Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Մի անգամ «Կոզիրյոկ»-ում...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Ամառվա մի օր, կեսօրն անց, «Կոզիրյոկ» սրճարանի մի հովանոցի տակ նստել ու սպասում էի պատվիրածս մի շիշ ջրին՝ ծարավս հագեցնելու համար։ Շատ մարդ չկար, հեռավոր սեղաններից մեկի մոտ երկուսով նստած տղամարդիկ էին։ Շուտով նրանցից մեկը վեր կացավ, հետևը թափ տալով գնաց, մյուսը՝ շուռ եկավ, նայեց իմ կողմը, ապա մոտեցավ ինձ։

- Ասացին, որ դուք թատրոնի մարդ եք, բեմադրություններ էլ եք անում,- ասաց նա՝ տեղավորվելով աթոռին։ Հասկացա, որ սարքած գործ է. նա, որ հետը նստած էր, գլուխը պրծացնելու համար ինձ մոտ էր ուղարկել մարդուն։

Ես ամառվա շոգից մի թեթև թմրած էի, բայց դե այն աստիճան թմրած չէի կամ հոգնած, որ չհասկանայի սարքած գործը ու չլսեի մի մարդու, որը ներկայացում բեմադրող մեկին էր փնտրում ամառվա այս շոգ օրը, երևի իր մի պիեսի մասին պատմելու համար։ Շատ հետաքրքիր պետք է որ լիներ։

Ահա ևս մեկը, մտածեցի ես, որ կսկսի իր մի հանճարեղ սցենարի կամ պիեսի մասին պատմել։ Իսկ միգուցե իր դեռ չհրատարակված պոեմը կարտասանի նաև։ Շոգին գնալու տեղ էլ չունեի, ու մենակ նստելն էլ մի բան չէր։

- Հա, ի՞նչ կա,- ասացի։

- Մի պիեսի գաղափար ունեմ, որ ուզում եմ մեկը բեմադրի, կվճարեմ, - ասաց։ 

«Կոզիրյոկ» սրճարանը մեծ համբավ ու կշիռ ունեցող վայր էր։ Այսօր էլ նույնն է,

թեպետ այստեղ նստողներից շատ շատերը չկան այլևս, մահացել են։

Այստեղ մեծ մասամբ արվեստի մարդիկ են հաճախում, բայց գալիս են նաև ուրիշները։ Մի օրվա ընթացքում մի հարյուր ֆիլմերի սցենարների մասին է պատմվում, մի այդքան էլ պիեսների մասին, ու դրանցից ոչ մեկը ոչ նկարահանվում է, և ոչ էլ բեմադրվում, բայց պատմում են՝ բոլորն էլ կարևոր, հասարակությանը անհրաժեշտ թեմաներով և վերջապես պետության խելքը տեղը բերելու մտայնությամբ։

Ինչքա՜ն բանաստեղծություններ ու պոեմներ են այստեղ օղու բաժակները ձեռքներին արտասանվել, որ երբեք չեն հրատարակվել։ Թերևս ամենալավերը, որ կարող էին հրատարակվել։ Ինչքա՜ն վաճառված կտավների գներ են այստեղ մի շիշ օղուն մատաղվել, որ տուն չեն հասել։

Պարզապես այստեղ էլ նստողների գլխում ծնվում են մտքեր, սցենարներ, որոնցից կարելի է լավ ֆիլմեր նկարահանել, պիեսներ, որ կարելի է բեմադրել։ Պոեմների և բանաստեղծություների հիանալի սյուժեներ են ծնվում այստեղ, այս աթոռներին նստողներից շատերի մոտ, մինչև անգամ պատմավեպեր հորինվում…։

Նախարարական պաշտոններ նշանակվում, վարչապետի թեկնածուների առաջարկում կամ մերժում եղածներին։ Ահա և աշխարհի զորքերն են այստեղից հյուսիս, հարավ, արևելք ու արևմուտք արշավանքի հրամանին սպասում։ Եվ քանի որ մեզ մոտ այս հարցում միակարծություն չկա, ուստի աշխարհի զորքերը իրենց շահերի ուղղությամբ են արշավում և մեզ միշտ շփոթության մեջ գցում։ Սա է ամբողջը այս սրճարանի մասին, որ կարող եմ կարճ ասել։

