«ՄԵՌՆՈՂԻՆ ինչ, թե փող չկա». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Դե, չքավոր մարդիկ կային, որ էս մեր հեղափոխական, պատերազմական վիճակներից օգտվելով, տունուտեղի տեր դարձան, ոմանք պալատներ էլ ձեռք գցեցին, իհարկե՝ հասարակության անտարբերության հաշվին։ Բայց դե, ինքը մնաց իր տան մեջ, թեպետ օր ու գիշեր միտինգներից տուն չէր գալիս, այսինքն շատ ակտիվ քաղաքական կյանքով էր սկսել ապրել էդ տարիներին, և անօգուտ։ Ինքը տուն ուներ, որ ասեմ, ու մի երազանք։
Բայց թե ինչ տուն, ախր, այ մենակ անունն է տուն՝ մի ծակուռ։ Ջահել, նոր կյանք մտնող տղա, եկել էր քաղաք, այսինքն բախտ որոնելու։ Ամուսնացել էր։ Աները իր սեփական տան՝ որպես մառան օգտագործվող մասը հարմարեցրել, հետո թղթերով որպես բնակարան ձևակերպել ու դեռ մի քանի հոգու էլ ավանսով գյուղաբնակ բարեկամների գրանցել տվել տնային գրքույկում, ու, թե որ հաջողություն լինի՝ պլանի տակ ընկնի ու տունը քանդեն, միանգամից բոլորը բնակարաններ ստանան ու զուռնա-դհոլի նվագակցությամբ՝ գյուղից տեղափոխվեն քաղաք։
Մի խոսքով, սկսեցին ապրել՝ տունը քանդվելու ու նոր լուսավոր բնակարան ունենալու հույսով։ Երեխաներ ունեցան, հետո երեխաները մեծացան, ամուսնացան ու գնացին ամեն մեկը մի ուղղությամբ։ Մնացին ինքն ու կինը էդ ծակուռում, մեկ էլ տան գրքույկով գրանցվածների անուններն ու ազգանունները։ Երբեմն, երբ հարկ էր լինում տան գրքույկին աչք ածել, գրանցվածների քանակից սիրտը ճապաղում ու փորն էր ընկնում։ Իսկ գրանցվածները քիչ չէին. զորօրինակ, աներոջ մերը՝ էս քեզ մեկ, կնոջ քեռին՝ էս քեզ երկու, հորեղբոր թոռը՝ էս քեզ երեք, աներոջ զոքանչը՜ …
Թո՜ւ, աստված վկա, թե սրանք հոգի ունեն, մեկնումեկը այսքան ժամանակ դուռը չբացեց՝ իր ողջությունը իմանալու։ Եվ դրանից իր սիրտը շատ էր նեղվում, այդ հանգամանքից մարդը խիստ նեղվածություն էր զգում։ Ես ասեմ՝ հենց դրանից էր, որ որոշեց կյանքի մնացած օրերը տալ իր վաղեմի երազանքին։ Մի օր էլ պառկեց թախտին ու աչք չէր բացում օրերով, միայն շնչում էր ու մեկ-մեկ էլ, հերթով, էս մի կողմից էն մի կողմ էր շրջվում։ Վեր էր կենում, երբ կնիկը տանը չէր լինում, տան եղածից- չեղածից մի բան գցում բերանը, ջուր խմում՝ պառկում։ Երբեմն պառկում էր մեջքի վրա, ձեռքերը խաչում կրծքին ու էդպես տխրված մնում պառկած։ Ամեն ինչից առավել՝ հանգստությո՜ւն էր սիրտը ուզում, ուրիշ ոչինչ։ Երկրի վիճակից մարդը ընկճվել էր, ուժից ընկել հոգով ու սրտով, հոգեբանորեն։ Հնար չէր գտնում այլ կերպ ապրելու։ Ախր, ասենք, մի ու՜րիշ, փոքր ինչ թեթև կյանքով ապրեր, հոգին կթեթևանար մի քիչ։ Մի խոսքով, իրեն տվեց երազելուն։
Այսպես ուրեմն, մի քանի օր մնաց պառկած՝ երկու թե երեք օր։ Մի օր էլ կինը կպավ նրա հոգուց.
