ևս, չհավերժացվեց սեփական ժողովրդի ստորացումը։ Այդ ոգով նրանք կմնային ստրուկ մյուս ազգերի մեջ և ոչ հակառակը։

Այդ հակառակ ոգով դաստիարակված ռուս կազակն էր, որ շվվացնելով հասավ մինչև Եփրատի ափերը, և վայրագ թուրքն ու ավարառու քուրդը նրա առջև մկներ դարձած ծակերն էին մտնում։ Դոստոևսկին իր իմացածն էր ասում։

Շարունակենք։ Կան տողեր, որ մեջբերումն անգամ ամոթաբեր է ազգային արժանապատվության համար, բայց դա էլ անենք. «Եվ առյուծաձև-արջակոխ լաճեր, ճտեր արծվաձագ ու մանչեր կորյուն, որ ծնվել էին կարծես գլխարկով (իմա՝ ի ծնե պատվախնդիր էին) հիմա զինազուրկ և ունայնաձեռն... լաչա՜կ կապեցին և խառնվեցին թափորին կանանց, որպեսզի գուցե հաջողեն փրկվել»։

Տղամարդիկ գլխարկները թաքցրին և գլխներին լաչակ կապեցին, բայց կանայք ավելի պատվախնդիր գտնվեցին. «Կռվեցին նրանք՝ կատվի պես վայրի, մայր վագրերի նման, առյուծի պես էգ»։

Չգիտես, մի փոքր մխիթարություն է սա, թե՞ հակառակը։ Եվ այսքանից հետո, պարզապես որպես զավեշտ է հնչում հեղինակի մարգարեացումը, ինչպես ինքն է իր այդ խոսքը բնորոշում. «Օ՜, կնատարազ այրերի ոխից վախեցեք կյանքում»։

Այսօրվա պատանիներ և աղջիկներ, այդ լաչակավոր առյուծ ձևողներն ու արջ տապալողները, լաչակավոր կորյունները ձեր պապերն են։ Եթե օտարը գրեր սույնը, ի՞նչ կանեիք դուք, մինչդեռ բեմերից, երբ կարդում են այս նույն տողերը, դուք մոլագարի նման ծափահարում եք։

Իսկ մի՞թե չեք ըմբոստանում. դուք չէի՞ք, որ հայ վիպասանի գիրքն աուտոդաֆեի ենթարկեցիք միայն նրա համար, որ հեղինակը հանդգնել էր նկարագրել թուրք երիտասարդի պարը հայ օրիորդի հետ ռեստորանում։ Թե՞ դուք գրքերի մասին կարծիք ունեք առանց կարդալու։

Ի՞նչ հիմնական եզրակացության է հանգում ընթերցողը կարդալուց հետո։ Որ անարգ, արնախում, ավարառու թուրքը մեր մարդկանց ու երեխաներին մորթոտել է, կանանց անպատվել, ծերերին ծաղրուծանակել, իսկ մե՞նք ինչ ենք արել, մե՞նք։ Ոչինչ, լաց ենք եղել, խելագարվել ենք, մազերը փետրել, ուրիշներին ենք օգնության կանչել մեր պատիվն ու կյանքը փրկելու, և այդ ուրիշները քար անտարբերություն են ցուցաբերել, անգամ կարեկցանքի չենք արժանացել։

Ծով վիշտ, տիեզերական անզորություն, տոտալ խեղճություն։ Մի՞թե, իրոք, սա մենք ենք։ Իսկ հիշու՞մ եք Վերֆելի խոսքերը. «Թուրք ստահակի դեմ կանգնել էր Հպարտ Արմենիան»։ Այո, օտարները մեր մասին այլ կածիքի են։

Բոլոր մեջբերումները Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմից են (բացառությամբ Գևորգ Էմինից արված մեջբերումը. Խմբ.)։  Բայց, կարող են ասել, չէ՞ որ Պարույր Սևակն ունի նաև հայրենասիրական, հերոսական ոգեշունչ բանաստեղծություններ։ Այո, այդպես է, և հրաշալի՜ բանաստեղծություններ։ Բայց մի՞թե դա նշանակում է, որ սույն և «Անլռելի զանգակատուն» պոեմները ինքը չի գրել, և չէ՞ որ դրանք հեղինակի գլխավոր ստեղծագործություններն են՝ ասելիքի ասելիքը։