Ահա սրանցից մեկը, որ եկավ ու նստեց իմ դեմ-դիմաց։ Մտածեցի, թե սա էլ էն աշխարհի զորքերը աջ ու ձախ տանողներից մեկն է։

Ես ասացի մարդուն, որ սկսի իր պիեսի պատմությունը։ Իմ պատվիրած ջուրը բերեցին, խնդրեցի մատուցողուհուն մի բաժակ էլ բերել պիեսի հեղինակի համար, բայց նա հրաժարվեց։

- Չէ, սպասեք,- ասաց նա,- մեզ երկու բաժակ կոնյակ բերեք, աչիկ ջան։

- Բոլորովին պարտադիր չէ,- ասացի, - ամառվա այս շոգին ի՞նչ կոնյակ, դու

ավելի լավ է սկսիր քո պատմությունը։

- Ես բիզնեսի մարդ եմ, վճարողն էլ ես եմ, դու քեզ լավ զգա, - ասաց նա։

- Լավ, սկսիր, - ասացի, - ի՞նչ գաղափարական պիես է։

- Սկզբից սկսե՞մ,- հարցրեց նա։ Երևաց, որ ես երկրորդը չեմ, որին պիտի

պատմեր։

- Որտեղից կուզես՝ սկսիր։ Ուզում ես՝ բովադակությունը ընդհանրացրած

պատմիր։ Կուզես՝ վերջից սկսիր ու պատմելով հասիր սկզբին, խնդիր չկա, ինչպես կուզես, - ասացի ես։

- Շատ բան չկա պատմելու,-ասաց նա,- եղած-չեղածը երկու ընկերների մասին է,

ախպորս ասեմ։ Երկու դերասանի գործ։ Սա իրական երկու ընկերների պատմություն է։ Երկու ընկերոջ մասին է, մի խոսքով։ Դե, ես կգրեի, բայց գրողականությունս լավ չի ախր։ Բայց սկզբից սկսեմ, հա՞, կարճ՝ հասկանալի չի ստացվի։

- Լավ,-ասում եմ,- սկզբից սկսիր, պատմելով հասիր վերջին, տեսնենք ինչ դուրս

կգա։

- Եթե լավ բեմադրություն սարքես, լավ դաս կլինի շատերի համար,-ասաց նա։

- Ավելի լավ է սկսես պատմությունդ,- ասացի ես։

- Ուրեմն, մի հայաթում ծնված մեծացած տղաներ են, մինչև օրս նույն հայաթում էլ

ապրում են։ Էս խառնակ տարիներին է սկսում ամեն ինչ։ Ռևալյուցիան հենց սկսում է, սրանցից մեկն ասում է՝ խելքդ գլուխդ հավաքի, բախտդ բացվեց, մնում է հայրենիքում, իսկ մյուսը համալսարան-մամալսարան թողնում գնում է չգիտեմ ուր՝ Ղարաբաղ։ Նրանից ի՞նչ կռվող, քթից բռնես՝ շունչը կփչի։ Մի խոսքով, ոնց են ասում՝  Նազարը գնում է պատերազմ։

Էս, որ մնում է հայրենիքում, ձեռքն էստեղ-էնտեղ է գցում, եղածից մի բան էլ ինքն է իրեն վերցնում, սկսում է բիզնեսով զբաղվել։

- Պատերազմ գնացածի հետ ի՞նչ է լինում։

- Կասեմ, վերցրու բաժակդ մի կում անենք, կշարունակեմ։ Հա, աղբորս ասեմ, սա

պատերազմից գալիս է՝ մեդալներով։ Մի ծծած մոմպաս, էնքան նիհար, էնքան, որ տնեցիները սրան հազիվ են ճանաչում։ Պարզ է, պատերազմը հանաք մասխարություն չի։

