Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Մի քանի անհայտ լուսանկար ՀՐԱՆՏԻՑ ու մի չպատմված պատմություն...

 

Կեսգիշերն անց էր: Ութսուներկու տարի առաջ այդ ժամին Հրանտ Մաթևոսյան Մեծն արդեն ծնվել էր: Ծնվել էր գոմում. «...Ժամանակը աղքատ է եղել, և ծնվել եմ գոմում, գոմում եմ ծնվել... Էդ իմ վիպակներից մեկի մեջ կա: Գոմի վերևի մասը տվել են մեզ՝ հորս, մորս, նոր ծնված Հրանտ Մաթևոսյանին, ներքևի մասը տվել են գոմեշներին: Իմ գոմեշին գուցե էդտեղից եմ վերցրել...»: Հայրիկ Մուրադյանին եմ հիշում. «Աշխարհի շեն վըր գութնին էր, գութան չըլներ`աշխարհն ինչ էր....»:

Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով զանգահարում եմ Հակոբ Բերբերյանին՝ Հրանտից լուսանկար եմ ուզում, չտպագրված, չհրապարակված, անհայտ: Չգիտեմ, Հակոբն ունի՞ էդպիսի լուսանկար, թե՝ չունի, բայց ուզում եմ: Երեսունհինգ տարվա ընկերոջ իրավունքով եմ ուզում: Ու Հակոբ Բերեբրյանը գիշերը չի քնում, քրքրում է երեսուն հինգ տարվա արխիվները: Ի՞նչ մի քնելու գիշեր է. Հրանտ Մաթևոսյան Մեծի գիշերն է, քնելս ո՞րն է: Բոլոր հավատացյալներն էլ չէին քնել: Հրանտ Մաթևոսյան Մեծի հավատացյալները: Իսկ ինքը հավատացյալ էր. «...Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում»:

Հակոբ Բերբերյանից դեռ ձայն չկար: Արխիվների մեջ էր: Ու Հրանտ Մաթևոսյան Մեծի գիշերվա լռության մեջ հիշում եմ մի չպատմված պատմություն:

1994-ն էր: Կարծեմ 94-ն էր: Թումանյանի սիրտը տանում էինք Դսեղ: Երևանից շարասյուներ էին գնում: Հրանտն էլ գնացողների մեջ էր: Թումանյանի սիրտն էր: Շատ խորհրդավոր, շատ տիեզերական օր էր: Թումանյանի սիրտը Դսեղին հանձնելուց հետո անտառների մեջ մի տեղ սիրուն սեղան էին գցել: Երկար, գյուղական սեղաններ՝ իշաոտնուկներով, գյուղի հացով: Երևաններից եկածներ էինք, մի կտոր հաց պիտի ուտեինք, Թումանյանի մասին խոսք պիտի ասվեր, Թումանյանի հոգու հանգստության համար մի բաժակ պիտի խմվեր:

Ես բախտ ունեցա, որ սեղանին նստեցի Հրանտ Մաթևոսյան Մեծի կողքին, ձախ ձեռքի տակ: Իմ ձախ ձեռքի տակ էլ իմ ընկերն էր՝ հեռուստատեսության մեր ղեկավարներից մեկը՝ ինժեներ տղա՝ նուրբ, կազմվածքով՝ նիհար, Վարպետի ներկայությունից քաշված:

Վարպետը խոսում էր, Թումանյանից էր խոսում, կենաց էր ասում: Ափսոսում եմ, որ մեր գենետիկ անփութության մեղքով Վարպետի խոսքը չէի ձայնագրում, գրի չէի առնում: Մեր էս գենետիկ անփութությունը չգիտեմ, թե ուր է տանելու մեզ, որովհետև այդպես էլ ծուլորեն չենք ուզում գտնել մեր գենետիկայի վրա իշխող այդ անփութության գենն ու դնել իր տեղը:

Սեղանին գյուղի հաց էր՝ քաղաքից մեկ-երկու բան կար միայն՝ երշիկ, բաստուրմա, սուջուխ ու էդ կարգի բաներ:

Ինժեներ ընկերս երշիկ, բաստուրմա էր դնում լավաշի մեջ: Անընդհատ ասում էի, լսի, էս գյուղի պանրից կեր, սրանից երևաններում չկա, էս արաժանից կեր, թթվասերից կեր, մածունից կեր, ղավուրմա կեր: Ինքը երշիկն էր դնում լավաշի մեջ: Գոնե ձու կեր,-ասում էի,-էս ձվից էլ երևաններում չկա: Էդ երշիկից ամեն տեղ կա, Երևանում էլ կա, երևանում կուտես: Սեղանին նաև լավ օղի կար, մաքուր քաշած օղի էր: Հետո նաև մեղրամոմով մեղր բերեցին, թթու՝ գյուղի տանը դրած թթու:

Իմ ինժեներ ընկերն էլի իր երշիկ-բաստուրմային էր: Հերթական անգամ, որ ասացի, լսի, գոնե մեղր կեր, կամ թթու կեր, գնալու ենք Երևան, էլ չես տեսնելու էս կարգի բաներ, Վարպետը շրջվեց դեպի ընկերս ու հարցրեց. տղա ջան, դու որտեղացի՞ ես:

Ուրեմն Վարպետն էդ թոհ ու բոհի մեջ, Թումանյանի մասին խոսքերի արանքում ու կենացների տարափի տակ իմ ու ընկերոջս «կռիվը» տեսել-լսել էր: Ապշեցի:

Ընկերս նայեց Վարպետին ու մի քիչ համարձակություն առած, մի քիչ էլ՝ ինքնավստահ ու հպարտ, ասաց. երևանցի

-Ոչինչ, ոչինչ,-ասաց Վարպետն ու շրջվեց իր գործին:

«140 տարի առաջ իմ Օհանես պապը եկել-հիմնադրել է մեր Ահնիձոր գյուղը: Զորայր Խալափյանն ասաց՝ չե՞ս կարծում, որ Ահնիձորը հնչյունափոխված Օհանաձորն է: Գուցե իրոք այդպես է: Ես ուզում եմ կրկնել իմ պապի փորձը գրականության մեջ՝ հիմնել իմ գյուղը, և վստահ եմ՝ որ հաջողելու եմ: Երբ ես եկա՝ Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելության մեջ է, քանի ես կամ՝ Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու: Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ...». ասում է Հրանտ Մաթևոսյան Մեծն ու հարցին էլ, թե՝ «- Ինչի՞ց կուզենայիք փրկել ծմակուտցի և ոչծմակուտցի մարդուն»,-պատասխանում է. «...Հավակնոտ այն մշակույթից, որ բանակներ է գումարում, իր իդեալները զենքով տանում ուրիշի երկիրը, փաթաթում մարդկանց վզին, կարծես մարդուց էլ մեծ իդեա կա: Հիշենք և նզովենք Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոնին, Հիտլերին: Սարսափելի բան է, երբ այդ համաճարակային «իդեաները» մեծ ազգերի մեջ են բռնկվում...»:

Հակոբ Բերբերյանը յոթ ոչ հայտնի լուսանկար էր գտել Վարպետից ու հինգ լուսանկար էլ Վարպետի Ծմակուտից՝ Ահնիձորից: Ամեն գտնված լուսանկարի հետ ֆեյսբուք «համաճարակային իդեայի» մեսինջերի ծնգոցը խախտում էր գիշերվա լռությունը: Վերջնական հաստատումը լուսադեմին եղավ:

Ես որտեղի՞ց գիտեի, որ Հակոբը չհրապարակված լուսանկարներ ունի...  

1989-ին մեր ժուռնալիստ ընկեր Սարո Գյոդակյանի հետ՝ Սարո Գյումրեցին, որ վաղուց արդեն Լոս Անջելես Հայաստանում է, Հակոբ Բերբերյանը գնացել էր Վարպետին հյուր: Սարոն հարցազրույց էր անելու, Հակոբը լուսանկարելու էր: Վարպետը շատ հանգիստ է տանում, որ Հակոբն անընդհատ լուսանկարում է, ասում է. «ես իրեն հասկանում եմ, իր գործը հասկանում եմ: Պիտի շատ նկարի, որ իր ուզածը գտնի»: Մեկ էլ Հակոբը Վարպետին լուսանկարել էր մի 16-17 տարի առաջ՝ Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշչյանի ու Վարպետի ընկեր գրականագետ Լևոն Մկրտչյանի հետ:

Իսկ Ահնիձորի ժամանակ Հրանտ Մաթևոսյան Մեծն արդեն չկար: Հակոբ Բերբերյանն Ահնիձոր էր գնացել աշնան մի հրաշալի օր՝ Վարպետի ասած «լիքը» աշնան մի օր: Հակոբի լուսանկարներից մեկում Ահնիձորը կապույտ գույն ունի ու կապույտի վրա Հրանտի անտառների գույներն են՝ մետաքսե ընտիր խաս շալի մի հորինվածք: Հակոբն ասում է. «հորինվածք չկա: Չգիտեմ, թե ոնց ստացվեց կապույտը: Ահնիձորում էի, Վարպետի տուն մտանք: Հետո ուզեցի այն անտառները նկարել, որ Վարպետի գրի մեջ էին»:

«...Տասնչորս տարեկան տղա էի, ուժեղ չէի, բայց քանի որ այդ պահին 8–11 տարեկանների մեջ էի, ուրեմն ամենաուժեղն էի, և մաճկալը հերկը տվեց ինձ, ինքը գնաց որսի. հիմա էլ ականջներիս մեջ է ինչպես էր գութանի տակ հողը ղռռում. վերևում լուսինն էր, լուծի վրա՝ երեխեքը. մե՛ր հունձն էր, մե՛ր հողն էր, վարում էինք... Լծան վրա տղերքը ննջում ու մեկ-մեկ հասած տանձի պես կաթում էին: Դրանք բոլորն էլ հետո կարգին մարդիկ դարձան: Անխտի՛ր բոլորը...»:     

Կուզեի, որ Հրանտ Մաթևոսյան Մեծը նաև ֆիզիկապես անմահ լիներ, բայց Հրանտն ասում էր . «Աշխարհն էն է, ինչ որ կա, իմ կարծիքով չի...»: 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