«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
ՄԻՆԱՍԻՑ՝ Նարեկ. երկար ճանապարհ...
Հեռավոր 86-ի հունվարին, «Երեկոյան Երևան» թերթի երիտասարդ ժուռնալիստիս կյանքում տեղի է ունենում մի իրադարձություն, որը, նույնիսկ տեղի ունենալուց հետո, թվում է անհնարին, անհավատալի ու անիրականանալի:
Տարիների սպասումից հետո ես երկյուղածորեն ու սրբազան ակնածանքով մուտք եմ գործում Մինասի՝ Մինաս Ավետիսյանի, Նալբանդյան փողոցի տան վերնահարկում գտնվող հայտնի արվեստանոց. առեղծվածային ու խորհրդավոր այն արվեստանոցը, որում 1972-ի հունվարյան այրվող գիշերից հետո մոխրացան Մինասի հարյուրավոր կտավներ, և Մինասի այրու՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանի, հետ զրույցների երկու օր անցկացնում այն պատերի մեջ, ուր աշխատել էր Մինասի միտքն ու ձեռքը:
Գայանեն պատմում էր, թե ինչպես է Մինասը, որ «Գայանե» բալետի սքանչելի նկարչական ձևավորումն էր արել, Արամ Խաչատրյանի կողմից ղեկավարվող «Գայանե»-ի պրեմիերան հասցրել հենց իր ծննդյան օրը, ու ինչպես էր վարդերի ահռելի մեծ փունջ նվիրել իրեն: Ցույց էր տալիս, թե կարպետների ինչ նմուշներ կային արվեստանոցում, որոնք սիրել էր Մինասը ու որոնք կիրառական արվեստի շատ յուրօրինակ նմուշներ էին: Ցույց էր տալիս արվեստանոցի պատերին փակցված Մինասի գրություններն ու տարբեր հեռախոսահամարներ: Խոսում էր Մինասի «Տեսիլ»-ի մասին, ուր կարծես նկարիչն էր պառկած մահվան մահճում ու գլխավերևում կանգնած էր կինը: Հիշում էր, թե ինչպես է Մինասի մայրը մահացել Մինասից հինգ, թե յոթ տարի առաջ՝ նույն ամսին ու նույն օրը, ինչպես էր 86-ին Մինասի 98-ամյա հայրն իր ողջ հիշողությունը դեռևս պահպանած պատմում անցյալի իրողություններից ու այսպես շարունակ...
Այդ զրույցներից ծնվեցին «Այս տանն ապրել է...» մտորումները, իսկ արդեն 88-ին, երբ ազգային զարթոնքն իրականություն էր, Մինասի «ներկայությունը» ոգեշնչման այդ օրերում արձանագրվեց նրա անհատականով, ու, եթե չեմ սխալվում, հենց այդ զգացողություններով ծնվեց «Նրա կտավները հիմն են արևին...» սարյանական գնահատումով վերնագրված հոդվածս, որը նույն օրերին տպագրվեց «Երեկոյան Երևան»-ում:
Ես այս ամենը չէի հիշի, եթե չմտաբերեի 86-ին դեռևս 17-ամյա Նարեկի՝ Մինասի կրտսեր որդու հայացքը, որ մինասյան ընտանիքում մեծացած երիտասարդի զսպվածությամբ մերթ ընդ մերթ մոր կողքին խոնարհորեն հետևում էր մոր պատմություններին, հավանաբար իր ներսում կերտելով այդ պատմությունների սեփական աշխարհը:
Հիմա հայտնագործություն արածի նման եմ կարդում 1981-ի մարտին Սերգեյ Փարաջանովի թողած գրառումը՝ «Մինասը ողջ է և ապրելու է Նարեկի կերպարում»:
Փարաջանովի այս մարգարեական հայացքի կերպավորումը ժամանակի մեջ՝ 33 տարի անց, տեսնում եմ Նարեկի «Ջաջուռյան կտավներ»-ում: Ես դա տեսել եմ Նարեկի տարբեր տարիների գործերում, Նարեկի մտածողության մեջ, վերացարկումներում, Նարեկի կենսակերպում, նույնիսկ՝ քայլվածքում ու խոսքում, ձայնում ու հայացքում... ու Մինասին կյանքում չտեսածիս համար չկա Փարաջանովյան մարգարեության հետ հաշտ չլինելու ոչ մի նշույլ անգամ. «Մինասը ողջ է և ապրելու է Նարեկի կերպարում»:
Բացվում է պատկերասրահի դուռն ու «Ջաջուռյան կտավներ»-ից բոցավառվում է շուրջդ: Մի անտես քամի կարծես շաղ է տալիս մեծ բուխարու անթեղված կրակը, քուրայից թռած կայծը հրդեհում է, ու «Արևի հիմն»-ի «հնչյունները» շարունակվում են՝ հնչելով նոր ժամանակի մեջ, նոր ժամանակի ելևէջներով, ձևերով ու պատկերներով, նոր ժամանակի աղմուկներով, նոր ժամանակի խիստ իրատեսականությամբ ու գործնականությամբ, նոր ժամանակի կերպի որոնումներով, բծախնդրությամբ ու անհաղորդությամբ, բայց միևնույն է՝ գծի մեջ կա տաք հիշողությունը՝ տան, կտուրի, թոնրի, սրբապատկերի, մոր դեմքի, կնոջ մարմնի, մամի հայացքի, երդիկի տաք հիշողությունը:
Ջաջուռյան այրված, մոխրացած կլոր սարագլուխների, դարավանդների, այգիների ու պարտեզների, խանձված ցորենի անծայր թվացող դաշտերի հիշողությունը կա՝ կարմիր, կարմիր, կարմիր: Կապույտին տվող կարմիր, դեղինին տվող կարմիր, ծիրանիին տվող կարմիր: Ու ոչ թե մայրամուտի, այլ բոցավառման, կրակի, այրումի, հրդեհի կարմիր...