- Հասկանալի է,-ասում եմ,- երևի պաշտոն բան-ման է ստանում հետո։

- Չէ՜, ի՞նչ պաշտոն։ Սա էլի խելքը տալիս է համալսարան-մամալսարանին։

- Իսկ ապրուստի հարցը ո՞նց է լուծում։

- Ու հենց էստեղից էլ պիեսի սյուժեն սկսում է բարդանալ։

- Ասում ես բարդանում է հա՞, ինչո՞ւ է բարդանում,-ասում եմ,-չէր կարո՞ղ մի

պաշտոն-մաշտոն ձեռք գցել մարդը, ոնց պատերազմից եկածներից շատերն արեցին։

- Նա այն կարծիքին էր մնացել, որ ուսումն է կարևոր իր համար։ Իսկ

տնեցիները բան չունեն ուտելու։ Էդ հողի վրա էլ հերն ու մերը խռովում են տղայից։

- Հաստա՞տ խռովում են, թե՞ էնպես, կատակով,-ասացի,-ախար մեջտեղ լուրջ

բան չկա խռովելու համար։ Տղան կիսատ թողած ուսումն է շարունակում չէ՞։

- Հաստատ խռովում են։ Էն էլ ո՜նց։

- Հերն ու մերը ի՞նչ էին ասում։

- Ասում էին՝ ամուսնացի, գոնե կինդ կաշխատի, մինչև դու կավարտես։

- Իսկ տղայի մտքին կա՞ր ամուսնանալ։

- Հետո էսպես ուրեմն։ Տղան, էդ ամուսնանալու հեռանկարի դարդից,

տեղափոխվում է հեռակա սովորելու։ Էստեղ պետք է հասկանալ, որ տղայի մտքին կա ամուսնանալը։ Բայց աշխատանք չի գտնում։ Էստեղ բեմադրողը պետք մի լավ տրագիկ վիճակ բեմադրի՝ տղայի ապրումները ցույց տալու համար։

- Հասկանալի է,-ասացի ես,-հետո ի՞նչ է լինում։

- Հետո, սրա հերն ու մերը նույն հայաթում ապրող հարևանի աղջկան ուզելու են

գնում։ Պարզ է, աղջիկը չեմ ու չեմ է անում։ Դու պատկերացնում ես չէ՞ տղայի վիճակը։ Էստեղ դու պետք է տղայի ապրումները կարողանաս բեմադրել, ցույց տաս հասարակությանը, թե ինչպես է աղջիկը չեմ ու չեմ արել մեկին, որը գնացել, պատերազմի է մասնակցել և հիմա էլ շուտով համալսարանը կավարտի, բայց արի ու տես, որ աղջիկը պատերազմից մեդալներով վերադարձած համարյա հերոսին համարյա թե մերժում է։ Լավ դերասան է պետք էս դերի համար։ Կարևոր է ցույց տաս՝ էնպես, ինչպես Ռոմեոն էր էրվում-փոթոթվում Ջուլետի սիրուց։

Էստեղ տղան էրվում փոթոթվում է ոչ թե սիրուց, այլ նրա համար, որ չեմ ու չեմ է արել պատերազմում հերոսացած մեկին, հասկանում ես չէ՞։ Նա չի հասկանում, որ աղջկա մտքինը մյուսն է, էն, որ բիզնես ունի՝ հարուստ է, սպասում է նրա առաջարկին։ Իսկ աղջիկը չի կարող իր բախտը կապել մեկի հետ, թեկուզ հերոսի, որն ապագա չունի։ Հասկացա՞ր։ Մեծ բախում է առաջանում հարուստի և հերոսի միջև։ Ուրեմն, դերասանական խաղը շատ կարևոր է էստեղ։ Էստեղ շատ կարևոր է, որ դերասանը մի լավ դերասանական խաղ ցույց տա հանդիսատեսին։

