Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««ՄԵՌՆՈՂ ԿԵՆԴԱՆԻՆ» ու ․․․ չմեռնող ՍԵՐԸ»․․․

 

Մի երկրում, ուր ազատությունը դեռևս չգիտակցված է, սերը՝ վերամբարձ, պաթետիկ ձոն, ուր տաբուները մոլեգնում են որպես պատկառանք, և տաբուների ու կեղծ բարեպաշտությունների փոթորիկներում կորչում է սիրո նյարդը, ուր մահվան մասին խոսում են ավելի շատ, քան՝ ապրելու, ուր երկիրն իրենցից հեռու մի տեղ կենող տարածք է, ուր հեղափոխությունները ոչ մի հեղափոխություն չեն անում, ուր մարդը կքած է կաղապարների, ձևայնությունների, ծեսի ու ծիսականության անազատություններում, Ֆիլիպ Ռոթի «Մեռնող կենդանին» վեպը՝ Լյուսիլ Ջանինյանի սքանչելի թարգմանությամբ, կարծես փրկություն է թվում։

Փրկօղակ, որ կարող ես առնել վիզդ ու գնալ, դեգերել ազատ տարածություններում, ազատ իրողություններում, խորհել, մտածել կյանքի ու սիրո, մեռնելու ու մահվան, հեղափոխության ու հակահեղափոխության, փաստարկի ու հակափաստարկի, ազատության ու անազատության մասին, ու ելնել կաղապարներից, կոտրել տաբուները, մի կողմ թողնել ծեսն ու ծիսականությունը և զգալ կյանքն իր բոլոր թրթիռներով։

Թվում է, թե Ֆիլիպ Ռոթի վեպն, իրոք, պատմություն է՝ հյուսված մի պրոֆեսորի ու նրա ուսանողուհու սիրավեպի շուրջ, պատմություն է, ուր առաջնային են սիրո, կրքի, տառփանքի, ցանկասիրության գրգիռները, թվում է, թե, իրապես, Ռոթը համապատասխանում է Միլան Կունդերայի բնութագրմանը, որ «Ռոթը ժամանակակից էրոտիկայի մեծ պատմագիրն է», բայց, իրականում, պատմությունն ու պատումի այդ կերպն այն արահետներն են, այն ուղիները, որով Ռոթը՝ ինչպես մարմինը մարմնին, մոտենում է մարդու ազատությանը, անհատի ազատությանը, դրա ընկալումներին, մոտենում է կյանքին ու մահվանը, երիտասարդությանն ու ծերությանը, սեքսին, սիրուն, խանդին, ասել է, թե՝ կյանքի փիլիսոփայությանը։ Ասել է, թե՝ այն փիլիսոփայություններին, որոնցից հյուսված է հենց մարդն ինքը որպես բանական երևույթ, որպես ֆիզիկական գոյություն, որպես բնազդային էակ, որպես միս ու արյուն։

Ռոթն ուղղակիորեն պարտադրում է հասկանալ, որ կյանքի ընկալումները չեն կարող խորքային ընկալումներ լինել, եթե ազատությունը՝ մարդու, անհատի ազատությունը, գիտակցված երևույթ չէ․

«․․․Ես դեռ կյանքիս ծաղկուն շրջանում էի, իսկ իմ երկրում տեղի էին ունենում արտասովոր փոփոխություններ։ Ես մա՞սն էի կազմում այդ վայրի, անփույթ ու ցնցող ուրացման, արգելված անցյալի այդ մեծածախ քայքայման։ Ի զորո՞ւ էի անսահման անկարգության տիրույթում տիրապետելու ազատության պարզ կարգուկանոնին։ Ինչպե՞ս կարելի էր համակարգել ազատությունը։ Ես թանկ վճարեցի այս բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելու համար․․․։

․․․ Պատմությունը բաղկացած է փաստարկներից ու հակափաստարկներից։ Կամ դու ես կարծիքդ պարտադրում դիմացինին, կամ դիմացինդ է դա անում։ Խաղի կանոնը դա է՝ համաձայն ես, թե՝ ոչ։ Միշտ էլ կան հակադիր ուժեր, ու մինչև մեկնումեկը անսպասելիորեն չհանձնվի, միշտ պատերազմի մեջ ես լինելու․․․»։

