Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Մի դիպվածի պատմություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
2017-ին «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը հրապարակեց ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի հոգեբուժական էսսեների բացառիկ շարքը: Յուրահատուկ այս ժանրի էսսեները հրատարակվեցին «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին)» ընդհանուր խորագրի ներքո: Այն դեռ կշարունակենք:
Իսկ Վարդգես Դավթյանն այսօր ներկայացնում է իր ճեպադիմանկարների շարքը, որոնք որոշ աղերսներ ունեն նրա էսսեների շարքի հետ: Դրանց մի մասը տպագրվել է նրա՝ ԱՄՆ-ում փոքր տպաքանակով լույս տեսած «Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին» գրքում, որը, սակայն, ընթերցողների մեծ հանրությանը ծանոթ չէ, և այսօր «ՀԱՅԵՐ»-ը դրանց ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:
Եվ այսպես՝ առաջին դիմանկարը. «ՄԻ ԴԻՊՎԱԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»:
Իմ ընտրած մասնագիտության առթիվ անկեղծ և ինքնատիպ էր մեր մեծ բանաստեղծուհու, հայ գրականության Փառանձեմ (ինչպես նրան անվանում էր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը) Սիլվա Կապուտիկյանի հակազդեցությունը: Այս մարդիկ լեգենդ էին դարձել դեռ իրենց ողջության օրոք:
Սիլվա Կապուտիկյանի գրական-գեղարվեստական արտադրանքը, հասարակական-հրապարակախոսական գործունեությունը, հայ գրականությունը և մշակույթը աշխարհին ներկայացնելու կարողությունը նրան օժտել էին հայ ժողովրդի անունից խոսելու չգրված, բայց բոլորի համար ինքնին հասկանալի լիազորություններով:
Նա հզոր բնավորություն ունեցող կին էր և մեն-մենակ կարող էր ընդդիմախոսների մի ողջ բանակի դեմ գնալ: Ես երկար ժամանակ մի տեսակ վախենում էի այցելել բանաստեղծուհուն, քանի որ կարծում էի, որ նա իբրև բազմագիտակ և բոլոր հարցերի պատասխաններն ունեցող անձնավորություն, այլևս չի զարմանում և չի հետաքրքրվում նոր դեմքերով: Սակայն ինձ համար միստիկայի չափ հետաքրքիր էր իմանալ, մասնավորապես, այն օժտվածության գաղտնիքը (գուցե հիմա միամիտ թվա), թե Սիլվա Կապուտիկյանն ինչպես էր կարողանում հրապարակային բանավեճերի ժամանակ վայրկյանապես գտնել և արտաբերել ճշգրիտ խոսքը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ:
Այսպիսի բացառիկ շնորհով պատմության մեջ օժտված են եղել քչերը: Եվ ահա, մի անգամ (ինչպես լինում է նեոռեալիզմի ոճի կինոնկարներում) բանաստեղծուհուն հանդիպեցի բոլորովին պատահականորեն, գրողների միություն տանող մայթին՝ դեմ հանդիման:
- Բարև Ձեզ, տիկին Սիլվա:
- Բարև Ձեզ, երիտասարդ, - ասաց, դեմքը չբարձրացնելով և շարունակելով իր ճանապարհը:
Ինձ թվաց, թե անհարմար վիճակում հայտնվեցի և արագորեն շրջվելով իմ ճամփից, սկսեցի բանաստեղծուհու հետ քայլել իր ուղղությամբ:
- Իսկ Դուք գրում ե՞ք, գրականության հետ կապ ունե՞ք, - լռությունը խախտելով և շարունակելով քայլել, հարցրեց Կապուտիկյանը:
Ես ուզում էի ասել, որ իր հրապարակախոսական արձակի ջերմ երկրպագուն եմ, որ բաց չեմ թողնում նրա ոչ մի հոդվածը, հարցնել, թե նրան ինչպերս է հաջողվում նման փայլուն տեխնիկայով գրել ու էլի նման բաների մասին ... Սակայն իր հարցից սթափվելով, ասացի.
- Ոչ, ես ուսանող եմ, բժշկականի ուսանող:
- Շատ շնորհակալ ասպարեզ եք ընտրել,- շարունակեց քայլերը,- իսկ մասնագիտություն արդեն ընտրել ե՞ք:
- Այո. հոգեբուժություն:
Իմ պատասխանի վրա Կապուտիկյանը դադարեց քայլել, ապա հայացքը դարձնելով ինձ վրա, անսպասելիորեն ասաց.
- Կարո՞ղ եմ Ձեզ մի խոստովանություն անել:
Ապա նայելով Կենտկոմի ճաղապատ պարսպին, որը ճանապարհին էր, շարունակեց.
- Վերջերս մի ժողովում ես անկեղծորեն կարծիք հայտնեցի մի հարցի վերաբերյալ: Ասացին՝ Սիլվան գժվել է ... Այնպես որ, շուտով մենք լավ բարեկամներ կդառնանք ...
Անցնող-դարձող մարդիկ հայացքները բանաստեղծուհուց չէին կտրում: Սիլվա Կապուտիկյանը թեթևակի ժպտաց և ապա ձեռքս սեղմեց, կարծես ի երաշխիք իր քիչ առաջվա ասածի:
Մինչև գրողների միություն մի քանի րոպեի ճանապարհ էր...
Հետագայում ևս փորձում էի հասկանալ այս կնոջ անձի զորության առեղծվածը. արդյոք կամքն է՞ր, գրավիչ խոսելու ուժը՞, մարդկանց վրա ներգործելու, ամբոխին հիպնոսելու կարողությունը՞: Եկա այն համոզման, որ ամենը կարելի է արտահայտել մեկ հատիկ բառով՝ ինտելեկտ:
Սիլվա Կապուտիկյանը բացառիկ ինտելեկտի տեր անձնավորություն էր, ստեղծված լինելով հավանաբար այն նույն նյութից, որից ձուլված էին և հռչակվեցին յուրաքանչյուրն իր բնագավառում, Իրեն Ժոլիո-Կյուրին բնագիտության մեջ կամ Ֆաինա Ռանևսկայան բեմարվեստում:
Վարդգես Դավթյան