- Աղջիկը չեմ ու չեմ է անում պարզապես տղայի խանդը շարժելու համա՞ր, թե՞։

- Դե, ո՞ր հայ աղջիկն է միանգամից համաձայնվում ախր, է՜։

- Լավ, հասկացա, ադաթի սովորությունով ուրեմն։

- Ասացի չէ՞, որ աղջկա մտքին մյուս տղան է։ Հասկանալի է, որ բիզնեսմենին է

ուզում, բայց բիզնեսմեն տղան նրան չտեսնելու է տալիս՝ մտածված, սպասում է, որ աղջիկն ինքն իրեն առաջարկի, իմացա՞ր։

- Իսկ աղջիկը գոնե սիրուն է՞։

- Աղջկա դերակատարուհին պիտի էնպես բարեմասնություններով լինի՝

սեքսուալ։

- Հասկացա, Բրիջիդ Բարդոյի պես մեկը։

- Աչիկ ջան, մեզ երկու բաժակ կոնյակ,-ասաց նա ձեռքը վեր բարձրացնելով,

ցուցամատն ու միջնամատը խաղացնելով։

- Իսկ ի՞նչ է լինում տղայի հետ,-ասացի,-տղան ավարտում է՞ համալսարանը։

- Ավարտում է, ավարտում, բայց ապրելու հնար չունի։ Վերջը ո՞ւր պիտի գնա,

գալիս է մյուսի ոտքը։ Հասկանում ես չէ՞, ինչի։

- Պարտքով փող վերցնելու երևի, հա՞։

- Չէ, պարտքով վերցնի հետո ո՞նց պարտքը հետ կտա, որ աշխատանք չունի։

Էստեղ մյուսը, երկրի շահերից ելնելով, բոլոր դասակարգային հակասությունները մի կողմ է դնում, սրան աշխատանք է առաջարկում իր մի նոր փոքր կրպակներից մեկում՝ միրգ ու բանջարեղեն ծախելու։ Սա պետք է կարողանաս ցույց տաս, որ երկրում դասակարգային հակասությունները սկսում են վերանալ աստիճանաբար։

- Իսկ ի՞նչ է լինում համալսարանի դիպլոմի հետ։

- Մի փոքրիկ երկիր ենք, որ բոլորը դիպլոմավորներ դառնան, բա ո՞վ պիտի բարիք

ստեղծի, հը՞, քեզ եմ հարցնում։ Շան գլուխը հենց էստեղ է թաղված, պիեսի վերջաբանում։

- Լավ, տղան սկսում է միրգ ու բանջարեղեն ծախել։ Հետո՞։

- Ծախելն էլ գիտություն է չէ՞, գիտես։ Համալսարան-մամալսարան ավարտելը

էստեղ չի անցնում։ Դե, էստեղ բիզնեսմենը էս համալսարան ավարտածին բացատրում է վաճառելու սկզբունքը։ Այսպիսի մի դիալոգ է գնում երկուսի միջև։

- Ոչ մի ապրանքի վրա գին չես դնում, դո՛ւ գիտես միայն, որը ինչ գին ունի։ Հաճախորդը ներս է մտնում։ Դու սկսում ես ուսումնասիրել հաճախորդին աչքի պոչով. եթե հաճախորդը սովորական հաճախորդ է, պայմանավորված գնով ես վաճառում, իսկ եթե տեսնում ես մի շքեղ մեքենայից է իջել, ցույց տուր իրեն, որ իրեն որպես մշտական հաճախորդի ես տեսնում և այնպես արա, որ կողքի մարդիկ էլ դա նկատեն, իսկ մարդը, իրեն շոյված կզգա, դրանք՝ հարուստները,  իրենց հասցեին ասված հաճոյախոսությունները սիրում են։ Ուրեմս, դրանց նմաններին գնից մի երկու անգամ էլ ավել ես ասում։

Էսպես սրան խելքի բերում, ինքը թողնում գնում է։

- Դե՛, ինչպես է գործը գլուխ բերում համալսարանականը։

- Էս ինտիլիգենտը, ուրեմս, երեկոյան գալիս է հաշվետվություն ներկայացնում

մյուսին. Թե, այսքան ապրանք եմ ծախել էն գնով, ինչ գնով որ պայմանավորվել ենք, էս էլ քո փողը։ Փողը հաշվում դնում է սեղանին։

