«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ՄՈՍԿՎԱՆ,Դեմիրճյանը, Ալիևը, Ղարաբաղը, Մեղրին...».

 

Ամիսներ առաջ, երբ thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում ներկայացրեցինք «Ի՞նչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը» հրապարակումը, նշել էինք, որ «Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ»:

Այսօր դեմիրճյանական աշխատանքային օրագրերից, որոնք վերնագրված են «Օրեր տողերի միջով», ներկայացնելու ենք այն բացառիկ արժեքավոր օրագրային մանրամասները, որոնք վերաբերում են մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին, Մեղրիի խնդրին, Ղարաբաղյան հարցին և այլն:

Նրա գրառումների ցանկացած մանրամասն ուսումնասիրող հստակորեն կնկատի, որ խորհրդային ինտերնացիոնալիզմն ու ժողովուրդների եղբայրական բարեկամությունը՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում, գոնե «վերևների» մակարդակով առավել քան կեղծ կատեգորիաներ են եղել միշտ: Այդ մասին ակնհայտորեն հուշում են դեմիրճյանական օրագրային ակնարկներն ու տողատակերը:

Հայ-ադրբեջանական «բարեկամությունում» մշտապես եղել է ընդգծված լարվածություն, կոշտ դիրքավորում, և սովետական գրկախառնությունները, ողջագուրումները, ձեռքսեղմումներն ու ժպիտներն իրենց խորքում թաքցրել են այն հզոր ականները, որոնք Մոսկվան հետևողականորեն տեղադրել է տարիներ շարունակ և որոնք պայթեցին խորհրդային երկրի անկանխատեսելի փլուզումից հետո:

«Բարեկամ» Ադրբեջանը մշտապես փորձել է թուլացնել «եղբայրական» Հայաստանը, մշտապես փորձել է վերցնել, կորզել Հայաստանից, «եղբայր» ժողովրդին կանգնեցնել ռազմավարական լուրջ խնդիրների, փակուղիների առջև՝ թիկունքում ունենալով երկդիմի սովետական «կենտրոնի» «հայրական» հոգատարությունը:

Ադրբեջանական նկրտումներն առավել սրվել են Ալիևի քաղբյուրոյի անդամ դառնալուց՝ 1982 թվականից հետո:

Իհարկե, դեմիրճյանական օրագրերն ամբողջությամբ հնարավոր չէ մեջբերել, և, բնականաբար, բոլոր նրբերանգներն հասկանալու համար դրանք անհրաժեշտ է շատ ուշադիր կարդալ, բայց փորձենք հիմնական շերտերով ներկայացնել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Մեղրիի, Ղարաբաղի խնդիրներին վերաբերող մասերը:

Եվ այսպես.

1983 խորը լճացում ապրող թվականին, երբ արտաքուստ հայ-ադրբեջանական անկեղծ բարեկամությանն այլևս ոչինչ կարծես թե սպառնալ չէր կարող, երբ եղբայրությունը կարծես շռայլորեն տարածվում էր Երևանից Բաքու, Բաքվից՝ Երևան, Ադրբեջանը Մոսկվայի միջոցով նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, հողօգտագործման սահմանների վերանայման խնդիրների քննարկում՝ ակնհայտորեն հետապնդելով տարածքային զավթումներ, սահմանների «ստրատեգիական ճշգրտումներ»:

Իր օրագրում, 1983 թ. հունիսի 15 թվակիր մի գրության մեջ Կարեն Դեմիրճյանը նշում է.

«ԿԿ պլենում (ՍՄԿԿ Կենտկոմ)

Խորհրդակցություն ԿԿ բաժնում - Նիկիֆորով, Դեմիրճյան, Բաղիրով, Կոնդրատև:

1) Հանրապետությունների միջև սահմանների մասին: Որոշեցինք քարտեզների հիման վրա, որոնք ընկած են Հրամանագրերի հիմքում, իրականացնել բնական գծանշում:

Հիմքը - միայն հանրապետության ԿԸՀ-ի (Կենտրոնական ընտրական հանձնաժողով. ընդգծումը մերն է: այսուհետ բոլոր ընդգծումներն ու ծանոթագրությունները մերն են) քարտեզը և կուսակցական հանձնաժողովի քարտեզը:

2) Մեղրիի շրջանով անցնող ճանապարհի մասին (հարցը դնում է Թ. Բաղիրովը): Ես առաջարկած տարբերակը չընդունեցի: Ստրատեգիական առումով դա անընդունելի է:

Մի քանի օր անց Դեմիրճյանը կրկին հիշատակում է սահմանային խնդիրը:

21.06.83

Վ. Մովսիսյան - զրույց (խոսքը Վլադիմիր Մովսիսյանի մասին է)

Նրան զանգահարել է Ռասի Զադեն և առաջարկել 2 ամսում ուսումնասիրել քարտեզները (գույքագրել): Ես ասացի, որ մենք Բաղիրովի հետ ՍՄԿԿ Կենտկոմում պայմանավորվել ենք որպես հիմք ընդունել Հրամանագրերի հիմքում ընկած հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտեզների հիման վրա կուսակցական հանձնաժողովի առաջարկած քարտեզները:

Սահմանային խնդիրների շուրջ հերթական նշումը Դեմիրճյանն անում է 83-ի օգոստոսին:

31.08.83

Մոսկվայում.

Ե. Կ. Լիգաչով - սահմանների քարտեզը - բոլոր հարցերը համաձայնեցված են:

Ընդամենը 3 ամիս անց Դեմիրճյանը կրկին սահմանային խնդիրներին վերաբերող գրառում է անում:

22.11.83.

Ալիև Հ. Ա. (+ ՖՏՍ) (ՖՏՍ-ն Ֆադեյ Տաճատի Սարգսյանն է, ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահը: Դեմիրճյանն հաճախ է օգտագործել այդտեսակ հապավումների ընդունված պրակտիկան):

Հրավիրեց Վ. Ե. Բիրյուկովին (ՍՍՀՄ Պետպլան) և խնդրեց լուծել Մեղրիի շրջանով անցնող ավտոճանապարհի հարցը սահմանով: Ես պնդեցի այլ տարբերակի վրա (ոչ թե սահմանով, այլ թիկունքային կողմով): Բիրյուկովին ուղարկեց տեղում լուծելու խնդիրը: Դա ինձ դուր չի գալիս: Ես Բիրյուկովին ասացի, որ մենք ոչ մի կերպ չենք համաձայնի սահմանով տարբերակին: Դա ստրատեգիական առումով սխալ որոշում է:

Վերադառնալով Հայաստան, Դեմիրճյանը որոշում է խնդրի շուրջ խոսել ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Անդրեևի հետ: (Երկրորդ քարտուղարները, սովորաբար, ռուսներ էին և, բնականաբար, կենտրոնի վերահսկիչ աչք-ականջի դերն էին ստանձնում): 1984-ի Դեմիրճյանի հունվարյան գրությունը իր և Անդրեևի դիվանագիտական զրույցի մասին՝ անգամ իր հռետորաբանության մեջ, շատ հետաքրքիր նրբերանգներ է պարունակում: 

18.01.84

Զրույց Գ.Ն. Անդրեևի հետ: Ասացի, որ ինձ շատ է անհանգստացնում այն, որ իմ (մեր) կոլեգաներն Ադրբեջանից (ճանապարհի օրինակով) ճիշտ չեն պահում իրենց: Դա վնաս է հասցնում փոխհարաբերություններին, որն ինձ մոտ մեծ անհանգստությոուն է առաջացնում: Չէ՞ որ գլխավորը բարեկամության և եղբայրության ամրապնդումն է մեր ժողովուրդների միջև, մնացածը պետք է դնել երկրորդ պլան: Իսկ նրանք այդպես չեն վարվում: Դա շատ է անհանգստացնում ինձ: Մենք պետք է ակտիվորեն զբաղվենք եղբայրական կապերի առավել ամրապնդմամբ, չնայելով ոչ մի բանի: (Ակնհայտ է, որ Դեմիրճյանը հատուկ է Անդրեևին «բացատրում» հայ-ադրբեջանական բարեկամության անհրաժեշտությունը):

Հետաքրքիր է նաև Դեմիրճյանի 84-ի օգոստոսին արված գրառումը, որից ակնհայտորեն երևում է, որ Մոսկվան յուրաքանչյուր առիթ նրբորեն օգտագործում է՝ իրականացնելու Ալիևի ցանկությունը:  