-Մեկն իմանա ախր, թե ինչի ես պառկել, հը՞։ Դիտմամբ չե՞ս պառկել, այ ավարա։ Երևի չես ուզում աշխատանք գտնես, հա՞։
Նա՝ կինը, սկսում է հոգին ուտել, իսկ ինքը ձեն չի հանում։
«Թող լեզվին տա, բան չկա։ Կնիկարմատ է։ Լեզվին կտա ու կլռի։ Ինձ համար մեկ է արդեն»։
Իսկ ինքը իրականում երազում է՜, գիշեր-ցերեկ երազում է՜ ու չի դադարում երազելուց։ Երազում է, որ մի օր քանդող բրիգադները կգան, իհարկե տեխնիկայով, կգան ու որպես պետական գերակա շահ՝ երկրի երեսից կմաքրեն էս ծակուռը ։ Հիսուն տարի ի վեր ապրել է մեջը ու երազե՜լ, կրկին երազե՜լ իր ծակուռ գիշերակացը երկրի երեսից մաքրելու սհաթին սպասելով։ Հիմա էլ ինքը դեռ երազում է՝ քնած թե արթմնի։
Եվ գուցե երկու թե էլի մի երեք օր մնում է այսպես պառկած ու երազկոտ։
Ամուսնուն է մոտենում կինը, ձեռքին ջրով մի ամանով, կանգնում է ամուսնու գլխավերևը, ձեռքը մտցնում ջրի մեջ ու ջրով ցողում ամուսնու երեսը։ Ամուսինը աչքերը դանդաղ բացում է և երազկոտ աչքերով նայում կնոջ երեսին։ Կինը ասում է.
-Մտքինդ ասա, մեռնելդ եկել է, թե ինչ։ Իսկ ինքը, ձե՜ն չի հանում, պառկել է, երազկոտ աչքերը հառել առաստաղին։
-Ինձնից թաքուն մի պահի, - ասում է կինը։
-Հա, մեռնել եմ ուզում, - ասում է։
-Իսկ ես, - ասում է կինը, - քեզ չեմ հավատում։ Ես, - ասում է, - պոլիկլինիկայից բժիշկ կկանչեմ, կբերեմ։ Թող բժիշկը ասի իր բերանով՝ մեռնում ես թե ինչ։
Եվ ահա կինը, պոլիկլինիկայի համապատասխան հիվանդությունների գծով բժշկին տուն է բերում։ Սա քննում է և ասում.
-Հա՜, - վատ է, մարդը երկնային ախտով է տառապում։ Անպայման կմեռնի, իմ աչքաչափով մի երկու-երեք օր էլ չի քաշի։ Իսկ եթե հանկարծ էս գիշեր կամ վաղը գիշեր վեր կենա ու ասի, որ սիրտը թթու կամ քաղցր բան է ուզում, իմացիր՝ գիշերը չի լուսացնի։
Էսպես է ասում բժիշկը, ձեռքը գրպանը խոթած դրամը գրպանում շոշափելով ու գնում։
-Կնշանակի, - ասում է կինը, - օղորթ է էլի, մեռնում ես, իսկ ես, ասում է, - թողնողը չե՜մ։
Գործազուրկ դու ավարա, պառկել ես քեզ համար ու կարծում ես թե ինչ ուզես կանես, հա՞։ Մարդու սիրտը մեռնե՜լ է ուզում, մի սրա՜ն տեսեք։ Բա չէ՜։ Ախր մեռնելու փող որտեղի՞ց, այ մարդ, որ ուզում ես մեռնես։ Խոսքի օրինակ՝ մեռել լողացնելուց սկսած։ Երեխեքիդ ձեռը ճգնաժամի քարի տակ, օրվա ապրուստի ծայրը ծայրին հազիվ հասցնող։ Մի սրան տեսե՜ք, սրա մեռնելը ոչ ավել, ոչ պակաս, էս ճգնաժամի ժամանակ է բռնել։ Իսկ ինքը պառկել ու ձեն չի հանում, այսինքն մեռնողին ինչ, թե փող չկա, ինքը առանց փող էլ կմեռնի, թե որ ուզի։ Մեռնելն էլ հո կնոջից չի կախված, մտքում քմծիծաղում էր կնոջ միամտության վրա։