Դժվար չէ, իհարկե, պատկերացնել այն ծանր ապրումները, իր ազգի դեմ գործած մեծագույն չարագործությունից, անմարդկային դաժանությունից թևաթափ լինելու, քրիստոնեաբար վրեժի մասին չմտածելու մի վիճակ, երբ ստեղծվել են այս պոեմները։ Պատահական չէ նաև, որ պոեմն անվանել է պատարագ՝ երգ, ի հիշատակ զոհերի, նրանց եղերական մահվան, որը պատմություն չի, այլ միայն ողբ։

Փոքր-ինչ ճանաչելով Պարույրին, համոզված եմ, որ այսօր ինքն առաջինը կմերժեր իր գաղափարական շատ դրույթները։ Ես էլ փորձեցի նույնն անել, ու եթե այս տողերում ակամա զայրույթ կար, ապա, անշուշտ, ոչ բանաստեղծի հանդեպ, այլ բոլոր նրանց, որոնք նրա կենդան կերպարը վերածել են մեռյալ սրբապատկերի և պատրաստ են նրա ամեն բառը դրոշակի վրա գրելու։

Մեծ կորուստ է, որ այս օրերին մեզ հետ չեն այնպիսի ընդգծված լիդերներ, ինչպիսիք Պարույր Սևակն էր, Մուշեղ Գալշոյանը, Ջոն Կիրակոսյանը, իսկ Սիլվա Կապուտիկյանն ու Վարդգես Պետրոսյանը մեկուսացված են շարժումից։ Գրողների միությունն էլ ինքներս գլխատեցինք։

Եթե շարժման սկզբին Միությունը շտաբի էր նման, այսօր պիտանի է միայն փախստականներին բաժանվող զգեստների պահեստ լինելու։

Վերջերս հրավիրված էի մի ներկայացման՝ ըստ մեկ այլ հայ բանաստեղծի ստեղծագործությունների։

Բեմում թուրք ջահելները ձեռքից ձեռք էին նետում հայ աղջիկներին, ծանակում նրանց պատիվը։ Թուրքերի դերերը կատարում էին, իհարկե, հայ դերասանները։ Նրանք աշխատում էին բիրտ երևալ, հպարտ ու գոռոզ կեցվածք ունեին, ճեմում էին բեկերի նման։ Ըստ ռեժիսորի, այդպիսինն են թուրքերը։ Բեմի մյուս անկյունում կուչ էին եկել մնացած դերասանները, դրանք էլ, ըստ ռեժիսորի, հայեր էին։

Իսկ այն պատանիներն ու աղջիկները, որոնք ամեն օր դուրս են գալիս հրապարակ և բռունցքները օդի մեջ, սպառնալի գոչում. «Պայքար, պայքար մինչև վերջ», դահլիճում նստած, սսկված, բայց հանգիստ, կուչ եկած, այս ամենը հանգիստ դիտում էին. ոչ մեկը բեմ չթռավ ու ցասումով վերջ չտվեց իր սեփական ազգի անարգումն ու զրպարտումը ոչ թե թրքական բեմում, ոչ թե Ստամբուլում, այլ Երևանում, հայկական բեմի վրա, օրը ցերեկով։

Իսկ վերջում էլ, երևի, ես մինչև վերջ չմնացի, վերջում ծափողջույններով, հոտնկայս շնորհակալություն հայտնեցին բանաստեղծին, ռեժիսորին և դերասաններին՝ իրենց մատուցած ազգային խայտառակության ու ստորացումի զգացմունքների համար։

Գուցե ոչ քաղաքակիրթ հնչի, բայց ով մոռանում է իր ազգային արժանապատվությունը, նրան պետք է դա հիշեցնել ապտակով։ Եվ տեղին է այդպիսի ռեժիսորներին ասելու. «Եթե ծաղրածու ես, ծաղրածուի խաղերդ քո տունիդ մեջը խաղա»։ Ավելացնեմ միայն, որ հիշյալ տեսարանը «ռեժիսորի» իմպովիզացիան էր, բանաստեղծի մեղքը և մեծ մեղքն այն էր, որ չէր խափանել իր անվան հետ կապ չունեցող այդ խայտառակությունը։