- Լսի, ասում է մյուսը, - էս որ էսպես ինչ գնով որ ես քեզ տվել եմ, դու էլ նույն գնով ծախես, բա քո աշխատավարձը ո՞վ պիտի տա։ Նորից հակասությո՜ւն։

- Հետո ի՞նչ է լինում։ Տղան հասկանում է ինչն ինչոց է։

- Պետքս չի, - ասում է, - ես իմ գործը ինչպես հարկն է, արել եմ, - ու թողում գնում

իրենց պատշգամբում պառկում քնում է։ Ես էլ այ սրանց նմաններին բան հասկացնելու համար հրաշալի վերջաբան եմ մտածել։

- Պառկում քնում է ու չի՞ արթնանում, - հարցրի ես։

- Չէ՜, կռվում հերոսացածներին պետք է արթնացնել, ինքնագիտակցությունը տեղը  բերել։ Տեսնեմ ի՞նչ կասես, լավ ֆինալ եմ մտածել։

Նա էլի ձեռքը վեր բարձրացրեց ուշադրություն գրավելու համար։ Երբ մատուցողուհու և իր հայացքները հանդիպեցին իրար, ձայն տվեց.

- Աչիկ ջան, երկու բաժակ կոնյակ մեզ,-ասաց երկու մատները խաղացնելով։

Մենք կոնյակը գլխներիս քաշեցինք։

- Դու լավ կլիներ գրի առնեիր ասածներս։

- Խնդիր չկա, հիշողությունս տեղն է, - ասացի։

- Ուրեմս, սա գնում է պառկում ու քնում։ Էստեղ, էն, որ հեքիաթներում,

կինոներում լինում է չէ՞, որ մի բան փոխվելուց առաջ երկնային ուժերն են խառնվում, սոդոմ գոմոր է լինում։ Էստեղ դահլիճը մթնեցնում ես, բեմը տարբեր գույնի լույսերով լցնում, ու սկսում է լույսերի խառնիխուռն շարժը, խաղը՝ մութ ուժերի ձայների ուղեկցությամբ բեմը սկսում է պտտվել ժամացույցի սլաքների հակառակ ուղղությամբ՝ յոթ անգամ։

Աստիճանաբար սկսում է խաղաղվե՜լ։ Աշխարհը փոխվում է, առաջվանը չի։ Բեմը պտտվո՜ւմ, էլի նույն տեղում կանգնում է։ Երբ կատարյալ խաղաղություն է տիրում, հենց էդ պահին էլ տղան արթնանում է։ Զարթնում է՝ ինքնագիտակցությունը տեղը եկած, տեսնում աշխարհը փոխված, իսկ ինքը էդ աշխարհում՝ կատարյալ էշ։

Նա՝ այդ դրամատուրգը, մի պահ լռեց, ուշադիր ու լարված ինքն իր ասածներից, նայեց աչքերիս մեջ՝ սպասողական, ապա հարցրեց.

- Հը, ոնց էր, ֆինալը հավանեցի՞ր։

- Շունչ կտրելու չափ,-ասացի,-հատկապես, որ տղան՝ հերոսը,  իսկույն

հասկանում է իր ով լինելը։

- Գիտեի, որ կհավանես,-ասաց մարդը,-ամեն մարդ չէ, որ հասկանում է, թե

ինչու են մեր ժամանակների հերոսները հայտնվում հիմար վիճակում։

- Իմ արև կբեմադրեի, եղածը մի մեծ բան չի,-ասացի,-բայց թարսի պես

երեկ հարկայինից եկան, թատրոնի դուռը կապարակնքեցին։

- Ինչո՞ւ,-ասաց նա խիստ զարմացած։

- Օպտիմալացնելու տակ է ընկել, դրա համար։ Թատրոնից օգուտ չկա, ասացին։

- Աչիկ ջան, մեզ երկու բաժակ կոնյակ, - ձայն տվեց մարդը հուսահատ։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