«Մենք քեզ չսիրեցինք, ԵՐԵՎԱՆ․ «Ֆոտոերազ»-ի և իրականության միջակայքում․․․»
«...Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին»:
Մենք, այնուամենայնիվ, Երևանը չենք սիրել։ Չենք սիրում։ Սիրել ու սիրում ենք երգերում, պոետական տողերում, բայց իրական Երևանը իրականում չենք սիրել ու չենք սիրում։
Մենք Երևանին վերաբերել ենք որպես բոհեմական կյանքի՝ մսխել ենք, շռայլորեն մսխել, վատնել, քամուն տվել։ Այլապես Երևանը չէր լինի որպես հոշոտված մի կյանք, հոշոտված մի պատմություն։
Չէ, կարոտախտ չկա։ Ես ատում եմ կարոտախտ բառը։ Ախտը հիվանդություն է, մոլություն, իսկ կարոտը չի կարող հիվանդություն լինել, կարոտն ամենամաքուր, ամենաթրթռուն, ամենաազնիվ զգացումն է։
Ազգային պատկերասրահում բացված Հակոբ Հեքեքյանի «Ֆոտոերազ» ցուցահանդեսից դուրս եկա կարոտի, ցավի, ամոթի, անելանելիության խառը զգացողություններով։
Կարոտ, որովհետև Հակոբ Հեքեքյանի լուսանկարներն ինձ տանում էին իմ մանկության ու երիտասարդության արահետներով։
Զանգվի ձորը, ուր գնում էինք լողալու բակի տղաներով։ Հայրս բոլորին «լցնում» էր իր մեքենան ու տանում «նաբերեժնի» ու ժամերով մնում էինք զանգվի ձորի գյոլերում ու չռիկների տակ։
Բաղրամյան փողոց՝ թաղված ծառերի մեջ ու առատ ձյունից ճկված ճերմակ ծառեր, որոնց տակով քայլում էինք այնքան, մինչև տուն էինք ճանապարհում սիրած աղջկան։ Ի դեպ, ձմեռային այդ պատկերը նաև մանկական այգու երկայնքով էր։
Տոնական սեղաններ, որոնք գրեթե նույնն էին բոլորիս տներում, որովհետև ինչ կար, բոլորս ունեինք, ինչ չկար` բոլորս չունեինք միաժամանակ։
Ընտանեկան տաք երեկոներ բոլորիս միանման տներում, բայց սիրով, ընտանիքներով, ավանդույթներով, նիստուկացով։
Երկաթգծի կայարան, ուր անցան շատ անմոռանալի օրեր ու կայարանի շենքը՝ առանց Հայաստանի գերբը կրող երկար ձողի` հայրիկիս սպիտակ վերնաշապիկներով, թևքերը քշտած լուսանկարներից նայող։
Ու մարդիկ, որոնք ստեղծեցին այդ քաղաքը՝ երկրաստեղծ մարդիկ՝ նպատակով, նվիրումով, սիրով, շատ մեծ սիրով քաղաքի նկատմամբ։
Մի քանի օր առաջ գրեցի երկրաստեղծ բառն ու շատ սիրեցի։
Մարդիկ՝ երևելի մարդիկ՝ Մաեստրո Երվանդ Քոչար, Վարպետ Սարյան, Կապուտիկյան, Իսաբեկյան, Ազարյան, քաղաքապետ Հասրաթյան, որոնք եղան այդ քաղաքի մարդիկ՝ էլի երկրաստեղծ, պետականաստեղծ, քաղաքաստեղծ։ Մարդիկ, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր ինքնության կեռմանները։
Պատիվ ունեցել եմ ճանաչելու Հակոբ Հեքեքյանին։ Նա այն ֆոտոթղթակիցներից էր, որոնց թերթերի երիտասարդ թղթակիցներս վերաբերում էինք խորին ակնածանքով ու հարգանքով։
Նրա ստեղծագործություններն ամենուր էին՝ «Սովետական Հայաստան»-ում, «Պիոներ»-ում, «Կոմսոմոլեց»-ում, իմ լրագրության սկիզբը հանդիսացող «Ավանգարդ»-ում և այլուր։
Մենք հիանում էինք նրա լուսանկարներով, մենք սիրում էինք նրա լուսանկարները, անգիր գիտեինք՝ Մատենադարանի զարդաքանդակված ճաղաշարից բացվող տեսարանը դեպի Մաշտոցի պողոտա (այն ժամանակ՝ Լենինի, որի անունը չտալու համար ուղղակի ասում էինք Պռոսպեկտ), Զանգվի ձորի գյոլը՝ կամրջի տակ և այլն, բայց չէինք զգում նրա Երևանից եկող ազդակները, որովհետև․․․մենք այդ Երևանում էինք ապրում։