Չեմ թողնի, որ մեռնես, - ասում է կինը, - խելքդ գլուխդ հավաքի, գործազուրկ ավարայի մեկը, վեր կաց գնա գործ ճարի, գումար վաստակի, նոր կխոսենք, մեռնե՞ս թե ինչ անես, մինչև, - ասում է, - մինչև փողը բռիս մեջ չլինի, չե՜մ թողնի ու չե՛մ թողնի, որ հոգիդ փչես, անբան շանորդի, - ասաց կինը ու դուրս գնաց։
Քիչ հետո, երբ նորից ներս մտավ, մարդուն մեջքի վրա պառկած, ձեռքերը կրծքի վրա խաչած, աչքերը խուփ տեսավ։ Ձեռքի մեջ ծալած թուղթը ամուսնու ձեռքի երկու մատերի արանքը խրեց, ինչպես մահացած մարդու ձեռքի մատների արանքում դրվող թաշկինակ, ապա շուռ եկավ, գլխաշորը կզակի տակ կապելով, դուրս գնաց։ Արդեն իրիկնամուտ էր, երբ կինը դուրս էր գնացել, և շուրջը խաղաղվել էր, վեր կացավ նստեց, ինչպես ծույլ ու անբան շանորդի, թուղթը երկու մատների արանքում բռնած դեռ։ Մի ձեռքով կզակը շփեց, գլուխը աջ ու ձախ, ապա վեր ու վար արեց, ձեռքերը աջ ու ձախ տարածեց, թուղթը մատների արանքում բռնած, այդպես էլ ձեռքերը տարածած հորիզոնական, կանգնեց, ձգվեց, մեջքը ուղղեց ու նորից նստեց։
Մատների արանքում բռնած թուղթը դանդաղ բացեց ու սկսեց աչքի անցկացնել։ Կնոջ ձեռագրով գրված էր մի ցուցակ։
Ահա գրված է՝
1.Մեռելի լողացնելը, դիմացը մոտավոր, հավանական գումարի չափը,
2.Կոստյում, կոշիկ, սառոչկա, գալստուկ, նասկիներ, թաշկինակ, դիմացը ստույգ գինը, 3.Դագաղ, դիմացը գինը,
4.Գերեզմանոցում տեղ,
5.Հոգեհանգիստ, էքնահող, յոթ ու քառասունք,
6.Սբխեչ, տապանաքար, դրան գումարած, մի տարվա բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցների վրա ծախսվող գումարները …
վերջում մոտավոր հանրագումարը, իսկ դրա տակ գրված էր. - Սիրտդ մեռնել է ուզո՞ւմ, ավարա շանորդի, դե, հիմի գնա ու մեռի։
Մարդը, գումարի չափը տեսնելուց, շվարեց։ Ախր, երբեք մեռնելու մասին լուրջ չէր մտածել։ Սկզբում հուզվեց, ներսում ինչ-որ բան սկսեց եփվել ու սկսեց քրտնել։ Կոկորդում քոր զգաց, ձեռքով շփեց կոկորդը, բայց քորը չանցավ։ Սկսեց եփվել ու փոթոթվել։ Հետո սիրտը ինչ-որ բան ուզեց։ Աչքերով տան մեջ սկսեց ինչ-որ բան փնտրել։ Հայացքը կանգ առավ կամոդի վրա դրված թթվով լի բանկայի վրա, ու երկար նայեց բանկայի ուղղությամբ։ Վեր կացավ նստած տեղից, մանր ու դանդաղ քայլելով մոտեցավ թթվի բանկային։ Բացեց, միջից մի թթու վարունգ հանեց, տարավ բերանը։
1993թ.
Թեմիկ Խալափյան