«Մենք վտանգում ենք մեր տեսակը...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ
Ովքեր կարդացել են Շիրվանզադեի «Քաոս» վեպը, անշուշտ, հիշում են Սմբատին, որն ամուսնացած էր ռուսազգի աղջկա հետ: Հիշում են նաև, որ Սմբատի հայրը` Մարկոս աղա Ալիմյանը, ողջ կյանքում չհաշտվեց այդ իրողության հետ: Որպես ավանդապաշտ հայ՝ ամուսնության հարցում նա առաջնորդվում էր «ճիպոտդ քոլիցդ կտրիր» սկզբունքով:
Իրենց կրոնին ու ավանդներին հավատարիմ հայ ծնողները բոլոր ժամանակներում չեն համակերպվել օտարազգի հարս ունենալու իրողության հետ: Կին ընտրելու իրավունքը տղամարդու մենաշնորհն է եղել միշտ և այդ պատճառով օտարազգի փեսացուներ հազվադեպ են հայտնվել: Հայ աղջիկը միշտ հնազանդ ու կամակատար է եղել, եղել է հայ օջախի հայ պահապանը:
Վաղնջական ժամանակներից մեր ժողովուրդը գերադասել է ներտոհմային ամուսնությունը. եկեղեցին արգելաչափ է սահմանել 7 պորտը, ժողովուրդը՝ 4-5 պորտը՝ ապահովելով սերնդի առողջությունն ու խուսափելով արյունապղծությունից:
Արտատոհմային ամուսնությունը թեև ոչ մի օրենքով արգելված չի եղել, սակայն չի էլ խրախուսվել: Մերժողական է եղել ոչ միայն եկեղեցու, այլեւ հասարակ ժողովրդի համար, որովհետև օտար տոհմից (ազգից) հարս ունենալը նշանակում էր վտանգել ազգային ավանդույթ-սովորույթները: Ժողովրդի ենթագիտակցության մեջ, սովորութական իրավունքով փոխանցվում էր ազգապահպանության բնազդը:
Հայ առաքելական եկեղեցին, դատապարտելով ամուսնությունը այլադավանների կամ այլազգիների հետ, այդ երևույթը հայի կամ հայուհու համար գերություն է համարել: Դեռևս միջնադարում հայ իշխաններն ու ֆեոդալները մերձամուսնական կապեր են ստեղծել ոչ միայն միմյանց, այլեւ օտարազգի մեծամեծների հետ՝ ավելի հաճախ քաղաքական կամ շահադիտական նկատառումներով:
Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» վկայում ու տագնապում է, թե գնալով հայ զարմիկները ոտնահարում են սուրբ Ավետարանի ու մանավանդ՝ ազգի սովորույթները, երբ ամուսնանում են այլադավան կամ հեթանոս իշխանազարմերի հետ:
Ցավոք, մեր իրականության մեջ, երբ հեշտությամբ խաթարվում են ազգային չափանիշներն ու արժեքները արժեզրկվում են, այլ է նաև վերաբերմունքը ազգային մեծագույն արժեքի՝ ընտանիքի նկատմամբ:
Այլ` այսինքն նոր, ժամանակակից, եվրո-ամերիկյան մտածողությամբ և մոտեցումով: Ասել է թե՝ հայ տղամարդու կամ հայ կնոջ ամուսնությունը այլադավանի կամ այլազգու հետ այլևս խորթ ու անընդունելի չէ, առավել ևս՝ այլևս չի դիտվում որպես հայապահպանությանն ուղղված վտանգ և գերություն չի համարվում:
Ու թեև խառը ամուսնությունների վերաբերյալ չկա պաշտոնական վիճակագրություն և հատուկ վերլուծություններ չեն կատարվում, բայց երևույթը կա և ծավալվելու միտումն էլ տեսանելի է, որովհետևև ամուսնությունը այլազգիների, օտարերկրացիների հետ՝ անկախ դավանանքից, տարիքից, այսօր նշանակում է ապահով կյանք, երազած դրախտային երկրներում` քաղաքացիություն:
Մեծ տերությունների, մեծ ազգերի պարագայում՝ ոչինչ, բայց մեր պարագայում, խոստովանենք, որ կորուստներ ենք տալիս, և փոխվում է մեր տեսակն ու որակը:
Եթե տասնամյակներ առաջ տագնապում էինք սփյուռքահայի ազգային պատկանելությունը պահպանելու համար և այդ նպատակով Սովետական Հայաստանը կրթական-մշակութային կապերով անում էր հնարավորն ու նույնիսկ` անհնարինը, այսօր, կարծեք թե, հայապահպանության խնդիր բուն հայրենիքում ունենք:
Եվ այս խնդիրը առկա է ոչ միայն մայրենի լեզվի, մայր եկեղեցու, ազգային մշակույթի, ավանդույթների հանդեպ ունեցած, մեղմ եմ ասում, անտարբեր ու սառը վերաբերմունքով, այլև ամուսնա-ընտանեկան հարաբերությունների հանդեպ ունեցած ի միջի այլոց վերաբերմունքով, որովհետև երբեմն, կամ մեծամասամբ, այլազգիների հետ ամուսնությունը ոչ այնքան սիրո դրսևորում կամ արդյունք է, որքան բարեկեցիկ կյանքի պատկերացում. մանավանդ` եթե այդ միությունը երկրից, չեմ ասում փախչելու, դուրս գալու միջոց ու հնարավորություն է ընձեռում:
Սփյուռքում հայի, հայ ընտանիիքի հայեցի պահպանումը հայ եկեղեցու գերխնդիրն ու գերնպատակն է եղել և է՛, մինչդեռ Հայաստանում եկեղեցին այդ խնդիրը չունի կամ իր առջև նման նպատակ չի դնում: Թերևս, ինչպես մի ժամանակ աղանդների հարցում էր, վտանգ չի տեսնում, այնուամենայնիվ, Հայ Առաքելական եկեղեցու վերաբերմունքը խառնամուսնությունների հարցում այսօր էլ միանշանակ թեպետ մերժողական է, սակայն սիրո կամ շահադիտական նկրտումների առջև եկեղեցին ընկրկում է՝ կատարելով պսակադրության արարողություն այն դեպքում, երբ այլադավանը մեռոն է ստանում, այսինքն փոխում է դավանանքը, դառնում է հայ եկեղեցու անդամ՝ այդ մասին տալով նաև գրավոր հայտարարություն:
Այսպես՝ եկեղեցու տեսանկյունից, իսկ Քաղաքացիական ակտերի կացության գրանցումը ոչինչ չի պարտավորեցնում այլազգի, առավել ևս` այլադավան հարսնացուին կամ փեսացուին:
Խորհրդային տարիներին մեր տղաները երբեմն, զինվորական ծառայությունն ավարտելով, տուն էին դառնում ռուսաստաններից ընտրած հարսնացուների՝ ռուս, թաթար, լատիշ, ուկրաինուհի... շատ ու տարբեր ազգությունների աղջիկների հետ: Նրանք բոլորը անծայրածիր Սովետական պետության քաղաքացիներ էին, կրոնական դավանանքի խնդիր չկար, եկեղեցին դեր և իրավունք չուներ միջամտելու:
Ռուս կամ այլազգի հարսները՝ մտավորական թե այլ աշխատավոր, գյուղից թե քաղաքից, մեկ է, հարմարվում, ընտելանում էին հայ ընտանիքի պայմաններին, պահանջներին, հայ զավակներ էին ծնում ու դաստիարակում: Երեխաները մեծ մասամբ սովորում էին իրենց մոր լեզուն, բայց նրանց մայրենի լեզուն հայերենն էր մնում: Հայ գեներին գումարվում էին ռուս կամ այլազգի լավագույն հատկանիշները (հակառակն էլ կարող էր լինել), բայց գերիշխողը հայկականն էր, որովհետեւ մայրը այլևս խոսում էր հայերեն, եփում-թխում էր հայավարի, շարունակում էր հայ ընտանիքի հայկական ավանդույթները: Ամուսնությունն օրինական գրանցվում էր, օտարազգի հարսնացուն միայնակ մայր չէր դառնում և իրեն միայնակ ու օտար չէր զգում:
Մարդը իրավունք ունի իր կյանքը կապել ցանկացած մարդու հետ՝ անկախ դավանանքից, քաղաքացիությունից, տարիքից և այլևայլ հանգամանքներից:
Այլազգիների հետ, ցավոք, ավելի շատ հայուհիներն են ամուսնանում, այս երևույթի պատճառները ոչ՛ միայն անձնական են. նախ, որ ամուսնական տարիքի տղաների քանակը մոտ յոթն անգամ պակաս է աղջիկների քանակից, և այս բնական աղետին գումարվում է նաև գործազրկությունը, արտագնա աշխատանքը: Ընտանիքը պահել չկարողանալու վախը արգելանք է դառնում ընտանիք կազմելու համար:
Այո, փեսացուի փնտրտուք կա , և ինչ-որ ձևով իրենց կյանքը դասավորելու համար հայուհիները ամուսին են փնտրում՝ աշխարհի որ ծայրից էլ լինի, ինչ ազգության ու կրոնի էլ պատկանելիս լինի:
Մեր բարոյական աշխարհում շատ մեծ տեղաշարժ է կատարվում:
Նախկինում նույնիսկ ամուսնալուծությունն էր անբարոյական համարվում, իսկ այսօր սովորական ու օրինաչափ է ընկալվում: Այդպես էլ սովորական են դառնում խառը ամուսնությունները, չօրհնված ու չգրանցված ամուսնությունները` նույնպես:
Ժամանակները փոխվում են, փոխվում են պահանջները: Իսկ երբ հասարակարգն է փոխվում, նոր կացութաձևը արմատանում ու փորձում է արմատախիլ անել հինը, ավանդականը, փոխարենը ներմուծելով օտարը, ուրիշինը: Ուրիշինը սակայն, միշտ չէ, որ համահունչ է տվյալ մարդաբանական տեսակի, գենետիկ կոդերի, առաքելության, ներքին առանձնահատկությունների ու հոգեւոր մղումների հետ:
Այսօր, բնականաբար, ամուսնաընտանեկան բնագավառում էլ «բարեփոխումներ» են ընթանում:
Հայ աղջիկները ամուսնանում-հեռանում են երկրից: Մայրական կողմից հայի արյունով երեխան իր հոր հայրենիքում հայ չի դառնա: Մենք կորուստներ ենք տալիս:
Հայաստանում օտարազգիները հազվադեպ են ամուսնանում հայուհու հետ, բնավորվում Հայաստանում: Օտարները հիմնականում գալիս են անձնական բիզնեսի համար, որը գնալ-գալով են իրականացնում, այստեղ տուն են վարձում, հայուհի են վարձում՝ տնտեսուհի, մաքրուհի, կողակից-կենակից կարգավիճակով, համատեղ ապրում են, համատեղ երեխաներ են ունենում, որոնք ողջ կյանքում մնում են միայնակ մոր երեխաներ, որովհետեւ նրանց կենսաբանական հայրը սեփական երկրում ընտանիք էլ ունի, երեխաներ էլ ունի: Իսկ հայ մայրը մայրաբար սիրում ու դաստիարակում է մաշկի այլ գույն, գլխի ու աչքերի այլ ձեւ ունեցող իր երեխային:
Ժամանակի ընթացքում կշատանան ու շատ տեսանելի կլինի խառնածին հայ-արաբ, հայ-պարսիկ, հայ-թուրք, հայ-հնդիկ, հայ-սևական երեխաների գոյությունը: Նրանց հայրական գեների հատկանիշներն ու առաքելությունը ավելի ուշ կարտահայտվեն:
Մենք վտանգում ենք մեր տեսակը: Մենք որակ ենք փոխում:
Խառը ամուսնությունը անկառավարելի, անվերահսկելի, պետականորեն ու օրենքով թույլատրելի, խիստ և զուտ անձնական բնույթի երևույթ է, բայց վախենամ թե այսօրյա չափերով ծավալվելու պարագայում տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ անց դառնա ազգային հիմնահարց:
Խորհելու առիթ կարծում եմ` կա՛: Եվ ո՛չ միայն խորհելու:
Հ. Գ.
Մինչդեռ Անկախության նվաճումներից մեկը համարում էինք Հայաստանում բնակչության միատարրության ապահովումը:
Եվ հպարտանում էինք:
Ժաննա Ղոչիկյան