Սրանք Ռոթի խոհերն են, իհարկե, Ռոթի հերոսի միջոցով փոխանցվող։ Չես կարող, այո, թանկ չվճարել, երբ ազատությունը՝ մարդու, անհատի ազատությունը, ենթարկվում է  «մեծածախ քայքայման»»։

«․․․Ազատ մարդը կարող է խենթ, հիմար, նողկալի, թշվառ լինել, միայն այն պատճառով, որ ազատ է, բայց ծիծաղելի չի դառնում երբեք։

․․․ դու ապրում ես մի երկրում, որտեղ օրենքը սահմանում է համընդհանուր հավասարություն և երաշխավորում է յուրաքանչյուր անհատի ազատությունը, ապրում ես մի ազատ երկրում, որտեղ ազատությունն անտարբեր է բազմազանության ձևերի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ բազմազանությունը որևէ կերպ չի խախտել օրենքը, ապրում ես մի երկրում, որտեղ քո այժմյան դժվարություններին բախվում ես միայն, եթե ինքդ պատրաստ ես ընդունել ընդունել ու հաշտվել դրա հետ։ Ուրիշ բան, եթե ապրեիր ազգայնականներով գերբնակեցված կամ, այսպես կոչված, սոցիալ-դեմոկրատական Եվրոպայում կամ մաոծեդունյան Չինաստանում։ Այնտեղ հոգսը քո ուսերին կդնեին․․․

․․․ Քենիի ողբերգությունն այն է, որ կյանքի բոլոր իրավիճակներում փորձում է անբասիր մնալ՝ ինչ գնով էլ լինի։ Նա ապրում է վախենալով, որ հանկարծ ինչ-որ կին կասի, թե ինքը կատարյալ չէ։ «Եսասեր»․ այս բառը լավագույնս բնորոշում է Քենիին։ «Եսասեր սրիկա»։ Ու քանի որ նա վախենում է նման քննադատություն լսելուց, ուստի նա ապրում է այդ քննադատության թելադրանքով»․ սրանք նույնպես Ռոթի խոհերն են ու փիլիսոփայական եզրահանգումներ, որոնց վրա հյուսվում է սիրավեպը, այո՝ էրոտիկ սիրավեպը։ Այսպիսի խոհականությունները Ռոթի վեպի առանցքում են սկզբից մինչև վերջ։

«Մեծ տարբերություն կա մեռնելու ու մահվան միջև։ ․․․ Կյանքի ամեն մի հաջորդ փուլ բոլորովին էլ այն չի, ինչ պատկերացնում էինք․․․ու՝ ․․․Մանկության ամենալավ հեքիաթն այն է, որ քեզ ասում են, թե ամեն ինչ հերթականությամբ է տեղի ունենում։ Տատիկ-պապիկները ծնողներից շուտ են մահանում, ծնողներն էլ՝ զավակներից։ Մարդկանց օրինաչափ ծերանալն ու մահանալը կարող է պատահել նաև քո կյանքում, եթե բավականաչափ հաջողակ ես, ու ամեն անգամ հերթական թաղման ժամանակ ցավդ կթեթևանա, երբ հիշես, որ մահացածը երկար կյանք է ապրել։ Իհարկե, մահվան գաղափարը դրանից պակաս հրեշավոր չի դառնում մեզ համար, որքան ենթադրում էինք, գիտեինք նախապես, բայց այդ դեպքում էլ աշխատում է պատրանքի մետրոնոմը․․․»։

Այս վեպը, որ շնորհիվ Լյուսիլ Ջանինյանի արվեստային թարգմանության, կամ նրա թարգմանական արվեստի հայերենի, որևէ կերպ չես ընկալում որպես «Օտարագիր», այլ կարդում ես որպես մայրենիով ստեղծված մեծ գրականություն, և կարդում ես այնպիսի թեթևությամբ, կարծես կյանքն ինքն այդ թեթևության մարմնացումն է, թեպետ Ռոթը կյանքի մասին շատ բարդ ու իմաստասիրական ընդհանրացումներ է անում։

