«Մետաֆիզիկական որոնումների արվեստագետը…». ՆԱՐԵԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եթե բնորոշելու լինենք քանդակագործ Նարեկ Հայրապետյանի արվեստը, լավագույն բնորոշումը կլինի այն մետաֆիզիկական որոնումների արվեստ անվանելը:
Ձևի և ասելիքի փոխհարաբերությունում Նարեկ Հայրապետյանը փորձում է մտնել կենսափիլիսոփայության ոլորտ, փորձում է ներհայեցողությամբ հետազոտել աշխարհն իր ամբողջության մեջ, փորձում է գտնել ներդաշնակություններ, որոնք առկա են մարդու և բնության, մարդու և հոգևորի տիեզերականության, սահմանի ու անսահմանության մեջ:
Ձև՞ն է առավել սկզբունքայինը, ձև՞ն է թելադրողը, ձև՞ն է դոմինանտը, թե՝ ասելիքը, Նարեկ Հայրապետյանի արվեստի պարագայում՝ դժվար է տարանջատելը, քանզի ողջ ստեղծագործական խորքայնությունը ի դերև է ելնում ձևի և ասելիքի համաչափության մեջ:
Արվեստագետը տուրք չի տալիս միայն ձևին և չի փորձում միայն ասելիքը բերել առաջին գիծ, որովհետև արվեստագետի որոնումները բնազանցական են, որովհետև արվեստագետն իր խոհերում գնում է դեպի բնազանցական հորիզոններ:
«Քանդակը ստեղծում է իր ժամանակային միջավայրը, որն արտահայտված է հոսունությամբ: Իրենից անվերջ հեռացող մենության քո՞ղ…անորոշ դարձած ժամանա՞կ…չկռահված անցյա՞լ, թե ներկայի սպասում: Քանդակը պատասխանում է ինքնին տրված այն հարցադրմանը, թե ինչպես կարծրացած նյութականը կարող է արտահայտել վերացական, բայց մեզ զգայապես հասու կոնկրետություն: Ընտրելով կնոջ կերպարը՝ քանդակագործն ասես անգիտակցաբար ավելի է խորացրել սպասման խորհրդավորությունը և քանդակին զրկել նյութականացման բոլոր հիմքերից: Երբ երկար դիտում ես քանդակը, այլևս ոչինչ չես դիտում». Գրում է համադրող Գոռ Մելքումյանը:
Իսկ ինո՞ւ է այսպես: Այսպես է, որովհետև քանդակագործը կարողացել է կնոջ կերպարում որսալ այն տիեզերական մեծությունը, որ արարիչը շնորհել է կնոջը: Եվ այստեղից են բոլոր այն փոխակերպումները, որ քանդակագործը փորձում է ստանալ կնոջ կերպարների միջոցով:
Նարեկ Հայրապետյանի ստեղծագործություններում անթաքույց է նաև Աստծո գոյությունը, որը նույնպես կենսափիլիսոփայության շերտերում է, որը նույնպես բնազանցական երևույթ է: Չէ՞ որ բնազանցականը նաև աշխարհի հոգևոր նախասկզբի, աշխարհի, մարդու, երևույթների ընկալման աստվածային կերպն է:
«...Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն...». ասում է Հրանտ Մաթևոսյանը: Նարեկ Հայրապետյանի Աստվածը կողքինի մեջ փնտրված Աստվածն է:
Այս փնտրտուքն է, որ առկա է արվեստագետի թե քանդակներում, թե գրաֆիկական ստեղծագործություններում: Եթե քանդակներում ձևն է, որ խոսում է արվեստագետի խորքային ասելիքի նրբության մասին, ապա գրաֆիկական աշխատանքներում գիծն է: Յուրահատուկ է Նարեկ Հայրապետյանի գիծը՝ յուրահատուկ է իր մաքրությամբ, իր զգացողությամբ, իր զգացմունքայնությամբ, որոնց միահյուսումից ձևավորվում է գծի նրբությունը, որը գույնի ու գծի համադրությամբ դառնում է ասելիքի կրող:
Բացի բնազանցական վերացարկումներից, Նարեկ Հայրապետյանն իր արվեստով դիպչում է նաև առավել կյանքային, առավել իրապաշտ խորհրդածությունների:
«Այստեղ դիտվում է նիցշեական «Կամք առ իշխանություն»-ը, բացահայտ պայքարը «հանուն»-ի և «ընդդեմ»-ի միջև: Սա այն հարատև գործոնն ու գործընթացն է, որով կառուցվում և ոչնչացվում է մարդուն «սպասարկող» աշխարհը: Պայքարը՝ գոյությանն ընթացք հաղորդելն է, լինելիության նախապայմանը: Քանդակագործը գահը թափուր է թողել՝ հասկանալ տալով, որ յուրաքանչյուրը պայքարում է առ իշխանություն՝ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». գրում է համադրող Գոռ անդրադառնալով քանդակագործի «Պայքար» ստեղծագործությանը:
Այս ընդհանրացման համար հիմք է ծառայում ստեղծագործողի մոտեցումը այնպիսի թեմաների, ինչպիսիք առկա են իրական կյանքում և այդ թեմաների ընդհանրական ընկալումը, խոհափիլիսոփայական ընկալումը կարող է մարդուն, որն արվեստի սպառողն է, օգնել իրապաշտ զգացողությունները ներդաշնակեցնել իմաստասիրության հետ՝ մեծ նշանակություն չտալու համար այն երևույթներին, որոնք խաթարում են մարդուն և որոնք կարող են մարդուն մղել դեպի «Հանունը»:
Ինչո՞ւ է արվեստագետը ներկայանում «Ես»-ի և «Այն»-ի միջև: Որովհետև «Ես»-ի և «Այն»-ի միջև չկա տարբերություն, չկա սահման, չկա անջրպետ, ջրբաժան չկա և իրական արվեստը ծնվում է հենց այն պահին, երբ վերանում է տարածությունը «Ես»-ի և «Այն»-ի միջև, ինչպես սերը երևակվում է այն ժամանակ, երբ գալիս է այր ոև կին մի մարմինը:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