Ի՞նչ է Ջաջուռը Նարեկի համար: Ի՞նչ է Ջաջուռը Նարեկի արվեստում:
Ջաջուռը գենետիկ կոդ է, գենետիկ հիշողություն, որ ապրում է գենետիկ գույնի միջոցով:
Սա այն գենետիկ ամբողջականությունն է, որ երբեք մուտացիաների չի ենթարկվում, չի ձևախեղվում, չի ձուլվում որևէ կերպի մեջ:
Այո, Ջաջուռից լսվող ձայները, Ջաջուռի լռությունը, Ջաջուռի քամիներն ու լերկ սարերը, Ջաջուռից եկող պատկերները նոր ձև են ստանում Նարեկի արվեստում, գծի նոր որակ, պատկերի նոր ուրվագիծ, բայց միևնույն է, դրանք դառնում են «Կարոտ» ու «Ստվերներում թաքնված հուշեր», դառնում են «Ազատ ձևերի խաղ» ու «Արտահայտչապաշտություն», «Ձևափոխություն» ու «Տարերքներ», «Մտապահում» ու «խառնվածք»...
Ու «Ջաջուռյան զգացողություններ»-ը ոչ միայն մնում են Նարեկի մոտ, ոչ միայն Նարեկինն են մնում «Ջաջուռյան էություն»-ն ու «Ջաջուռյան խորհրդավորություն»-ը, այլև մաս են կազմում յուրաքանչյուրիս էության, յուրաքանչյուրիս շուրջ հյուսվող խորհրդավորության:
«Ուշ անտիկ դարաշրջանի և վաղ քրիստոնեության խաչմերուկում այսպիսի մի հասկացություն գոյություն ուներ՝«ստրոմատներ»: Սա մի տեքստ է, որը նման է վերմակի կամ երփներանգ գորգի: Ստրոմատային մտածելակերպին բնորոշ է մշակույթի՝ համաշխարհային անցումային շրջանը: Այդ թվում՝ դեպի պոստմոդեռնիստական մշակույթ կամ ուղղակի պոստմշակույթ...
...Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավները» նույնպես յուրահատուկ պոստգեղանկարչային ստրոմատներ են: Սա գեղանկարչության ավարտի մասին մարգարեություն է և նոր թռիչքի ապերցեպցիա: Ջաջուռը նկարչի Genius Loci-ն է: Լոկուս, որի մեջ միախառնվում են տոպոսի և ուտոպոսի ուղիները...:
... Ջաջուռը մի վայր է, «որը կա» և «որը չկա»: «Կա» միայն Նարեկ Ավետիսյանի կտավներում: Սա Ջաջուռի քարտեզագրությունն է...»,- ցուցահանդեսի հրաշալի պատկերագրքում գրում է Դավիթ Անդրիաձեն՝ արվեստագետ, արվեստի քննադատ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր:
«Ես գրեթե միշտ աշխատել եմ շարքերով: Այն ինձ տալիս է դրանով ապրելու հնարավորություն: Եղել են շարքեր, որոնց վրա աշխատել եմ չորս, հինգ, նույնիսկ յոթ տարի: Այդ տարիներն ու ամիսներն ինձ համար մի նոր իմաստ են ձեռք բերում՝ փորձում եմ այդ զգացմունքի, մտքի հետ կապված ամեն ինչ համադրել, գտնել, համեմատել, վերանայել: Կյանք է, որով պիտի ապրես: Եվ ամեն անգամ արվեստն ինձ համար վերագտնում է իմաստ, որովհետև այս ինդուստրիալ կամ հետինդուստրիալ ժամանակաշրջանում, պոստմոդեռնիստական և այլն, այնքան սինթետիկ է դարձել աշխարհն ու այնքան կոնցեպտուալ, որ մենք կարծես արդեն ուրիշ դարաշրջանի մարդիկ ենք և մեր մեջ պիտի կարողանանք վերագտնել մի գեղեցիկ իմաստ, մի իսկական ներսից բխող զգացողություն:
Եվ ես ոչ թե այն համարում եմ լավ, կամ՝ վատ, սխալ, կամ՝ ճիշտ, այլ փորձում եմ ծառայեցնել իմ ստեղծագործական ռիթմին:
Ինձ հարազատ է այդ մոտեցումը: Ու տարիների մեջ պարզվեց, որ երկար ու շարքերով աշխատելն ամենաբնական վիճակն է, որում հայտնվում եմ:
Այս շարքի մասին ուզում եմ ասել, որ այն շատ է գերադասելի եղել ինձ համար: Այն ինքնաբուխ մի դրսևորում էր: Երկար տարիներ՝ միգուցե ջաջուռյան ներհայեցի հուշերի հետ կապված, անձնական վերապրումների, մանկության ու պատանեկության հետ կապված, պատկերացումն է, որ ես զսպել եմ, թաքցրել, երբեմն չեմ իմացել ինչպես դրսևորել և այլն:
Այսօր չես կարող վերցնել ու Սասունցի Դավթի արձան քանդակել: Մի քիչ նոնսենս կլինի: Եթե պետք է անես, ուրեմն այն ներսից պիտի գա և ձևը պետք է լինի ուրիշ ու՝ շատ ուրիշ: Կամ գոնե այնպես, ինչպես կպատկերացնես տասնամյակներ անց տրանսֆորմացված: Ավանգարդիստականը պատանի տարիքում, երիտասարդության շրջանում անցել եմ ընկերներիս հետ և անցել եմ առանց կոմպրոմիսների, զիջումների: Ինձ համար լեզվամիջոց գտնելը շատ դժվար չէր, կարևորը անկեղծությունն էր, որ աղբյուրի նման պետք է բխեր ներսից:
Հեղափոխական իրադարձություններն ինձ շատ օգնեցին: Մեր ժողովրդին այդքան միասնական արցախյան շարժման օրերին էի տեսել, բայց այն ժամանակ ուրիշ հոգեվիճակ էր: Միասնական ոգին կար, բայց այն ուրախությունը, որ հեղափոխության օրերին եղավ, չկար: Եվ այդ լիցքերը, որ ժողովրդից էր գալիս, շատ իրադարձական դեր ունեցան ինձ համար». Նարեկ Ավետիսյան ստեղծագործողի բարձրաձայն մտորումներն են՝ անկեղծ այնքան, որքան գույները, գիծը, ապրումը, զգացողությունը, որքան «Ոգեվառ» նախատիպային շարքի նյարդը:
«Նարեկի արվեստը հասնում է սրտին և գիտակցությանը, այն նաև իր մեջ կրում է սեր հերոսական ու սուրբ ավանդույթների հանդեպ: Ես համոզված եմ, նրա ստեղծագործությունները կայացնում են նախանձելի հայկական և ոչ միայն հայկական ժամանակակից արվեստի ժառանգություն...
...Նարեկը կայացած նկարիչ է, միջազգային մակարդակի մեծ պրոֆեսիոնալ...»,-գրում է արվեստի տեսաբան, Կարարայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպին:
Հիմա կրկին վերադառնում եմ հեռավոր 86-ին, երբ Գայանե Մամաջանյան նկարիչը չէր խոսում Նարեկի մասին, իսկ Գայանե Մամաջանյան մայրը Նարեկի մասին խոսում էր թաքուն սպասումով և ինձ համար Մինասից՝ Նարեկ ճանապարհը ձգվում է որպես երկար մի ճանապարհ: Ճանապարհ, որի կենտրոնում հիշողությունն է, գենետիկ հիշողությունը, որը տվյալ պարագայում նաև գույնի տեսք ունի և միայն այդքանը... ու կենտրոնից ճանապարհները ճյուղավորվում են բազում ոլորաններով, որոնք ժամանակի ու տարածության մեջ հեռանում են կենտրոնից՝ կարծես անվերադարձ, խզումների մեծ սահմաններով, ընկալումների անչափելի մեծություններով, իրականության այլ մտապատկերներով:
Բայց ճանապարհները նաև հատվելու հատկություն ունեն, որոնք այս պարագայում հատվում են՝ յուրաքանչյուրն իր սկզբունքի ու հպարտության մեջ միայնակ, անհատապես, անձնային ու բացառիկ:
Հ.Գ. «Ջաջուռյան կտավներ»-ի ցուցադրությունը «Արամե» պատկերասրահում էր՝օժանդակությամբ նաև արվեստի կոլեկցիոներներ Արսեն Միքայելյանի և Ալբերտ Հակոբյանի:
Իսկ ցուցահանդեսի պատկերագիրքը հրատարակվել էր Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ:
«Նարեկ Ավետիսյանին այլ հավասար պայմաններում շատ ավելի դժվար է եղել իր հաստատուն տեղը զբաղեցնել հայաստանյան բազմաշերտ և հարուստ կերպարվեստի համայնապատկերում, քան այլ որևէ նկարչի: Նարեկը Մինասի որդին է, և դա նրա համար և՛ հզոր թռիչքուղի է, և՛ բարձրագույն նշաձող, և՛ գերբնական սահմանափակում...». գրում է Արմեն Դարբինյանը:
Արայիկ Մանուկյան