Իզուր չէ, որ Ֆիլիպ Ռոթը Փուլիցերյան մրցանակի դափնեկիր է, Բուքերյան մրցանակի դափնեկիր, «Ամերիկյան գրականության տիտան», «Ամերիկայի լավագույն վիպագիր» տիտղոսների դափնեկիր, և շատ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, և նրա հանճարեղ վեպը՝ «Պորտնոյի ցավը», որն, ի դեպ, ինչպես և «Մեռնող կենդանին», հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, համաշխարհային գրականության նմուշներ են, և իրենցով լուծում են խնդիրներ, որոնք հասարակությունների խնդիրներ են՝ կաղապարների ոչնչացման, ազգային սնապարծությունների կործանման, սեփական ազգերին, ժողովուրդներին, հասարակություններին ցավեցնելու աստիճան ճանաչելու, նրանց հետ փոխհարաբերություններում մերկության աստիճան անկեղծանալու և այդպիսով այդ հասարակությունները փրկելու խնդիրներ։

Այո, այս խնդիրների մասին Ռոթը խոսում է սիրուն պատմություններով, մարմնի մասին պատմություններով, որովհետև, ինչպես գրքի բնաբանում է ասվում՝ Էդնա Օ’ Բրայենի հավաստմամբ․ «Մարմինը կյանքի պատմությունն այնքան է պարունակում, որքան ուղեղը»։

Այս գիրքը նաև բացառիկ արվեստային նշանակություն ունի։ Ոչ միայն կյանքի արվեստն ուսումնասիրելու իմաստով, մարդուն, անհատին ու հասարակություններն ուսումնասիրելու իմաստով, այլև՝ զուտ արվեստի, որովհետև այստեղ շատ արվեստ կա, երաժշտություն մասնավորապես, կերպարվեստ մասնավորապես ու համաշխարհային արվեստային գլուխգործոցների այնպիսի մատուցում, որ քեզ տանում է դեպի այդ աշխարհը, նույնիսկ, եթե հեռու ես այդ կողմերից։

Այս գիրքը քննում է արվեստն այնպիսի հմտությամբ, որ կարելի է նախանձել սիրո ու կյանքի հորձանուտում արվեստի այդպիսի ընկալման համար։

Եվ պատահական չէ, որ այդ գրքի թարգմանիչը Լյուսիլն է, որովհետև արվեստայինն ու Լյուսիլը հոմանիշներ են, ներդաշնակ հոմանիշներ։ Ու ընդհանրապես, երևի կյանքում ոչինչ պատահական չի լինում, որովհետև այս գիրքը պետք է թարգմաներ մի մարդ, որի անունը Լյուսիլ է ու ամենայն հարգանքով բոլոր անունների նկատմամբ, հենց նա պիտի գտներ Ռոթին ու բերեր մեզ այս տեսքով։

Հ․Գ․  Կարդում էի Ֆիլիպ Ռոթին, որի հերոսը դասախոս է, համալսարանական դասախոս (դասախոսել է նաև Ռոթը և վեպը նաև ինքնակենսագրական դրսևորումներ ունի) ու տեսնում էի մեր համալսարանական այն դասախոսներին, որոնք Չարենցի տուն-թանգարանում բացված «Մաքուր ու մերկ» ցուցահանդդեսի առիթով ելույթներ էին ունենում՝ ասելով, որ դա ազգային խայտառակություն է և այլն, մինչդեռ ցուցահանդեսում ընդամենը Չարենցի էրոտիկ պոեզիան միահյուսված էր ժամանակակից արվեստագետների աշխատանքների հետ և այնքան սիրուն էր կյանքի, սիրո, ազատության այդ աշխարհը։

Ի դեպ, գրքի շապիկին Մոդիլյանի է՝ «Մաքուր ու մերկ»՝ մոդիլյանիորեն, ու գրքի շապիկը նույնպես կարծրատիպեր է կոտրում արվեստի միջոցով։ Մնում է ընկալենք արվեստը և սա էլ չհամարենք հերթական ազգային խայտառակությունը։

Գրքի շնորհանդեսն արդեն կայացել է ու կարդալն այն ՊԱՐՏԱԴԻՐ Է․․․

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