Ազգն այսպես դաստիարակող արվեստի ու գրականության մեջ, եթե անգամ արդարացի բողոք ու զայրույթ կա, ապա նման այն տղամարդու զայրույթին, որն իր ստացած ապտակի համար դիմում է դատարան՝ ըստ օրինաց իր պատիվը պաշտպանելու։ Այդպիսի արվեստն ու գրականությունը ժողովրդի վշտոտ զգացմունքերը չարաշահող ու եղեռնի հետևանք հանդիսացող՝ ազգային անպաշտպանության, անզորության ու հուսահատության հոռի պատրանքները հավերժացնող, հետևապես նաև՝ ընկճող, պայքարի թերհավատություն սերմանող արվեստ ու գրականություն են։

Թուրքն իր սև գործն արել ու հեռացել է, հայ գրողը, բանաստեղծը, արվեստագետը շարունակում են եղեռնը սեփական ժողովրդի հոգեբանության ու բնավորության մեջ ներդնելու, հավերժացնելու, մատաղ սերնդին դրանով հիվանդացնելու, գաղթականական ոգով (փախեք, թուրքը եկավ) դաստիարակելու սև գործը։

Հայ ժամանակակից մի պատմաբան, Սարգիս Հարությունյանը, միջին և բարձր դասարանների աշակերտության համար մատչելի վերապատմել է հայոց պատմությունը. կարող էր, բայց բաց չի թողել մանրամասնություններ Բուզանդից, առ այն, ինչպես Շապուհ արքան «մերկացնել էր տալիս բոլոր ազնիվ կանանց ... մեկիկ-մեկիկ տանում իր վրանը, անպատվում, բաց թողնում»։  Պատկերացնում եմ՝ որքա՜ն ուսանելի, հայրենասիրական բա՜րձր զգացմունքներ պիտի առաջացնի սա միջին ու բարձր դասարանի աշակերտների ու աշակերտուհիների հոգում։

Վաղուց նկատված է, որ Բուզանդը, եթե դա մի հեղինակ է և ոչ թե մի քանի հեղինակների գործերը մի անունով, և կամ գուցե դա հենց այն «բուզանդարանն» է, որ հիշատակում է Մովսես Խորենացին, ուրեմն, նկատված է, որ Բուզանդը ոտնահարում է հայերի ազգային արժանապատվությունը, և կասկած կա նրա հայ լինելու վերաբերյալ։ Բայց արտագրելիս՝ ոչ միջնադարյան գրիչը, ոչ այսօրվա պատմաբանը, կարող էին բաց թողնել, եթե շատ էին վիրավորված, բայց հանուն օբյեկտիվության, բաց չեն թողել, այլ հավերժացրել են այդ անպատվությունը։

Ն. Մառը նկատել է հայ գիտնականների ու հեղինակների այդ բծախնդրությունը, տառակերությունը, մոլեռանդ օբյեկտիվությունը։ Հայտնի չէ՝ արքային անվայել այդ խոզությունը Շապուհը կատարել է, թե ոչ, բայց որ հայ հեղինակները շարունակաբար անարգում են իրենց իսկ ժողովրդին, հաստատ է։

Այսօր էլ մեր չարակամները դրանցից մեջբերումներ են անում և մեր աչքը խոթում։ Եվ լա՛վ են անում։

Մեկ այլ օրինակ։ Հայկական ռադիոյով, դարձյալ մատաղ սերնդին պատմական օրինակներով կրթելու ու ոգևորելու համար, հայ մատենագիրների գրքերից ընտիր էջեր է ընթերցվում։ Լսել եմ մեկ անգամ, պատահաբար, դարձյալ նույն Բուզանդից. «Հայոց Պապ թագավորը ..., սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում՝ պոռնկություն, պիղծ արվամոլություն...» և այլն, խայտառակ շարունակությունը գիտեք։ Նույնպես շատ ընտիր, ուսանելի, դաստիարակող, մանավանդ ոգևորող էջեր, այնպես չէ՞։ Չես հասկանում, որն է այստեղ ավելին, անմտությունը, թե՞ անպատվախնդրությունը, իսկ գուցե դիտավորությո՞ւնը։

Ազգային արժանապատվության նկատմամբ այս անփթության հետևանքը։

Ադրբեջանից փախածներից ոմանք, շատ քչերն իհարկե, հատուկենտ մարդիկ, տրտնջում են. - Ինչո՞ւ բարձրացրիք Արցախի հարցը, ո՜ւմ էր պետք այդ հողը։ - Իսկ եթե չլիներ հողը, չլիներ Հայաստանը, ո՞ւր կփախչեիր։ - Կփախչեի Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա։ - Ուրեմն ռուսը Ռուսաստան ունենա, վրացին՝ Վրաստան, ուկրաինացին՝ Ուկրաինա, իսկ քեզ էլ մի փախչելու տեղ է պետք։ Իսկ եթե Ռուսաստանից ու Վրաստանից էլ վռնդեն։ - Կփախչեմ Ամերիկա։ - Միայն նրա համար, որ հողիդ համար չպայքարես։