Համադրող Վիգեն Գալստյանն, ուղղակի, հրաշալիորեն էր ստացել այն միջավայրը, որը բերում էին լուսանկարները։ Հրաշալի էր մեղմությունը, որը կարծես երևանյան մեղմություն լիներ, հրաշալի էր սպիտակը, որը երևանյան հարաբերությունների մաքրությունն էր, կարծես, հրաշալիորեն էր ներմուծված ցուցահանդեսի փիլիսոփայությունը՝ «Քանդակած քաղաք», «Ապրելու տեղ», «քաղաքաստեղծ դեմքեր», «Քաղաքը՝ տուն» և այլն։
Այո, Երևանը քանդակած քաղաք էր, է, ուղղակի այդ քանդակները մնացել են անտեր, առանց քաղաքաստեղծ մարդկանց, բայց դրանք հավերժ մնալու են, որովհետև դրանք օդում ասված խոսքեր չեն, դրանք քար տաշող սքանչելի վարպետների քարե հյուսքեր են, ու քաղաքաստեղծ մարդիկ դրանք դաջում էին Երևանի դեմքին, որովհետև մտածում էին հավերժի մասին, որովհետև ապագայի մարդիկ էին։
Ի՜նչ զարմանալիորեն Երևանի ամենաժամանակակից շենքը Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքն է, Մատենադարանի շենքն է, Ազգային գրադարանի թամանյանական շենքն է, Մարզահամերգային համալիրն է` Ծիծեռնակաբերդի գլխին ու սրանք չգերազանցված արժեքներ են։
Այո, Երևանն «ապրելու տեղ» էր, որքան էլ ճշմարտացիորեն նկատում է համադրողը՝ «․․․1920-ականներից սկսած՝ տեղական լուսանկարչությունը ձգտում էր ստեղծել բարգավաճող մայրաքաղաքի՝ աչք շոյող պատկերը՝ միևնույն ժամանակ այն «մաքրելով» բազմաթիվ սոցիալական և ուրբանիստական հակասություններից, որոնցում մխրճված էր քաղաքը․․․»։
Եվ այդ սոցիալական և ուրբանիստական բազմաթիվ հակասությունների մեջ ծնվում էր մարդը, իսկ քաղաքը մարդն էր, ծնվում էր քաղաքի մշակույթը, իսկ քաղաքը մշակույթ է, ծնվում էր երևանցին, որի կերպարը ստեղծում էին հարյուրավոր անկյուններից Երևան եկածները։ Երևանի տեսիլքն ունեին այն մարդիկ, որ Մյասնիկյանի հրավերով եկան մի բուռ մնացած Հայաստան՝ Թամանյան, Սարյան, այլոք, եկան, ստեղծեցին քաղաքը, սիրո քաղաքը, նվիրումի քաղաքը, ապրելու քաղաքը, ուր հատուկ սեր կար երեխայի, ծերունու, երիտասարդի նկատմամբ և այդ սերը երևակված է Հակոբ Հեքեքյանի լուսանկարներում։
Եվ այդ է պատճառը, որ լուսանկարները փոխանցում են աներևակայելի զգացողություններ, իսկ լուսանկարչությունն այն արվեստն է, որը խոսում է։ Խոսում է բոլոր խոսացող արվեստներից ավելին։ Խոսում է կինեմատոգրաֆից ավելին, որովհետև խոսում է ինքն իրենով և առանց միջամտության։
«Այսօր, երբ Հեքեքյանի արձանագրած մարդիկ և տեսարաններն այլևս չկան, իր վճռական հայացքը հառնում է իբրև առաջընթաց և ազգային զորեղացում մարմնավորող Երևանի կորսված տեսլականի սյուռեալիստական հուշում․․․». շատ սիրուն ու շատ ճշմարտացի նկատում է համադրողը։
Այո, չկա այլևս այս Երևանը, չկա «առաջընթաց և ազգային զորեղացում մարմնավորող Երևանի» տեսլականը, այո, այն կա մեր հուշերում, որպես «սյուռեալիստական հուշում», և այդ է պատճառը, երևի, գոնե իմ սերնդի համար, որ պետք է ասեմ՝
«Երևան, ինձ ներիր,
ինձ ներիր, Երևան,
Որ թողած սրբատաշ
հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին...»։
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