29.08.84

Ընկ. Ե. Կ. Լիգաչովի մոտ -1 ժամ (հետաքրքիր է, որ Դեմիրճյանը որոշ ազգանուններից առաջ՝ անկախ սուբորդինացիայից, գրում է «ընկեր» բառը, նշում է անուն-հայրանվան առաջին տառերը, իսկ որոշների դեպքում՝ ոչ: Այս մոտեցումը փոխվում է նաև ժամանակաշրջանի հետ և ցայտունորեն արտահայտում է Դեմիրճյանի տրամադրությունը):

5) Մեղրիով ճանապարհի մասին (ադրբեջանցի ընկերների ոչ ճիշտ պահվածքի մասին). Ընդհանրապես ասացի ես, որ անբնական է և անհանգստացնում է այն, որ ինչ-որ մի գյուղում կամ տեղանքում ինչ-որ պատահում է, ադրբեջանցիներով բնակեցված բոլոր կետերից ՍՄԿԿ Կենտկոմ նամակներ են ստացվում:

Առավել հետաքրքրական է 85-ի հունվարին Դեմիրճյանի արած գրառումը: Այն արդեն իր դիրքերը Մոսկվայում լրջորեն ամրապնդած Ալիևի հետ հանդիպման մասին է: Դարձյալ քննարկվել է Մեղրիով անցնող ճանապարհի հարցը: Դեմիրճյանի գրառումից պարզ է դառնում, թե Ալիևն իրեն հատուկ ինչ «աղվեսային» դիվանագիտությամբ է փորձել մոտենալ խնդրին:

10.01.85

Հ. Ա. Ալիևի մոտ - զրույց շուրջ 45 րոպե: Ընդհանուր հարցեր: Անցյալում համատեղ աշխատանքի մասին: (Ալիևի անվան դիմաց Դեմիրճյանը երբեք չի գրում ընկեր բառը):

Նրա նախաձեռնությամբ - Մեղրիով անցնող ճանապարհի մասին: Նա ինձ խնդրեց հանել առարկությունները: Ես պատասխանեցի, որ գործը չափից ավելի է առաջ գնացել, որ առանց փորձագիտական հանձնաժողովի անհնար է կողմնորոշվել: Նա՝ «Դե, դու թքիր որոշման վրա: Ամեն ինչ քեզնից է կախված, ինչպես ասես, այնպես էլ կլինի»:

Նա ասաց, որ որպես եղբոր է ինձ խնդրում: Ես ասացի, որ մենք մեր որոշումը փոխելու հիմքեր չունենք: Նա՝ «Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես քեզ կտայի կես Ադրբեջանը»: Ներկա էր Ֆադեյ Սարգսյանը: Պատմեցի այդ մասին նաև Գ. Անդրևևին: Նա պաշտպանեց դիրքորոշումը:

Ակնհայտ է, որ Դեմիրճյանը կրկին Անդրևին «զեկուցում է» իրավիճակի մասին՝ ավելորդ թյուրիմացություններից զերծ պահելու համար թե խնդիրը, թե՝ իրեն:

Հետաքրքրական է, որ այս խնդիրը Ադրբեջանի ղեկավարները փորձել են լուծել մշտապես՝ նույնիսկ պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանային միջադեպեր հրահրելով: Ալիևն այդ մասին առաջին անգամ Դեմիրճյանի հետ խոսել է դեռևս 1975-ին, որից հետո ավելի քան քսան անգամ հարցը փորձել է շրջանառել մոսկովյան կուլիսներում, ՊԱԿ-ի միջանցքներում, իսկ թղթաբանորեն արդեն սկսել է զբաղվել քաղբյուրոյի անդամի կարգավիճակում ամրապնդվելուց հետո:

Այս ամենից հստակորեն երևում է, թե Մոսկվան ինչ հուժկու ճնշում է գործադրել Հայաստանի վրա, ինչպես է փորձել ամենավերին ճնշման ազդեցությամբ գտնել Ադրբեջանի և Ալիևի համար հարմար, շահեկան լուծումներ, սակայն Դեմիրճյանի կոշտ հակազդեցությունը լրջորեն խանգարել է: Եվ այդ ճնշման ակունքներում մարդիկ են, որոնց հետագայում, երբ ղարաբաղյան հարցը կանգնեց իր ամբողջ հասակով, «անձամբ»  ճանաչեցինք:

1986-ին Դեմիրճյանն իր օրագրում, ի վերջո, արձանագրում է, որ «Բազմամյա պայքարի արդյունքը եղավ այն, որ 1986 թ. ճշգրտվեցին Ադրբեջանի հետ սահմանները, և Հայաստանին վերադարձվեց 14.500 հա հող»:

Եթե այս ամենից (և այլ գրառումներից, իհարկե) հստակորեն երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մշտապես եղել է ընդգծված լարվածություն և Մոսկվան մշտապես հստակ փորձել է գտնել ադրբեջանահաճո լուծումներ, ապա 86-ին Դեմիրճյանի արած գրառումներից հստակ կարելի է եզրակացնել, որ Ալիևը և Մոսկվան չեն բավարարվել միայն հայ-ադրբեջանական սահմանային, հողային խնդիրներով և հենց այդ տարիներից «ղարաբաղյան գործոնը» եղել է նրանց օրակարգում:

Եթե Արցախի ու Հայաստանի (հատկապես՝ Հայաստանի) հանրությունն իր բացարձակ մեծամասնությամբ միայն 88-ին տեղեկացավ ղարաբաղյան խնդրի մասին, ակնհայտ է, 88-ից դեռ տարիներ առաջ Մոսկվան լրջորեն «զբաղվել» է Արցախի խնդրով՝ որոնելով Հայաստանը թուլացնելու, Ադրբեջանին հաճո որոշումներ կայացնելու բազմաթիվ ուղիներ:

Մանավանդ Գորբաչովի լիարժեք իշխանության անցնելուց հետո, (Գորբաչովը ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1985 թվականի մարտից), երբ Գորբաչով - Լիգաչով - Յակովլև տանդեմն, ըստ էության, ստացել էր անսահմանափակ իշխանություն:

86-ի հունիսին, երբ դեռ Հայաստանում հասարակությունը ոչինչ չէր կանխազգում Ղարաբաղի խնդրի հետ կապված, Դեմիրճյանը Մոսկվայում քննարկում է խնդիրը:

20.06.86

Ե. Լիգաչովի մոտ - երկար զրույց Ադրբեջան - Հայաստան հարաբերությունների շուրջ, Ղարաբաղի, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմության և ընդհանրապես այդ խնդիրների շուրջ:

Հինգ ամիս անց Դեմիրճյանը կրկին Մոսկվայում հանդիպում է Լիգաչովի հետ:

Հավանաբար կանխազգալով որոշ զարգացումներ, Դեմիրճյանը փորձում է ամբողջապես հասկանալ իրավիճակը: Մի աննշան թվացող գրություն կա 86-ի օգոստոսով թվակիր, որը, սակայն, հետաքրքրական նրբերանգ ունի:

05.08.86

Կոսակյան Գ.- Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար: Ես նրան ասացի, որ ավելի շատ պետք է աշխատել մարդկանց հետ: Հատկապես- ինտերնացիոնալ կապերը: Նա ասաց, որ հարաբերությունները հարևան շրջանների (Ադրբջ. ՍՍՀ) քարտուղարների հետ լավ են:

Հաջորդ գրառումը, որտեղ հիշատակվում է ղարաբաղյան խնդիրը, արված է 86-ի նոյեմբերին: Սա ենթադրում է, որ «վերակառուցվող» Մոսկվան ղարաբաղյան խնդրով զբաղվել է բավական տենդորեն:

22.11.86

Զրույց Լիգաչովի հետ: 2 ժամ 30 րոպե:

Պատմեցի Ղարաբաղի խնդրի մասին: Ասացի, որ այնտեղ իրավիճակը ծանր է: Շատ նամակներ ենք ստանում անարդար վերաբերմունքի հետ կապված: Դա բերում է նրան, որ հանրապետությունում ինտելիգենցիան իրեն նյարդային է պահում, շրջանառության մեջ են դրվում 20 - ական թվականների փաստաթղթեր և սկսվում են խոսակցություններ խնդրի անարդար լուծման մասին:

Պետք է Ղարաբաղում ընդունել համապատասխան միջոցներ: Ցույց տվեցի փաստաթղթեր: Նա հարցրեց՝ իսկ ինչպիսի՞ն է քո անձնական կարծիքը: Ես ասացի, որ դա շատ բարդ խնդիր է: Նրանով պետք է զբաղվել շատ խորը և նուրբ: Գլխավորն այն է, որ այնտեղ ապրող մարդիկ հանգիստ լինեն և գիտենան, որ կլուծվեն իրենց կողմից բարձրացված հարցերը:

Քանի տարի մենք խոսում ենք TV-ի մասին: Չի լուծվում: Կան շատ այլ հարցեր, որոնք պետք է լուծված լինեին:

Զրույցից հետո ես Ղարաբաղի պրոբլեմների մասին խոսեցի սեկտորում (ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ): Նախազգուշացրեցի, որ այնտեղ կան պրոբլեմներ, որոնք պետք է լուծված լինեն:

Այդ տարիներին տարբեր հանգամանքներ ևս սկսում են երևակվել ղարաբաղյան խնդրի «լույսի ներքո»:

Օրինակ, Սերո Խանզադյանի «Անդրանիկ» վեպի, Զորի Բալայանի «Օջախ»-ի, Սիլվա Կապուտիկյանի գրքի տպագրության հարցերը: Տարածվում են խոսակցություններ, որ թեև ամբողջ երկիրը վերակառուցվում է, բայց Հայաստանի կենտկոմը հրաժարվում է իրականացնել այդ ազգային արժեքների տպագրությունը և այլն: Պարզվում է, սակայն, որ դրանց արգելքը՝ չնայած դրանք տպագրելու Դեմիրճյանի համառ ջանքերին, դրվում է Մոսկվայի և հենց վերակառուցման ճարտարապետների կողմից, և այդտեղ նույնպես խաղարկվում է ղարաբաղյան գործոնը:

Շատ հետաքրքիր, խորքային ակնարկներով գրառումներ ունի Դեմիրճյանը կապված Զորի Բալայանի հետ: Խորքային՝ իրենց տողատակերով: Գրություններից ակնհայտ է դառնում, որ Դեմիրճյանը Զորի Բալայանին դիտարկում է հայ - ադրբեջանական հարաբերությունների, Մոսկվայի ու Հայաստանի կապի տեսանկյունից և բավականաչափ զգուշավոր ու դիվանագիտորեն է վերաբերում նրան: Համենայնդեպս՝ մինչև ինչ - որ մի պահի:

10.07.85

Բալայան Զ.- ընդհանուր զրույց:

Խոսեց «Օջախ» գրքի մասին: Ես մեկ անգամ ևս նրան նկատողություն արեցի: Չի կարելի ոչ մի բանում ելնել ժողովրդայնության դիրքերից: Մենք պետք է ամրապնդենք բարեկամությունը ադրբեջանցի ժողովրդի հետ: Միասին ապրելու ենք, դարերով հարևան ենք: Նա հասկացավ և ամբողջովին կիսում է այդ կարծիքը: Խոստացավ այդ հարցում լինել եռանդուն պաշտպան: (Պարզորոշ երևում է, որ Դեմիրճյանը Բալայանին դիտարկում է որպես Մոսկվայի գործիք՝ Հայաստանում հրահրելու համար այլ տրամադրություններ, ինչն, ի վերջո, տեղի ունեցավ և նրա հետ «խաղում» է նույն Անդրեևի հետ խաղալու գործիքով):

21.03.86

Մ. Յուզբաշյան - Զորի Բալայնի մասին: (Մ. Յուզբաշյանը ՊԱԿ-ի նախագահն էր, որը սպանվեց):

Առաջին անգամ հնչեցին հիասթափության և դժգոհության նոտաներ: Ես ասացի Մ. Յուզբաշյանին, որ վաղուց եմ նրան նախազգուշացրել, որ իլյուզիաներ Զորի Բալայանի հանդեպ տածել պետք չէ: Պետք է լինել զգոն, ուշադիր: Պետք է աշխատել նրա հետ:

30.05.86

Զ. Բալայան - տեղեկացրեց հանրապետությունից քաղաքացիների նամակների մասին «Լիտերատուրնայա գազետա» խմբագրության հանձնարարականի կատարման ընթացքին: Ասաց, որ այն ամենը, ինչ որ նրանք գրել են, չի համապատասխանում իրականությանը և անհիմն խայտառակում է որոշ աշխատողների: (Այստեղ ևս պարզ նկատվում է, որ Զորի Բալայանը երկդիմի խաղ է խաղում՝ մի կողմից լինելով «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակիցը, այլ կերպ է ներկայացնում Հայաստանը Մոսկվային, քան այդ մասին զեկուցում է Դեմիրճյանին):

25.04.86

Զ. Բալայն: Պատմեց ԱՄՆ կատարած ուղևորության մասին: (2 ժամ 30 րոպե): Նկատողություն արեցի. պետք է միշտ ղեկավարվել կուսակցական սկզբունքներով ամեն ինչում: Երկակիություն չպետք է լինի:

87-ին «հրատարակչական խնդիրները» դառնում են ազատականություն և բացախոսություն պահանջող Մոսկվայի գլխավոր խաղաքարտերից մեկը:  

21.03.87

Մոսկվայում

Եղա Ա. Ն. Յակովլևի մոտ, ավելի քան մեկ ժամ զրուցեցինք:

Անդրանիկի մասին. Նա ասաց, որ հարևանները չեն ընկալում նրան, գտնում են որ նա դահիճ է: Ես կտրականապես առարկեցի, ասացի, որ պետք չէ ինտերնացիոնալիզացնել ազգային հերոսներին: Նա ժողովրդական հերոս է, նրան ստեղծել և ընդունել է ժողովուրդը և ոչ մեկի թույլ չի տրված «վետո» կիրառել այդ անվան վրա: Մի խոսքով, նա ասաց, որ այդ հարցը պետք է համաձայնեցնել Գորբաչովի հետ: Ասացի, որ դա իր կոմպետենցիայի մեջ է և նա կարող է լուծել: Այդպես էլ ավարտեցինք այդ թեման:

Երկու օր անց, նույն խնդիրներն արծարծում է նաև Լիգաչովը:

23.03.87

Ե. Կ. Լիգաչովի մոտ - մեկ ժամի չափ զրույց: Հարցեր դրեց (գործերի մասին պատմելուց հետո)

Անդրանիկի մասին: Նա ասաց, որ հարևանների հետ կապված խնդիր կա: Ես կատեգորիկ առարկեցի: Պետք չէ խնդիրն ինտերնացիոնալիզացնել: Ընդհանուր առմամբ, մենք համաձայնեցինք մի քիչ սպասել «ամեն հարց իր ժամանակն ունի»,- ասաց նա: Ես ասացի, որ 70-ամյակից հետո (Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 70-ամյակի) մենք կտպագրենք Ս. Խանզադյանի վեպը: Չկա համոզիչ փաստարկ, թե ինչու մենք ձգձգեցինք գրքի տպագրումը: Ես վերջում ասացի, որ թողարկումը կձգձգենք որքան հնարավոր է (նկատի ունենալով 70-ամյակը), իսկ եթե անհնար լինի՝ կտպագրենք:

Մեկ օր անց «Անդրանիկի» թեման Դեմիրճյանը քննարկում է նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Չեբրիկովի մոտ:

87-ի նոյեմբերին Դեմիրճյանն ընդունում է Սերո Խանզադյանին:

13.11.87

Սերո Խանզադյան

Իր գրքի՝ «Անդրանիկի» մասին: Ես նրան նախազգուշացրի Ղարաբաղի մասին և ասացի, որ նա ամենաակտիվ կերպով պետք է աշխատի, որպեսզի ոչ ոք Ղարաբաղից չգա Հայաստան և որպեսզի չկազմակերպվեն հանրահավաքներ: Հաստատորեն խոստացավ դա անել: Ընդհանրապես խոսեցի մեր հանրապետությունների միջև բարեկամությունն ամրապնդելու մասին: Նա ասաց, որ ամեն ինչ կանի այդ ուղղությամբ: Խոստացավ, որ աշխատանք կտանի բոլորի հետ, բացառելով դեպքերը Ղարաբաղում: (Ըստ էության, Սերո Խանզադյանը ևս չի պահպանել խոստումը, քանի որ ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանում արցախյան շարժման սկզբնավորմանը 1988-ին՝ կրկին երկդիմի պահվածք դրսևորելով):