Եվ փախչում են առանց վռնդվելու։ Հույսի ու լույսի տեղ չթողնող գրականությունն ու արվեստն էլ կամա, թե ակամա, նոր գաղթականության գաղափարախոսությունն է դարձել։ Եթե «հայն» ու «վայն» ատոմային ռումբով անգամ բաժանել հնարավոր չէ, ինչպես հավաստում է մեր բոլորի սիրելի բանաստեղծը, ապա այդ թշվառության, տիեզերական անճարակության ու ֆատալ խեղճության ձեռքից միակ փրկությունը գուցե նաև ազգուրացությո՞ւնն է։

Փախչողը թող բարի գնա, մեր հոգսը մնացողն է, որը պետք է ոչ միայն թոթափի, այլև դատապարտի իր վզին փաթաթած հիվանդագին ինքնախղճահարության գաղափարախոսությունը, չվախենալով ոչ կուռքերից, ոչ էլ, մանավանդ, հայրենասիրությունն իրենց անձնական ագարակը դարձրած, թախտի տակից գաղափարախոսող կռապաշտներից։

Մնացողն էլ բավական է պատվով ապրելու, պայքարելու ու հաղթելու համար։ Իսկ հաղթանակներից առաջինն առկա է. ազատ Արցախը։ Փոքր մի ժողովուրդ երկրի ու կայսրապաշտության հազարամյա պատմության մեջ, առաջին անգամ ու մեն-մենակ, դուրս եկավ՝ որևէ ինքնուրույնություն չհանդուրժող, ժողովուրդների միմյանցից հավերժական ստրկական կախումը հաստատող սահմանադրության ու կայսրապաշտական օրենքների դեմ և հաղթեց։

Շատ աղբ է կուտակվել Հայաստանում վերջին տասնամյակներում։

Արտասահմանյան թղթակիցը հարցնում է. «Ո՞ւր է գնում Հայաստան ուղարկված օգնության կեսը»։ Ելենա Բոները պատասխանում է. «Ես դա չգիտեմ»։

Բայց դա գիտեն այն հայերը, որոնք աղետի զարհուրելի օրերին, օտարների ուղարկած տնակները վաճառում էին հարազատներին, հենց նոր կորցրած իրենց անօթևան հայրենակիցներին։ Այն հայերը, որոնք այժմ ասում են. «Երանի մի հատ է՛լ երկրաշարժ լինի»։ Այն հայերը, որոնք մինչև վերջերս հայոց հողը ոսկով վաճառում էին թուրքերին և այժմ էլ վաճառում են թուրքից մազապուրծ, հայրենք կոչված հողը ոտք դրած, տնավեր ու անօթևան իրենց հայրենակիցներին։

Բայց այս աղբը թող չհուսահատեցնի մեզ, դրանք մեծ մասամբ պաշտոնյա մարդիկ էին և լա՛վ գիտենք՝ ովքեր էին։ Մշտապես անցման շրջանում աղջամուղջ է լինում։ Կայունացած հասարակարգն է, որ ինքն իրեն մաքրվում է, ինչպես մեղմ ծփացող ծովը։ Եվ ճահիճն է, որ միշտ տղմոտ ու գարշաբույր է։

Այս տեսակետից կարելի է խոսել նաև մեր կինոնկարների մասին, բավարարվենք, սակայն, միայն մեկով. «Մենավոր ընկուզենի»։ Մանր հարցերով գզվրտացող անմաքուր մի ամբոխ ներկայացված է որպես հայ ժողովուրդ։ Ռեժիսորը կարծես մտադրվել է ժողովրդին ինքն իրենից զզվեցնելու։ Որտեղի՞ց է նա պեղել հոգին թշվառության ու լրագրային մակարդակի հարցերի մեջ խարխափող այդ հերոսներին։

Հարկ չկա նեղանալու, հարցը մեր անձնականը չէ, սիրելի Ֆրունզե Դովլաթյան, չէ՞ որ դու «Բարև, ես եմ» ֆիլմի հեղինակն ես, ինչպե՞ս է, որ քեզ դավաճանել է քո իսկ ընտիր գեղարվեստական ճաշակը։

ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