Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Մկրատը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Հեռավոր անցյալում էր։ Ընկերոջս հորաքույրն էր մահացել։ Խնդրեց միասին գնալ Արցախի այդ գյուղը, որտեղ ապրել և մահացել էր իր հորաքույրը։ Գնացինք երկուսով, իր երիտասարդությունը ժամանակից շուտ մաշած ու հոգնած «Մոսկվիչ-12»-ով։ Հարազատներից  այլ մարդ չկար մեզ հետ, հետագայում էլ պարզվեց, որ գյուղում էլ մեկ-երկու արյունակցից բացի ոչ ոք չուներ։ Երեկոյան կողմ տեղ հասանք։ Տան բակում մի քանի զույգ մարդիկ կային կանգնած, որոնք կարծես աշխուժորեն զրույց էին անում։ Երբ ընկերս ծանոթացրեց իր հորաքրոջ ամուսնու հետ, մարդը այնքան էլ սգավոր մարդու տպավորություն չթողեց. բեղի տակ ժպտալով ձեռքը մեկնեց ինձ։ Արդեն բավական մութ էր։ Գյուղի մարդիկ իրենց տան հոգսերը վերջացրել, ադաթի կարգի համաձայն կամաց-կամաց հավաքվում էին։ Կանայք ներս էին անցնում սենյակ, որտեղ մահացածն էր, տղամարդիկ դրսում զրույցի էին բռնվում իրար հետ։

Մեռելատանը՝ ինչպես մեռելատանը։ Մահացածին տնից դուրս հանելուց առաջ բոլորս ներս գնացինք։ Սենյակի մի անկյունում էլ ես նստեցի։ Մեկ էլ, մի ծեր կին եկավ կողքիս նստեց, թեքվեց դեպի ինձ ու ուշադիր նայեց դեմքիս։ Տեսավ, որ անծանոթ եմ, սկսեց հարցուփորձ անել՝ ում տղան եմ, որտեղից եմ, հերս-մերս ովքեր են, պսակված եմ, թե՝ ազապ և այլն։ Գյուղավարի հարցուփորձ։ Էդ միջոցին, մահացածի ամուսինը ներս մտավ, ձեռքին մի մեծ դերձակի մկրատ։ Տարավ էս մկրատը դրեց մահացած կնոջ կրծքին խաչած ձեռքերի տակ ու ինքն էլ գնաց մի անկյունում նստեց։ Մտածեցի, թե երևի դերձակ է եղել, համոզվելու համար կողքիս նստած ծեր կնոջը հարցրի.

- Տատի՛, դերձակի մկրատը էս ինչի՞ դրեց, դերձակ է՞ր։

- Դերձա՞կ, - ասաց տատը,- հարյուր տարի է հարևանս է, ձեռքում ասեղ բռնած տեսած չկամ։ Մարդու փոխանն ու շալվարը ուրիշ կնանիք էին կրկատում։

- Ձեր գյուղում ադաթ ա՞, մահացած կնոջ հետ մկրատ դնելը։

- Չէ՛, տղա ջան։ Սա շատ իր ասածին կնեգ էր, սարթ կնեգ էր, ասեմ, բայց ղոչաղ, անող-դնող, մտքին մի բան դներ՝ կաներ։ Կոտր չընգնող կնեգ էր, դժվարությունից չվախեցող։ Ճամփա գնար, սարի հանդիպեր՝ ճամփան չէր թեքի, սարի վրայով կանցներ։ Ի՜նչ ասեմ, լեզվից թռած խոսքը սխալ էլ լիներ, խոսքը հետ չէր վերցնի։ Մարդու հետ շատ էր հակառակվում։ Մարդը ինչ ասեր՝ հակառակը կաներ։ Մարդը ճաշը աղի չէր սիրում, միշտ աղը շատ կգցեր։ Թան ուզեր՝ ջուր կտար։ Էլ ինչ ասեմ, օգոստոսի արևին աշխատելիս, մարդը ասեր՝ արևը վառում է, նստենք ծառի շվաքումը, ինքը կգնար արևի տակ կնստեր, ես մրսում եմ՝ կասեր։

Էս մեռնելուց  առաջ էլ, մարդը ուզում է գնալ  անտառ ցախ անելու, կնգանն էլ կարգադրում է, թե կեսօրից հետո գերանդին ու օրաղը (մանգաղը) կվերցնես կգաս էսինչ տեղը, որ մի քիչ խոտ էլ հնձենք,  նոր տուն գանք։ Սա էլ գերանդին վերցնում, շիլ ա գցում, թե ինչ, օրաղի տեղը մկրատն ա վերցնում գնում։ Հանդիպում են պայմանավորված տեղում։ Դե, անտառ, սարին տեղ, ծաղիկ ու խոտ, մարդու մտքով ուրիշ բան ա անցնում։ Էստեղ կինը մարդուն մոտ չի թողնում, թե ինչ, մարդը հերսոտում ա։ Չի իմանում, թե կնգանը ինչում մեղադրի՝ հերսը թափի։ Մեկ էլ մարդը տեսնում ա, որ կինը օրաղի տեղակ մկրատ ա  բերել։

- Ախճի,-  ասում ա մարդը,- որտե՛ղ ես տեսել, որ խոտը մկրատավ հնձեն, որ օրաղի տեղը մկրատն ես բերել։ Չգիտե՞ս, որ խոտը գերանդիով կամ էն տեղերը որտեղ գերանդին չի աշխատի, օրաղով են հնձում։

- Շաշ գլուխդ թաղեմ,- ասում ա կնեգը,- մինչև հիմա չգիտես, ո՞ր խոտը մկրատավ կհնձեն։ Իր ասածին ա չէ՞։ Էստեղ մարդը ասում ա՝ օրաղով, կնեգն ասում ա՝ մկրատավ։ Էսպես մարդ ու կնեգ էնքան են վիճում, որ մութն ընկնում ա։ Իրիգունը տուն գալիս, հունց ա պատահում, կնգա ոտքը սլկհում ա, ընկնում Սարսանգը։

Մարդը լող տալ չի իմանում, ինչ անում ա չի անում, չի կարողանում կնգանը քոմագ անի, ջրից դուրս հանի։ Տեսնում ա կնեգը խեղդվում ա, ասում ա. 

- Ախճի, էդ ա խեղդվում ես, հիմա լինի՝ վիզ առ, խոտը ինչո՞վ են հնձում։

- Մկրատավ… մկրա… սա խեղդվում ա՝ էրկու մատները ջրից դուրս ա հանում՝ մկրատ-մկրատ շարժումներ անելով։

- Բալքի սա հենց էն մկրատն ա, որ դրեց ծոցումը։

- Ի՞նչ իմանամ բալա ջան, իմ լսածով պատմեցի։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