Մոսկվան ակնհայտորեն գնում էր կառավարվող ընդվզումների, Դեմիրճյանին թուլացնելու, Հայաստանում խառնակչություններ հրահրելու ճանապարհով՝ իր լուծումներում ընկերակցելով հայաստանյան ֆունկցիոներների, երիտասարդ կուսակցական գործիչների հետ: Նրանք, թեպետ, օբյեկտիվորեն բարձրացնում էին Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրներ՝ կաշառակերություն, հովանավորչություն և այլն, (որոնք, սակայն համակարգային խնդիրներ էին և ավելի ընդգծված չէին, քան Մոսկվայի հովանավորչությունը վայելող Ադրբեջանում) և «օգտվելով» գորբաչովյան վերակառուցման հնարավորություններից, պայքարում էին առանց Դեմիրճյան Հայաստանի համար, կամա թե ակամա դառնալով Մոսկվայի գործիք:

Խոսքը հատկապես Դեմիրճյանի դեմ «ընդվզած» Հայկ Քոթանջյանի և նրա գործընկերների մասին է, որի քննադատությունը Դեմիրճյանի նկատմամբ ժամանակին դարձավ ոչ միայն սկանդալային, այլև հայաստանյան իրադարձություններում դեմիրճյանական վերջի սկիզբը: Թեպետ 86-ի հուլիսին Քոթանջյանը Դեմիրճյանին խնդրում է իրեն ուղարկել Մոսկվա (30. 07. 86. Հ. Քոթանջյան - իր ապագայի մասին: Խնդրեց հնարավորության դեպքում աշխատանքի ուղարկել ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄ), այնուամենայնիվ կազմակերպում է նաև «ընդվզումը»: (Հիշեցնենք, որ Հայկ Քոթանջյանը հետագայում հանդես եկավ որպես հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ):

Հետաքրքրական է Դեմիրճյանի զրույցը «Պրավդա» թերթի մոսկովյան թղթակցի հետ:

25.08.87

Դեմիդով Նիկոլայ Ալեքսեյի («Պրավդա»-ի թղթ.). Յու. Առաքելյան

1) Հետաքրքրվում էին Քոթանջյանի հարցով՝ ինչպիսնն է նա, վարքը: «Ասում են Ձեզ գրքեր է նվիրել ընծայագրերով» (ցույց տվեց): Նրա վարքի տարօրինակությունների մասին և այլն: Ես ասացի, որ ես միշտ հստակ ցանկություն եմ ունեցել նրան պատրաստել ամենապատասխանատու աշխատանքի, չնայած նրա անըմբռնելի լինելուն (ի միջիայլոց՝ ճիշտ) ուրիշ ընկերների կողմից:

Մոսկվայի «հաշիվներին» խառն էին նաև (գուցե և ազնվորեն) մտավորականության մի շարք ներկայացուցիչներ (Բալայան, Կապուտիկյան, Խանզադյան և այլն), որոնք լինելով ժողովրդի տրամադրությունների կրողները, ակամայից հայտնվում էին թիրախում, բայց սա այլ խոսակցության նյութ է:

Դեմիրճյանն էլ՝ լինելով այլ էպոխայի մարդ, չէր մտնում «վերակառուցման» ուղեգիծ:

Շատ հետաքրքրական է կրկին աննշան թվացող մի գրառում Դեմիրճյանի և արդեն ԽՍՀՄ ղեկավարությունում հանգրվանած Շևարդնաձեի զրույցից:

27.03.87

Է.Ա. Շևարդնաձեի մոտ:

...Պետք չէ նրբանկատություն դրսևորել, պետք է միշտ գնալ Մ. Գորբաչովի մոտ և տեղեկացնել վերակառուցման ընթացքի մասին...

Դեմիրճյանի վերջին էական գրառումը 1987-ին: Թվագրված է 16.11.87

...Յուզբաշյան Մ. (ՊԱԿ-ի նախագահ). Ղարաբաղի և այլ հարցերի մասին:

Գրեթե երեք ամսից Ղարաբաղում և Հայաստանում թևածեց 88-ը: Մենք, որպես հավաքականություն, այդ ժամանակ նոր միայն տեղեկացանք Ղարաբաղյան խնդրի մասին

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90